Հերթական ուխտագնացությունը սրբավայր

«Այստեղ հանգչում է նա, որ գործեց իբրեւ կենդանի սուր»։
Նժդեհի շիրմաքարի խոսքերից
Հայոց աշխարհի Սյունիք նահանգի Վայոց Ձոր գավառում 13-րդ դարում Պռոշ իշխանի կողմից կառուցված Բոլորաբերդ-Պռոշաբերդից մոտ 2 կմ հյուսիս-արևմուտք ընկած լեռան հարավային լանջին 14-րդ դարի սկզբներին հիմնվել է Սպիտակավոր վանքը՝ տարածքի բնակիչների ասելով՝ նաև Ծաղկավանքը։ Ըստ եկեղեցու պատերին եղած արձանագրությունների՝ համալիրի միակ եկեղեցին հիմնադրել է Էաչի իշխանը, ով մահացել է 1318 թվականին, իսկ շինարարությունը 1321 թ․ ավարտել է նրա որդի Ամիր Հասանը։ Վանական համալիրը ժամանակին պարսպապատ է եղել, իսկ պարսպի ներսում կանգուն են եղել Սուրբ Աստվածածինը, գավիթը և զանգակատունը։ Տարածքում նաև պահպանվել են տապանաքարեր, որոնք հիմնականում պատկանել են վանականներին։
Կան նաև խաչքարերի բեկորներ, այլ կառույցների հիմքեր։ Սրբավայրի շինությունները կառուցված են սպիտակավուն ֆելզիտից, և այդ պատճառով կոչվում է «Սպիտակավոր»։ Վանական համալիրի կանգուն շինությունները հիմնանորոգվել են 1960-1970-ական թվականներին և 2006-ին։ Պռոշաբերդը, որի պարիսպները դեռ կանգուն են, գտնվում է Վարդենիսի լեռնաշղթայի հարավային հատվածում՝ Եղեգիս և Մոնզան գետերի միջև գտնվող 2912 մ բարձրությամբ Թաքեադոնդուրան լեռան գագաթին՝ Սրկղունք ձորահովտում, ժամանակին նաև հսկել է սրբատունը։ 1987 թվականի հունիսի 17-ին Նժդեհի աճյունը գաղտնի հուղարկավորվել է Սպիտակավոր եկեղեցու բակում, շիրմին տեղադրվել է շիրմաքար-խաչքար։ Այսպիսով Սպիտակավորը դարձել է կրկնակի սրբավայր ու ուխտատեղի մեր ժողովրդի համար։ 1987-ից սկսած՝ ամեն տարի, հունիսի 16-17-ը նժդեհականները տարբեր տեղերից ուխտագնացության են գալիս Սպիտակավոր։ Տարիներ առաջ, երբ բնակվում էինք Բերձորում, Քաշաթաղի շրջանային բուժմիավորման հիմնադիր գլխավոր բժիշկ երջանկահիշատակ Արցախ Բունիաթյանի, Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու հոգևոր հովիվ Աթանաս վարդապետի հետ հունիսին ուխտի եկանք Սպիտակավոր։ Ա. Բունիաթյանն ու Աթանաս վարդապետը Նժդեհի աճյունը տեղափոխելու և հուղարկավորելու կազմակերպիչներից են։ Պատմեցին, թե ինչպես են իրականացրել այդ դժվար աշխատանքը խորհրդային ՊԱԿ-ի հսկողության տակ։ Նույն կազմակերպիչները որոշել էին՝ յուրաքանչյուր տարի հունիսի 16-17-ին կայցելեն Սպիտակավոր, հոկտեմբերի 6-7-ին՝ Խուստուփ։ Նաև երդվել էին. «Եթե չգանք, ուրեմն՝ չկանք»։
Այսօր նրանցից շատերն արդեն չկան, բայց Նժդեհյան ուխտավայրերը կան։ Նշեմ՝ Վարագ Առաքելյանի նախաձեռնությամբ՝ 1983 թ. Գարեգին Նժդեհի աճյունը Վլադիմիր քաղաքի գերեզմանատնից նրա թոռնուհու ամուսինը՝ Պավել Անանյանը, գաղտնի տեղափոխել է Երևան։ Այս գործում Պավելին օգնել է Սպարապետի եղբայրը՝ Լևոնը, ով հատկացրել է Վլադիմիրի բանտի գերեզմանատանը գտնվող գերեզմանի լուսանկարը։ Նույն տարի աճյունից մի նշխար ամփոփվում է Խուստուփ լեռան լանջին` Կոզնի կոչված աղբյուրի մոտ, իսկ մնացած նշխարհներն ամփոփվում են Սպիտակավորի բակում։ 2000-ականների սկզբին մի քանի անգամ Նժդեհի նշխարը Խուստուփի լանջին ամփոփողների հետ եղել եմ Կոզնի աղբյուրի ուխտավայր։ Բժիշկ Ա․ Բունիաթյանը, մյուսները պատմում էին՝ ինչ ոգևորությամբ էին իրականացրել Սպարապետի երազանքը՝ թաղվել հայրենի հողում։ Իսկ Սպիտակավորում 