Հրաչյա Մաթևոսյանի հիշատակին
«Ընթերցողիս /իհարկե, եթե ունենամ/ սիրով տեղյակ եմ պահում, որ իմ պատմվածքի գլխավոր հերոսի անունը Մարդ է։ Մարդ է, որովհետև ըստ հավաստի տվյալների, նա ժամանակին եղել է Մարդ․․․»
Հրաչյա Մաթևոսյան․ «Համբերե՛ հոգի՛ս, համբերե․․․» պատմվածքից
2000թ․ հոկտեմբերի 6-ին Բերձորից ուղևորվեցինք Խուստուփ։ Ինչպես գրել է Վարագ Առաքելյանը․ «1983-ի օգոստոսի 31-ին Նժդեհի աճյունն արդեն Երեւանում էր: Նույն տարվա՝ 1983-ի հոկտեմբերի 7-ին ընկերներով աճյունից մի նշխար վերցրինք եւ … գնացինք Կապան: Կապանից բարձրացանք դեպի Խուստուփը՝ Նժդեհյան լեռը…Մենք բարձրացանք Բաղաբուրջ գյուղը եւ այդ գյուղից դեպի արեւմուտք, Խուստուփին կից մի անտառապատ լեռնաբազուկի վրա՝ Կոզնի կոչված աղբյուրի մոտ ամփոփեցինք մասունքը հատուկ արարողությամբ…Իսկ աճյունը ցինկի արկղի մեջ 1983-ի օգոստոսից մինչեւ 1987-ի մայիսը պահվում էր գյուղի իմ տանը»: 2000թ․ Բերձորում էր նաև Հրանտ Մաթևոսյանի եղբայրը՝ արձակագիր, հրապարակախոս, լրագրող, ՀԳՄ անդամ 1985 թվականից Հրաչյա Մաթևոսյանը՝ Հրաչօն, ում հիշատակի օրը հունիսի 29-ին է։
Միացավ Խուստուփ ուղևորվող մեր խմբին, որի կազմում էին այդ ժամանակ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ալեքսան Հակոբյանը, աշխատակիցներ, շրջանային բուժմիավորման գործադիր տնօրեն ու հիմնադիր, երջանկահիշատակ Արցախ Բունիաթյանը, ով եղել է Վարագ Առաքելյանի խմբում, հետագայում գրեց «Նժդեհի վերադարձը» գիրքը։ Խմբում էր նաև Քաշաթաղի հոգևոր հովիվ Հայր Աթանաս վարդապետը, ով նույնպես մասնակից է եղել Նժդեհի մասունքների հուղարկավորությանը, շարականներ երգել։ Հրաչօյի հետ այդ օրը ծանոթացա ու բարեկամացանք։ Բերձոր-Խուստուփ-Բերձոր ճանապարհն անցանք նույն մեքենայով ու ճանապարհին շատ հետաքրքիր զրույց ստացվեց։ Բերձորից Խուստուփ հասանք՝ անցնելով Քաշաթաղի շրջանի հարավային ճանապարհով։
Հասանք Կովսական, այնտեղից Ողջիի հովտով՝ Կապան, ապա՝ Խուստուփ։ Հիշատակած ճանապարհն անցնում է Հակարիի գեղատեսիլ հովտով, Որոտանի ներքին հոսանքի ափով ու թեքվում դեպի Ողջիի ավազան։ Ընթացքում խասում էինք նաև մեր երկրի գեղատեսիլ վայրերի մասին։ Երբ անցնում էինք Ողջիի ափով, որի ձախակողմում բարձր ու ժայռակերտ լեռներ են, որոնցից ամենաբարձրի վրա է պատմական Գրհամ ամրոցը, Արցախ Բունիաթյանը հարցրեց՝ որն է Հայաստանի ամենագեղեցիկ վայրը։ Սկսեցինք հիշատակել։ Իսկ Հրաչօն ասաց․ «Հայաստանի ամենագեղեցիկ վայրերը Համո Սահյանի բանաստեղծություններն են»։ Երբ անցնում էինք բնակավայրերով, ու ճանապարհաեզրերին երեխաների էինք տեսնում, Հրաչօյի խնդրանքով վարորդը կանգնեցնում էր մեքենան, իջնում էինք։ Գրողը ողջունում էր երեխաներին, կարճ զրույց ունենում, ու շարժվում էինք։ «Երեխաները մեզանից ավելի խելացի ու զգայուն են, երկրի իսկական տերերն են, պետք է հավասարի պես ընդունենք նրանց․․․», -ասում էր գրողը՝ հիացած քաշաթաղցի երեխաների պահվածքով։ Խուստուփում՝ Նժդեհի սրբավայրում, ծաղիկներ խոնարհեցինք, խնկարկեցինք Մեծ հայի