Հրաժեշտի ցերեկույթ
Խաղաղություն ամենքի՛ն և ամենո՜ւր,
- Այդ ենք միայն մենք աշխարհին կամենում:
Պարույր Սևակ
Միշտ էլ ամենալավ տեղը մանուկների աշխարհն է, որտեղ միայն գեղեցկություն է, անմեղություն, անկեղծություն ու սեր, ժպիտ։ «Երևանի թիվ 25 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը գտնվում է Արաբկիրի վարչական շրջանում՝ Շիրվանզադեի փողոցում։ Շահագործման է հանձնվել 1985 թվականին՝ 3 մասնաշենքով, երաժշտության և ֆիզկուլտուրայի առանձին դահլիճներով, ձևավորված կանաչապատ բակով։ 2015-2016թթ մանկապարտեզի շենքը վերանորոգվել է։ Մանկապարտեզի 1-ին տնօրենն է եղել Լենա Նարինյանը։ Այնուհետև 20 տարուց ավելի է նախադպրոցական այս կրթօջախը տնօրինում է Ինգա Խաչատուրովան, ով մոտ 2 տասնյակ տարի էլ աշխատել է Աշտարակի շրջանի Նազրվան/այժմ՝ Ղազարավան/ գյուղի, ահնուհետև Երևանի Պ․ Սևակի անվան դպրոցներում որպես ուսուցչուհի։ Ավարտել է Երևանի Վ․ Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտեւտը։ Հունիսի 20-ին մանկապարտեզում կայացավ դաստիարակներ Վալենտինա Գևորգյանի և Սոնիկ Ֆարմանյանի խմբի հրաժեշտի ցերեկույթը։ Ներկա էին Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը, տեղակալ Դավիթ Բալասանյանը, այլ աշխատակիցներ, ծնողներ, հյուրեր։ Փոքրիկները մոտ մեկ ժամ իրենց հրաշալի ու հայրենասիրական ելույթներով ոգևորեցին ու լավ պահեր պարգևեցին ներկաներին։ Հենց սկզբից մոտ 3 տասնյակ մանուկներ՝ մանուշակագույն հագուստով, ներս մտան, ու դահլիճը պայծառացավ, դարձավ հրաշքների աշխարհ։ Ակամայից հիշեցի Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի մանկապարտեզը, որտեղ ավելի շատ էի սիրում այցելել։ Հայրենիքին էր նվիրված թիվ 25 մանկապարտեզի ավագ խմբի ցերեկույթ-հանդեսը։ Փոքրիկները դաստիարակների և երաժշտական ղեկավար Մարինե Մկրտչյանի ղեկավարությամբ, հանդես եկան անմաշկանդ ու լույսով լեցուն։ Նրանց համար հայրենիքը Երևանն է ու Արցախը, Մասիսն ու Արաքսը, Սևանն ու Խուստուփը․․․ Նարանք հայրենիքի զավակն են՝ ապագա շենացնողն ու տերը, պահապանը։ Ուսուցիչ ու բժիշկ, զինվոր ու ճարտարապետ, շինարար, գիտնական ու գյուղատնտես են դառնալու։ Փոքրիկ աղջնակներից մեկն էլ որոշել է լավ ընտանիքի մայր դառնա ու հայրենիքին տեր զավակներ պարգևի։ Բերձորում է ծնվել փոքրիկ Էլենը, սակայն Արցախյան 44-օրյա պատերազմից հետո նրանց ընտանիքը տեղափոխվել է Երևան։ Արդեն հրաժեշտ է տալու մանկապարտեզին՝ իր եգով խաղաղություն ու բորօրություն է մաղթելով մանուկներին։ Նրա երգի հետ հայտնվում է Խաղաղության աղավնին՝ մեկ այլ փոքրիկ աղջնակ, և ողջ խումբն է աշխարհին խաղաղություն ցանկանում։
«Խաղաղություն շուտ մեծացիր,
Ողջ աշխարհի մայրը դարձիր...», -հնչում է մանուկների շուրթերից։
Հնչեց նաև Կոմիտասի «Կաքավիկ» երգը դարձյալ հրաշալի, դարձյալ աղջնակի շուրթերից։ «Յարխուշտա» ռազմական պարով ավարտեցին իրեն ցերեկույթը փոքրիկները՝ արդեն պատրաստ դառնալու դպրոցական։
