Image

ԵՊՀ 100 ամյակի առթիվ էր տոնը 

Ուռ եմ տընկեր այս այգոյս,

Զտակն եմ ջրեր այս տընկոյս,

Դեռ չեմ կերեր ի պըտղոյս,

Կասեն, թ՛ «Արե՛կ, ե՛լ այգոյս»։

Այս իմ նորատունկ այգոյս։

«Տաղ ի վերայ նորաշէն տուն և այգի ունեցողի և լալու» տաղից

 Գրիգորիս Աղթամարցի․ 16-րդ դարի բանաստեղծ, Աղթամարի կաթողիկոս(1512-1544թթ․)

 

2020թ․ 44-օրյա պատերազմից հետո, քանի դեռ Բերձորը մեր տիրապետության տակ էր, յուրաքանչյուր առիթ ու հնարավորություն օգտագործում էի՝ կրկին լինել ազատագրված ու հայացած մեր հայրենիքում, որտեղ ապրեցի շուրջ 25 տարի, և որտեղով անցնում էր Արցախի կյանքի ճանապարհը։ 2021-22 թվականներին հիմնականում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գուրգեն Մելիքյանի հետ էինք գնում Արցախ։ Չնայած 44-օրյայում կրած պարտությանը, Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասի կորստին՝ Գ․ Մելիքյանը շարունակում է իր աջակցությունն Արցախ աշխարհին։

Անցած տարվա վերջից արդեն անհնար է դարձել բարեգործական այցերն Արցախ, չնայած անելիքներ շատ կան։ Հաճախ նաև արխիվս եմ բացում, որտեղ շատ են լուսանկարներ, տեսանյութեր, լրատվություններ Գ․ Մելիքյանի նախագահությամբ գործող «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» հիմնադրամի և բարերարի կատարած աշխատանքների մասին։ Ներկայացնում եմ 2018թ․ հոկտեմբերին Գ․ Մելիքյանի կազմակերպմամբ կայացած հերթական ծառատունկի մասին։ Քաշաթաղի շրջանի կազմավորման առաջին օրերից վերահայացող մեր հայրենիքում բնակվողներին աջակցող բարեգործական տարբեր ծրագրերով հանդես եկավ Գ․ Մելիքյանը՝ ստեղծելով «Գուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի շրջանի բազմազավակ ընտանիքներին» հիմնադրամը: Նրա կատարած բարեգործություններից առավել մնայուն էին ու են շրջանում ստեղծած պուրակներն ու ծառուղիները, հանգստյան գոտիները՝ շատերը հուշաքարերով, հուշ-աղբյուրներով: Իհարկե, այսօր այդ պուրակներն էլ են մնացել գերության մեջ, սակայն ծառը մնում է ծառ։ 1996 թվականից սկսած՝ յուրաքանչյուր տարի 4-5 ծառատունկ էր իրականանում Գ․ Մելիքյանի նախաձեռնությամբ։ Տոնի վերածվող բոլոր ծառատունկները կայանում էին ԵՊՀ ուսանողների մասնակցությամբ, որին հաճախ ներկա են եղել ԱՀ Նախագահը, կառավարության և Ազգային ժողովի անդամներ, ԵՊՀ ռեկտորը, դասախոսներ, այլոք: 2018-ին առաջին ծառատունկը կատարվեց գարնանը։ Հոկտեմբերի 28-ին կայացածը նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 100-ամյա տարեդարձին: Նորաստեղծ պուրակը հիմնվեց դեպի Երևան ձգվող մայրուղու վրա՝ Բերձորի մուտքի մոտ: Մոտ մեկ ամիս առաջ Գ. Մելիքյանը կազմակերպեց պուրակի տարածքի հարթեցումը, մացառներից, թփերից, քարերից մաքրումը, տնկիների համար փորվեցին փոսեր: Ծառատունկին մասնակից եղավ ԱՀ Նախագահ Բակո Սարգսյանը՝ կառավարության անդամների ուղեկցությամբ: Այստեղ էին ԱՀ Նախագահի աշխատակազմի Տեղեկատվական գլխավոր վարչության ղեկավար Դավիթ Բաբայանը. կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, այլ պաշտոնատար անձինք: Նորաստեղծ պուրակի մոտ երկրի Նախագահին դիմավորեցին Քաշաթաղի շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Ստեփան Սարգսյանը, Գուրգեն Մելիքյանը, ուսանողները՝ երգ ու պարով: Ինչպես ընդունված է՝ առաջին ծառը տնկելիս Գ. Մելիքյանը՝ գինեթասը ձեռքին, արտասանում էր Զավեն-Լևոն Սուրմելյանի «Ասացվածք՝ ծառ տնկելու առթիվ» բանաստեղծությունը․

Տե'ր, օրհնե' ծառն այս մատղաշ։ Ես կտնկեմ զայն ահա,

Փխրուն և սև հողին մեջ, ուր պապերս կպառկին.

