Առաջարկի ուժեղացման, առաջխաղացման, գրավչության բարձրացման ու ներկայացվածության մեծացման ցնցող նպատակներ
Տուրիզմը Լոռու մարզում զարգացնելու նպատակով փոխգործակցության ևս մի, ո՞վ է իմանում՝ որերորդ, հուշագիրը կազմվեց և ստորագրվեց:
Այդ նպատակով Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունեց «Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակ» ՀԿ-ի (Lori DMO) նախագահ Արփինե Հակոբյանին և գործադիր տնօրեն Քրիստինե Հովսեփյանին:
Ծանոթանանք Lori DMO-ի նպատակին՝ Լոռու մարզում զբոսաշրջային ռեսուրսների կառավարման, համակարգման և առաջխաղացման միջոցով զարգացնել մարզը՝ որպես զբոսաշրջային ուղղություն։
Փոխգործակցության հուշագրի կնքումով ենթադրվում է, որ այն առավել կխորացնի և կընդլայնի կողմերի համագործակցությունը: Մարզպետի աշխատակազմը, նկատի ունենալով Լոռու մարզի զբոսաշրջության ոլորտի զարգացման համատեղ ջանքերն ու կարևորությունը, հուշագրով համաձայնում է աջակցել Լոռու մարզի զբոսաշրջային «առաջարկի ուժեղացմանը, առաջխաղացմանը, գրավչության բարձրացմանն ու ներկայացվածության մեծացմանը, շահակից կողմերի և ոլորտի դերակատարների միջև երկխոսության ապահովմանը»:
Իսկ Արփինե Հակոբյանի կարծիքով ՝ Լոռու մարզպետի աշխատակազմի հետ գործակցությունն ու համատեղ ջանքերով աշխատանքը առավել գրավիչ կդարձնի մարզի զբոսաշրջային առաջարկների փաթեթը:
Ինչպես տեսնում ենք՝ նպատակներն ազնիվ են, դրանք անթերի հայերենով, «հակինթ» բառերով մեզ են մատուցվում խրոխտ երևեջումներով: Նման հարյուրավոր ծրագրերի, հուշագրերի առիթ ունեցել եմ ծանոթանալու լրագրողական գործունեության 40-ից ավելի տարիների ընթացքում եւ այդքան տարիների փորձից էլ համոզվել, որ այդ ծրագրերից ու երկուստեք ստորագրված հուշագրերից շոշափելի օգուտ չենք տեսել, որ բերած լինեն: Տարիներ առաջ, օրինակ, մոտ մեկ միլիոն Եվրոյի չափով դրամաշնորհով եվրոպացի ինչ որ մասնագետների ղեկավարությամբ իբր թե կազմվեց մարզի զարգացման ծրագիրը, որ հանրահռչակ «Տասիս» ծրագիր կոչվեց: 1.5տարում միլիոնը ծախսվեց թղթեր սեւացնելու, հանրահռչակման երեկոներ, շնորհանդեսներ կազմակերպելու, բուկլետների տպագրության վրա, բայց ոչ...կոնկրետ որևէ կարևոր մի ծրագիր իրականացնելու համար: Վերջերս էլ գերմանական բանկերից մեկի վարկային միջոցներով իբր թե ուսումնասիրություններ արվեցին և կազմվեցին մարզի համայքներում աղբահանության կազմակերպումը «եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու» շքեղաշուք ծրագրեր: Որեւէ մի կետ իրագործվե՞լ է մինչև այսօր: Աղբի վերամշակման գործարա՞ն...չկա, տեղը չենք իմանում: Նոր աղբավայրե՞ր... այդ որո՞նք են, որոնց մասին կցանկանայինք իմանալ...: Համոզվել ենք՝ ծրագրերը չեն կազմվում, որ իրագործվեն, ծրագրերը կազմվում են, որ «փող փախցնելու» գործընթացը «սրբագործեն» և օրինականության քողով պաճուճապատեն: Օրինակներ կարող ենք շատ բերել: Հարկ կա՞ ծովի ջուրը խմելով ցանաքեցնել, համոզվելու, որ այն աղի է: Մի առիթով ասել ենք, էլի ասենք՝ ծրագրերի, հուշագրերի, զանազան թղթերի ու զարմանազան շնորհանդեսների վրա այնքան գումարներ են ծախսվել ու էլի ծախսվում են, որ դրանց մի մասը եթե Լոռիում հոսող որեւէ հորդահոս գետի առջեւ լցնեին, այդ գումարները գետի ընթացքը կխափանեին, ընդարձակ մի լիճ կգոյացնեին, որը թեթև կահավորմամբ հանգստի հրաշագեղ մի անկյուն կարելի կլիներ դարձնել:
Ասել ու ասում ենք, մեզանում տուրիզմի միայն մի տեսակը կարող է հրեղեն թափով զարգանալ: Դա էքստրեմալ տուրիզմն է: Մենք էլ, ազգովի, լծված ենք այդ գործին:
Ամեն դեպքում, կցանկանայինք, որ Lori DMO-ի հետ կնքված հուշագրով տուրիզմի հանդարտ տեսակների զարգացումը խթանող արժանահիշատակ գործեր ունենանք: