Image

Ցեղասպանները չպիտի մեռնեին բնական մահով

Վրիժառուն, ում օրհնել է Հայոց Վեհափառը

Եվ բախտ չունեցան մեռնելու արժանապատիվ մահով, քանզի որքան էլ եղեռնազարկ ու դժոխային տառապանքների միջով անցած ու արյունաքամ՝ այդուհանդերձ,  արիական մեր ցեղը երկնելու էր վրիժառու իր զավակներին, ովքեր, որպես երդվյալներ, զինվորագրվելու էին «Նեմեսիսին» եւ մահվան աչքերի մեջ նայելով՝ արձակելու էին հատուցման գնդակը ոճրագործ թուրք եւ ազերի դահիճների մահաորոճ գանգերին: Ահա նրանք՝ արդար վրիժառության աստվածակերպ ասպետները՝ Արմեն Գարո, Շահան Նաթալի, Սողոմոն Թեհլերյան, Արշավիր Շիրակյան, Արամ Երկանյան, Արտաշես Գեւորգյան, Պետրոս Տեր-Պողոսյան, Ստեփան Ծաղիկյան, Միսաք Թոռլաքյան… Խնկելի անուններ, որոնցից մեկին՝ Միսաք Թոռլաքյանին է նվիրված սույն հրապարակումը, որի հիշատակի օրն է այսօր:

Քսանվեց տարեկան էր 1888-ին Տրապիզոնի Կյուչանա գյուղում ծնված ըմբոստ  երիտասարդը, երբ զորակոչվում է թուրքական բանակ: Դեռեւս պատանի՝ 17 տարեկան հասակում նա արդեն հասցրել էր մասնակցել հայ ազատագրական պայքարին՝ կազմելով վեց հոգուց բաղկացած վրիժառուների խումբ, զենք ու զինամթերք է հայթայթել, հնազանդեցրել հայերին ճնշող լազերին: 1918-ին 600 զինյալներով օգնության է հասել Էրզրումում գտնվող Անդրանիկին: Եվ ահա՝ զինվոր ելուզակների բանակում: Սարիղամիշի ճակատամարտում կրած խայտառակ պարտությունից հետո թուրքական բանակի հայ զինվորները զինաթափվում են, ուղարկվում շինարարական գումարտակներ, որտեղ էլ նրանց գերակշիռ մասը գնդակահարվում է իրենց իսկ փորած խրամատներում: Թոռլաքյանին հաջողվում է փրկվել, ինչը, թերեւս, նախախնամության կամքն էր՝ նա կոչված էր վրեժ լուծելու… Իսկ մինչ այդ՝ 1920-ին, Միսաքին նկատում է «Նեմեսիսի» կնքահայր մեծ հայը՝ Շահան Նաթալին: Ընդգրկվելով վրիժառու խմբում՝ հայոց սպանդը տեսած հայորդին մեկնում է ոճրագործերի որջ Պոլիս: Ծրագիրն արդեն հստակ էր՝ այս քաղաք էր գալու հայակերտ Բաքվի հայության նախճիրը կազմակերպած մեկ այլ հրեշ՝ Ադրբեջանի բոլշեւիկների ներկայացուցիչ Բեհբութ խան Ջիվանշիրը: ժամանման լուրն ստանալուն պես սկսվում է հետապնդումը, որը շաբաթներ էր տեւելու: Գործողությունն հանձնարարվում է Երվանդ Ֆունդուքյանին, Հարություն Հարությունյանին, Միսաք Թոռլաքյանին: Առաջին երկուսը հետապնդելու էին, հարվածողը Միսաքն էր լինելու: Եվ գալիս է հատուցման օրը՝ 1921-ի հուլիսի 18: Հրեշին սպասարկող երկու ինքնաշարժերը կանգ են առնում հյուրանոցի առջեւ: Բաքվի ոճրագործը մի քանիսի ուղեկցությամբ մտնում է հյուրանոց եւ րոպեներ անց դուրս գալով՝ հայտնվում մոտակա «Փըթի Շանի» պարտեզում: Միսաքը եւ Երվանդը նույնպես մտնում են բազմությամբ լի այգի…

