30 տարի անցավ
«Որտեղ Ավոն էր, այնտեղ հաղթանակն անխուսափելի էր»:
Արցախցիներ
Քաշթաղի շրջկենտրոն Բերձորի մուտքի մոտ էր Մոնթե Մելքոնյանի՝ Ավոյի անվան պուրակը, որտեղ նաև հուշաքր կար։ Արցախյան գոյամարտի լեգենդար հրամանատար Մոնթեի պատգամն էր գրված հուշաքարին․ «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը․․․»։ 1957 թվականի նոյեմբերի 25-ին Կալիֆորնիայի Վիսեյլիա քաղաքում, ցեղասպանություն վերապրած հայ ընտանիքում է ծնվել Մոնթե Մելքոնյանը: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ապագա հերոսը ծնողների հետ ճամփորդում է աշխարհի 41 երկրներում: Սակայն նրա կյանքի համար շրջադարձային եղավ երկու կարևոր իրադարձություն, երբ տեղեկացավ ազգությամբ իր ով լինելու մասին և այցելեց իր պապերի երկիրը: 23 տարեկանում անդամագրվում է Հայաստանի ազատագրական հայ գաղտնի բանակին (ՀԱՀԳԲ) և շուտով դառնում ղեկավարներից մեկը։
1981 թ. նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի «Վան» ռազմագործողությունը։ 1981 թ. նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օռլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվում է կեղծ անձնագիր ու ատրճանակ կրելու մեղադրանքով և արտաքսվում Ֆրանսիայից։ 1985 թ. նա նորից կեղծ անձնագրով Ֆրանսիայում էր ու ձերբակալվել է «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով։ 1989 թվականին ֆրանսիական բանտից ազատվելուց հետո 1991 թվականին արդեն հայրենիքում էր։ Արցախյան խաղաղ շարժումը վերածվել էր պատերազմի, և հայկական մարտական ջոկատներն Արցախում էին ու ՀՀ սահմաններում։ Մոնթեն շուտով հիմնում է «Հայրենասերների» ջոկատը։ Մասնագիտությամբ պատմաբանը Երևանում յոթ ամիս աշխատում է Գիտությունների ազգային ակադեմիայում՝ գրելով և հրատարակելով «Հայաստանը և հարևանները» գիրքը։ 1991 թվականի սեպտեմբերին մեկնում է Արցախ։ «Ես Միացյալ նահանգներից եկած հայ եմ և այստեղ պայքարում եմ նույն պատճառով, ինչի համար պայքարում են մնացյալ բոլորը: Ես հայ եմ. այս հայրենիքը պատկանում է ինձ նույնքան, որքան որևէ ուրիշ հայի: Կարծում եմ իմ հայրենիքի այս կտորի պաշտպանության համար նաև կրում եմ նույնքան պատասխանատվություն, որքան ցանկացած հայ: Հետևաբար բնական է լինել այստեղ և պայքարել այս շրջանի ամբողջ բնակչության հետ միասին», -ասել է Մոնթեն 1993թ. ապրիլին անգլիական հեռուստատեսության լրագրողի տված հարցազրույցի ժամանակ։ 1992 թվականին նշանակվում է Արցախի Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար, մինչ այդ մասնակցելով ՀՀ Իջևանի, Ճամբարակի, ԼՂՀ Շահումյանի (Էրքեջ, Բոզլուխ, Մանաշիդ, Կարաչինար), Մարտակերտի, Մարտունիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: 1992-ի սեպտեմբերին, 1993-ի մարտին, մայիսին, հունիսին ղեկավարել է Մարտունիի, Քելբաջարի, Աղդամի ազատագրական ռազմական գործողությունները:
30 տարի առաջ՝ 1993թ․ հունիսի 12-ին, հայկական ուժերը ձեռնարկել էին Աղդամ քաղաքի և տարածքի ազատագրման ռազմագործողությունը։ Մոնթեն առաջին անգամ անձամբ չի մասնակցում մարտին, այլ Աշանից ներքև գտնվող Մոթ սարի «08» դիտակետից ղեկավարում է մարտերը։ Կեսօրին, երբ հայկական ուժերն ազատագրել էին Աղդամի շրջանի մի քանի գյուղեր, այդ թվում նաև՝ Մարզիլին, Մոնթեն զինակիցների հետ իջնում է դիտակետից՝ ծանոթանալու ընդհանուր իրավիճակին։ Սակայն Մարզիլու գյուղի ծայրին անսպասելիորեն հանդիպում են թշնամու ուժերին։ Անհավասար մարտում նահատակվում է Մոնթեն։ Նույն վայրում նահատակվեց նաեւ հետախուզության պետ Սարիբեկ Մարտիրոսյանը, վիրավորվեցին Սարոն, Հովիկը, վարորդ Կոմիտասը։ 1993թ․ հուլիսի 22-ին՝ Մոնթեի Քառասունքի կապակցությամբ, Մասիս քաղաքի պարի խմբի հետ մեկնեցի Արցախ՝ Մարտունի, որտեղ մասիսցիները հանդես եկան համերգներով Մարտունիում, Ճարտարում, Գիշիում։ Այդ օրերին Մոնթեի զինակիցների՝ Հրայր Կարապետյանի, նաև հունիսի 