Անմահ հերոս եղբայրների հուշաղբյուր Ստեփանակերտում
Արցախում բոլորն են ճանաչում լրագրող, հրապարակախոս ու մտավորական Միքայել Հաջիյանին, ում որդիները մարտիրոսվեցին հայրենիքի պաշտպանության համար մղվող պատերազմներում։ Հունիսի 15-ին, Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցում տեղի է ունեցել 2016 թ․ Քառօրյա և 2020 թ․ 44-օրյա պատերազմներում անմահացած Նորայր և Երվանդ Հաջիյան եղբայրների հիշատակին կառուցված և Տեր Մինաս քահանա Մովսիսյանի ձեռամբ օծված հուշաղբյուրի բացման արարողությունը, որին ներկա են եղել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, Հաջիյան ընտանիքի հարազատներ ու բարեկամներ, համաքաղաքացիներ, Անմահ հերոսների մարտական ու աշխատանքային ընկերներ, մանուկներ։ Հուշաղբյուրի կառուցումը նախաձեռնել են ընտանիքի հարազատներ Վարդան և Մարինե Սողոմոնյան ամուսինները, իսկ բացման պատիվը տրվել է հերոսների զավակներին:
2016թ․ Ապրիլյան պատերազմի հենց առաջին օրեը Նորայրը մարտնչում էր Արցախի հյուսիսային սահմանում՝ Մատաղիսի տարածքում և հերոսաբար նահատակվեց Թալիշում՝ ապրիլի 4-ին։ Արցախի Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» (05.04.2016թ.) մեդալով։ Ծնվել է 1976 թ․ հուլիսի 17-ին Բաքվում։ 1988 թ․ նրանց ընտանիքը տեղափոխվել է Երևան։ Դեռևս պատանի՝ 1992 թ․ դեկտեմբերից մինչև 1995-ի օգոստոսի վերջեր, տարբեր կամավորական ջոկատների կազմում, մասնակցել է Գորիսի շրջանի Կոռնիձոր ու Շուռնուխ բնակավայրերի պաշտպանության մարտերին։ Եղել է Լաչինի միջանցքի պաշտպանների շարքերում։ Մասնակցել է Քարվաճառի Օմարի բարձունքի, Մարտակերտի ինքնապաշտպանական մարտերին։ Ավարտել է է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ․ ժամկետային զինծառայության է անցել Ասկերանի շրջանում։ Աշխատել է «Ղարաբաղ-Տելեկոմ» ՓԲԸ-ում, իսկ վերջին տարում՝ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում։ Ունի 2 որդի։ Հայրենիքին անբասիր ծառայելու համար, մինչ նահատակությունը, պարգևատրվել է «Դրաստամատ Կանայան» (04.05.2007 թվական), «Վազգեն Սարգսյան» (14.09.2011 թվական), ԱՀ «Մայրություն» (09.05.2009 թվական), ՀԿ «Մայրական երախտագիտություն» մեդալներով (09.05.2009 թվական) և ՀՀ «Արամազդ» հուշամեդալով։ Հայրը ցավով է նշում, որ ապրիլյան առաջին օրը Նորայր որդին անսպասելի, առանց հրաժեշտ տալու մեկնեց առաջնագիծ ու մարտիրոսվեց երրորդ օրը։ Իսկ 90-ականների մարտերին մեկնում էր հոր օրհնանքն ստանալով ու ոչ մի բան չպատահեց։
Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) Սփյուռքի բաժնի պետ Երվանդ Հաջիյանի հետ ծանոթ էի ու մտերիմ՝ աշխատելով Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության ու մշակույթի բնագավառում, հետագայում շրջանային «Մերան» պաշտոնաթերթում։ Հաճախ էր Երվանդը Բերձոր այցելում։ Ստեփանակերտում էինք հանդիպում աշխատանքային հարցերով։ Վերջին անգամ, որ հանդիպեցի Երվանդին, Գանձասարում 2019թ․ մայիսի 28-ին մասնակցում էինք «Հայոց լեզուն անաղարտ պահենք» գիտաժողովին։ 2020թ․ 44-օրյա պատերազմին Երվանդն առաջին օրը կամավոր մեկնեց՝ չնայած ուներ առողջական խնդիրներ։ «Գնում եմ եղբորս վրեժը լուծեմ», -ասել էր հերոսը և առաջին օրը հասել առաջնագիծ։
Մարտական գործողություններին մասնակցել է Հադրութ քաղաքի և Արա լեռան միջակայքի պաշտպանական դիրքերում։ Այստեղ ընթացող թեժ մարտում հոկտեմբերի 6-ին հերոսաբար զոհվել է։ Ծնվել է 1977 թ. դեկտեմբերի 14-ին Բաքվում։ 2001 թ. ավարտել է Երևանի Հայկական բաց համալսարանը՝ միջազգայնագետ-քաղաքագետի որակավորմամբ։ 1996-1998 թթ. պարտադիր ժամկետային զինծառայություն է անցել Արցախի Պաշտպանության բանակում։ Ստացել է սերժանտի զինվորական կոչում։ 2001 թ. մշտական բնակություն է հաստատել Ստեփանակերտում՝ ծնողների մոտ։ 2002-2003 թթ. աշխատել է ԱՀ ազգային վիճակագրական ծառայությունում։ 2003-2020 թթ.