Image

Սահմանամերձ ու հերոսական Խաչիկում

Սահմանամերձ Խաչիկ գյուղի մասին շատ էի լսել, սակայն առաջին անգամ այցելեցի 2023թ․ հունիսի 17-ին՝ մասնակից լինելու «Արև է ելել» համայնքային զարգացման կրթամշակութային ծրագրին։ Երևանում կամավորականներ Նորա Հարությունյանն ու Մելանյա Սարուխանյանը դիմավորում էին ծրագրին մասնակցելու հրավեր ստացախներին, և նրանց ուղեկցությամբ շարժվեցինք։ Վայոց Ձորի մարրզի Արենի խոշորացված համայնքի կազմում է Խաչիկը՝ համայնքային կենտրոնից մոտ 22 կմ հարավ-արևմուտք։ Այս 22 կմ հատվածը հիմնականում անցնում է ձորերի պռնկով ու բլրալանջերով՝ ոլորապտույտներ տալով անընդհատ։ Որոշ հատվածից երևում է նաև Նորավանքը՝ գունագեղ ժայռերի ստորոտում։

Վերջապես փոսորակ հատվածում Խաչիկ գյուղն է՝ հիմնականում ընկուզենիներով ու այլ այգիներով պատված՝ արևմտյան կողմում՝ մշուշի մեջ նշմարվում էին Արարատն ու Արաքսը։ 2022թ․ ամռանը «Կայթ» մշակութային հանգույցը, որի հիմնադիրն է Կորյուն Դավթյանը, նախաձեռնեց «Արև է ելել» ծրագիրը, որի առաջին շահառուներից դարձավ Խաչիկ գյուղը՝ Արենիի համայնքապետարանի և Խաչիկ գյուղի վարչական ղեկավարի համագործակցությամբ։ Եվ արդեն մեկ տարի է՝ սահմանամերձ այս գյուղն ապրում է մշակույթի արմատներին մոտ: Գյուղում հիմնվել է մշակութային կենտրոն, որտեղ գործում են ազգային երգի, կավագործության և ասեղնագործության արվեստարաններ, ազգային մշակույթի հռչակմանն ուղղված աշխատանոցներ, համերգներ և այլ միջոցառումներ են կազմակերպվում անվանի արվեստագետների հետ։ Եվ Խաչիկում կայացավ ամփոփիչ ցուցահանդես-համերգը։ Խաչիկ գյուղը հայտնի է նաև իր հնադարյան վանական համալիրով՝ Խոտակերաց վանքով, որը կոչվում է նաև Քարակոփ։ Գտնվում է գյուղից մոտ 2 կմ հյուսիս-արևմուտք՝ ոչ բարձր լեռան ստորոտի փոքր հարթությունում։

Հյուրերին գյուղի մուտքի մոտ դիմավորեցին խաչիկցի երիտասարդներ Շուշան Հայրապետյանն ու Ալեքս Խաչատրյանը ու առաջնորդեցին վանական համալիր։ Ալեքսն այս տարի է ավարտել գյուղի միջնակարգ դպրոցը, որն ունի 4 շրջանավարտ, բոլորն էլ՝ ապագա զինվոր։ Ալեքսը որոշել է կավագործ դառնալ։ Իսկ Շուշանը, ով պատմեց Խոտակերաց սրբավայրի մասին, դերասանուհի է դառնալու։ Տեղեկացրեց նաև՝ գյուղի անվանակոչության հետ կապված կան մի քանի վարկածներ, որոնցից մեկն առնչվում է Շահ Աբասի հետ։ «1604թ., երբ Շահ Աբասը բռնագաղթի ենթարկեց ժողովրդին, այս տարածքը դարձրեց իր ամառանոցը։ Նա ուներ մի շատ սիրելի բազե։ Բազեն օրերից մի օր վանդակից դուրս է գալիս, փախչում և խճճվում խիտ տանձուտում։ Շահ Աբասի համհարզները չեն կարողանում ազատել նրան և Շահը շատ է վշտանում։ Նա մեծ պարգևներ է խոստանում այն մարդուն, ով կազատի և  կբերի իր բազեին։ Խաչիկ անունով մի առնական և գեղեցկադեմ տղայի հաջողվում է ազատել բազեին։ Նա շահին խնդրում է գյուղն իր անունով կոչել»։ Եղավ նաև հյուրասիրություն խաչիկցի Գագիկ Առաքելյանի այգում։ Այստեղ հյուրերին դիմավորեց «Արև է ելել» ծրագրի կազմակերպիչներից Տաթև Բեջանյանը, ով անցած տարվա նոյեմբերի սկզբից մինչ օրս մոտ բազում անգամ այցելել է Խաչիկ՝ հետևելու կատարվող աշխատանքներին։ Խաչիկում գործում է նաև գյուղի պատմության թանգարանը, որը կոչվում է  «Առաստամուղ»։

