Image

Հերթական աջակցությունը Արցախից բռնագաղթված մեր քույրերին և եղբայրներին։

2025 թվականին շարունակվում է «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնա­դրամ»-ի (ԳՄՔԲԸՀ)  սննդային աջակցությունը հայրենիքից բռնի տեղահանված և ՀՀ-ում ապաստանած արցախցի բազմազավակ ընտանիքներին։ Հունվար ամսին հիմնադրամից աջակցություն ստացավ 10-ից ավելի ընտանիք։

2024 թվից հիմնադրամի հետ համագործակցում է կանադական “Global Medic” մար­դա­սիրական կազմակերպությունը, որն օգնություն է ցուցաբերում աշխարհի տարբեր երկրներում պատերազմներից, երկրաշարժներից, ջրհեղեղներից ու այլ աղետներից տուժած կարիքավոր ընտանիքներին։ Հայաստանին ու հայությանը պատահած աղետի հանդեպ ևս անտարբեր չէ այդ կազմակերպությունը։

Հունվարին Երևանում էր «Global Medic»-ի գործադիր տնօրեն Ռահուլ Սինխը՝ իր երեք կամավորների հետ։ Երևան էր ժամանել նաև կանադահայ հասարակական գործիչ Խորեն Մարդոյանը, ով բազմիցս եղել է Արցախում և մարդասիրական օգնություն ցուցաբերել, իսկ 2016-ից համագործակցում է «Global Medic»-ի հետ:

Հունվարի 20-ին տեղի ունեցավ Հիմնադրամի հոգաբարձության խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին նաև «Global Medic»-ի ներկայացուցիչները: «Global Medic»-ի գործադիր տնօրեն Ռահուլ Սինխը բարձր գնահատեց ԳՄՔԲԸՀ-ի կատարած աշխա­տանքները և ընդգծեց Արցախից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքներին աջակցությունը շարունակելու պատ­րաս­տակամությունը: Այս օրերին նույն կազմա­կերպության ներկայացուցիչներ Քելլան Շիլդսն ու Ջուլի Կոլգանը Երևանում են և բերել են հունվարյան  հանդիպման ժամանակ ծրագրով նախատեսված հումանիտար օգնությունը։

Առողջական պատճառով առաջին անգամ այցերին չմասնակցեց ԳՄՔԲԸՀ-ի հիմնադիր և գործադիր տնօրեն պրոֆ․ Գուրգեն Մելիքյանը։

Սակայն մարտի 1-ին Հիմնադրամի հոգաբարձության խորհրդի անդամներ՝ ԵՊՀ աշ­խարհա­գրության և երկրաբանության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Մարատ Գրի­գորյանը, Հայաստանի վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանը,   «Global Medic»-ի ներկայացուցիչների հետ հերթական այցը կատարեցին շահառու ընտանիքներին՝ տանելով 2 կառույցների կողմից տրամադրված սնունդ։

Արմավիր քաղաքում են այժմ բնակվում Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորից 2020 թ․ տեղա­հանված Գրիգոր և Գոհար Օհանջանյաններն իրենց 5 երեխաներով։ Ընտանիքն ստացավ հասանելիք օգնությունը։  

Քրիստինե Ամյանն ունի 12 երեխա․ նրա ընտանիքը նույնպես բռնի տեղահանվել է Բերձորից։ Այժմ ընտանիքը բնակվում է ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Շահումյան գյուղում։ Այցելուները հատկացրին սննդի տեսականի և հայկական արտա­դրության պահածոներ։

Երևանում՝ Շիրակի փողոցում է բնակվում Լիաննա Մանուկյանի՝ 6 երեխաներով ընտանիքը։ Բռնագաղթել են Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղից։ Նրանց նույնպես հանձնվեց սահմանված սննդի տեսականին։

2020 թ․ 44-օրյա պատերազմի պատճառով Շուշիում բնակվող Գրիգոր և Մարուսյա Սահակյանների 5 երեխաներով ընտանիքը նույնպես բռնագաղթվեց։ Գրիգոր Սահակյանը հերոսաբար նահատակվել է այդ պատերազմում։ Նրանց ընտանիքը, որ ստացավ նախատեսված օգնությունը,  այժմ բնակվում է Երևանի Էրեբունու վարչական շրջանում։

Երևանում՝ Աջափնյակ վարչական շրջանում է բնակություն հաստատել Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից 2023 թ․-ին բռնագաղթված Արա և Մերի Քամալյանների ընտանիքը։ Հինգ երեխա ունեցող այս ընտանիքը նույնպես ստացավ նախատեսված օգնությունը։

ԳՄՔԲԸՀ-ի և «Global Medic»-ի ներկայացուցիչները ծանոթացան նաև բռնա­գաղթ­վածների բնակարանային պայմաններին, կեցության ու այլևայլ կենցաղային  խնդիրներին։

Բռնագաղթվածներին տարատեսակ օգնության այցերը շարունակվելու են։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։