Ծնվել էր Կովսականում
Արցախյան առաջին հաղթական ու ազատագրական գոյամարտի արդյունքում վերստին հայացան հայոց պատմական տարածքները՝ Արաքսից մինչև Մռավ-Մռովի լեռնաշղթա։ Տարածքներ, որոնք հայաթափ էին եղել 18-րդ դարակեսից սկսած մինչև մեր օրերը։ Արցախում 1993թ․ վերջերին կազմավորվեց Քաշաթաղի շրջանը՝ իր մեջ առնելով Պատմական Մեծ Հայքի Սյունիք ու Արցախ նահանգների մոտ 10 գավառ ու գավառակ։ Եվ վերահայացող մեր երկիրը շենացնելու, հողը պահելու նպատակով Քաշաթաղի շրջանում վերաբնակեցվեցին շատ ընտանիքներ՝ բռնի տեղահանվածներ Բաքվից ու Սումգայիթից, Մարաղայից ու Կիրովաբադից, Չայլուից ու Գետաշենից։ Այնուհետև շրջան գնացին ՀՀ տարբեր վայրերից, Սփյուռքից։
Վայոց Ձորի Զառիթափ գյուղից Մխիթար Սողոմոնյանը 2000թ․ ընտանիքով՝ կնոջ և 2 զավակների հետ տեղափոխվեց Արցախ և բնակություն հաստատեց Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում, որի վերաբնակեցումն սկսվել էր 3 տարի առաջ ու շարունակվում էր։ Կովսականում ծնվեցին ընտանիքի 4 զավակներ ևս, և Մխիթարն իր 3 որդիների ու 3 դուստրերի հետ դարձավ Կովսականի բազմազավակ ու շենացնող ընտանիքներից մեկի հայրը։ 2001 թվականի հունիսի 11-ին ծնվեց նրանց երրորդ զավակը՝ Հովհաննեսը։ 2008-ի սեպտեմբերին դարձավ Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցի սան և ավարտեց միջնակարգը 2019 թվականին։ Հեշտ չէր կյանքը Կովսականում, բայց հետաքրքիր ու պարտավորեցնող։ Առհասարակ Քաշաթաղի շրջանում հասակ առած երեխաները, անկախ որ բնակավայրում էին ապրում, առանձնակի սեր էին տածում իրենց բնակավայրի, հողի ու ջրի հանդեպ։ Ինձ համար եղել ու մնում են աշխարհի լավագույն երեխաները, և մշտապես եմ նրանց լուսանկարները տեղադրում իմ ֆեսբուքյան էջում։ Հովհաննեսը նույնպես շատ էր սիրում իր քաղաքը, Ողջի գետը, հսկա սոսենիները։ Հանրակրթականին զուգահեռ՝ պատանի հասակից զբաղվում էր սպորտով։ Յուրաքանչյուր օր դպրոց հաճախելիս ողջունում էր Թաթուլ Կրպեյանին, ում կիսանդրին դպրոցի մուտքի մոտ էր։ Ողջունում էր ու հավաստում՝ հերոսների ոգով է հասակ առնելու։ Բերձորի արվեստի և սպորտի դպրոցը մասնաճյուղեր էր բացել նաև շրջանի մի քանի բնակավայրերում։ Ձյուդոյի խմբակներ էին գործում Բերձորում, Ուռեկանում, Փակահանում և Կովսականում։
Դպրոցի տնօրեն Գոռ Մանուկյանի հետ հաճախ էի ներկա լինում ձյուդոյի շրջանային մրցումների, որոնք հիմնականում անցկացվում էին Կովսականում, լուսաբանում էի դրանք։ Եվ լավ էի ճանաչում պատանի ձյուդոիստներից շատերին, ովքեր աչքի էին ընկնում, հաղթում էին, պարգևատրվում։ Հետագայում, երբ արվեստի և սպորտի դպրոցին փոխարինեց մանկապատանեկան մարզադպրոցը՝ Կարինե Մովսեսյանի տնօրինությամբ, նույն մարզիկներն արդեն բարձր դասարանների աշակերտներ էին, դարձյալ մասնակցում էին ձյուդոյի մարզումներին, մրցումներին և պատրաստվում էին դառնալ Հայոց բանակի զինվոր։ Ցավով եմ տեղեկացնում՝ Արցախյան վերջին պատերազմը մեզանից խլեց նույն մարզիկներից Հովհաննեսին, պահեստազորային Աշոտ Արայի Կոստանյանին/ծնվ․ 11․ 05 1998թ․/՝ Վուգավանից, Կովսականից ժամկետային զինծառայող