Image

Մեր վարքն ու բարքը

Չոթռաշենցիք ու նրանց գյուղապետը

 

Պատի տակ արեւկող անող մարդկանց զրույցից իմացա չլսված  բան՝ Չոթռաշենում  աղոթում են իրենց գյուղապետի արեւշատության համար:Ա՜յ քեզ  արմա՜նք: Աղոթում են: Գյուղապետի՜ համար: Արեւշատությա՜ն համար…

Մի տես, է՜, մինչեւ այժմ ոչ ոք չի կարողանում տալ որեւէ պետի՝ գյուղապետի, նախարարի, թեկուզ մի վարչության պետի անուն, որ աշխատած լինի 50-50տոկոս սկզբունքով: Այսինքն՝ 50-նն՝ իրեն, 50-ը՝ժողովրդին: Իսկ, Չոթռաշենու՜մ…  Նրա համար ամեն Աստծո առավոտ-իրիկուն եկեղեցում, տներում, ցախանոցում,  գոմում  մարդիկ հուսո մոմեր  են վառում եւ աղոթք առաքում առ Աստված:

 Հարկավոր էր մեր հուսալքված ժողովրդին պատմել սիրված  այդ գյուղապետի մասին եւ նրա օրինակով հուսադրել, որ հայոց արգանդը չի ցամաքել, որ մեր հողում էլ ազնիվ ու վեհ պաշտոնյաներ ծնվել ու էլի կնվեն:

Հաջորդ օրը շեն Չոթռաշենում եմ: Հայկական աննշան այդ գյուղը  ուղղահայաց դրոշմված է անդնդախոր ձորի պռնկին:  Գյուղի  գլուխը սիգապանծ լեռների լանջերում է, ոտքերը՝ լեռնային գետի խոլական ջրերում:

Կիսաքանդ եկեղեցին լեփ-լեցուն էր մարդկանցով: Քահանայի նշանով նրանք սկսեցին ամենօրյա աղոթքը, որը մասամբ թղթին հանձնեցի. -Հայր մեր, որ հերկինս ես, մեր ազիզ գյուղապետին արեւ արա մեզ:  Փրկիր չարեն,փորձանքեն: Աճապարիր, որ առաքյալները երկնքից նրան անուշեղեն ու ճոխություն առաքեն: Հարստություն տուր լիաբուռ-լիառատ:  Տեր մեր, թող ուտի, դոխանա:  Ահա, մենք խոնարհ ծունր ենք իջել քո առջեւ ու աղաչում, պաղատում ենք, որ մտահոգ լինես Քո որդու ճակատագրով: Արեւշատությամբ ողողիր Քո զավակ Մոզանբեկ տանուտերի զգլուխ, որ նա տեր կանգնի մեր խեղճ գլուխ: Մենք մեր գլխին ուրիշ տեր չենք ուզում մեր գլխի տեր Մոզանբեկից բացի: Նա է մեզ առաջնորդ՝ այստեղ, այնտեղ եւ ամենուր: Ամե՜ն…

Աղոթքն ավարտվեց:  Մոտեցա  գյուղացիներին՝իմանալու գյուղապետի մեծագործությունների մասին: Բայց բոլորը՝ մեր ու մանուկ, ահել-ջահել քահանայի նշանով բարձրացան բակում կայանած ավտոբուսներ, որոնք ծուխ արձակելով՝ հեռացան: Ո՞վ իմանա՝ ո՞ւր:

Մտամոլոր ման եկա գյուղում: Մարդ-արարած չկա՜: Ո՞ւմ հարցնես լեգենդար գյուղապետի մասին: Փողոց կոչվող արահետներով, քարուքռայով ամպերին հասա, ձորն իջա՝ շունչ-շնչավոր չգտա: Բայց բախտն ինձ հետ էր: Մի բարեշեն տան պատի տակ չորացող տաք աթարին նստած՝ արեւկող էր անում մի ծերուկ: Ինձ համար Հայոց տոհմի հույս նահապետն էր նա:

