Image

«Հայդուկի զենքը խիզախ ոգի է սիրում…»

Լաո, լիներ Հայաստան, ես բոստան ցանեի, դու հյուր գայիր, եւ ես վարունգ հյուրասիրեի… Իմ վրա երգեր մի կապեք, ես բոստանչու տղա բոստանչի եմ: Ինձ բահ տվեք…

Շատերը հարցնում են, թե խմբերով լեռներն ընկնելով եւ հեղափոխություն կատարելով ազգ կազատվի՞… Ազգի ազատությունը դյուրին գործ է, եթե սուտ հույս չդնեք հանգիստ կյանքի վրա, որը չունեք, քանի որ թուրքի ձեռքի տակ եք, եւ չխաբվեք հարստություններով, որը ձերը չէ: Մտածեք, որ մեր կյանքը կարճ է, շատերը մեռնում են չծնված, շատերը՝ խելքի չեկած ու աշխարհ չտեսած: Տեսնողներն էլ ապրում են շատ-շատ 50-60 կամ 70 տարի: Երբ էլ լինի՝ մեռնելու ենք: Բայց եթե չսպասենք աստծո կամքին եւ ուզենանք մեր կամքով մեռնել՝ այն ժամանակ կազատվենք: Աստված մեզ ազատում է մարդ արարածի կենաց տանջանքից, իսկ մարդը իրեն ազատում է մարդու փորձանքից…

Թե որ բոլոր հայերը երեկոյան ուխտ անեն մեռնել, առավոտյան արեւը դեռ չծագած՝ ազատ են…»:

Գեւորգ ՉԱՈՒՇ

Սարերի ասլանը համիդյան արյունարբու վարչակարգի դեմ ոտքի ելած հայ ֆիդայական շարժման առաջին սերնդի սրբանուն դեմքերից է, իր ժողովրդի ազատագրման գործի նվիրյալ, անձնազոհ մարտիկ ու ֆիդայապետ: Նա զինակիցն է եղել Արաբոյի, Դժոխք Հրայրի, Աղբյուր Սերոբի, Անդրանիկի: Առաջին անգամ աչքի է ընկել 1891-1893 թթ. ինքնապաշտպանական կռիվների ընթացքում իր մարտավարությամբ եւ կազմակերպչական ակնառու տաղանդով: Դա է վկայում Բերդակ գյուղում բազմաքանակ թշնամու դեմ ընդամենը չորս հայդուկով մղած նրա մարտավարությունը. երկուսը կրակում են, մյուս երկուսը՝ նահանջում: Քիչ անց ֆիդայիների մյուս զույգն է սկսում կռվել, իսկ նախորդները հետ են քաշվում: Այս կերպ նրանք անվնաս նահանջում են շուրջ 20 կմ եւ հասնում Ծիր-Կատար:

…Ամուսնացած միակ ֆիդային ծնվել է 1870 թ., Սասունի Փսանց գավառի Մկթենք գյուղում: Փոքր հասակից չի կարողացել անտարբեր լինել իր ազգի ճակատագրի նկատմամբ. դեռ 14 տարեկան էր, երբ ականատես է լինում, թե ինչպես են 4-5 քուրդ թալանում համագյուղացի հայերին: Ըմբոստանում, քարեր է շպրտում նրանց վրա, իսկ հայերին կոչ անում պաշտպանվել: Կոչը անարձագանք է մնում, ինքը ծեծվում է ոտնատակ…

