Image

Դասավանդման իմ փորձից

Կրթությունը մշտապես եղել է հասարակության զարգացման առանցքային գործոնը, և ես մեծ պատիվ եմ ունեցել իմ նպաստը բերել այդ գործընթացին՝ դասավանդելով պատմություն և հասարակագիտություն տարբեր կրթական հաստատություններում։

 

Դասավանդման սկիզբն ու մոտեցումները

Իմ առաջին քայլերը կրթության ոլորտում սկսվեցին Արցախի  Քաշաթաղի շրջանի Աղաձորի միջնակարգ դպրոցից. աշխատում էի հիմնականում ավանդական մեթոդներով, սակայն շուտով հասկացա, որ սովորողները պահանջում են ոչ միայն գիտելիքի փոխանցում, այլև ներգրավվածություն, հետաքրքրություն և քննադատական մտածողության զարգացում։ Դրա համար դասերս կառուցում էի այնպես, որ ներառեն հարցուպատասխան, խմբային աշխատանք, դերախաղեր և ինտերակտիվ մեթոդներ։

Տեսական նյութը մատուցելուց զատ, փորձել եմ սովորողներին սովորեցնել՝ ինչպես օգտվել տեղեկատվությունից, վերլուծել պատմական իրադարձություններն ու հասկանալ դրանց ազդեցությունը ժամանակակից աշխարհի վրա։

 

Արցախյան դպրոցում դասավանդման փորձը

Արցախի դպրոցներից մեկում դասավանդելու հնարավորությունն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ուներ։ Այնտեղ բախվել եմ ինչպես նյութատեխնիկական, այնպես էլ հոգեբանական մարտահրավերների։ Պատերազմի հետքերն իրենց ազդեցությունն էին թողել թե՛ երեխաների հոգեբանության, թե՛ նրանց կրթության վրա։

Այս պայմաններում առավել կարևոր էր դարձնում ուսուցման մարդակենտրոն մոտեցումը՝ փորձելով ստեղծել անվտանգ և մոտիվացնող միջավայր, որտեղ սովորողները կարող էին ոչ միայն սովորել, այլև արտահայտել իրենց մտահոգությունները, վախերն ու երազանքները։ Պատմության դասերն այստեղ միայն անցյալի ուսումնասիրություն չէին. դրանք կամուրջ էին դեպի ազգային ինքնության, դիմակայության ու խաղաղության կարևորության ըմբռնումը։

 «Դասավանդիր Հայաստան» ծրագրի ներգրավվածություն

«Դասավանդիր Հայաստան» կրթական ծրագրին մասնակցությունն ինձ հնարավորություն տվեց ոչ միայն ձեռք բերել նոր հմտություններ, այլև՝ համախմբվել նույն արժեքները կրող մարդկանց հետ։ Այս ծրագրի շրջանակում սովորեցի, թե ինչպես կարելի է գործնականում կիրառել ժամանակակից մանկավարժական մոտեցումները՝ անհատականացված ուսուցում, դիֆերենցացված մեթոդներ, նախագծային աշխատանք և տեխնոլոգիաների ինտեգրում։

Այս ծրագրի շնորհիվ ունեցա հնարավորություն բացահայտելու Սոցիալ-հուզական ուսումնառության (ՍՀՈՒ) կարևորությունը: ՍՀՈՒ-ի հաջող կիրառման համար անհրաժեշտ է՝ դպրոցները զարգացնեն դրական կրթական միջավայր, ապահովեն հոգեբանական աջակցություն և ընդգրկեն ուսուցիչներին ու ծնողներին այս գործընթացում։

Այն կրթական գործընթացի անբաժանելի մասն է, որը նպաստում է ոչ միայն ակադեմիական առաջընթացին, այլև սովորողների անձնային և սոցիալական զարգացմանը։ Այն ձևավորում է հոգեբանորեն կայուն և հասարակության մեջ հաջող ինտեգրվող անհատներ՝ ապահովելով նրանց պատրաստվածությունը կյանքի մարտահրավերներին դիմակայելու համար։

Իմ դասավանդման փորձը ցույց տվեց, որ կրթությունը միայն գիտելիք փոխանցելը չէ, այն նաև արժեքների, ինքնության և աշխարհայացքի ձևավորման գործընթաց է։ Մանկավարժը ոչ միայն ուսուցիչ է, այլև առաջնորդ, ոգեշնչող և երբեմն՝ հոգեբան։ Այս ճանապարհին շատ բան եմ սովորել իմ աշակերտներից և շարունակում եմ զարգանալ՝ համոզված լինելով՝ կրթությունը մեր երկրի զարգացման կարևորագույն գործիքն է։

 

Անուշ Թադևոսյան

«ՄԵՐԱՆ» 5-6․ Մարտ 2025թ․

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։