Ես՝ անոնց թոռը հսկա, այս հողին տերն եմ կրկին,

Ու արևուն տակ կաճիմ՝ անունն իրենց շուրթիս վրա:

Պիտի բանա ծառն այս մեծ իր բազուկներն ու հոգին,

Գրկած իր մեջ պապերուս արևոտ շունչը անմահ,

Տե'ր, միսմինակ, նազելի, այս ծառն աղոթք մը ըլլա~,

Ու փաթթվիլ իր մարմնույն գան սիրողները գյուղին։

Երկաթագիր պատմությունն այս մտերիմ հողերուն

Աչքիս արցունք կբերե... փառք ու մեռել շատ ունի։

Երկիրն իմ հին, ալևոր, որուն ես թոռն եմ վայրի,

Խոկումներով բեռնավոր, երազներով օրորուն...

Մեռելներուս իբրև խաչ՝ ես այս ծառը տնկեցի...

Այդ օրը տնկվեցին 100 ընկուզենի և 10 թթենի:

 

 -Ծառ տնկում են հողի տերերը, եկվորները դրանք կոտրում են, -ասաց Գ. Մելիքյանը և հավելեց, -ծառատունկը նվիրված է  ԵՊՀ հիմնադրման 100 ամյակին: -Մեր երկրի մայր բուհը, որը գիտության, պայքարի, հերոսացման կենտրոն է, որտեղից դուրս են եկել հրաշալի հայորդիներ, մշտապես իրականացնում է նման առաքելություն: Հպարտություն եմ ապրում, որ այս օրերին այստեղ եմ և 100 ընկուզենի ենք տնկում: Եթե ապրում ես հայրենիքում, դժվար օրերն էլ հեշտ կանցնեն, -ասաց բարերարը և  ԱՀ Նախագահի հետ տնկեցին առաջին ընկուզենին՝ գինով օծելով ծառաբունը:

 Այնուհետև գործի անցան ԵՊՀ ուսանաղները, ԱՀ կառավարության անդամները, Քաշաթաղի շրջվարչակազմի, Բերձորում գործող տարբեր կառույցների ղեկավարները, աշխատակիցները, հյուրերը: Բ. Սահակյանը նշեց՝ մնայուն արժեք է ծառատունկը, և տարիների ընթացքում Գ. Մելիքյանի օժանդակությամբ ԵՊՀ ուսանողության ու դասախոսների կողմից Բերձորում մեծ աշխատանք է կատարվել այս բնագավառում: Արցախի Նախագահը բարձր գնահատեց Գ. Մելիքյանի դերն ընդհանրապես Արցախին մատուցած ծառայություններում: Մոտ 2 ժամ անց Հակարի գետի աջափնյա տարածքի հողն ընդունեց տնկիներին, և պուրակը պատրաստ էր: Ընթացքում զրուցեցի ծառատունկի մասնակիցների հետ: ԱՀ հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը, ով մի քանի անգամ մասնակցել է Բերձորում կատարվող ծառատունկներին, կարևորեց արդեն ավանդույթ դարձած այս գեղեցիկ միջոցառումը Քաշաթաղի շրջանում, և կարևորեց, որ այն իրականանում է Մայր հայրենիքի մայր բուհի ուսանողների ու դասախոսների մասնակցությամբ: ԵՊՀ ուսխորհրդի նախագահ, միջազգային հարաբերություններ ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Դավիթ Ափոյանը տեղեկացրեց, որ եռօրյա ուղևորությունը հովանավորել է ԵՊՀ ռեկտրատը: Ծառատունկին մասնակցում են 50 ուսանող՝ տարբեր ֆակուլտետներից, ինչպես նաև դասախոսներ: Մինչ Բերձոր գալը՝ եղել են Քարվաճառի, Մարտակերտի շրջաններում, այցելել Դադիվանք, Գանձասար: Առավել կարևորեց, որ Եղնիկներ զորամասում հանդիպել են  դիրքապահներին: Նրանց համար համերգով հանդես է եկել մշակութային խումբը: Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը, ով մշտապես ուղեկցում է ուսանողներին, նման առաքելությունների ժամանակ, կարևորեց այն, որ նախկինում տնկված ծառերն արդեն բերք են տալիս:  Համալսարանի ռոմանո-գերմանական բանասիրության ֆակուլտետի 2-րդ կուրսեցի Տաթևիկ Հովհաննիսյանը Երևանից է, մայրը՝ Արցախից, և հաճախ է այցելել մոր ծննդավայրը՝ Հերեր գյուղ, սակայն նման առաքելությամբ 2-րդ անգամ է գալիս: Հպարտ է, որ իր ձեռքով ծառ տնկեց ազատագրված ու շենացող հայրենի հողում: Այս ամռանը Շուշիում մասնակցել է ռազմական բանակումի և սիրում է նաև զինվորական կյանքը: Խրախուսելի և կարևոր միջոցառում է ծառատունկը՝ մեզ կապում է Արցախի հետ: Կան ուսանողներ, որ առաջին անգամ են գալիս և դրանից հետո միշտ ձգտում են նորից լինել Արցախում: Անահիտ Բրուտյանն աշխատում էր Տաթևիկի հետ, տնկել էին 2-3 ծառ: Ծնունդով Տավուշի Պառավաքար գյուղից է, ուսանում է քիմիայի ֆակուլտետի 3-րդ կուրսում, առաջին անգամ է եկել:

