Վրեժը՝ պարզապես հերոս
«Սպանվում է և առյուծը, առյուծությունը` երբեք»:
Գ․ Նժդեհ
2020թ․ 44-օրյա պատերազմում Արախի Քաշաթաղի շրջանից նահատակվեցին մոտ 70 քաջորդի, կա մոտ 10 անհայտ կորած։ Նահատակ հերոսներից շատերը երիտասարդ էին, ծնվել էին շրջանի տարբեր բնակավայրերում կամ մանկուց էին տեղափոխվել Քաշաթաղ, և այդ տարածքը նրանց հարազատ տունն էր։ Մինչ պատերազմը՝ դարձյալ շրջանը սահմանում կորուստներ ունեցավ։ Միշտ եմ գրում, անդրադառնում շրջանի երեխաների ու երիտասարդների մասին՝ նրանց համարելով Աշխարհի լավագույն երեխաներ/երիտասարդներ/․ այդպիսին էլ կան։ Հուլիսի 1-ին նույն լավագույն տղաներից Վրեժիկ Սեյրանի Պողոսյանը կդառնար 31 տարեկան, գուցե արդեն ընտանիք ու զավակ կունենար։ Սակայն եղավ 2020թ․ 44-օրյա պատերազմը, որին մասնակից եղավ նաև մեր Վրեժը ու․․․ այժմ տոնում ենք նրա ծննդյան երկնային տարեդարձը։ 2 տարի առաջ՝ հունիսի 30-ին, Շաքիի ջրվեժի մոտ սկսեցինք խոսել հերոսի մասին։
Զրուցում էինք ընկերներով՝ Վրեժի հայրը, ես ու Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ՆԶՊ գծով տեսուչ Վոլոդյա-Արին Գալստյանը, ով լավ է ճանաչում հերոսին, ում համար նույնպես Վրեժը լավագույն տղաներից էր ու մնաց հավերժ այդպես։ «Մանկության տարիներին Վրեժը շատ էր գալիս այստեղ և ունկնդրում Որոտանի զրույցը», -պատմում է հայրը՝ Սեյրան Պողոսյանըը, ում հրավերով Սիսիանում էինք։ Վրեժին ճանաչում եմ, երբ դեռ դպրոցական էր ու ուսանող, զինվորական ու վարորդ․․․, սակայն ամենակարևորը՝ լավ մարդ էր, ճանապարհի ընկեր։ Հազարավոր կիլոմետր ճանապարհ ենք անցել միասին Քաշաթաղի շրջանում, ու այսօր մեծ կարոտով եմ հիշում այդ օրերը, Վրեժի մշտաժպիտ դեմքը, նվիրումը հայրենիքին։ Մեծ սիրով էր լցված հայրենի Քաշաթաղի հանդեպ։ Մի անգամ միասին բարձրացանք Ամուտեղի սրբավայր։ Մինչ պատերազմը, Իշխանաձորում «Հայրենասեր» հասարակական կազմակերպության աջակցությամբ կառուցվեց մարզադաշտ, որը կրում էր 2016թ․ Ապրիլյան Քառօրյայի Անմահ հերոս Անդրանիկ Զոհրաբյանի անունով։ Եվ այդ մարզադաշտում հաճախ էր կազմակերպվում ֆուտբոլի շրջանային առաջնություն։
Տարբեր բնակավայրերի թիմեր էին մրցում միմյանց հետ ու բոլոր տղաները, նաև տարեցներ, ծանոթացել, ընկերացել ու բարեկամացել էին։ Եվ նույն տղաները միասին նաև մարտադաշտ ելան՝ հայրենիքը պաշտպանելու։ Այսօր ցավով եմ հիշում նրանց, ովքեր տուն չեկան պատերազմից։ Մրցումները լուսաբանելու էի հաճախ գնում․Վրեժը և մեքենան էր վարում, և ֆուտբոլ էր խաղում հիմնականում Սարատակի թիմի կազմում․ մանկությունն այդ գյուղում էր անցել, հետո էին ընտանիքով տեղափոխվել Բերձոր։ Վերադառնում էինք Իշխանաձորից, գիտեր՝ ծանոթ եմ շրջանի պատմական հուշարձաններին, հարցրեց մոտակայքում ո՞րն է․․․ Ամուտեղի բարձունքից նայում էր աջ ու ձախ, հրճվում․ ինչ չքնաղ աշխարհ ունենք։ Այցելեցինք նաև Քրոնքի ժայռափոր եկեղեցի՝ Քրօնից վանք։ Եկեղեցու դիմաց բարձր ժայռերի մեջ 4 հարկանի քարանձավներ են, որոնք ժամանակին եղել են բնակելի, ճգնարան կամ թաքստարան։ Մտանք քարանձավները և բարձրացանք վեր։ Մի հատվածում ժամանակին, հնարավոր է՝ որպես թաքստոց, ուղանկյուն և մոտ 2 մ խորությամբ փոս կար։ Իջավ փոսի մեջ ու ձեռքերին ինչ-որ թռչնի 2 ճուտ հանեց։ Փոքրիկներն ընկել էին փոսի մեջ։ Բերեց տուն, միշտ պատմում էր, որ մեծանում են թռչուները։ Մի օր էլ եկավ, որ թռել-գնացել են։ Եվ տխուր էր, և ուրախ՝ փրկել էր 2 թռչնակի։ Հարար գյուղում էինք՝ լուսաբանելու ճանապարհի բարեկարգման աշխատանքները։ Իմացավ՝ գյուղում ավերակ եկեղեցի կա, միասին այցելեցինք։ Սկսեց ուսումնասիրել պատերն ու տարածքը, հարցեր էր տալիս, տխրում, որ խորհրդային տարիների հաստատումից հետո Հարարը հայաթափ էր եղել, ավերվել էր եկեղեցին թշնամու կողմից։
Այցելեցինք նաև 1992թ․ Հարարն ազատագրելիս քաջորդիներ Արամ Մինասյանի և Էրիկ բաղդասարյանի նահատակության վայր, որտեղ հուշաքար կար։ Խաղաղ ժամանակներում հաճախ էինք այցելում նաև առաջնագիծ՝ զինվորներին աջակցելու, նվերներ հասցնելու, այլ պատճառներով։ Սիրով էր վարում մեքենան դեպի դիրքեր։ Ծանոթ էր տարածքին, սիրում էր զինվորական գործը, զինվորին։ Երկար կարելի է պատմել երիտասարդ ընկերոջս մասին։ Վրեժիկ Սեյրանի Պողոսյան․ ծնվել է 1992 թ․ հուլիսի 1-ին Սիսիանի շրջանի Ույծ գյուղում։ Եվ այս գյուղի միջնակարգ դպրոցում, որտեղ սովորել էր ընդամենը 2 տարի, հերոսի ծննդյան օրվա առթիվ կայացավ «Անմահները հրամայում են» խորագիրը կրող հիշատակի և ոգեկոչման արարողություն։ Սկզբում հերոսի հարազատները, բարեկամները, դպրոցական ու մարտական ընկերները, հյուրեր, պաշտոնատար այրեր այցելեցին Սիսիանի զինվորական պանթեոն, որտեղ իրենց վերջին հանգրվանն են գտել Արցախյան առաջին գոյամարտի և հետագա տարիներին հայոց հողը պաշտպանելիս նահատակված բազում սիսիանցիներ։ Այստեղ է հուղարկավորված նաև Վրեժը՝ մորաքրոջ որդու և մարտական ընկերոջ՝ Հայոց բանակի կապիտան Արայիկ Սաֆյանի շիրմի հարևանությամբ։ Միասին են զոհվել
2020թ․ հոկտեմբերի 10-ին՝ Ջրականում, որտեղ էին պատերազմի առաջին օրվանից, բազում քաջագործություններ էին իրականացրել։ 2021թ․ հուլիսի 1-ին Զինվորական պանթեոնում պատվո պահակ էին կանգնած Վրեժի զորամասի զինվորները։ Տեղի ունեցավ ծաղիկների խոնարհում, խնկարկում։ Ույծի միջնակարգ դպրոցում հերոսի ընկերների նախաձեռնությամբ, կրթօջախի տնօրեն Վլադիմիր Ղազարյանի աջակցությամբ, բարերարների միջոցներով մի դասարան հիմնովին հիմնանորոգվել էր, ու կոչվեց Վրեժիկ Սեյրանի Պողոսյանի անունով։ Հայոց լեզվի և գրականության բազմամյա ուսուցչուհի Մարո Հակոբյանը դպրոցի կատարածը համարեց նվազագույն՝ համեմատած այն հերոսների արարմունքի հետ, ովքեր իրենց կյանքն են նվիրել հայրենիքին։