12-ին վիրավորված Սարոյի, այլ տղաների ուղեկցությամբ եղա Աղդամում, որտեղ դեռ զգացվում էին նախորդ օրվա մարտերի հետեւանքները։ Սարոն պատմեց, թե ինչպես նահատակվեցին հրամանատարը, Սարիբեկը, ինչպես ընթացավ մարտը, մինչեւ Մարտունիից հասան օգնության. «Առավոտյան Մարտունու ազատամարտիկներն Աղդամի շրջանի մի քանի գյուղերի տարածքում ոչնչացրել ու քշել էին թշնամու ռազմական հենակետերը։ Կեսօրին Մոնթեն որոշեց ծանոթանալ իրավիճակին, և նրա հետ ես, Կոմիտասը, Սարիբեկը, Հովիկն ու Գևորգը «Վիլիսով» հասանք Մարզիլի գյուղ: Խաչմերուկում զրահամեքենա նկատելով` Կոմիտասը կանգնեցրեց մեքենան։ Մոտ 40 մետր հեռավորության վրա գտնվող զրահամեքենայի շուրջ խմբված էին զինվորներ: Կոմիտասը, որ ադրբեջանական զինվորական համազգեստով էր, դուրս եկավ մեքենայից, քայլեց նրանց ուղղությամբ և հարցրեց գոռալով` հայե՞ր եք: Դիմացիններն ադրբեջաներենով պատասխանեցին` ոչ: Կոմիտասը կրակելով հետ քաշվեց: Հետո նա պատմել է. հարցնելու պահին արդեն գիտեր՝ թշնամու զինվորներն են: Մեքենայում գտնվողներս դուրս եկանք ու կրակելով սկսեցինք դիրքավորվել:
Մոնթեն վազեց դեպի կողքի տան պատը: Լսվեց զրահամեքենայի երկրորդ կրակոցը: Բեկորի մի մեծ կտոր մխրճվել էր Մոնթեի գլխի մեջ: Հովիկը Մոնթեին գրկած` ռացիայով օգնություն է կանչել՝ 00-ին խփել են… Հրամանատարի կողքին դիրքավորվելով` դիմադրում էինք։ Օգնության հասած ուժերն ադրբեջանական ջոկատը ոչնչացրին, ադրբեջանցի զինվորներից մեկին գերի վերցրեցին: Վերջինս պատմել է՝ իրենք տեղյակ չեն եղել, որ Մարզիլին մերոնք գրավել էին»։ Նահատակվում է թշնամու ահուսարսափ դարձած հերոսը՝ Մոնթե Մելքոնյանը՝ Ավոն, ում աճյունը հունիսի 19-ին ամփոփվեց Եռաբլուրում։ 3 տարի անց՝ 1996թ․, ռազմական կարևոր առաջադրանք կատարելիս նահատակվեց նաև Մոնթեի հավատարիմ ընկերն ու վարորդը՝ մարտունեցի Կոմիտաս Ավանեսյանը։ Մոնթե Մելքոնյանին հետմահու շնորհվել է «ՀՀ Ազգային հերոս»-ի և «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչումները: Սակայն Մոնթեն ազգային հերոսի կոչում ստացել էր դեռևս կենդանության օրոք հենց հայ ժաղովրդից։ 1993թ․ հուլիսին մոտ 10 օր մնացի Մարտունու շրջանում։ Մոնթեի զինակից ու մտերիմ Հրայր Կարապետյանի հետ ռազմական շտաբում էինք լինում։ Այստեղ էր Արևելյան զորախմբի հրամանատար, գեներալ Հմայակ Հարոյանը, իսկ Մոնթեին փոխարինել էր Մովսես Հակոբյանը։ Նրանք, զինվորները, շրջանի բնակիչները միայն ու միայն սիրով, կարոտով, կորստի ցավով էին խոսում Մոնթեի մասին։ Հրայրի հետ մի քանի օր եղանք նաեւ առաջնագծի դիրքերից մեկում, որտեղ հսկում էին Ճարտարի տղաները։ Բոլորի հետ էր Մոնթեն, նրա ոգով էին գործում։
Հերոսի նահատակության 30 ամյակի օրը Եռաբլուր էին այցելել նրա հարազատները, կինը՝ Սեդան, մարտական ընկերներ։ Մոնթեի մարտական ու մտերիմ ընկեր ԵՊՀ արևելագիտության նախկին դեկան, ԱՀ ՊԲ գնդապետ Գուրգեն Մելիքյանը նույնպես այցելել էր հերոսի շիրիմին։ Ասաց՝ Մոնթեի կինը՝ Սեդան, որդուն անվանակոչել է Սարո՝ ի հիշատակ Մոնթեի հետ նահատակված Սարիբեկի։ Բերձորի մուտքի մոտ Մոնթեին նվիրված պուրակը հիմնադրել էր Գ․ Մելիքյանը։ Հուշաքարի հետևի կողմում գրված է․ «Հիմնարկվեց մեծ հայրենասեր, Արցախի նվիրյալ ամերիկահայ Վահե Ղազանչյանի միջոցներով և «Գուրգեն Մելիքյան ՔԲԸՀ»-ի օժանդակությամբ։ 12․ 06․ 2003թ․»։ Այսօր կրկին գերության մեջ է Արցախը, թշնամու տիրապետության տակ մնաց նաև Բերձորը՝ Մոնթեի ու այլ հերոսներին նվիրված պուրակներով հանդերձ։ Նույն Քաշաթաղի շրջանում ծնված շատ տղաներ անվանակոչվում էին Մոնթե և մշտապես ոգեկոչված էին հերոսի կերպարով։ Նույն Մոնթեները նաև մասնակից եղան 44-օրյա պատերազմին։ Կովսականցի Մոնթե Ավետիքի Հայրապետյանը հերոսաբար նահատակվեց Ջրականում։ Այսօր արդիական է Մոնթե-Ավոյի խոսքը, և արդեն վտանգված են Հայաստանի Հանրապետության սահմանները, քանի որ կորցրել ենք Արցախի մեծ մասը։