Image

Տիգրանը՝ Քաշաթաղի Ալաշկերտ գյուղից

Տարիներ շարունակ, աշխատելով Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի  և երիտասարդության հարցերի վարչությունում, այնուհետև շրջանային «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր, շատ էի լինում շրջանի բոլոր բնակավայրերում, այցելում դպրոցներ, մանկապարտեզներ, շփվում երեխաների, երիտասարդների հետ։

Վերջին տարիներին, մինչ Արցախյան 44-օրյա պատերազմը, Քաշաթաղի շրջանի հարավային թևի Մուշ գյուղում «Հայրենասեր» ՀԿ-ի և Արցախի կառավարության համագործակցությամբ կառուցվեց դպրոցական շենք։ Կրթօջախում /տնօրեն Լիաննա Հակոբյան/ սովորում էին նաև հարևան Ալաշկերտ գյուղի դպրոցականները։ Հաճած էի այցելում նաև այդ բնակավայրեր, ներկա լինում դպրոցական հանդեսների։

Ալաշկերտի գյուղական համայնքի ղեկավար Բագրատ Նավասարդյանի Սաշա և Տիգրան որդիները նույնպես դպրոցական էին։ Հանդեսների ժամանակ աչքի էին ընկնում։ Տիգրանը հասցրեց ընդամենը 1-ին և 2-րդ դասարաններում սովորել հարազատ դպրոցում, որը կոչվում էր 2016թ․ Ապրիլյան քառօրյայի Անմահ հերոս Արմենակ Ուրֆանյանի անունով։

Այս կրթօջախում բոլոր երեխաներն էին մեծանում հերոսների արարքով ոգեշնչված։ Տիգրանը նաև լավ երգում էր հանդեսների ժամանակ, աչքի ընկնում իր ելույթներով։ Ծնվել է 2012թ․ մարտի 13-ին Ալաշկերտ գյուղում, մեծանում էր Ողջի գետի հովտում։ Ավագ եղբոր ու իրենից փոքր քրոջ հետ նաև հորն էր օգնում՝ այգիներ հիմնելիս։ Շատ էր սիրում իր ծննդավայրը։ Սակայն եղավ 44-օրյա պատերազմը, հայրը մարտադաշտում էր։ Ինչպես Արցախի շատ բնակավայրեր, Ալաշկերտն ու Մուշն էլ 2020թ․ հոկտեմբերի կեսերին անցան թշնամու տիրապետության տակ։ Հասցրել էին գյուղից հեռանալ՝ այնտեղ թողնելով տուն ու այգի, ունեցվածք, և ամենացավալին՝ հայրենիք ու մանկություն։ Այժմ նրանց ընտանիքը բնակվում է Արարատի մարզի Մասիս քաղաքում։ Տիգրանը սովորում է Մասիսի Վահրամ Բաբայանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի 6-րդ դասարանում։ Նաև նույն քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի վոկալի բաժնի 3-րդ դասարանի սան է։ Գոհ է վոկալի ուսուցչուհուց՝ Լուսինե Կոբալյանից, ով սիրով է աշխատում իր հետ։ Զուգահեռ հաճախում է Արմեն Նազարյանի անվան սպորտի դպրոց՝ պարապելով սամբո մարզաձևով։ Մասնակցել է սամբոյի մրցումների, արժանացել պարգևների, սակայն Տիգրանի համար առաջնայինը երգարվեստն է։ 2022-ին Տիգրանը ձայնագրեց իր առաջին երգը՝ «Ախ, Նարե, Նարե» ժողովրդականը, իսկ այս տարի՝ երջանկահիշատակ Սոսի Խանիկյանի խոսքերով գրված Սևակ Խանաղյանի «Արցախ․ Քեզ համար մի օր մենք ելանք մարտի․․․» երգը։ Ունի յութուբյան էջ։

Օրերս հանդիպեցի Տիգրանի հետ, զրուցեցինք։ Կարոտում է ծննդավայրին, միշտ հիշողության մեջ են իր, եղբոր ու քրոջ տնկած ծառերը, Ողջի գետը, որի ափ շատ էր գնում, հսկա սոսիները, որոնց տակով էր անցնում Ալաշկերտ-Մուշ ճանապարհը։ Դպրոցում լավ է սովորում, սակայն հաստատ որոշել է՝ երգիչ է դառնալու և՝ ճանաչված, հայտնի երգիչ։ Սիրում է հիմնականում գուսանական, ժողովրդական, էստրադային երգերը, հոգեհարազատ են նաև ռազմահայրենասիրականները։ Սիրված երգիչներից է Ռուբեն Մաթևոսյանը։ Սիրով է լսում Խաչատուր Ավետիսյանի երգերը։ Ծնողները սիրով աջակցում են, որ Տիգրանը հասնի երազանքների կատարմանը, ու հավատում են՝ ոչ հեռու ապագայում բոլորն են լսելու նրա երգերը։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։