Հաջորդ կանգառը թանգարանում էր, որը գյուղի հին տներից է, պատկանել է հարուստ/հետագայում՝ կուլակ/ Արթինենց Սմբատին, ով ունեցել է 400 ոչխար։ Թանգարանի պատասխանատու Սոնա Մակարյանը ներկայացրեց թանգարանում պահպանված ցուցանմուշները, որոնք հիմնականում կենցաղային ու ազգագրական իրեր են, հավաքվել են գյուղի տարածքից։ Ասաց՝ թանգարանը Եղեգնաձորի շրջանում առաջիններից է, ստեղծվել է 1960 թվականին՝ ուսուցչուհի Երանյակ Պետրոսյանի կողմից։ Եղավ այց նաև գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որը 19-րդ դարի կառույց է, սակայն պատերի մեջ ագուցված են ավելի վաղ շրջանի խաչքարեր։ Գյուղի տարեցներ 87-ամյա Միքայել Վիրաբյանը և 70-ամյա Հակոբ Միքայելյանը տեղեկացրեցին՝ խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է որպես հացահատիկի պահեստ։ Հիմնանորոգվել է 2-3 տարի առաջ։ Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին դարձյալ Շուշանը ներկայացրեց հյուրերին։ Գյուղի կենտրոնում պահպանված սրբատունը կառուցել է վարպետ Ուստա Բադամը 1681 թ․ համայնքի միջոցներով։ Առաջին ծիսակատարությունը կատարվել է 1901 թվականին։ Արենի համայնքի մշակույթի բաժնի առաջատար մասնագետ Արթուր Կարապետյանը, ով աջակցել է ծրագրի կազմակերպիչներին, գոհ է աշխատանքներից։ Եկեղեցու հարևանությամբ կազմակերպվել էր կավագործության ու ասեղնագործության վարպետաց դասեր։ Շատ երեխաներ էին սովորում աշխատել կավագործի չարխի հետ։ Փոքրիկ Աստղիկը կավի շերտի վրա աղջիկ էր նկարել և փորձում էր նախշազարդել։ Նրան և այլ երեխաների օգնում էր 9-ամյա Անի Բադալյանը, ով ծրագրի սկզբից մասնակցել է կավագործության դասերին և արդեն հմտացել է։ Կեսօրից հետո կայացավ ծրագրի հիմնական մասը։ «Կայթ» մշակութային հանգույցի հիմնադիր Կորյուն Դավթյանը ողջունեց ներկաներին, հայտնեց շնորհակալություն մասնակից լինելու այս կարևոր միջոցառմանը և հրավիրեց մշակույթի տուն։ Նախասրահում կազմակերպված էր կավագործության և ասեղնագործության արվեստարանների սաների աշխատանքների, ձեռագործության և թաղիքագործության վորքշոփերի ընթացքում ստեղծված աշխատանքների ցուցահանդես-վաճառք։ Ցուցասրահում զրուցեցի ծրագրի սաների հետ։ 11-ամյա Նարե Աղաբաբյանը կավից տնակ և թիթեռ էր պատրաստել։ Որախ է՝ իր աշխատանքները, ինչպես նաև 7–ամյա Մարի քրոջ աշխատանքները ցուցադրված են։ Շնորհակալ է ուսուցիչներից՝ ընկեր Գարիկից և Արթուրից։ Բժիշկ է ուզում դառնալ Նարեն և գյուղում ունենալ հիվանդանոց։ Մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ Խաչիկ գյուղի երգի արվեստարանի սաների ելույթը՝ վորքշոփեր ծրագրի սաների և ծրագրի հմուտ դասավանդողների հետ՝ Տաթևիկ Շախկալյանի գլխավորությամբ։ Հիմնականում հնչեցին Կոմիտասի գործերը։ Մինչ համերգի սկսվելը՝ Կ․ Դավթյանը ներկայացրեց իրենց ծրագիրը, շնորհակալություն հայտնեց ծրագրի մասնակիցներին։ Առավել կարևորեց Արենի համայնքի ղեկավար  Հուսիկ Սահակյանի և Խաչիկի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանի վերաբերմունքը և համագործակցությունը, որի արդյունքում կա զգալի առաջընթաց։

Արենի խոշորացված համայնքի ղեկավար Հ․ Սահակյանը պատվոգրեր հանձնեց Կ․ Դավթյանին և ծրագրին աջակցող մոտ 10 կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների։ Իր ելույթում Հ․ Սահակյանը ողջունեց ներկաներին, կարևորեց ծրագիրը։ «Իրականում սա այն ծրագրերից է, որ կարճ ժամանակում Խաչիկ բնակավայրում բուռն կերպով աջակցեց մշակույթի և արվեստի զարգացմանը։ Ինձ համար շատ կարևոր է, որ ևս մի հարթակ ստեղծվեց՝ Խաչիկում էլ ավելի մոբիլացնելու մեր հանրությանը, մեր ազգաբնակչությանը։ Մեր առաջին հանդիպման ժամանակ ես մի միտք տվեցի, որ ցանկացած հայ մարդ գոնե մեկ անգամ այցելի Խաչիկ գյուղի նման սահմանամերձ բնակավայրեր, բացի տեղի բնակչի դուռ և մի գիշեր մնա նրա տանը, ապրի նրա կյանքով։ Այսօր Խաչիկում կատարվում է այս ծրագիրը, և ուրախ եմ՝ դուք ծանոթանում եք այս գյուղին ու նրա հերոս բնակիչների հետ։   Այն ճանապարհը, որ անցել եք ու հասել արյստեղ, հաստատ շատերը հարց եք տվել՝ այս մարդիկ ո՞նց են ապրում նման բնակավայրում։ Այստեղ, իսկապես, ապրում են հերոս մարդիկ․․․», -ասաց Հ․ Սահակյանը, և նրա առաջարկով հյուրերը ծափահարեցին խաչիկցիներին։ Կ․ Դավթյանն անդրադարձավ նաև «Իրական դպրոց»-ի սաների գործունեությանը, ովքեր եղել են Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերում, իսկ Խաչիկում աջակցել են երգչախմբի սաներին։ Խաչիկի վարչական ղեկավար Հ․ Սմբատյանը նույնպես իր գոհունակությունը հայտնեց ծրագրի կազմակերպիչներին։ Անդրադարձավ համայնքապետարանի և  «Արև է ելել» ծրագրի կազմակերպիչների համագործակցության պատմությանը։ Ասաց՝ կարճ ժամանակի ընթացքում հասել են զգալի հաջողությունների և շնորհակալություն հայտնեց նաև Արենի համայնքի ղեկավարին, որ հենց սկզբից տվել է համաձայնություն՝ ծրագիրը Խաչիկում իրականացնելու համար, ինչպես նաև համագյուղացիներին, որ սիրով ընդունեցին ծրագիրը։ Մշակութային-տոնական օրը շարունակվեց բացօթյա համերգով, որի ընթացքում ելույթ ունեցավ «Կաթիլ» խումբը։ Օրն ամփոփվեց «Թագ պար» համույթի երաժշտական կատարմամբ։ Երկու խմբերի կատարումների ժամանակ ներկաներից շատերը մասնակից եղան շուրջ պարի։

