Փիեր Գյուլումյան հերոսի մասին
Հունիսի 8-ին «Նոյյան տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում տեղի ունեցավ մամուլի ասուլիս։ Թեման էր՝ « Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի(ՀԱՀԳԲ-ASALA) մարտիկ Փիեր Գյուլումյանի մահից 41 տարի անց նրա աճյունը 2023թ․ մայիսի 21-ին առժամանակ հուղարկավորվեց Երևանի «Շահումյան» գերեզմանատանը։ Ի՞նչ կորոշի դատարանը և ի՞նչ մտավախություններ ունի պաշտպանական կողմը»։
Խնդրին անդրադարձան ասուլիսի բանախոսները՝ Հայաստանի ժողովրդական շարժման (ՀԺՇ) համակարգող Վազգեն Պետրոսյանը, գրող, գրականագետ Կարո Վարդանյանը և պատմաբան Հովիկ Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ Փ․ Գյուլումյանի աճյունը նախօրոք որոշված էր Փարիզից տեղափոխել Երևան և հուղարկավորել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Սակայն ՀՀ Պաշտպանության նախարարությունը չի թույլատրել Փ․ Գյուլումյանի մասունքները հուղարկավորել Եռաբլուրում։ Եվ մայիսի 21-ին, Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում, Սուրբ Պատարագի ավարտին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների ներկայությամբ կատարվել է Փիեր Գյուլումյանի հոգեհանգստյան կարգը։ Նույն օրը, նրա աճյունը, տարբեր երկրներից Հայաստան ժամանած հարազատների և մի խումբ մարտական ընկերների ներկայությամբ, առժամանակ ամփոփվել և հուղարկավորվել է Երևանի «Շահումյան» գերեզմանատանը։ ՀԺՇ համակարգող Վ․ Պետրոսյանն այս առումով ասաց․ «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի Եվրոպայի տարածքի ռազմական պատասխանատուն էր Փիեր Գյուլումյանը։ Նրա նահատակությունից 40 տարի անց՝ նախորդ տարի դեկտեմբերի սկզբին, Փարիզից Հայրենիք փոխադրվեց Գյուլումյանի աճյունը՝ ընտանիքի ցանկությամբ և Հայաստանի ժողովրդական շարժման նախաձեռնությամբ։
1982-ի օգոստոսի 2-ին, Փարիզում` դժբախտ պատահարի հետևանքով է նահատակվել ՀԱՀԳԲ-ի մարտիկը։ Մինչև իր նահատակութունը՝ նա եղել էր ՀԱՀԳԲ Եվրոպայի տարածքի զինվորական պատասխանատուն և ղեկավարել ու անձնապես մասնակցել է զինվորական բազում գործողութիւնների: Եռաբլուրում՝ ՀԱՀԳԲ-ի նահատակներին նվիրված հուշահամալիրում արդեն 23 տարի` ճիշտ այնքան, որքան հասցրել է ապրել Փիերը, տեղադրված են նրա և չորս տասնյակ մարտական ընկերների տապանաքարերը։ Փիերի աճյունը փոխադրելու և Եռաբլուրում ամփոփելու թույլտվությունը ստացել էինք դեռևս 2017-ին, վերահաստատվել էր 2019-ին։ Կար գիտակցումը, որ նահատակ հերոսների շիրիմը Հայրենիքում պետք է լինի, իսկ 2016-ի պատերազմից հետո շատ անհրաժեշտ էր ազգային ոգին բարձր ու զգոն պահել։ Սակայն, գործող իշխանությունը 2023թ․ թվականի մայիսի 19-ին մերժեց՝ հղում կատարելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հրամայականներին»։ Իր խոսքում պատմաբան Հովիկ Գրիգորյանը նույնպես դատապարտեց կատարվածը՝ ասելով․ «Ո՛չ որպես մարդ, ո՛չ որպես հայ, ո՛չ էլ որպես պատմաբան չեմ կարող ընդունելի համարել այս մերժումը։ ՀԱՀԳԲ-ի գործունեությունը Սփյուռքին հայ մնալու գիտակցման մղեց, իսկ աշխարհին՝ առավելաբար Եվրոպային, ստիպեց տեսնել հայկական պահանջատիրությունը։ ԱՍԱԼԱ-ից առաջ ի՞նչ մակարդակում էր Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ համարյա զրոյական, իսկ հետո՝ այն երկրները, որոնցում գաղտնի բանակը խփեց թուրքական թիրախներին, հերթով ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը»։
Գրող, գրականագետ Կարո Վարդանյանը, խոսելով Փիերի և առհասարակ ՀԱՀԳԲ-ի մասին, ասաց․ «Մի իրողություն ընդամենը բացահայտեմ․ Հայ գաղտնի բանակը 1980-ականներին Թուրքիայի ահ ու սարսափն էր։ Հային հպարտություն, պատվախնդրություն ներշնչող այս կազմակերպության առանցքային դերակատարներից էր Փիերը։ 1981-ին, երբ Փարիզում ձերբակալվեց հետագայում Արցախում ու Հայաստանում լեգենդ դարձած անունը՝ Մոնթեն, Փիերն անմիջապես գործի անցավ: Մեկը մյուսի հետևից այնքան հետևողականորեն սկսեց օդ հանել ֆրանսիական հաստատությունները, որ մեր ապագա հերոսին բաց թողեցին: Ազատ արձակեցին, ու այդպես էլ չիմացան, որ իրենց առօրյան դժոխքի վերածած խորհրդավոր անձնավորությունը 22 տարեկան մի երիտասարդ էր: Պիեռը իր զինակից ընկերներին մենակ չէր թողնում իրենց ողբերգության հետ: Ու սա ընդամենը մի դրվագ է նրա կարճատև, բայց խիստ հագեցած մարտական ուղուց: Անգնահատելի, անփոխարինելի անձնավորություն:
Երբեք չեմ մոռանա անցած տարվա դեկտեմբերյան ցրտաշունչ առավոտը, երբ ներկա էինք Փիերի մասունքները ֆրանսիական շիրիմից հանելու արարողությանը: Փարիզից ոչ շատ հեռու գտնվող Թիե քաղաքի գերեզմանատանն էր: Գլխահակ հետևում էինք գերեզմանափորների խնամքով կատարվող աշխատանքին, երբ բնությունը մի սարսռալի նշան տվեց»։ Օդում՝ Փիեռի շիրիմի վերևում տեսել են մի թռչուն՝ բազե՞, արծի՞վ, որը որոշ ժամանակ առանց թևերը թափահարելու կանգ է առել, ապա սլացել երկինք։ «Փիերիս հոգին էր», -ասել է հերոսի քույրը։ Կ․ Վարդանյանը պատահական չհամարեց նաև մայիսի 21-ին, երբ հուղարկավորել են Փիերի մասունքները, հորդառատ անձրև է տեղացել։ Իր եզրափակիչ խոսքում ՀԺՇ համակարգող Վազգեն Պետրոսյանn ասաց․ «Վաղ թե ուշ ՀԱՀԳԲ-ի նահատակ մարտիկների մասունքները կհանգչեն Եռաբլուրում՝ մեր մյուս հերոսների կողքին։ Խորապես համոզված ենք, որ ազգի համընդհանուր ներուժի գերլարումով՝ հնարավոր է հաղթահարել սպառնալիքները»։