-Մեր արածը որոշակի սփոփանք է հերոսի ծնողների, հարազատների համար, -ասաց ուսուցչուհին։ -2020-ը մեզանից խլեց մի ողջ սերունդ, և այսօր այդ անմահները ժպտալու են Փառքի անկյուններում, նորածինների մաքուր աչքերում։ Պիտի ուժեղ լինենք, որ կարողանանք դիմակայել մեծ ցավը, մեր երախտագիտությունը հերոսներին ու նրանց ծնողներին և խոնարհում։
Ներկաներին իրենց ելույթներով՝ ասմունք ու ռազմահայրենասիրական երգեր, ոգեկոչման խոսքեր, ողջունեցին դպրոցի աշակերտները, որոնց օրվա հերոսը Վրեժն էր, ովքեր այլևս կռիվ չեն ուզում և ներկայացրեցին իրենց հերոսի կենսագրականը։ 2000թ․, երբ երրորդ դասարանի աշակերտ էր Վրեժը, նրանց ընտանիքը տեղափոխվեց և բնակություն հաստատեց Արցախի Քաշաթաղի շրջանի Սարատակ գյուղում։ Իրենից 2 տարով ավագ Արևիկ քույրն ու Վրեժն ուսումը շարունակեցին Սարատակի միջնակարգ դպրոցում: 2009թ ավարտելով դպրոցը ապագա զինվորականն ընդունվեց Արցախի պետական համալսարանի նախնական զինվորական և ֆիզիկական պատրաստության ֆակուլտետ։ 2010թ․ զորակոչվել է Հայոց բանակ և 2 տարի ծառայել Ջրականի զորամասում, զորացրվել ավագ սերժանտի կոչումով։ 2012թ․ զորացրվելուց հետո աշխատել է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում, ստացել ենթասպայի կոչում։ Որոշ ժամանակ ծառայել է ոստիկանությունում, ապա աշխատել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական Համալսարանում որպես դասակի հրամանատար։ Բայց Քաշաթաղը կանչում էր, ու շուտով տեղափոխվեց Բերձոր և աշխատանքի անցավ Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմում որպես վարորդ։ Այնուհետև աշխատել է Իշխանաձորի միջն դպրոցում որպես ռազմագիտության ուսուցիչ։ 2019թ կրկին զինվորական էր․ պայմանագրով ծառայության անցավ Սյունիքի մարզի Նորավանի զորամասում։ Ծառայությանը զուգահեռ՝ վեցամսյա կրթություն է ստացել Վ, Սարգսյանի անվան ռազմականն համալսարանում և ստացել լեյտենանտի կոչում։ Մասնակցել է 2016 թ Ապրիլյան պատերազմին, արժանացել «մարտական ծառայություն» մեդալի։ Զորամասում դիպուկահար էր, իր մասնագիտությանը տիրապետում էր գերազանց։ 2020թ․ սեպտեմբերի 27-ին շտապեց Ջրական, որտեղին քաջածանոթ էր․․․
Մարտադաշտում մորաքրոջ տղայի՝ Արայիկ Սաֆյանի հետ էր, նրա ծառայակիցները հիշում են Վրեժի մարտակոչը՝ «Մեր մեջ հետ գնացող չպիտի լինի, ով հետ գնա՝ ամո՛թ․․․» Հոկտեմբերի 10-ին թշնամու ականանետի հարվածից զոհվում են Վրեժն ու մորաքրոջ որդին։ 2 տարի առաջ Ույծի դպրոցի տնօրեն Վ․ Ղազարյանը կարևորեց դասարանի անվանակոչությունը։ Հերոսի ոգով են դաստիարակվելու դպրոցի սաները։ Շնորհակալություն հայտնեց նախաձեռնողներից, բարերարներից, որ գեղեցիկ ու ամբողջովին կահավորված դասասենյակ ունեն, որտեղ մշտապես հերոսական ոգի է տիրելու։