մասունքաքարին։ Հետադարձ ճանապարհն արդեն Գորիսով էր։ Հոկտեմբեր ամսին Սյունյաց այդ հատվածը՝ Կապան-Գորիս ճանապարհի մի մասը, հաճախ պատված է լինում մառախուղով։ Բացառություն չէր նաև այդ օրը։ Ճանապարհին այս անգամ զրուցում էինք Երգիչ Հայրիկի՝ Հայրիկ Ղազարյանի /1922-1995թթ․ Մարտունու շրջան գ․ Ձորագյուղ/ մասին, երբ Հրաչօն իմացավ՝ ես Մարտունու շրջանից եմ։ Անդրադարձանք Հայրիկի «Մշո աղջիկ», «Ի՞նչ լուր ես բերել» և այլ երգերին։ Ասացի՝ «Մշո աղջիկ»-ը սխալ են երգում՝ ընդամենը 2 տուն, իսկ կարևոր հայրենասիրական, ինչ-որ տեղ քաղաքական երանգ ունեցող տողերը ծանոթ չեն մեր հանրությանը։ Ու երգեցի Երգիչ Հայրիկի այս ստեղծագործության մի քանի տող․ Հրաչօն ուրախացավ, ինչ-որ տեղ գովեց, որ լավ եմ երգում։
Բերձորում մնաց մի քանի օր, ուղեկցեցի դպրոցներ, թանգարան, գրադարան։ Նաև Քաշաթաղի շրջանի պատմական հուշարձանների ու գեղատեսիլ վայրերի մի քանի լուսանկար նվիրեցի։ Հետագայում՝ 2003թ․, երբ գրեց «Սիրով» պատմվածքների ժողովածու գիրքը, օգտագործել էր նաև այդ նկարները՝ «Հրաշք» պատմվածքում, որը նվիրված է ինձ։ 2001թ․ փետրվարին Երևանում այցելեցի Հրաչօյին, Խուստուփյան այցի մասին հիշեցինք։ Ինքնագրով՝ «Գրի, Ձայնի, Պատկերքի հրաշալի բարեկամիս, սիրելի Զոհրաբ Ըռքոյանին-Հացի, Լույսի, Սիրո և լիքը-լիքը լավ բաների ցանկությամբ։ Լոռեցու սիրով։ 15․ 02․ 2001», ինձ նվիրեց «Մոլորյալ ժամ» ակնարկների ժողովածուն՝ հրատարակված 1999 թվականին։ Այս գրքի «Ընթերցողի ականջին հօգուտ ընթերցողի, թաքուն բան է ասում հեղինակը» վերնագրով առաջաբանում գրում է․ «Ապրում ենք զարմանալի լարված, ջղաձիգ ժամանակներում։ Եվ մենք ենք վերցրել պարտադրված այդ ժամանակը։ Ամեն ինչ կորցնելու վտանգը վախի նման մատնում է իր տեղը։ Խոսելու, պայքարելու, եղածը հավիտյանս կորցնելուց փրկելու ժամանակներ են։ Խոսելը նաև գրել է նշանակում, բայց գրել, չի նշանակում խոսել․․․»։ Նույն գրքում է «Մեր էշուէշ կյանքը» վերնագրով վիպակը։ Հենց սկզբից գրողը տեղեկացնում է՝ սիրում է իր հերոսներին։ «․․․Բոլորի հետ հաշտ եմ, բոլորին սիրում եմ։ Պատմելու ընթացքում զրույցը խաղաղ կտանենք, իրար չենք վիրավորի։
Նորից եմ ասում՝ ես կուզենայի Լիսնըհակը լինել։ Մարդն ապրում է իր քուռակի ճակատագրով։ Մարդու մեջ պիտի մի քիչ ցավ լինի ու մի քիչ Լիսնըհակ․․․»։ վիպակում գրողի բոլոր հերոսներն են Լիսնըհակ՝ մարդիկ, ովքեր գործ անելիս իրենցից, արևից ու լուսնից էլ առաջ են ընկել։ Հրաչօն էլ իր հերոսների նման էր՝ իրենից առաջ էր ընկել։ «Ուրիշի հոգսը իր հոգսին խառնած քայլում էր վաստակած մարդը: Ու եթե հարցնեիր՝ ո՞րն է քո հոգսը, չէր կարողանա առանձնացնել իրենը ուրիշներից․․․ Այո՛, հասարակության մեջ լինում են մարդիկ, որ հասարակության կյանքը, ցավոտ հարցերը, առավել ցավոտ պատասխանները, հոգսերն ու սերը իրենց միջով են անցկացնում, դարձնում իրենցը: Հրաչյա Մաթևոսյանը այդ եզակիներից էր», -գրել է Վաչագան Ա․ Սարգսյանը: Գրողի մտերիմ ու համերկրացի Վլադիմիր Նիկողոսյանը գրում է․ «Պարբերաբար, երբ վերընթերցում