Մոնթե Ավետիքի Հայրապետյանին /ծնվ․ 19․ 05․ 1999թ․/։ Աշոտը, Մոնթեն ու Հովհաննեսը մտերիմ ընկերներ են, միասին շատ են բարձր պահել Քաշաթաղի շրջանի մարզական պատիվը, այնուհետև՝ ռազմական։ Մարտնչում էին Մեխակավան-Ջրական-Ջաբրայիլում, որտեղ շատ քաշաթաղցիներ նույնպես կային։ 2019-ին ավարտելով դպրոցը՝ Հովհաննեսն ամռանը մեկնեց Հայոց բանակ, 6 ամիս անց արդեն սերժանտի կոչում ուներ, պատվոգրեր, կրծքանշաններ։ Քույրը՝ Հռիփսիմեն, պատմելով եղբոր մասին, ասում է․ «Ուսման հետ զուգահեռ մասնակցել է ձյուդոյի պարապմունքների, ստացել բազում մեդալներ և պատվոգրեր։ Դպրոցում շատ ակտիվ երեխա էր, մասնակցում էր գրեթե բոլոր միջոցառումներին։ Ժպտերես պայծառ տղա էր, ում շրջապատում բոլորն էին սիրում․ աչքի էր ընկնում իր հումորներով և դրական կերպարով։
Մեծ հակում ուներ գյուղատնտեսության և անասնապահության հանդեպ։ Ուներ բազում երազանքներ, որոնք նպատակադրվել էր ի կատար ածել զորացրվելուց հետո, աշխատասեր էր։ Փորձում էր իր ծախսերը հոգալ ինքնուրույն և նեղություն չտար ընտանիքին»։ Կովսականի դպրոցում ներկա եմ եղել նույն կրթօջախի նախկին սան, 1993թ. ծնված Գոռ Գևորգի Հովհաննիսյանի անվան դասարանի բացմանը։ Հայոց բանակի ավագ-լեյտենանտ Գոռը 2016թ. ապրիլին իր զինվորների հետ հերոսաբար է դիմակայել թշնամու հարձակումներին։ 2017թ. մարտի 31-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դիմակայելով թշնամու առաջխաղացմանը, հերոսաբար զոհվել է Գոռը։ Դասարանը, որտեղ 9 տարի սովորել էր Գոռը, անվանակոչվեց իր անունով։ Միջոցառմանը մասնակից դպրոցականների շարքում էր նաև Հովհաննեսը՝ ոգևորված ավագ ընկերոջ հերոսությամբ, կրծքին նրա լուսանկարը։ Նույն դպրոցում ներկա եմ եղել նաև այլ հանդեսների, ոնոնցում Հովհաննեսը միշտ ուրախ դերերում էր։ Առավել ուշագրավ էր Վերջին զանգի արարողությունը, որը կայացավ Բերձորում՝ Քաշաթաղի շրջանի տարբեր դպրոցների շրջանավարտների մասնակցությամբ։ Եվ դարձյալ իր պայծառ կերպարով աչքի ընկավ ապագա հերոսը՝ Հովհաննեսը։ Զինակից ընկերները նույնպես շատ էին սիրում Հովհաննեսին, վստահում։
2020թ․ սեպտեմբերի 27-ի առավոտյան Հովհաննեսի ջոկն արդեն առաջնագծում էր ու Հայրենի սահմանն էր պահում։ 1 ամիս մարտնչեց քաջորդին պատերազմի այն հատվածում, որտեղ հազարավոր տղաների կորուստ ունեցանք։ Նույն ժամանակ կատարած քաջագործությունների համար ստացել է լեյտենանտի կոչում։ Հոկտեմբերի 28-ի գիշերը թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից նահատակվել է հերոսը։ Արցախից տեղահանվելուց հետո նրանց ընտանիքը վերադարձել է հայրական գյուղ` Զառիթափ, որտեղ էլ իր վերջին հանգրվանը գտավ նորօրյա Հայոց գոյամարտի Անմահ հերոսը՝ Հովհաննեսը։ 44-օրյա պատերազմը մեզ համար եղավ կործանարար։ Այժմ գերության մեջ է նաև Կովսականը, որը Քաշաթաղի շրջանի հարավային թևի համար կենտրոնի դեր ուներ։ Ծանր վիճակում է Արցախ աշխարհը։ Իսկ նույն պատերազմում նահատակված հազարավոր քաջորդիները, նաև Հովհաննեսը, որ հայրենի տան կարոտով նահատակվեց, պահանջում են՝ իրենց արյամբ շաղախված հող-հայրենին պետք է ազատագրվի․․․