Մանուկների ելույթից հետո ծնողներից Հասմիկ Հակոբյանը, ով կրթություն էր ստացել Բերձորի Վ․ Զատիկյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում, հետագայում դարձել հարազատ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, իր գոհունակությունը հայտնեց մանկապարտեզի տնօրենությանը, ողջ անձնակազմին, որ համատեղ աշխատանքի շնորհիվ լավ երեխաներ են դաստիարակել։ Ավագ խմբի դաստիարակներ Վալենտինա Գևորգյանն ու Սոնիկ Ֆարմանյանը գոհ էին իրենց սաների ելույթներից․ կայացել էր ցանկացած հանդեսը։ Իրենց մայրական օրհնանքն ու բարին մաղթեցին արդեն դպրոցի ճամփան բռնած մանուկներին։ Տնօրեն Ի․ Խաչատուրովան շնորհակալություն հայտնեց ներկաներին, որ հանդիսատեսը եղան իր սաների գեղեցիկ հանդեսին։ Բարին ու երջանկություն, կանաչ ճանապարհ մաղթեց արդեն մեծացած իր սաներին, որ ներկայացրեցին հայրենիք ու մայրենի լեզուն, խաղաղություն, երգ ու պար։ Ասաց՝ հպարտ է, որ նման բալիկներ է ուղարկում դպրոց։ Այնուհետև ներկայացրեց Երևանի Վահագն Դավթյանի անվան թիվ 37 հիմնական դպրոցի տնօրեն Վերգինե Մարկոսյանին, ով ներկա էր իր ապագա սաների հանդեսին և շնորհակալություն հայտնեց մանկապարտեզի անձնակազմին, որ նման պայծառ, ուրախ ժպիտներով երեխաներ են դաստիարակել։ Հույս հայտնեց՝ շնորհալի աշակերտներ է ունենալու, ովքեվ մեր ապագա բժիշկն ու զինվորն են, թաղապետն ու վարչապետը։
Հանդեսից հետո զրուցեցի մանկապարտեզի տնօրենի հետ։ Տեղեկացրեց՝ ընդհանուր ունեն 300 սան՝ գործող 10 խմբում։։ 4 ավագ խմբերում ընդհանուր հաճախում են 120 երեխա, և այսօր կայացավ առաջին հանդեսը, մնացած 3 խմբերը հանդես կգան մոտ օրերս։ 39 աշխատող ունի մանկապարտեզը, և բոլորը նվիրված են աշխատում։ Նոր սաների ընդունելություն կկայանա օգոստոսի վերջին։ Դաստիարակներից Վալենտինա Գևորգյանը, Մարիետա Քարամյանը, Կիմա Գյանջուլյանը, մեթոդիստ Մարինե Գալստյանը, դաստիարակների օգնականներ Արեգնազ Իսոյանը, Անիկ Մովսիսյանը և Լիդա Ավագյանը մանկապարտեզում աշխատում են բացման օրվանից՝ 1986թ․ փետրվարի 1-ից։ Գոհ է վարչական շրջանի ղեկավարությունից, որ մշտապես աջակցում են մանկապարտեզին։ Գոհ է նաև իր սաների ծնողներից՝ գործում են համախումբ։ Նշեց նաև՝ մանկապարտեզն ունի թոնրատուն, որտեղ տարվա ընթացքում մի քանի անգամ լավաշ ու գաթա են թխում, հյուրասիրում երեխաներին։ Թոնրատանը նաև թումանյանական օրեր են կազմակերպում։ Մանկապարտեզում գործում է նաև Հայկական անկյուն, որտեղ ցուցադրվում են ազգագրական ու կենցաղային իրեր, գործիքներ՝ երկանք, իլիկ, ճախարակ, սանդերք, հնոցի և այլն։ Վերջերս հանդիպում է կայացել մանկագիր Ալվարդ Հովսեփյանի հետ։
Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության բաժնի առաջատար մասնագետ Օլյա Մարոնյանը, ով նույնպես ներկա էր հանդեսին, ներկայացնելով թիվ 25 մանկապարտեզը, ասաց՝ զարմացած չէ անձնակազմի նվիրումով, սակայն ուրախ է, որ կա նման նախակրթարան, որն ունի նվիրյալ տնօրեն ու աշխատակիցներ, ովքեր մեր դպրոցներ լավ աշակերտներ են ճանապարհում։ Դաստիարակ Վալենտինա Գևորգյանը, ով ավարտել է Երևանի Խ․ Աբովյանի անվ․ պետական մանկավարժական ինստիտուտի նախադպրոցական բաժինը, բազում մանուկներ է դաստիարակել ու ճանապարհել, հուզված էր, ասաց՝ իրենց գործն է՝ սիրով ու ջերմությամբ ընդունել մանուկներին և նույն ջերմությամբ էլ ուղարկել դպրոց։ Հավելեց նաև՝ ողջ անձնակազմը սիրով է նաև մասնակից լինում օժանդակ աշխատանքներում․ իրենք են ժամանակին տնկել տարածքի ծառերը, մշակել։ Դուրս գալով մանկապարտեզի շենքից՝ փոքրիկները երկինք թողեցին գույնզգույն փուչիկներ՝ որպես խաղաղության խորհրդանիշ։