10 տարուց ավելի է, ինչ Նժդեհյան ուղտը միտված է նաև Հայոց Մեծ Եղեռնի միլիոն ու ավելի զոհերի հիշատակը հարգելուն։ Այս տարի՝ 2025-ի ապրիլի 24-ին դարձյալ հարյուրավոր, հնարավոր է՝ հազարավոր, ուղտավորներ էին Սպիտակավորում։ Ուրախալի է՝ շատ են դպրոցականները, ուսանողները, երիտասարդներ։ Մեծ մասը Վերնաշեն գյուղից ոտքով էին բարձրանում՝ անցնելով Արփայի վտակներից մեկի Սրկղոնք-Սրկցույաղց 11.5 կմ երկարությամբ գետակի կիրճով։ Այս անգամ ևս Սպիտակավոր բարձրացա Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում գործող Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցի ուսուցիչների ու աշակերտների հետ։ Ինչ խոսք, որոշ հատվածներ դժվարանց են գետակի կիրճում, բայց ինչպես շատերը, այնպես էլ թիվ 196-ի աշակերտներն անցան՝ առավել ոգևորված տեղանքի գեղեցկությամբ, գետանցումներով։ Դպրոցի տնօրեն, Նժդեհի գաղափարակիր Աշոտ Նավասարդյանի դուստր Անուշ Նավասարդյանը նույնպես իր սաների հետ էր։ Ասաց՝ արդեն մի քանի տարի է, ինչ ապրիլի 24-ին այցելում են Նժդեհյան ուխտավայր. «Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման օրը Նժդեհյան ուխտատեղի այցելելը պայմանավորված է այն իրողությամբ, որ 1948 թ. ապրիլի 24-ին Գարեգին Նժդեհը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման, իսկ 1915 թ. ապրիլի 24-ին էլ հայ ազգը զրկվել է իր ղեկավար ուժերից և մտավորականներից»։ Ճանապարհին հանդիպում էինք տարբեր խմբերի՝ դպրոցականներ, արշավականներ, մշակութային խմբեր, այլոք։
Երիտասարդների մի խումբ Եղեգնաձորից էին բարձրանում։ Արցախցիներ էին՝ հիմնականում Ստեփանակերտից․ այժմ բնակվում են Եղեգնաձորում։ Սպիտակավորի բակում տարբեր խմբեր միասին ռազմահայրենասիրական երգերի հնչյունների տակ պարում էին։ Օրը հագեցած էր Նժդեհյան ոգով, նրան նվիրված երգերով, պատումներով։ Եղեգնաձորի թիվ 2 հանրակրթական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչներն ավելի շուտ էին բարձրացել։ Վերադարձից առաջ խմբով լուսանկարվում էին։ Ուսուցչուհի Շ․ Ավետիսյանն ասաց՝ 10 տարուց ավելի է, ինչ իրենք այս սրբավայրում են հարգանքի տուրք մատուցում Մեծ Եղեռնի զոհորի հիշատակին։ «Կարին» համույթի խմբերից «Բեկոր»-ի պարողները պարուսույց Հ․ Բաղդասարյանի հետ նույնպես այստեղ էին։ Ցավ է՝ արդեն 2-րդ տարին է՝ հոգեպես է այստեղ «Կարին»-ի հիմնադիրը՝ երջանկահիշատակ Գագիկ Գինոսյանը՝ Նժդեհի գաղափարակիրը։ Գինոսյանի սիրելի պարերից «Յարխուշտա», «Իշխանասար», «Քոչարի» և այլն կատարեցին Նավասարդյանականները ևս՝ ծածանելով ՀՀ և Արցախի Եռագույնները։ Մինչ երեկո բազմամարդ էր Սպիտակավորը։ Շատ ուխտավորներ նաև Պռոշաբերդ էին բարձրանում։ Արդեն մթնշաղ էր, որ ուխտավորների խմբերն իջնում էին Վերնաշեն գյուղ, որտեղ տասնյակ ավտոբուսներ էին սպասում։ Տարածքում էին նաև շտապօգնության և փրկարար ծառայության աշխատակիցները։ Առավոտյան, երբ անցնում էինք Եղեգնաձոր քաղաքով, շատ դպրոցականներ՝ ծաղիկները ձեռքներին, հուշահամալիր էին գնում՝ ծաղիկներ խոնարհելու և հարգանքի տուրք մատուցելու Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ «Սեփական ուժերով ինքնապաշտպանվելու անընդունակ ժողովուրդները պատժվում են մահվամբ» խոսքը Մեծ հայորդու շիրմաքարին է գրված։ Այսօր ևս շատ արդիական է Սպարապետի այս խոսքը, որ ասել է 100 տարի առաջ։