Image

Սպասված հանդիպում

Արցախյան 44-օրյա պատերազմը մեզանից խլեց նաև Քաշաթաղի շրջանը։ Մոտ 3 տասնամյա շրջանում բնակվում էին 1988 թվականից սկսած Ադրբեջանի հայաբնակ տարածքներից, Արցախի՝ թշնամու տիրապետության տակ մնացած բնակավայրերից՝ Մարաղա, Գետաշեն, Չայլու, Շահումյան և այլն, բռնության ենթարկված ու բռնագաղթած մեր հայրենակիցներ, սփյուռքահայեր, ինչպես նաև ՀՀ տարբեր մարզերից, հատկապես՝ աղետի գոտուց, և Երևանից վերաբնակներ։ Նույն տարիների ընթացքում ձևավորվել էր ՔԱՇԱԹԱՂՑԻ համայնք։

Չնայած բնակավայրերի՝ միմյանցից մինչև 200 կմ հեռավորությանը, քաշաթաղցիները մի տեսակ հարազատացել էին, դարձել մեկը մյուսին օգնող, աջակից։ Խաղաղ տարիներին քաշաթաղցիները հող էին մշակում, պատերազմից ավերված պատմական բնակավայրերը շենացնում, զբաղվում այլ հանրօգուտ աշխատանքներով։ Չնայած ոչ բարվոք պայմաններին, Քաշաթաղում լավ էր զարգանում նաև կրթությունը, մշակույթը, սպորտը։ Քաշաթաղցիներն առավել միասնական էին դառնում հատկապես հացահատիկի բերքահավաքի ժամանակ։ Շրջանում հացահատիկ մշակում էին հիմնականում հարավային թևի տարածքներում։ Բերքահավաքի շրջանում հաճախ էին հրդեհներ լինում։ Այդ օրերին շրջանի գրեթե բոլոր բնակավայրերից համայնքների ղեկավարների գլխավորությամբ կամավոր-հրշեջ խմբեր էին գալիս հարավային թև և օգնում հրդեհաշիջման գործին։ Իսկ հրդեհները շատ էին լինում։

Հայրենի սահմանի պաշտպանությունը քաշաթաղցիների սրբազան գործն էր։ Բացի ժամկետային զինծառայողներից, Արցախի Պաշտպանական բանակի շարքերը հաճախ էին համալրում քաշաթաղցի կամավորականներ նաև խաղաղ տարիներին։ Իսկ 2014թ․ օգոստոսին, 2016-ի ապրի-հուլիս ամիսներին հազարից ավելի քաշաթաղցի կամավորականներ էին աջակից առաջնագծի զինվորին։ 2020թ․ 44-օրյա պատերազմի առաջին օրը մի քանի հարյուր քաշաթաղցի հասան առաջնագիծ․ հետագայում շրջանի գրեթե բոլոր տղամարդիկ զենք վերցրեցին։ Թշնամին բազում անգամ փորձեց մտնել Բերձոր և շրջանի հյուսիսային տարածքներ, բայց այդպես էլ անհասու եղավ իր նպատակներին։ Իսկ հայրենի երկրի սահմանը հիմնականում քաշաթաղցի կամավորականներն էին պաշտպանում։ Այս պատերազմի օրերին մոտ 80 քաշաթաղցի նահատակվեցին, եղան բազում վիրավորներ։ Առավել ցավալի է, որ նույն նահատակների արյամբ շաղախված հայրենիքը մնաց թշնամուն, հատկապես ցավալի է, որ շրջանի մի մասը թշնամուն հանձնեցինք պատերազմի ավարտից հետո, իսկ Բերձորն ու Աղավնոն՝ 2022-ի վերջերին։ Այժմ տեղահանված քաշաթաղցիները սփռվել են Արցախի ու ՀՀ տարբեր բնակավայրերում։

Դեռևս գործում է Քաշաթաղի շրջվարչակազմը, դեռ իրենց պաշտոնում են համայնքների ղեկավարները, ովքեր նույնպես տարբեր վայրերում են բնակվում։ Օրերս Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանի նախաձեռնությամբ կայացավ համայնքների ղեկավարների ու շրջվարչակազմի աշխատակիցների հանդիպում Արարատի մարզի Զովաշեն գյուղի տարածքում։ Հանդիպման ընթացքում համայնքների ղեկավարները հատկապես հիշեցին վերջին կործանարար պատերազմը, որի պատճառով են այսօր այստեղ։ Տղերքից շատերը միասին էին եղել առաջնագծում։ Ցավով էին հիշում իրենց մարտական ընկերներին, ովքեր դարձան հավերժի ճամփորդ, նահատակվեցին՝ հավատով՝ հայրենիքն ազատ է մնալու։

Հիշում էին նաև պահեր պատերազմի օրերից, որ կարծել են՝ վերջ, սակայն քաջության, միմյանց աջակցելով, նվիրումի շնորհիվ դուրս են եկել ծանր վիճակներից։ Հարավային թևի համայնքների որոշ ղեկավարները պատմեցին նաև՝ մինչև վերջին պահը մանացել են տեղում, տարհանել բնակչությանը, սակայն բոլորն էլ կորցրել են տուն ու ապրուստ։ Մի մասը եղել է առաջնագծում, և տեղյակ էլ չեն եղել՝ ինչպես են իրենց ընտանիքները, համայնքի բնակիչները հեռացել հարազատ տներից։ Ընթացքում քննարկվեցին նաև կարևոր հարցեր՝ կապված տեղահանված ընտանիքների բնակարանային, զբաղվածության, առողջական, կրթական և այլ  խնդիրների հետ։ Հանդիպման վերջում որոշվեց՝ հաճախակի կազմակերպել նման միջոցառումներ՝ քաշաթաղցիների կապը միմյանց հետ պահպանելու նպատակով։  

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։