-Բարի լույս, պապի,- բարեւեցի ու խոնարհ առջեւը կանգնեցի:

Ձայն-ծպտուն չհանեց: Կարծեցի չլսեց: Բարեւս բարձր կրկնեցի:

-Մի գոռա, բալամ, ասում եմ՝լսեցի,-մի քիչ էլ մտորելուց հետո արձագանքեց ծերունին ու հարցակոխ արեց՝ ո՞վ ես, ումնոնցի՞ց ես, հայ-քրիստոնյա՞ ես, անհավատ մուսուլմա՞ն, բարի՞ մտքով եմ գյուղ եկել, թե՞ չար, ի՞նչ ես կորցրել էստեղերոնք: Ասացի՝ լրագրող եմ, որոշել եմ Ձեր գյուղապետի ազգաշահ գործունեությունը լուսաբանել: Երկար-բարակ մտորելուց հետո պապը բեղը ոլորեց ու խոսակցության տուտը բռնե՜ց.

- Ով էլ լինես, բարո՜վ, հազար բարով ես եկել, ղարիբ բալա:  Դու ինձ բարըլի՜ս ցանկացար, չէ՞: Դե, գնանք, ղոնաղ ջան, գնանք  մեր օթախումն էլ ես քեզ բարըլի՜ս ասեմ: Բա՜, մեր ղայդեն գիտես ո՞չ, էդ ա՜՝ պիտի հյուրասիրենք,-ու ցանկապատի վրայից հարայ տվեց.-Սաթո, հե՜յ Սաթո, մի էն արաղի շտոփը սուփրին դիր, գալի՜ս ենք…Արի, ջահել ջան, արի, քո մատա՜ղն ըլեմ ես, էս սհաթիս գեղըմըս իսան չես գտնի, չիմ գնացել են, մենակ ես ու իմ չորուկ  պառավն ենք կուկու կանչում: Ինչ իմանալ կուզես՝ չիմնու պատասխանը կտանք, էլ դարդ անիլ մի, դեսուդեն ընկնիլ մի՜…

Երբ մի թասով ,,բարլիս,, ասաց պապը, բեղի ծայրից հոտ քաշեց ու խորամանկ ինձ նայեց.-Ջահել ջան, ասում ես՝ ուզում ես իմանաս, էլի՜,  թե մեր գեղացիք ինչի՞ են աղոթքն անում մեր տանուտերի համար: Ասեմ: Բա չասե՞մ: Ուստի՝ մեր տանուտերը մեր տանուտերն ա, ուրիշինը չի՜: Ուրիշն իրա լավը մեզ տալ չի: Դրա համար աղոթքն ենք անը՜մ, որ երկար ապրի, որ գլխներիս տիրություն անի: Մեր գեղը տանուտեր շատ ա տեհել, համա սրա նմանը չի տեսել:

Խնդրեցի նշել, թե նորն ինչո՞վ է արժանի, ի՞նչ գործերի հեղինակ է:

Պապը ձգելով շարունակեց.-Ասեմ, ինչի՞ չասեմ: Թերթումդ չիմ ճիշտ-ճիշտ տպելո՞ւ ես: Տես, հա, ասածներիցս զադ բաց չթողաս, մարդիկ թող իսկն  իմանան:   Ես չասեմ՝ ո՞վ ասի: Մեր գեղապետը ղայդին տղայա՜, աչքաբաց ա: Դուք ոնց եք ասո՞ւմ , գործարա՞ր: Հա, իրա խերուշառը գիտացող գործարարի մեկն ա: Էդ շունշանորդին գեղի ջրատարի խողովակները գետնի տակիցը չիմ հանել տվուց, տարավ իրա քեֆին գազի լցակայան սարքեց: Մի օր էլ իմացավ, որ բջջային հեռախոսների համար վիշկա են դնելու գեղի Սոփի հանդամասի կեստեղումը,վռազ տենդեր շինեց,հողն իրանով արավ: Դե, սեփականեց: Էս ա, հինգ տարի է, էդ հողը  արենդով ա տվել, փողն ինքն ա առնում, գեղի բյուջեն կոպեկ չի շանց տալիս…Էստեսակ հերոսություննի նա էլի շատ ունի: Որ մինն ասեմ, որը՝ թողամ… Բա ի՞նչ  անի, թողա՝ ուրի՞շն անի: Էս հատկանիշները մեր գեղացոնց դուր ա գալիս, դրա համար են նրա արեւով օրթում ուտում: Ոչ մի գեղապետ սրա նման չի եղել, սա չիմնուն տվուց-անցա՜վ:

