Ավելացավ 4 Սուրբ անկյուն
Հայոց եռագույնները Եռաբլուրում տագնապով աղմկում էին։ Նորից այստեղ լսվեց համազարկ, հնչեց հայոց Օրհներգը։ հազարավոր լուռ հայացքների ներքո Մայր հողին էինք հանձնում 2 լուսավոր տղայի, ովքեր նահատակվեցին Արցախի սահմանը պաշտպանելիս ու միացան հազարավոր Անմահների լուսե բանակին։ Անհանդուրժող են դարձել Եռագույնները, հազարավոր տղաների հոգիները։
Պետք է վերջ ունենա այս ողբերգությունը, պետք է տեր կանգնենք մեր զինվորին, մեր հայրենիքին, Արցախին։ Երևի պատահական չէր, երբ հողով ծածկում էինք Անմահ հերոսներին, քամի բարձրացավ ու փոշին մեր գլխին տվեց/հող ու փոշին իմ գլխին, ինչպես ասում էին մեր մեծերը։ Հունիսի 28-ին լսեցինք հերթական չար լուրը․ «Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ»:
Չորս զոհ, հայոց 4 ընտանիք էլ այսուհետ իր տան անկյուններից մեկում պահելու է հայրենիքի համար նահատակվածի Սուրբ անկյունը։ Այնուհետև իմացանք՝ ովքեր են թշնամու սադրանքի հերթական զոհերը․ «Հունիսի 28-ին Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված ՊԲ զինծառայողներն են՝ Արմո Աբգարյանը, Սամվել Թորոսյանը, Երվանդ Թադևոսյանը, Գագիկ Բալայանը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»:
Ցավակցում ենք, կիսում կորստի ցավը, զորակից ենք ու նման արտահայտություններ։ Իսկ ինչպես ենք այս ու հետ փարատելու գիշեցի զինվորականներ 54-ամյա Արմո Աբգարյանի և 36-ամյա Գագիկ Բալայանի երեխաների կարոտը հայրիկների նկատմամբ։ Խաղաղ կյանքի համար գյուղատնտես հայրերն ստիպված էին զինվորագրվել Պաշտպանության բանակին և իրենց հայրենիքն էին պաշտպանում։ Ինչպես պատմել է Գիշիի գյուղական համայնքի ղեկավարը․ «Բազմազավակ ընտանիքի հայրեր են, ունեն անչափահաս երեխաներ․ Գագիկի 4 երեխաներն անչափահաս են, նա էլ զոհվածի որդի է, հայրն 90-ականներին էր զոհվել։ Արմոն էլ ունի 4 երեխա, երկուսը՝ անչափահաս։ Դժվար կյանք է ապրել. անցած տարի նրա երեխան հիվանդացել էր՝ նույնիսկ դրամահավաք էինք արել համայնքում, որպեսզի փրկենք փոքրիկի կյանքը։ Արմոյի որդին, հոր զոհվելու պահին, դիրքում՝ նրա մոտ է եղել»։ Գագիկին ու Արմոյին հուղարկավորել են հայրենի Գիշիում՝ որպես հավերժ սահմանապահ։
ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր/30. 06. 2023/ մասնակցել եմ 2023թ. հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի ահաբեկչական գործողության հետևանքով զոհված՝ Մարտունու շրջանի Գիշի համայնքի բնակիչներ Արմեն Աբգարյանի և Գագիկ Բալայանի հողարկավորությանը՝ Արցախի իշխանությունների ցավակցությունը փոխանցելով զոհվածների հարազատներին և Գիշեցիներին: …Ա. Աբգարյանի, Գ. Բալայանի, Ս. Թորոսյանի և Ե. Թադևոսյանի անձնազոհությունը չի մոռացվելու, իսկ նրանց ընտանիքները լինելու են պետության և հանրության հոգածության ու պաշտպանության ներքո»։ Օր առաջ՝ հունիսի 29-ին, Արցախի մայրաքաղաքի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում, հավարտ երեկոյան ժամերգության, Տեր Մատթեոս քահանա Դրավանցի ձեռամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ հունիսի 28-ի գիշերը ադրբեջանական սադրանքի հետևանքով նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։ Սամվել Տիգրանի Թորոսյանն/2002թ դեկտեմբեր/ ու Երվանդ Հովհաննեսի Թադևոսյանը ժամկետային զինծառայողներ էին՝ ընտամենը 20 տարեկան։ Ունեին երազանքներ, նպատակներ, հավատ՝ դեռևս շատ անելիք ունեն՝ հայրենի Արցախը շենացնելու համար։ Սամվել Տիգրանի Թորոսյանը ծնվել է Արցախի Հանրապետության մայրաքաղաքում 2003 թ․ դեկտեմբերի 8-ին։ Հաճախել է Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան թիվ 7 հիմնական դպրոցը։ Այնուհետև կրթությունը շարունակել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրում (քոլեջ)՝ քաղաքաշինական կադաստր որակավորմամբ։ Բանակ զորակոչվելուց առաջ ընդունվել էր Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի տնտեսագիտության և իրավագիտության ֆակուլտետ՝ տեղեկատվական համակարգեր մասնագիտությամբ։ Զորակոչվել է Ստեփանակերտի զինվորական կոմիսարիատից։ Ընտանիքը և հարազատները մշտապես բնակվում են Ստեփանակերտում։ Երվանդ Հովհաննեսի Թադևոսյանը ծնվել է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում 2003 թ․ մայիսի 27֊ին։ Հաճախել է Բերձորի Վ․ Զատիկյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը։
Հիմնական կրթությունն ավարտել է 2018 թվականին։ Զորակոչվել է Քաշաթաղի զինվորական կոմիսարիատից։ 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո Երվանդ Թադևոսյանի ընտանիքը՝ որպես բռնի տեղահանված ընտանիք, ապաստան է գտել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում՝ շարունակելով պահպանել Արցախի Հանրապետության քաղաքացիությունը։ Միջնակարգ կրթություն Երվանդն ստացավ Արարատի մարզի Այնթապ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Երվանդին ճանաչում եմ դեռ մանկուց, երբ հաճախում էր Բերձորի քաղաքային մանկապարտեզ։ Դպրոցում աչքի էր ընկնում իր կարգապահությամբ, լավ էր սովորում ու ընկերների, ուսուցիչների կողմից շատ էր սիրված։ Վերջին անգամ հանդիպեցինք 2021թ․ հունիսի 1-ին Երևանում՝ Թեքեյան կենտրոնում։ Բերձորի թիվ 1 և թիվ 2 դպրոցներիա 2021թ․ շրջանավարտների հանդիպում էր Քաշաթաղի շրջվարչակազմի կրթության համակարգի ներկայացուցիչների հետ։ Իր հետագա նաելիքների մասին պատմեց Երվանդը․ պատրաստվում էր ընդունվելու ՀՀ ԱԻ նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա՝ շարունակելու հոր մասնագիտությունը։ Ընդունվեց ու զորակոչվեց բանակ։ Սամվելի և Երվանդի ծնողները, հաշվի առնելով Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնի համազգային նշանակությունը, որոշել են իրենց զավակներին հուղարկավորել այդտեղ՝ որպես Հայրենիքի համար նահատակվածնր։ Արդեն երկար ժամանակ է՝ փակ է Արցախի ճանապարհը, և խնդիր էր դարձել նահատակ տղաների մարմինները Երևան տեղափոխելը։
Թշնամին պատճառաբանում է, որ նրանք հայաստանի հանրապետության քաղաքացի են։ Այնուամենայնիվ՝ հուլիսի 2-ին Սամվելին ու Երվանդին հերոսին վայել հուղարկավորեցինք Եռաբլուրում։ Ներկա էին ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչը, Օպերատիվ շտաբի պետը, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը, պաշտոնատար այլ անձինք, հարյուրավոր տեղահանված արցախցիներ, շատ էին քաշաթացիները։