Image

Ինչպե՞ս խթանել հետաքրքրությունը ֆիզիկայի նկատմամբ

Ֆիզիկան ոչ թե պարզապես գիտություն է, այլ աշխարհը հասկանալու բանալին

 

Ահա այս թևավոր խոսքով ցանկանում եմ ցույց տալ ֆիզիկայի կարևորությունը։ Ֆիզիկան համարվում է բնական գիտությունների հիմնասյուներից մեկը, սակայն շատ աշակերտների համար այն բարդ և չոր առարկա է։ Հետաքրքրության բացակայությունը կարող  է պայմանավորված լինել դասավանդման մեթոդների միօրինակությամբ կամ առարկայի կիրառականության ընկալման պակասով։ Առարկայով հիմնականում հետաքրքրված են ավելի շատ տղաները քան աղջիկները։ Ահա ներկայացնեմ այն փոքրիկ պատմությունը, որն ինձ ոգեշնչեց, և ես սիրեցի առարկան․

Երբ դպրոցում ուսումնասիրում էինք ֆիզիկան, այն ինձ թվում էր անհասկանալի, թվերով և բանաձևերով լի առարկա։ Չէի հասկանում, թե ինչու պետք է սովորեմ բոլոր այդ օրենքները, մինչև որ մի օր ուսուցչուհիս  մեզ առաջարկեց մի պարզ, բայց զարմանալի փորձ։

Դասի ընթացքում նա վերցրեց մի գավաթ ջուր, վրան  ավելացրեց գունավոր կաթիլներ, ապա զգուշությամբ սկսեց ավելացնել  բուսայուղ։ Ապա հարցրեց.
— Ի՞նչ եք կարծում, ինչ է տեղի ունենալու, երբ այս խառնուրդը խառնենք։

Աշակերտներից  հնչեցին տարբեր պատասխաններ։ Սակայն, երբ սկսեցինք խառնել, տեսանք, որ գունավոր կաթիլները բաժանվում էին հետաքրքիր շերտերի։ Ուսուցիչս բացատրեց խտության և մակերեսային լարվածության մասին, և այդ պահին ես հասկացա, որ ֆիզիկան ոչ միայն բանաձևեր են, այլ նաև իրականության հրաշալի բացատրությունները։

Այդ պահից սկսած՝ ես սկսեցի նայել աշխարհին այլ կերպ՝ փորձելով ամեն ինչում տեսնել ֆիզիկայի օրենքները։ Քայլելիս մտածում էի ձգողության մասին, ձայն լսելիս՝ ալիքների, իսկ ամպրոպի ժամանակ փորձում էի հաշվել կայծակի և որոտի միջև եղած ժամանակը՝ հեռավորությունը որոշելու համար։

Ֆիզիկան ինձ համար դարձավ ոչ թե պարտադիր առարկա, այլ՝ հետաքրքրաշարժ ճանապարհ դեպի աշխարհի գաղտնիքների բացահայտում։ Այժմ դասավանդում եմ Արմավիրի մարզի Արազափ գյուղի Թ․Հուրյանի անվան միջնակարգ դպրոցում որպես ֆիզիկա առարկայի ուսուցչուհի։ Դասավանդում եմ արդեն շուրջ 14 տարի։

Այո,  ուսուցչի  հիմնական առաքելությունն է ցույց տալ, որ ֆիզիկան ամենուր է՝ սմարթֆոնների էկրանից մինչև մեքենաների արգելակման համակարգերը։

Դասերը հետաքրքիր դարձնելու համար կարելի է սկսել առօրյա երևույթների քննարկմամբ, տեսադասեր դիտելով՝ առաջարկելով  աշակերտներին վերլուծել տեսանյութեր, որտեղ ֆիզիկական երևույթները դրսևորվում են իրական կյանքում, խաղային մեթոդներով՝ հանելուկներ, քվիզեր և վիկտորինաներ, ֆիզիկայի լաբորատոր խաղեր,  մրցույթներ, նախագծային աշխատանքներ։

Իմ դասավանդման փորձը ցույց է տալիս, որ ֆիզիկայի նկատմամբ հետաքրքրության խթանումը պահանջում է նորարարական մոտեցում։ Ինտերակտիվ և խաղային մեթոդների կիրառումը, ինչպես նաև առօրյայի և տեխնոլոգիայի հետ կապերի ստեղծումը կօգնեն աշակերտներին ընկալել, գնահատել և սիրել այս հրաշալի գիտությունը։ Ուսուցիչների համար կարևոր է փորձարկումները, թիմային աշխատանքը և հետաքրքիր դասավանդման մեթոդները, որոնք կփոխակերպեն ֆիզիկայի ընկալումը դպրոցում։

Գրետա Հարությունյան

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։