Ապագա ֆիդայապետն ուսումն ստացել է Մշո Առաքելոց վանքի դպրոցում: Վարդապետից լսելով Արաբոյի մասին պատմություններ՝ իր ընկեր Ադամի հետ որոշում են մտնել նրա ջոկատ: 1892 թ. Արաբոն իր խմբով մտնում է Բերդակ, հայդուկներին ուղարկում է մոտակա գյուղեր՝ Բերդակում միայնակ մնալով Մխոյի հետ: Նա տեղյակ չէր, որ Ալիզռնանի դավաճան գյուղապետ Կրպոն թուրքերին հայտնել էր իր գտնվելու վայրի մասին: Թուրքերը մեծաթիվ զոհեր տալով՝ կարողանում են գերեվարել մեծ հայդուկին: Գեւորգի առաջին մարտական հանձնարարությունը լինում է պատժել ազգադավ գյուղապետին: Նա Գալշո Մանուկի եւ Լեւոնի հետ գնում է Ալիզռնան, ներխուժում Կրպոյի տուն, նրան գտնում բակում նստած եւ դաշույնի կրկնակի հարվածով դժոխք ուղարկում ազգուրաց շանը: Արաբոյին հաջողվում է փախչել բանտից, բայց նա Գեւորգին հորդորում է լուր տարածել, որ իբր ինքը գնացել է, հակառակ դեպքում թուրքերը Արաբոյին բռնելու պատրվակով կհարձակվեն անզեն ժողովրդի վրա: Արաբոն մեկնում է Կովկաս՝ նոր խմբեր բերելու, բայց վերադարձին Գյոլ Առաշ ձորում իր ջոկատով ընկնում է շրջափակման մեջ եւ զինված ընդհարման ժամանակ նահատակվում իր զինյալների հետ միասին…

1893 թ. հունիսի 17-ին ահեղ ու անհավասար պատերազմ է սկսվում Տալվորիկում՝ մեկ հայը կռվում է 40-50 ոսոխի դեմ: Ժամանակին օգնության են հասնում Հրայրը, Պետոն եւ Գրգոն: Տղամարդկանց հավասար մարտնչում են վագրասիրտ հայուհիներ: Այդ կռվի մասին Չաուշը գրառել է. «Հունիսի 17-ին Տալվորիկի մեջ տեղի ունեցավ մեծ կռիվ: Ինձ հետ էին Արմենակը, Արամը, Պողոսը եւ Հովհաննեսը: Կանոնավոր զենք չունեինք. մեկ հատ մարտին իմ ձեռքին կար, մյուսները չախմախլի էին: Այնտեղ մենք կորցրեցինք հինգ ընկերներ եւ մի կին, իսկ քրդերից սպանվեցին 30 հոգի: Տեղացի խեղճ հայերը բավականին վնասվեցին, որովհետեւ քրդերը թալանեցին: Մենք էլ անպաշտպան մնացինք. ոչ մի տեղից օգնություն չկար: Մուրադն էլ ուշացավ: Մինչեւ աշուն մնացինք այդ անորոշ վիճակում: Արմենակը եւս թողեց եւ գնաց Խնուս…»:

Օգոստոսի 3-ին ենիչերական բանակին հաջողվում է մտնել Տալվորիկ, բայց տալվորիկցիները կարողանում են հետ շպրտել թշնամուն եւ երեկոյան հեռանալ: Հաջորդ օրը Տալվորիկն ընկնում է:

1894 թ. օգոստոսի վերջին Գեւորգ Չաուշը մեծն Մուրադի հետ ընկնում է պաշարման մեջ: Եռօրյա համառ դիմադրությունից հետո նրանք ձերբակալվում են եւ տեղափոխվում Բաղեշի բանտ: Երկու տարի անց Գեւորգը փախչում է բանտից եւ իր ջոկատով միանում Աղբյուր Սերոբի խմբին: Այս կերպ է վարվում նաեւ Անդրանիկը:

Սերոբն առաջինն էր, որ սկսեց ֆիդայական օրենքներ մտցնել հայդուկների մոտ: Առաջին օրենքն այն էր, որ ֆիդային ամուսնացած էր զենքի հետ, եւ այն խախտողը կպատժվեր խստագույնս: Այդպես Սերոբի հրամանով Գեւորգի ձեռքով պատժվում է իր հարազատ հորեղբայր Ավեն, որը փախցրել էր Առաքելոց վանքի տնտեսուհի Հերմոյին: Այս դեպքից հետո

