Բեմում աշակերտներն էին
Մայիսի 29-ին Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոցում կայացավ ցերեկույթ-բեմականացում՝ նվիրված Մայիսյան հաղթանակների 105 ամյակին։ Արցախյան վերջին պատերազմի մասին էր պատմում «Իմ հերոսը» վերնագրով փոքրիկ պիեսը, որի հեղիննակն ու բեմականացնողը դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ, 8-րդ Բ դասարանի աշակերտուհի Շողեր Հակոբյանն էր, ով նաև խաղաց գլխավոր դերերից մեկում՝ զինվորի մոր կերպարում։
Հայ ընտանիքի մայրն սկզբում օրորոցային է երգում՝ գրկին նորածին որդին։ Տարիներ անց արդեն զինվոր որդին՝ Գոռը, վերադառնում բանակից։ Ընդունում են նրան, ինչպես ընդունված է։ Սակայն շուտով հնչում է տագնապ, սկսվում է պատերազմ։ Զինվորի տուն են գալիս ընկերները՝ պատրաստ մեկնելու առաջնագիծ, ու դարձյալ ռազմի դաշտ է գնում զինվորը, ում մարմանավորում էր 8-րդ Բ դասարանի աշակերտ Գևորգ Գալեյանը։ Նրա հորեղբայրը՝ Արմեն Գալեյանը, նահատակվեց Արցախյան 44-օրյա պատերազմում։ Զինվորի մայրը/դերում՝ Շ․ Հակոբյան/ և հայրը/դերում՝ Էդգար` 9-րդ Բ դասարան/, իրենց որդուն պատգամում են տեր կանգնել հայրենի հողին։ «Տղես, համարձակ եղիր, որ տեր կանգնես քո բաժին հողին», -ասում է հայրը։ Մայրն էլ է քաջալերում որդուն՝ ասելով․ «Թշնամին նույնն է, ծրագիրը չի փոխվել, երբքե չզարհուրես․․․»։
Օրհնում են ծնողներն իրենց զավակին ու մարտադաշտ ուղարկում՝ հավատով՝ հայ զինվորը տեր է կանգնելու Հայրենիքին։ Զինվորի մորը թիկունք են հարևանները, ովքեր հավատում են նաև հաղթանակի։ Փիլիսոփայում են պատերազմի մասին՝ երանի տալով, որ այն էլ լինի անձրևի պես ու շուտ ավարտվի։ Խոսում են անմահացած զինվորների մասին, ովքեր արդեն երկնքում են։ Ասում են՝ այլևս շատ տղաներ չեն սիրահարվելու, շատ աղջիկներ չեն հավատա սիրուն։ Իսկ զինվորի մայրը հոգով ու մտքով որդու հետ է, ով պատերազմի դաշտում է, ու մտածում է․ «Տեսնես Գոռս ի՞նչ է անում, հաց կերա՞վ․․․»։ Այդ պահին ներս է մտնում Գոռի մարտական ընկերը՝ բերելով նամակ, որտեղ որդին պատմում է՝ մարտի գնալուց առաջ իրենք նամակ են գրում ու թողնում քարի տակ։ Ողջ մնացողը նամակը փոխանցում է նահատակի ծնողներին։ Գրված է նաև՝ երբ ստանաս նամակը, ես չեմ լինելու։ «Մամ, կներես, ես պետք է քեզ ծաղիկներ բերեի, սակայն դու ես ինձ բերելու Եռաբլուրում․․․ Շիրիմիս այցելելիս սև շոր չհագնես․ դու հերոսածին մայր ես․․․»։
Վերջապես ավարտվում է պատերազմը։ Զինվորի քույրը բերում է այդ լուրը։ Ավարտվում ե նաև աշակերտների ուժերով կայացած ներկայացումը։ Այնուամենայնիվ մեր աշակերտների խաղը հուսադրող է ու հավատով լի՝ մենք հայ ենք։ Ավարտվում է բեմականացումն աշակերտների միասնական երգով ու ասմունքով։ Ցերեկույթին ներկա էին դպրոցի տնօրեն Վիոլետտա Բեջանյանը, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ, հյուրեր։ Ուսուցչուհի Սուսաննա Ամալյանի եղբոր՝ ճանաչված երգիչ Դավիթ Ամալյանի բազմաշնորհ Վարդան որդին, ով նույն դպրոցի աշակերտ էր, նահատակվեց 44-օրյա պատերազմում։ Շնորհակալություն հայտնեց Ս․ Ամալյանն իր սաներին, ովքեր խաղացին ժամանակին համահունչ։ Ցավ հայտնեց հազարավոր նահատակ տղաների համար։ Նշեց նաև՝ կան դեռ մարդիկ, որ նույնիսկ Եռաբլուրի տեղը չգիտեն։
Այսօր այսպիսի միջոցառումն ուղղակի անհրաժեշտություն է։ Ես իմ էդ օրերը հիշեցի՝ ոնց էի սպասում, երբ Վարդանը զոհվեց։ Նա էլ, երբ զանգում էր ու ասում, որ իրենց մոտ խաղաղ է, ես զարմանում էի՝ էս թոհուբոհի մեջ ո՞նց է՝ իրենց մոտ պատերազմ չկա․․․»։ Դպրոցի տնօրեն Վ․ Բեջանյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր աշխատել են, որ կակացավ բեմականացումը։ «Ձեր խաղով լավ դաս տվեցիք նաև ավագներիս։ Միայն հիշելով չէ, որ մեծարենք Անմահ հերոսներին, նաև աշխատել, գործել է պետք՝ հայրենիքին տեր մնալու համար», -ասաց Վ․ Բեջանյանը։ Ծնողներից Շողերի տատը՝ Սուսաննա Թադևոսյանը, նույնպես ողջունեց բեմականացումը՝ նշելով՝ հայրենասիրությունը մանկուց պետք է սերմանենք մեր երեխաների մեջ, այլապես դժվար է լինելու պահել հող-հայրենին։