՝ ԱՀ արտաքին գործերի նախարարությունում որպես աշխատակազմի Սփյուռքի բաժնի պետ։ ԱՀ ԱԳՆ կազմավորման 25-ամյակի առթիվ 2018 թ․ պարգևատրվել է հոբելյանական հուշամեդալով։ 2002-ից միաժամանակ զբաղվել է հասարակական գործունեությամբ՝ լինելով «Հայկի Սերունդ» հասարակական կազմակերպության վարչության անդամ, արտաքին կապերի բաժնի պատասխանատու։ Ամուսնացած էր։ Ունի երկու զավակ: Երվանդ Հաջիյանը ԱՀ Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, իսկ դիվանագիտական ճակատում՝ երկարամյա բարեխիղճ ծառայության համար՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Արժանացել է պետական ու գերատեսչական մի շարք պարգևների, այդ թվում՝ «Զինվոր հայրենյաց», «Մայրական երախտագիտություն», «Հայրենիք և Հավատ», «Մոնթե Մելքոնյան, «Զինվոր», «Տիգրան Մեծ» մեդալների: Երվանդի նահատակության կապակցությամբ ԱՀ ԱԳՆ հայտարարությունում ասվել էր․ «Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում իր քսանամյա գործունեության ողջ ընթացքում Երվանդ Հաջիյանն առանձնանում էր բարձր արհեստավարժությամբ և բազմագիտակությամբ, աշխատանքի հանդեպ բարեխիղճ և պատասխանատու վերաբերմունքով»: Իսկ 2021թ․ սեպտեմբերի 3-ին ԱՀ Արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Երվանդ Հաջիյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման արարողություն։ Հուշաղբյուրի բացման արարողության ժամանակ իր խոսքում Անմահ հերոսների հայրն ասել է․ «Հաջիյանների գերդաստանը Արցախից հեռացել էր շուրջ 230 տարի առաջ, բայց դարեր անց մենք ընտանիքով վերադարձել ենք մեր նախնյաց հողը: Եկել ենք ոչ ձեռնունայն, եկել ենք զենքով ու գրչով, բազկի և մտքի ուժով, եկել ենք՝ սատար կանգնելու մեր ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին, կառուցելու Արցախի պետականությունը: Կարողացել ենք կառուցել այն, ինչ մեր հնարավորությունների սահմանում էր, գուցե նաև ավելին: Մեր տղաները պահ անգամ չեն երկմտել ռազմաճակատ մեկնելիս, չեն մտածել, որ կույր գնդակը կարող է նաև իրենց խոցել, որովհետև գտել են, որ հայրենիքն ավելի սուրբ է, քան անձնական կյանքը, ծնողն ու ընտանիքը: Ես հպարտ եմ իմ զավակներով. նրանք կատարել են այնպիսի քայլ, որի շնորհիվ իրենց հայրը կարող է գլուխը բարձր պահել»։
Քաղաքագետ, ԱՀ ԱԳՆ նախկին նախարար Դավիթ Բաբայանն իր ելույթում ասել է․ «Երվանդ և Նորայր Հաջիյանները հայ ժողովրդի կերպարն են ամբողջացնում։ Նրանք դարձել են սուրբ հողի մի մասնիկը: Խորհրդանշական է, որ յուրաքանչյուրը, մոտենալով և ջուր խմելով այս հուշաղբյուրից, մտովի կհաստատի, որ եղել են նրանց նման մարդիկ, ովքեր գիտակցաբար քայլել են դեպի անմահություն: Նրանք ողջ են, քանի կա Արցախը և այն հողը, որի գրկում նրանք հանգչում են՝ սրբացնելով այն: Մենք պետք է ամեն գնով այդ հողը պահենք ու պահպանենք: Նրանք մեր հոգևոր Սփյուռքն են: Նրանց հայրն էլ դարձել է անկոտրում Արցախի խորհրդանիշներից մեկը, ինչը շատ ծանր ու բարդ առաքելություն է»։ Այսօր 4 կողմից թշնամու կողմից շրջապատված Արցախում ապրելը, նման արարողություններ իրականացնելը հերոսություն է։ Իսկ Նորայրի ու Երվանդի փոխարեն արդեն նրանց զավակներն են տեր հայրենիքին։ Փառք Նորայրին ու Երվանդին, հազարավոր Անմահ հերոսներին, որոնց հոգիները հանգիստ կգտնեն միայն այն ժամանակ, որ կրկին ազատագրվի Արցախը, կրկին կվերահայանան Թալիշն ու Հադրութը, Քաշաթաղն ու Քարվաճառը։ Շուշիի մանկապարտեզի աշխատակից Նարինե Ավանեսյանը, ով միշտ է հերոսների ոգով դաստիարակել իր սաներին, իսկ այժմ աշխատում է Ստեփանակերտում, ֆեսբուքյան իր էջում հուշաղբյուրի բացման առթիվ գրել է․ «Մինչ հուշաղբյուրի բացման արողության սկսելը, ես փոքրին պատմեցի հերոսների սխրագործությունների մասին։ Արարողությունից հետո փոքրիկները մոտեցան պարոն Հաջիյանին, ծանոթացան, խոնարհվեցին նրա առաջ, որ այդպիսի հերոս տղաներ է դաստիարակել, որ մենք այդպիսի հերոս տղաների շնորհիվ ենք ապրում մեր հզոր Արցախում»։ Փոքրիկները խոստացել են նաև՝ կդառնան նրանց Անմահ հերոսների հայրենանվեր գործի շարունակողները։