Մարզական առաջին տոնը Վանաձորի վերանորոգված քաղաքային մարզադաշտում՝ նվիրված մարզաշխարհի երախտավոր Ռազմիկ Ղազարյանին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ջանքերով դեռ անցյալ տարի հիմնանորոգված Վանաձորի քաղաքային «Լոռի» գեղեցիկ մարզադաշտն ի վերջո միայն այս տարվա հունիսի 20-ին իր դռները բացեց մարզական առաջին միջոցառման նպատակով. այն նվիրված էր ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի Պատվավոր Աշխատող, ՀՀ ԿԳՄՍ նախարարության կրկնակի ոսկե մեդալակիր, ԱՊՀ երկրների՝ Ազգերին պարգևատրող ակադեմիայի ,, Սրբազան Աստվածամոր հովանի,, մեդալակիր, ֆուտբոլի երախտավոր վետերան, մարզիչ, մանկավարժ, այժմ՝ Վանաձորի ֆուտբոլի մանկապատանեկան մարզադպրոցի առաջատար մարզիչ Ռազմիկ Ռաֆիկի Ղազարյանի ֆուտբոլային մարզչական գործունեության 45- ամյակին։ ՀՖՖ-ի այս բացառիկ բարի կամքն, ինչ խոսք, թե նախագահ Արմեն Մելքբեկյանի, թե աշխատակիցների արժանի գնահատանքն է վետերան մարզիչի նվիրումի: Ի դեպ, այդ օրը Ռ. Ղազարյանին հանձնվեց նաեւ ՀՖՖ-ի նախագահի շնորհակալագիրը՝ «45տարվա նվիրական աշխատանքի ընթացքում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման և տարածման համար»:
Միջոցառումը վարում էր անվանի հանդիսավար , ասմունքի վարպետ Ջիվան Սարգսյանը, ով մարզաշխարհի երախտավորների, մարզպետարանի, Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաների, ֆուտբոլի վետերանների, մարզիչների, մարզիկների , մարզասերների, հյուրերի, գործընկերների և աշակերտների համար ներկայացրեց Ռ. Ղազարյանը աշխատանքային գործունեությունը. շուրջ 42 տարի ֆիզկուլտուրա է դասավանդել Վանաձորի թիվ 10, 4, և 13-րդ դպրոցներում։ Միաժամանակ, սկսած անցյալ դարի 80-ական թվականներից, եղել է կարատե մարզաձևի առաջին մարզիչներից մեկը մեր երկրի հյուսիսային շրջաններում՝ունենալով հարյուրավոր սաներ: Կարմիր դիպլոմով ավարտելով Երևանի հայկական պետական ֆիզկուլտուրայի ինստիտուտը, 1977թ.-ին սկսել է թե մարզչական, թե մանկավարժական գործունեությունը: 45տարիների ընթացքում 8 տարբեր տարիքի երեխաների հավաքական թիմեր է ներկայացրել Հայաստանի, ԽՍՀՄ-ի առաջնություններին, ինչպես նաև միջազգային ասպարեզում: Ունեցած հաջողությունների մասին միայն մեկ օրինակ. նաև Գերմանիայի, Ֆրանսիայի «Ինտերկապ» միությունների անունից շնորհակալագիր հանձնած «Ինտերկապ» միջազգային բարեգործական կենտրոնի ղեկավարությունը /նախագահ՝ Նորայր Զուլոյան/ հիշատակելով փաստում է, որ 1992թ. Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում կայացած ֆուտբոլի միջազգային մրցաշարում հիանալի է հանդես եկել 16-17տարեկանների / երկրորդ տեղ/ այն թիմը, որի մարզիչը Ռ. Ղազարյանն է եղել:
Ռ. Ղազարյանն ունեցել է հազարավոր սաներ, բոլորին հիշում է մեկ առ մեկ, նրանք սփռված են ամբողջ աշխարհով, նրանցից ներգրավված են եղել Հայաստանի պատանիների հավաքականում, խաղացել են Մեծ ֆուտբոլ: Հենց նրանք էլ ամեն ինչով օժանդակել են Ռ. Ղազարյանի աշխատանքային գործունեության 45-ամյակին նվիրված ֆուտբոլային այս տոնը: Ռուսաստանի դաշնությունից օգնության էր շտապել նաեւ ՖԻՖԱ-յի մրցավար, ֆուտբոլի մարզիչ, Ռ. Ղազարյանի եղբայր Գագիկ Ղազարյանը:
Լոռու մարզպետի անունից հոբելյարին շնորհավորեց և մարզպետի շնորհակալագիր հանձնեց մարզպետի օգնական ՝ Էրիկ Կոստանյանը, Վանաձոր քաղաքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի անունից շնորհավորեց և շնորհակալագիր հանձնեց քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության բաժնի պետ՝ Սասուն Բեգլարյանը:
Այնուհետև Վանաձորի ֆուտբոլի մարզադպրոցի, Ֆուտբոլի Վանաձորի Ակադեմիայի «Լոռի –Վանաձոր», Իջևանի և Արթիկի մարզադպրոցների 2011-2012թթ ծնված պատանիների ֆուտբոլի թիմերի մասնակցությամբ սկսվեց հետաքրքիր ու հիշարժան մրցաշարը, որի արդյունքներով առաջին տեղը գրավեց «Լոռի-Վանաձորը» թիմը, երկրորդ հորիզոնականում Իջևանի պատանի ֆուտբոլիստներն էին, 3-4 տեղերը կիսեցին Արթիկի և Վանաձորի մարզադպրոցների ֆուտբոլիստները։ Բոլորն արժանացան գավաթների , մեդալների ու պատվոգրերի։ Մրցանակներ ստացան նաև լավագույն ֆուտբոլիստները /դարպասապահ, հարձակվող, ռմբարկու, պաշտպան, կիսապաշտպան/։
Լուսանկարը՝ Գագիկ Քարհանյանի