Զարմացած լսում եմ: Հազիվ եմ կարողանում հարցեր տալ: Վերջապես արանք եմ անում, հարցնում.-Ասա, պապի, իսկ գյուղի համար նա ի՞նչ լավ բան է արել:

Պապը երկար բեղերը ոլորեց, մի թաս քաշովի էլ տեղավորեց, բեղերից հոտ քաշեց, մտորեց, շարունակեց.-Լավ բա՜ն: Հա՜,հինգ տարվա մեջ երկու լավ բան արավ: Լուսավորություն տվուց  մեր փողոցին: Ճիշտ է, հիմի մենակ մի լիս ա պեծին տալիս, բայց ժամանակին երեքն էին վառվում: Լույսի գերաննին ընկան, գեղացիք տուն տարան, վառեցին,տքացան: Բա դա լավ գործ չի՞… Մի սյունը դեռ չի պառկել, Աստծով՝ էն էլ կընկնի: Մյուս լավ էնիքը… մի 50-60քառակուսի մետր ասֆալտ անել տվուց: Բայց իզու՜ր: Մի քանի օր եդը էդ նոր ասֆալտը թրիքի, ցեխի  մեջ մուռտառվեց,  կորա՜վ, գնա՜ա՜ց…

Հարցրեցի, թե ինչու են նրան Մոզանբեկ կոչում: Իմացա: Այս գյուղի նախկին բոլոր գյուղապետերը ,,ԲԵԿ,,-եր են եղել ծնված օրից: Մեկն Ասլանբեկ է եղել, մյուսը՝ Ասլիբեկ, կար Սարիբեկ, էն մեկելը՝ Ղարաբեկն էր, էս մեկելը՝ Ուլանբեկը, նախավերջինը՝ Թալանբեկն էր, մինչի որ հերթը վերջին բեկին հասավ, ով ,,բեկ,, պարունակող անուն չուներ, բայց պիտի ունենար, որովհետեւ սա էլ պակաս ԲԵԿ-ացու չէր:Սրան էլ գեղացիք Մոզանբեկ կնքեցին: Առիթը գտնված էր. տարիներ առաջ մեր գյուղապետն ուզում է տուրիստ գնալ: Հարցնում են՝ ո՞ր երկիրը կուզես: Հայաստանից բացի ոչ մի երկրի անուն ու տեղ չգիտեցողն ի՞նչ ասեր: Ասին՝ ահա քարտեզը, մատդ որ  երկրի վրա դնես, ուղարկող ենք: Քարտեզը պտտեցին, սա մատը վրա ,,բերուց,,: Որ վրա ,,բերուց,, , քարտեզը կանգնեցրին, սրա մատը մնաց Մոզամբիկ էկզոտիկ երկրի վրա: Ու քանի որ նախորդ բոլոր գյուղապետերը բեկեր էին, սրա անունն էլ թխեցին՝ Մոզանբե՜կ:

Հաջորդ հարցս անակնկալ չէր պապի համար: Հարցրի՝ տոկոսային հարաբերությամբ յուրաքանչյուր բեկ ի՞նչ չափով է ծառայել ժողովրդին: Այս անգամ չհապաղեց.-Այտա՜, մտիցս ընկել ա, համա հիշըմ եմ, որ առաջին գեղապետ-տանուտերը ,,իմուքո,, անելիս 50-50 էր անում՝ կեսը տանում, էն մեկել կեսը բաժանըմ էր: Բարեկամների՜ն:  Հաջորդը 60-40-ն էր անում, հաջորդը…

