Image

Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1949 թ․ Փարիզում ընթացող կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կոնֆերանսի ներկայացուցիչների կոչով ստեղծվել է նաև Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ 1950 թ․ հունիսի 1-ին առաջին անգամ նշվել է տոնը։ Այս տոնի առիթ է հանդիսացել այն, որ  Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսը հունիսի 1-ին հավաքել է պատերազմի պատճառով որբ մնացած երեխաներին և նրանց համար կազմակերպել տոն, որը, ըստ Չինական ավանդույթի, կոչվում է Վիշապանավերի փառատոն։ Նույն օրը Ժնևում տեղի է ունեցել կոնֆերանս՝ նվիրված մատաղ սերնդի հիմնախնդիրներին։ Բացի այդ երեխաների պաշտպանության, իրավունքներին նվիրված այլ օրեր ևս կան․ Երեխաների համաշխարհային օրը նշվում է նոյեմբերի 20-ին։ Հունիսի 4-ին նշվում է Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օրը, հունիսի 16-ին՝ Աֆրիկացի երեխաների պաշտպանության օրը։ Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, իսկ 1996-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։

Մատաղ սերնդի օրվան նվիրված՝ հունիսի 1-ին Արցախում, ՀՀ մարզերում և Երևանում կազմակերպվել էին բազում միջոցառումներ։ Երևանում՝ Ազնավուրի հրապարակում, Բիբլոս Բանկ Արմենիան իր հիմնադրման 15 ամյակի առթիվ ձևավորել էր տարածքը հիմնականում շախմատային ոճով: Բացի այդ կազմակերպվել էր արագ շախմատի մրցաշար գրոսմայստեր, 2022 թ. օլիմպիական փոխչեմպիոն Գաբրիել Սարգսյանի մասնակցությամբ, ով մրցում էր մոտ 20 պատանի շախմատիստների հետ: Վերջում Գ. Սարգսյանն իր ստորագրությամբ պատանի շախմատիստներին նվիրեց Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը» գիրքը: Ավելի փոքր տարիքային խմբերի երեխաների համար կազմակերպվել էին տարբեր միջոցառումներ։  «Հայաստանի պատանեկան նվաճումներ» նախաձեռնությունը կազմակերպել էր 10 տարուց ավելի ավանդույթ դարձած «Կրթել և ոգեշնչել երիտասարդ սերնդին՝ արժևորելու ազատ ձեռներեցությունը և քաղաքացիական հասարակությունը» կարգախոսով միջոցառում։

Հիմնականում մարզերի տարբեր դպրոցների աշակերտները ներկայացրել էին իրենց արտադրանքը։ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո Երևանում հիմնադրված «Դիզակ ԱՐՏ» մշակութային, երիտասարդական կենտրոնում(ՄԵԿ) Արցախից տեղահանված շրջանների երեխաների ու նրանց ծնողների համար կազմակերպվել էր տոնական ցերեկույթ՝ ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի հետ համատեղ։ «Հունիսի 1-ը «Դիզակ ԱՐՏ»-ում» միջոցառմանը ցուցադրվել են ՄԵ կենտրոնի կերպարվեստի և կիրառական արվեստի բաժինների աշակերտների աշխատանքները։ Համերգային մասում հանդես են եկել երգեցողության դասարանի աշակերտները՝ նորաստեղծ ժողգործիքների համույթի նվագակցությամբ։Ներկաներին օրվա առթիվ շնորհավորել են ՀՀ-ում ԱՀ Կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը և «Դիզակ ԱՐՏ» ՄԵԿ համահիմնադիր Երազիկ Հայրիյանը՝ հավատով կգա օրը, և տեղահանված արցախցիները տուն կգնան։ Նույն օրը Երևանում՝ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի շենքում կազմակերպվել էր պատանեկան յուրահատուկ ցուցահանդես՝ գեղանկարներ, քանդակներ, կոլաժներ։

Երևանի Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի գեղարվեստի բաժնի սաների մանկապատանեկան ցուցահանդեսը կրում է «Աշխարհը մեր պատուհանից» խորագիրը։ Ներկա էին Թեքեյան մշակութային միության գրասենյակի ղեկավար Ռուբեն Միրզախանյանը, արվեստասերներ, դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, հյուրեր։ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, բացելով ցուցահանդեսը, շնորհավորեց Երեխաների տոնի առթիվ,  ողջունեց ներկաներին, կարևորեց նման միջոցառումները։ Ասաց․ «Չլինելով ոլորտի մասնագետ՝ ձեռմպահ կմնամ գնահատական տալ երեխաների աշխատանքներին, այնուամենայնիվ՝ տպավորված եմ, շատ հետաքրքիր գործեր են ցուցադրված։ Նկատելի է՝ ներկա սերունդը շատ հետաքրքիր մոտեցում ունի կյանքի բոլոր բնագավառներին՝ արվեստին, կենցաղին, մեր քաղաքին, երկրին, հայրենիքին․․․»։ Այնուհետև Ա․ Ծուլիկյանը շնորհավորեց աշխատանքների հեղինակ-սաներին և նրանց աշակերտներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ։ Նշեց նաև՝ դպրոցի տնօրեն Նաիրա Դիվանյանը ցուցահանդեսին ներկա չէ՝ այլ միջոցառման մասնակցելու պատճառով և խոսքը փոխանակեց կրթօջախի համակարգող Անահիտ Խաչատրյանին։ Շնորհավորելով տոնի առթիվ՝ Ա․ Խաչատրյանը ներկայացրեց դպրոցի կերպարվեստի ուսուցիչներին/Ռուզան Սմբատյան, Էդգար Ամրոյան, Տաթև Վարդանյան, Արմինե Հովհաննիսյան և Դիաննա Գրիգորյան/, ովքեր աշխատել են երեխաների հետ, և կայացել է ցուցահանդեսը։ Ընթացքում ելույթ ունեցան նաև դպրոցի վոկալի էստրադային բաժնի սաները։ «Թզուկ» և «Արև» երգերի կատարումով ավարտվեց երաժշտական մասը։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։