 -Շատ էի ցանկանում՝ լինել Արցախում, և իրականացավ երազանքս, ուրախ եմ, որ նման միջոցառման մասնակցեցի: Այժմ հնարավորություն ունեմ ստանալ էմոցիա և էներգիա՝ կանգնելով Արցախի հողի վրա: Տնկելով ծառը՝ ինչ-որ չափով սկիզբ ենք դնում նոր կյանքի, և հավատում եմ՝ նորից եմ գալու, և տարիներ անց մեր աշխատանքը կտա ցանկալի արդյունք:

 Ֆիզիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Եգանյանը Երևանից է, նույնպես առաջին անգամ է Արցախում ծառատունկի մասնակցում, չնայած մի քանի անգամ եղել է այստեղ: ԵՊՀ ֆարմոցիայի ինստիտուտի 2-րդ կուրսեցի Դավիթ Առաքելյանը Դվինից է, առաջին անգամ է մասնակցում ծառատունկի, և Լիլիթի հետ արդեն մեկ ծառ տնկել էր՝ հավատով՝ հնարավորություն կունենա նաև մշակել: Պատմության ֆակուլտետի 3-րդ կուսի ուսանողուհիներ Ասյա Թադևոսյանը և Անի Ավագյանը մի քանի ծառ էին տնկել՝ իրենց աշխատանքը համարելով նորի սկիզբ: Ասյան նաև պարուհի է, երկրորդ անգամ է մասնակցում ծառատունկի: Հպարտությամբ նշեց, որ իրենց խումբը հանդես եկավ զինվորների համար: Անին Վանաձորից է, ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի կազմում եղել է Արցախում, բայց ծառատունկին առաջին անգամ է մասնակցում, և մեծ է ոգևորությունը: Ծառատունկից հետո կայացավ մշակութային մաս: Ռազմահայրենասիրական երգերի գեղեցիկ կատարումով հանդես եկավ ուսանող Գագիկ Մաշինյանը՝ իրենց խմբի դհոլահար Գոռ Օհանյանի և Բերձորի «Բերձոր» ժողգործիքների համույթի երաժիշտներ Արամայիս Եսայանի, Արթուր Մովսեսյանի նվագակցությամբ: Երեկոյան համալսարանականները հրաժեշտ տվեցին Բերձորին և մեկնեցին Երևան՝ վստահ՝ հայ զինվորն ամուր է կանգնած սահմանում, արցախցին իր երկրի տերն է և շենացնում է, ազատագրված մեր հայրենի Քաշաթաղը նորից է ընդունելու իրենց, և հնարավոր է՝ շատերի համար տուն կդառնա: Ինչ խոսք, հայ զինվորը լավ էր կատարում իր առաքելությունը, բայց 44-օրյա անհասկանալի ու անկազմակերպ պատերազմը եղավ կործանարար։ Նույն ուսանողներից, ովքեր մասնակից էին ծառատունկին, նույպես հասան առաջնագիծ։ Եղան նաև նահատակներ, վիրավորներ։ Անցած տարի ամռանը, երբ Գ․ Մելիքյանի հետ վերադառնում էինք Արցախից, Բերձորում կանգ առանք, ջրեցինք ու մշակեցինք մի քանի ծառ ճանապարհաեզին․ ադրբեջանական մեքենաներն անցել էին դրանց վրայով։ Երբ այդտեղ էինք, ռուս-խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանական մոտ 20 բեռնատար անցավ՝ գալով Աղավնոյի հովտից։ Մեքենաները բարձած էին շինանյութով, որոնք, պարզ է, տարածքի գյուղերն էին քանդել։ Թուրքերը նայում էին մեզ ու տարբեր ձևերվ ցույց տալիս, որ մենք պետք է հեռանանք․․․ Ու ակամայից հիշեցի 16-րդ դարի հայ բանաստեղծի տաղը։ Պատմությունը կրկնվում է․ հավատում եմ՝ կգա Բերձորը կրկին հայացնելու օրը։ 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։