Image

Ջերմություն, հոգատարություն, բարձր տրամադրություն

Անապահով անձանց, ընտանիքներին ավելի քան 30 տարի աջակցող «Հուսո տուն» բարեգործական կենտրոն հիմնադրամը, որը գործում է Երևանում, այժմ ավելի մեծ ծավալներով է շարունակում աշխատանքը՝ իր շահառուների կազմում ընդգրկելով նաև Սիրիայից, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Եվ պատահական չէ՝ կառույցի հետ համագործակցում են տարբեր կազմակերպություններ անհատներ, ընտանիքներ՝ ցուցաբերելով նյութական, մշակութային աջակցություն։

Դեկտեմբերի 29-ին «Հուսո տուն» բարեգործական կենտրոն հիմնադրամում կայացավ «Գթության խոհանոց» և «Անապահով անձանց սննդի կազմակերպում» ծրագրերի տարեվերջյան տոնական ցերեկույթը։ Դահլիճում բարձր տրամադրություն էր տիրում։ Ծրագրի շահառուներից բացի, ներկա էին նվիրատուները և հյուրերը, այդ թվում՝ գերմանական «Սիմենս Էներջի» ընկերության հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցներ, Ղազարյանների ընտանիքը, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լուսինե Ազարյանը։ Իհարկե, նման օրերին հիմնադրամի աշխատակիցներին օգնում են նաև կամավորները։ Ներկաներին ողջունեց հիմնադրամի գործադիր տնօրեն Մովսես Պողոսյանը՝ մաղթելով բարին, շնորհավորելով գալիք տոների առթիվ։ Օրն առավել տոնական դարձրին և ներկաներին իրենց պարային ելույթներով բարձր տրամադրություն պարգևեցին հիմնադրամի «Հույսով լի և առողջ մանկություն» ծրագրի սաները, ովքեր հիմնականում Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաներ են։ Ներկա էր նաև «Բեկոր» պարային համույթը։ Մ․ Պողոսյանը, ներկայացնելով «Բեկորի»-ին, անդրադարձավ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, երջանկահիշատակ Գագիկ Գինոսյանի կողմից իրականացրած մշակութային զարթոնքին։ Կարևորեց «Կարին» ավանդական երգի-պարի համույթի դերը, որը հիմնադրվել է 2001 թ․ Գ․ Գինոսյանի կողմից։ Իսկ նույն «Կարին» խմբի պարող Հարություն Բաղդասարյանի կողմից հիմնվել է, ինչպես նշեց Մ․ Պողոսյանը, մի բեկոր՝ «Բեկոր» պարային համույթը, որը ներկաներին ոգևորեց տարբեր պարային կատարումներով։

«Բեկոր»-ին միացան նաև «Հույսով լի և առողջ մանկություն» ծրագրի պարային խմբի սաները։ Մշտապես տարեվերջին «Հուսո տուն»-ը «Գթության խոհանոց»-ի շահառուների համար նաև նվեր-փաթեթներ է հատկացնում։ Այս տարի նույն բարի գործին իրենց մասնակցությունն ու աջակցությունն են ցուցաբերել նաև Խաչատրյանների, Բաղդասարյանների, Խոստիկյանների, Մնացականյանների և Ավետիսյանների ընտանիքները, Հեղինե Վանեցյանը, Ալբերտ Տոնեյանը, Անահիտ Բալաբեկյանը, Անահիտ Սահակյանը և Ժիրայր Յազջյանը՝ միջոցառմանը հաղորդելով միասնականության և փոխօգնության առանձնահատուկ տոնական շունչ։ Ցերեկույթին ներկա Անահիտ Սահակյանը, ով բազում անգամ է աջակցել հիմնադրամին, զրուցեց արցախցի երեխաների հետ, հետաքրքրվեց նրանց առօրյայով, լուսանկարվեց։ Ընթացքում զրուցեցի գերմանական «Սիմենս Էներջի» ընկերության հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցների՝ բիզնեսի կառավարման մենեջեր Արմեն Մարտիրոսյանի, գործառնական մենեջեր Ռոբերտ Ռաֆյանի, աշխատանքի անվտանգության ինժեներ Խաչատուր Բաբասյանի և թիմի օգնական Լալա Հովհաննիսյանի հետ։ Տեղեկացրեցին «Սիմենս Էներջի» ընկերության հայաստանյան մասնաճյուղը 4 տարվա պատմություն ունի, իսկ «Հուսո տուն» հիմնադրամի հետ համագործակցում են արդեն 3 տարի։ Խ․ Բաբասյանը նշեց՝ ինքը մոտ 10 տարի է, որպես կամավոր, համագործակցում է հիմնադրամի հետ։ Ցերեկույթի վերջում Մ․ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց կայացած տոնական արարողության համար՝ ասելով․ «Առանձնահատուկ երախտագիտություն ենք հայտնում մեր բոլոր աջակիցներին, կամավորներին, հովանավորներին, նվիրատուներին և աշխատակիցներին՝ այս գեղեցիկ ու ջերմ միջոցառման կայացման գործում ցուցաբերած անգնահատելի նվիրումի, ջանքերի և շարունակական աջակցության համար»։ Տեղեկացնեմ՝ դեկտեմբերի 26-ին նույն դահլիճում դարձյալ տանական տրամադրություն էր տիրում։