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանը, ով ծնունդով Ույծից է և ներկա էր ցերեկույթին, աջակցել է նախաձեռնությանը, փառք տվեց Անմահ հերոսներին, շնորհակալություն հայտնեց հերոսի ծնողներին, որ նման զավակ են ծնել ու դաստիարակել, շնորհավորեց հերոսի ծննդյան օրվա և դասարանի անվանակոչության առթիվ։ «Վրեժն իմ ընկերն է, իմ համագյուղացին, նրա ու նրա նման եղբայրների, քույրերի մասին բոլորս ենք պարտավոր հիշել, արժևորել նրանց գործը և շարունակել այն, ինչը նրանք չհասցրին», -ասաց Կ․ Համբարձումյանը: Եղբոր հիշատակը վառ պահելու, նրա անվան դասարան բացելու առթիվ շնորհակալություն հայտնեց Արևիկ քույրը՝ սրբելով ելույթ ունեցող աշակերտուհիների աչքերը, ովքեր չէին կարող զսպել արցունքները։ Հանդիսավոր մասից հետո Վրեժի անվան դասարանի մուտքի ժապավենը կտրեցին հերոսի քույրն ու կրտսեր եղբայրը Մոնթեն։ Վրեժ Պողոսյանի անվան դասասենյակի մուտքի մոտ ցուցանակն է, կողքին առանձնացվել է նաև «Անմահները հրամայում են» խորագրով փառքի անկյուն՝ նվիրված Սիսիանի համայնքից 44-օրյա պատերազմում զոհված բոլոր հերոսներին: Դասասենյակի ներսի պատին հերոսի լուսանկարն է, նրա մասին պատմող իրեր, փաստաթղթեր, որոց կողքին պատվոպահակ են կանգնել նույն զորամասի զինվորները՝ Կնյազ Խլղաթյանը՝ Վեդիից, Հակոբ Երիցյանը՝ Արթիկից և Նարեկ Սարգսյանը՝ Ապարանից։ Նրանց հրամանատարներ Արտյոմ Ավետիսյանը և Գևորգ Մարտիրոսյանը լավ էին ճանաչում Վրեժին, ծառայել են մի զորամասում։
Խաղաղ ժամանակներում էլ աչքի է ընկել Վրեժը ծառայության ընթացքում իր նվիրումով, կարգապահությամբ, օրինակելի վարքով։ Քույրը՝ Արևիկը, ով մշտապես է անդրադառնում եղբոր ապրած տարիներին, ասում է․«Վրեժս փոքր եղբորը՝ Մոնթեին, իր լավ օրինակներով շատ էր դաստիարակում։ Երբեմն կոպիտ էր հետը խոսում, որ Մոնթեն ամուր պինդ լիներ իր նման։ Չնայած շատ էր սիրում ու չէր ուզում ոչ մի թթու խոսք ասեր»։ Իսկ եղբոր ծննդյան օրվա առթիվ գրել է․«Օրինակելի ՄԱՐԴ, սիրելի եղբայր, սիրելի զավակ, հարգարժան ընկեր և պարզապես մի մարդ կարևոր՝ ՎՐԵԺՍ։ Տվել ես մեզ անգին հիշողություններ, որոնց օրվա մեջ ամեն պահ ենք առնչվում։ Իմ անգին գանձ, թախիծով ես պատել մեր սրտերը։ Այն, հիմա ինչ զգում ու ապրում ենք, վեր է ամեն ինչից։ Այժմ ես ոնց շնորհավորեմ ծննդյանդ օրը, Վրեժս։ Ախր չեմ ուզում հայացքս վերև պարզեմ ու ասեմ այն ամենը, ինչ կասեի քեզ երբ գրկեի ու շնորհավորեի։ Ուզում եմ ամուր գրկեմ քեզ շատ ամուր։ Երանի կարդայիր տողերս ու կատարեիր երազանքս»։ Մեծ է 2020թ․ 44-օրյա պատերազմում մեր ժողովրդի կրած կորուստը՝ հազարավոր տղաներ։ Առավել ծանր է, որ նույն տղաների պաշտպանած հայրենիքի մեծ մասը, այդ թվում Քաշաթաղի շրջանը, մնաց թշնամու տիրապետության տակ։ Տարածքային ու մարդկային կորուստներ ունեցանք նաև պատերազմից հետո, ու դեռ պարզ չէ՝ վաղն ինչ է լինելու։ Վերջին նահատակ 4 հայորդիներից Երվանդ Թադևոսյանը, ում մարմինը դեռ չի հասել հարազատներին, նույնպես Քաշաթաղի շրջանի լավագույն երեխաներից էր, որ դարձավ զինվոր ու մնաց հավերժ 20-ամյա զինվոր։