Պահը վճռական էր, քայլը՝ անխուսափելի, որի մասին պատմել է ինքը՝ վրիժառուն. «Կասկածեցի, որ կարող է խուսափել եւ հեռանալ, ուստի արագ կարողացա հասնել, ու մինչ կմտներ հյուրանոց, քաշեցի ատրճանակս եւ փոխանակ խփեի գլխին, փողը դեմ տվեցի կողքին եւ կրակեցի: Առաջին հարվածից չընկավ, ընդհակառակը՝ ուղղվեց եւ կարողացավ երկու ձեռքերս ամուր բռնել: Ձեռքերս բռնելը շատ լավ եղավ ինձ համար, որովհետեւ դեմքով դարձավ դեպի ինձ, կուրծքը՝ առաջս: Այս անգամ երկու գնդակ արձակեցի ուղղակի կրծքին, եւ նա վայր ընկավ: Այդ պահին ականջիս հասավ Ջիվանշիրի ձայնը, որը բղավում եւ օգնություն էր կանչում: Մեջս կասկած առաջացավ, որ մեռած չէ, վերադառնամ, որ վերջացնեմ: Հետո դարձա դեպի ոճրագործը: Ատրճանակը ձեռքիս տեսնելով՝ բոլորն էլ հետ քաշվեցին: Մոտեցա եւ գետնին փռված Ջիվանշիրի գլխին գնդակ տվեցի: Մեկ գնդակ էլ պարպեցի կրծքին, ապա նայեցի շուրջս եւ տեսա 45 ոստիկան, որոնք փակել էին փողոցի այն անկյունը, որտեղից կարող էի փախուստ տալ… Ինձ բռնեցին թուրք ոստիկանները, այնուհետեւ հասան ֆրանսիացի ոստիկանները եւ վերցրին ատրճանակս…»:

Հատուցման հերոսական արարն ավարտված էր, սպասվում էր անխուսափելի դատավարությունը: Այն սկսվում է Պոլսի Հարպիեի նախկին զինվորական դատարանի դահլիճում: Դատական ատյանի նախագահը եւ նրա երկու օգնականներն անգլիացիներ էին: Երկու ամիս տեւած դատավարությունում կայանում է 40 նիստ: Ասպետի փաստաբան Հմայակ Խոսրովյանը դատապաշտպանությունը կազմակերպել էր՝ հիմնվելով երեք գլխավոր փաստերի վրա՝ Բաքվի հայ ազգաբնակչության ջարդերի գլխավոր պատասխանատուն եղել է սպանվածը, Թոռլաքյանը սպանությունը կատարելու պահին եղել է մտավոր խանգարման վիճակում, եւ երրորդ՝ նրա հարազատները կոտորվել են Բաքվում…

Աղմկահարուց դատավարություն, որի վճռի արձակման օրը դատարանի առջեւ հոծ բազմություն է հավաքվում: Թերեւս, վախենալով, որ կարող է լուրջ խառնակություն ծագել, դատավորը հայտնում է, թե դատավարության թղթապանակն ուղարկում է Լոնդոն, որտեղից էլ պետք է ստացվի դատավճիռը: Երկու շաբաթ անց այն ստացվում է. «Ամբաստանյալը հանցավոր է սպանության համար, սակայն ատյանը գտնում է, որ նա պատասխանատվություն չի կրում իր գործած հանցանքի համար, քանի որ այն կատարելու պահին ունեցել է մտավոր խանգարում…»: Վրիժառուն ազատ է արձակվում «մտախանգարման» պատճառով եւ նույն թվականի նոյեմբերին մեկնում է Հունաստան, ապա Բուլղարիա եւ Ռումինիա: Երկրորդ աշխարհամարտի տարիներին գործում է Ղրիմում՝ Նովոռոսիյսկում՝ գերությունից ազատելով բազմաթիվ հայերի: Հետպատերազմյան տարիներին ապրում է Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում, 1952-ին տեղափոխվում ԱՄՆ՝ Կալիֆորնիայի նահանգ: 1953-ին Լոս Անջելեսում հրատարակում է «Օրերիս հետ» հուշերի գիրքը: Իսկ նրա երկրային կյանքին մնում էր եւս տասնհինգ տարի: Մինչ 80-ամյա փառավոր իր կյանքի վախճանը նրան է այցելում եւ օրհնում Հայոց ամենասիրված վեհափառներից մեկը՝ Վազգեն Առաջինը…

https://hhpress.am/socium/2022/14998/

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։