Հիմնադրամի հովանավորությամբ գործող «Հույսով լի և առողջ մանկություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված ամենամյա ամանորյա տոնական ցերեկույթին մասնակցում էին շուրջ 200 երեխաներ, որոնց թվում հյուրընկալվել էին նաև «Լուսե» և «Քերոլայն Քոքս» վերականգնողական կենտրոնների երեխաները: Այս մարդասիրական ծրագրի 150 շահառու երեխաները, ովքեր Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքներից են, ըստ տարիքի և նախասիրությունների, այցելում են հիմնադրամում գործող ցերեկային խմբակների՝ նկաչություն, երգ, պար, կավագործություն և այլն: Իր շնորհավորական խոսքում Մովսես Պողոսյանը  մաղթեց՝ եկող տարում իրականանան բարի երազանքները, ցանկությունները, որ լինի խաղաղության ու նոր ձեռքբերումներ։ Ներկա բոլոր երեխաների համար հիմնադրամը նվերներ էր պատրաստել։ Այս հարցում աջակցել էին նաև Երևանի քաղաքապետարանը և «Պիքսարտ» կազմակերպությունը։ Ցերեկույթին ներկա էին նաև Երևանի քաղաքապետը՝ իր ընտանիքով, «Պիքսարտ»-ի ներկայացուցիչներ։ Երեխաներն սպասում էին Ձմեռ Պապին, ով վերջապես եկավ, ողջունեց բոլորին՝ մաղթելով միայն բարին։ Ինչպես ընդունված է՝ երեխաներն Ամանորին ընդառաջ նամակներ են գրում Ձմեռ Պապին՝ խնդրելով կատարել իրենց երազանքը։ Երեխաների մեծ մասը ցանկանում է ունենալ իրեն անհրաժեշտ որևէ իր։ Այս հարցում Ձմեռ Պապին օժանդակել էր  «Պիքսարտ» կազմակերպությունը, որի ներկայացուցիչը նամակագիր երեխաներին հատկացրեց իրենց խնդրած նվերը։ Ցերեկույթի ընթացքում եղավ նաև մշակութային մաս։ Երգիչ Ռուբեն Հախվերդյանը հանդես եկավ իր՝ մեր ժողովրդի կողմից շատ սիրված երգերի կատարումով։ Եղան այլ ելույթներ ևս, ինչպես նաև տոնական հյուրասիրություն։

«Գթության խոհանոց»-ի դահլիճը, որտեղ տեղի են ունենում արարողությունները, իրենից ներկայացնում է նաև յուրահատուկ ցուցասրահ։ Ցուցադրված են «Հույսով լի և առողջ մանկություն» ծրագրի շրջանակներում գործող խմբակների սաների կողմից արված նկարներ, կավից պատրաստած աշխատանքներ, որոնք հիմնականում խորհրդանշում են Արցախ աշխարհը։ Մ․ Պողոսյանը նշված աշխատանքներից նաև նվիրում է հյուրերին, բարերարներին։ 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։