Մի խոսքով, պապի ներկայացրածով՝ բեկերի բերած ,,ադաթով,, ժողովրդին ծառայելու վայրընթաց կորը տարիների հետ ,,վերընթաց,, էր ապրել: Նախավերջին բեկը ժողովրդին ծառայել է 6.1տոկոսով: Հարցրեցի, թե ժողովրդի անսահման սերը վայելող այս նոր բեկը տոկոսային ի՞նչ հարաբերությամբ է գործում՝ որքա՞նն է իրենը, որքա՞նը՝ գյուղինը: Պատասխանը շշմեցուցիչ էր՝ 99.99 –ը՝ 0.01տոկոսի դիմաց:

 -Եւ աղոթո՞ւմ են նրա համար,-զարմանքս այլեւս չկարողանալով զսպել, ուղղակի գոռացի ես:

-Մի ըրմանա, ժուռնալիստ բալա: Որովհետեւ մարդիկ տենում են, որ երկրի մյուս տերերը իսկի էդ չափով էլ չեն ծառայում ժողովրդին: Նրանք գիտեն, որ հաջորդ բեկը զերո տոկոսանոց է ըլելու: Ու դրա համար մենակ աղոթք չեն անում, է՜: Գեղի վերի ծերին մեր գեղապետը պալատնի ա կառուցում, չիմ լծված են էդ գործին: Գեղապետարանի աշխատողնին առավոտը կանուխ մերումանուկի, ահել-ջահելի տներից հավաքում,  ժամ են կոխում՝ աղոթքի, հետո տանում են շինհրապարակ, իրիկունը մաշնեքով ետ են բերում՝էլի աղոթքի,  հետո տուն են գցում, որ  հանգստանան՝ մինչի առավոտ: 

Մթնում էր: Նկատեցի, որ պապի տան մոտ մի  լուսասյուն կա, ու մի լամպ լույս է առկայծում: Լույսի տակ էլ, դրսում, ցեխի ու թրիքի հաստ շերտի տակ  հայտնաբերեցի գյուղապետի երկրորդ արարումը՝ նոր արված ասֆալտի մնացորդը:

-Պապի, գյուղապետը քեզ շատ է հարգում, չէ՞,-մի վերջին հարց էլ տվեցի մարդամոտ ծերուկին,- ինչպես երեւում է, բյուջեի 0.1տոկոսը քո տան մոտակայքում է ծախսել:

Ծերուկի պատասխանը անմիջական էր.-Հարամ լակոտն էդքանն էլ չանե՞ր: Էս տանն ա ծնվել, մեծացել, վերջապես, իրա տունն ա եղել մինչի օրս, մենք էլ ոչ բարով-խերով՝ իրա ծնողնին ենք դեռ:

Ետդարձի ճանապարհին մտքեր էին գլխիս մեջ մեխվում:

 Մարդիկ թնկթնկում են՝ կյանքն օր-օրի թանկանում է: Անօրինություն, թալան  է  ամենուր: Օրենքներն անկատար են, անկատար օրենքները չեն գործում: Մենք ենք ընտրում մեր գլխին պետ, որ գան ծառայեն մեզ: Բայց գալիս՝ մեզ են ծառայեցնում: Ինչո՞ ւ է այդպես:  Իրենց մեղավորությունն անտեսելով՝ մարդիկ մեղավորներին փնտրում են այլուրեք:

 Ամեն երկրում ամեն ինչի ՏԵՐԸ  ժողովուրդն է, որ ՏԵՐ է իր երկրին:  Մենք, որ  էլի ամեն ինչի ՏԵՐՆ  ենք,  հիմա ՏԵՐ -ն ենք միայն ՄԵՐ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆը: 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։