եմ իմ բարեկամ մեծանուն գրող հրապարակախոս Մկրտիչ Փարոս Մկրտչյանի հեղինակած «Շուրջօրյա տոնավաճառ» գիրքը, որտեղ որքան էլ անչափ նուրբ ու հպանցիկ ձևով նկարագրվում են մարդկային փոխհարաբերությունները, միևնույն է' կրկին ու կրկին համոզվում ես, որ մեր շուրջօրյա խնդիրները մեր մեջ են ու կյանքի այս հավերժ տոնավաճառում ամեն օր հոգեպես սննկանում ենք: Գրքի տողատակերում անթաքույց նշմարվում է խմբագրի, մեր սիրելի Հրաչյա Մաթևոսյանի շունչը, իսկ գրքի վերջում իր քնարական ինքնատիպ խոսքով գրչում է իր բանախոսականը, ամփոփելով իր գրչակից ընկերոջ էությունը»։ 1937թ․ մայիսի 12-ին Ահնիձորում է ծնվել Հրաչօն։ 1952թ․ ընդունվել և 1955-ի ավարտել Երևանի արհեստագործական 3-րդ ուսումնարանը՝ լինոտիպիստի մասնագիտությամբ։ 1962-66 թվականներին ուսանել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ 1956֊61 թթ․ աշխատել է Հայաստանի կույրերի միավորման հրատարակչությունում։ 1965֊66թթ․ աշխատել է «Ոզնի» երգիծական հանդեսում, 1966-74թթ․՝ «Ավանգարդ» կոմերիտակական թերթում որպես բաժնի վարիչ։ Այնուհետև, մինչև 1992թ․ եղել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի պատասխանատու քարտուղարը, 1992֊2000թթ․՝ «Հայաստան» թերթում բաժնի վարիչ։
Գրողի գրական գործերը՝ ակնարկներ, պատմվածքներ, հոդվածներ, հարցազրույցներ, տպագրվել են հանրապետական մամուլում, գրական հանդեսներում, թարգմանվել վրացերեն, անգլերեն, ռուսերեն և այլ լեզուներով։ Եղել է Ռազմածովագիրների միջազգային ընկերակցության և Ժուռնալիստների միության անդամ։ Հայ-վրացական ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար 1993թ. արժանացել է «Հայոս-Քարթլոս» արծաթե մեդալի, 2003թ.՝ Արցախի Եղիշեի անվան մրցանակի: Մահացել է 2016 թվականի հունիսի 29֊ին։ Գագիկ Գինոսյանը Հրաչօյին իր գրական կնքահայրն է համարում, և նրա մահվան կապակցությամբ ասել է․ «Մոմի նման վառվող էր ու մի օր առանց ցավի ու տրտունջի հանգչեց Հրաչօն. «Հայու տեսակ»․․․ Մենք կորցրել ենք մեծագույն մտավորականին։ Իր հրապարակախոսությունը, որ հանճարեղ է, տաղանդավոր, ավելի փոքր է, քան իր կերպարը։ Նրա հոգին լույս էր ու լույս մնաց․․․ ... Նրա գրչից կաթող թանաքն իր հոգու կախարդանքով երբեմն վերածվում էր սպեղանու, երբեմն խարան դառնում երկիրը ապականողների և ազգադավների համար, հաճախ թանաքի կաթիլը գրչի ծայրից կաթելուց թղթին էր տրվում արդեն դափնու վերածված, փառազարդելով իր երկրի նվիրյալներին, իսկ անհրաժեշտության դեպքում վերածվում անվրեպ մի սրի, աշխարհի ամենաասպետական զենքի, որով ազգի, մարդկության թշնամիներին խոցել գիտեր ասպետավայել, անգամ եթե թշնամին ավելի քան նենգ էր ու ոչ ասպետավայել...»։ Գրողի ծննդյան 79 ամյակի առթիվ կազմակերպում են ընտանեկան խնջույք։ Փչելով հալվող մոմերը՝ Հրաչոն ասում է․ «Ես էլ մի մոմ եմ․․․»։ Իսկապես, Հրաչօն էլ լույս տալով սպսռվեց, ինչպես Թումանյանն էր ասում․
Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել` լույս տըվել,
Լույս տալով եմ ըսպառվել։