Չաուշը հեռանում է Սերոբի խմբից: Նրա բացակայությունից որոշ ժամանակ անց Աղբյուր Սերոբը եւս դառնում է դավաճանության զոհ. գեղաշենցի Ավեն ոչ միայն մատնում է նրա գտնվելու վայրը, այլեւ թունավորած ծխախոտ տալիս հայդուկապետին… Այս եղկելի ազգուրացը նույնպես սատակում է Անդրանիկի եւ Չաուշի վրեժխնդրությունից: Սերոբի մահվանից հետո շատերն առաջարկում են, որ Չաուշը գլխավորի ֆիդայիներին, բայց նա, համեստ մարդ լինելով, իր տեղը զիջում է Անդրանիկին: Չաուշի ամենահայտնի մարտերից մեկը Մշո սուրբ Առաքելոց վանքի կռիվն է, որը կազմակերպել էր Անդրանիկը:

Սասունի ապստամբության պարտությունից հետո Անդրանիկի եւ մի շարք անվանի հայդուկների հետ հերոսական մարտեր է մղում Մշո դաշտում՝ Աստղում, Արքավանքում, Կարս գյուղում, այլուր: Թուրքական հետապնդումները, սակայն, չէին դադարում, եւ ֆիդայիները, դրանցից խուսափելով, գալիս են Մշո դաշտի Սուլուխ գյուղ: Երեք օր մնում են այդտեղ եւ նույնիսկ պահակ չեն նշանակում: 1907 թ. մայիսի 27-ին թուրքական զորքերին հաջողվում է շրջապատել Գեւորգ Չաուշի զորաջոկատը: Անհավասար կռիվ է սկսվում: Կռվի ընթացքում զոհվում է Գալեն, քիչ անց փչանում է Գեւորգի հրացանի զսպանակը: Մինչ նա զբաղված էր այն կարգի բերելով, գնդակը դիպչում է ծնկին եւ անցնում թիկունքի միջով:

Թուրքերն այդ կռվում տալիս են 150 զոհ եւ 250 վիրավոր: Նրանք Մուշից թնդանոթ են ուզում, հայերը հեռանում են Սուլուխից: Գալեի եւ Հագոյի դիակներն իջեցնում են Մուրադ գետի մեջ, իսկ Գեւորգին թողնում Արածանիի ափին՝ կամրջի մոտ եւ երկու սուլուխցու կարգադրում հսկել հերոսին: Հաջորդ օրը մահամերձ ֆիդայապետին գտնում է քուրդ ցեղապետ Զայնալ բեյը: Չաուշը ջուր է խնդրում եւ այն ըմպելուց հետո հանգչում բեյի ձեռքերի վրա…

Ֆիդայապետի մահվան օրվա առիթով այս հրապարակումն ամփոփենք՝ վերհիշելով, որ նա ընտանիք էր կազմել տակավին պատանեհասակ տարիքում իր սիրտը նվաճած եւ իրեն խելագար սիրով սիրահարված Եղսոյի հետ: Ամուսնացել էր՝ անսալով իր զինակից ընկերներ Գալեի ու Հագեի խնդրանքին: Ամուսնության ժամանակ, որպես հարսանեկան նվեր, Գալեն Եղսոյին է նվիրել ատրճանակ, իսկ Գեւորգը ավելացրել է. «Եղսո, իմ ընկերների նվիրած ատրճանակը ամենաթանկ նվերն է: Հայդուկի զենքը խիզախ ոգի է սիրում: Այդ սուրբ զենքով խփիր թշնամուն, խփիր, որտեղ էլ որ լինի: Իսկ եթե ստեղծվի վիճակ, երբ կարող ես թշնամու ձեռքն ընկնել, չվարանես ատրճանակի փողը քունքիդ մոտեցնել…»:

Այսպիսին են հզոր ոգիները: Խնկարկենք:

 

https://hhpress.am/socium/2021/1231/

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։