Ընթացքում զրուցեցի Կ․ Դավթյանի հետ։ Ասաց․ «Համայնքային զարգացման կրթամշակութային «Արև է ելել» ծրագրի նպատակն է՝ Հայաստանում հասնել մշակութային համաչափ զարգացմանը, որի արդյունքում համայնքները կունենան տեղի ավանդույթների և ինքնության վրա հիմնված ակտիվ և ինքնաբավ մշակութային կյանք վարելու կարողություն»։ Հավելեց նաև՝ եթե մտել են որևէ համայնք և սկսել աշխատել, պետք է ծրագիրն ավարտին հասցնել։ «Ծրագիրը, որ իրականացվում է 6-ից 12 ամսով, մեր աշխատակիցը գործուղվում է համայնք՝ մշակութային կառավարում իրականացնելու։ Հիմնում է ակումբ՝ 4 բաղադրիչներով։ Շաբաթական 2 անգամ համայնք են այցելում նաև վարպետ-մասնագետներ, ովքեր աշխատում են և երեխաների և հետո ծրագիրը շարունակելու պոտենցյալ ունեցող մարդկանց՝ տարեցների հետ, սկսում են դասավանդել։ Առաջին տարին ավարտելուց հետո համայնքապետարանում ստեղծվում է հաստիք, որ մեր կողմից վերապատրաստած կառավարիչը փոխարինի ուղարկածին։ Այնուհետև ևս 2 տարի մասնագետներ ենք պատրաստում՝ տեղացի կավագործներ, խմբավարներ, ասեղնագործներ, գորգագործներ, պարուսույցներ և այլ մասնագետներ։ 4-րդ տարում արդեն երեխաների հետ սկսում են աշխատել տեղացի մասնագետները», խոսքը շարունակեց Կ․ Դավթյանը։ Հարցին՝ ինչու՞ են ընտրել Խաչիկ գյուղը, Կ․ Դավթյանն ասաց՝ պատահաբար, նայել են քարտեզը, տեսել այս բնակավայրը թերակղզու պես մտած է Նախիջևանի մեջ։ 

Այնուհետև այցելել են գյուղ, հանդիպել վարչական ղեկավարի հետ, միասին ծրագիր մշակել՝ հաշվի առնելով տեղի հնարավորությունները։ Ընթացքում նաև ամառային դպրոցներ են արել, իսկ 2022-ի նոյեմբերի 2-ից սկսել բուն ծրագիրը։ Այդ օրվանից համայնք 150-ից ավելի այց է եղել, կազմակերպվել; է 6 համերգ ու այդքան պարատոն՝ բաց պարուսուցումներով։     Հայեցակարգն ունի 4 գագաթ, ինչպիսին Արագածն է։ Դրանք են՝ «Կատարողական արվեստ», «Կիրառական արվեստ», «Հմտարան» և «Կրթամշակութային ժամանց»։ Ծրագիրը միջոլորտային է և իր կազմում ունի գրեթե բոլոր մասնագիտությունների ներկայացուցիչներ։ Ապրիլից սկսած Հմտարանի շրջանակներում «ԱրևՆեթ» համայնքի անդամ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամներն ամեն շաբաթ այցելել են Խաչիկ և ոլորտին առնչվող տարբեր թեմաների շուրջ հանդիպումներ անցկացրել ծրագրի շահառու, ավագ դասարանների շուրջ 25 աշակերտի հետ, ովքեր նաև կրակային պատրաստում են անցել «Ազատազեն»-ում: Զրուցեցի նաև Արենի համայնքի ղեկավար Հ․ Սահակյանի հետ, ով 2017 թվականից ղեկավարում է համայնքը և վերընտրվել է 2022թ․ սեպտեմբերին։ Կարևորեց Խաչիկ գյուղի դերը որպես սահմանապահ։ Խնդիրներից կարևորեց խմելու և ոռոգման ջրի, ինչպես նաև Արենի-Խաչիկ 22կմ ճանապարհահատվածի կարգավորումը։ Խաչիկում էր նաև «Ֆոլքս օն չիլդրեն նաու» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչը, ով ասաց՝ օժանդակել են գյուղի նորաբաց մանկապարտեզին՝ ամբողջական գույքով, խաղալիքներով։ Հ․ Սմբատյանը Խաչիկ գյուղի վարչական ղեկավար նշանակվել է 2019 թվականին։ Բնակվում է Խաչիկում, ունի 3 երեխա՝ Դավիթը՝ 14 տարեկան, Սաթենիկը՝ 10 տարեկան և Մհերը՝ 11 ամսեկան։ Համերգից հետո հյուրերը կրկին եղան հյուրասիրության այգում և հրաժեշտ տվեցին սահմանապահ խաչիկցիներին՝ հավատով՝ ծրագիրը կլինի շարունակական։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։