20-ամյա պատմություն
Դեռևս 1968թ․ Խորհրդային փակ տերության պայմաններում մի խումբ հայ ազգային գործիչներ ստեղծեցին «Հանուն հայրենիքի» կազմակերպությունը և հրատարակեցին համանուն թերթի առաջին համարը, որի կարգախոսն էր «Իրուր խետ» /իրար հետ-միասին/։ Պարզ է՝ ազգային թերթը Խորհրդային Հայաստանում երկար չէր դիմանա։ Սակայն եկավ ժամանակը, և 2003թ․ վերստին վերահրատարակվեց «Հանուն հայրենիքի» թերթը։ 2023թ․ հուլիսի 2-ին «Բարձունք» հասարակական կազմակերպության դահլիճում նշվեց ազգային-գաղափարախոսական ամսաթերթի հրատարակման 20-ամյակը։
Ներկա էին արվեստի, մշակույթի, ազգային գործիչներ, հյուրեր։ Ցերեկույթի բացումն սկսվեց «Արորդիների ուխտ»-ի օրհներգ դարձած «Վահագնի ծնունդը» երգով, որը կատարեց քուրմ Վարուժանը։ «Հանուն հայրենիքի» ՀԿ նախագահ Ներսես Ներսիսյանը հանդես եկավ բացման խոսքով՝ ներկայացնելով թերթի անցած ուղին։ Կարևորեց թերթի դերը ազգային գաղափարախոսության գործում․ «Այն եզակի պարբերականներից է, որի հայրենաշունչ էջերում երիտասարդ սերնդին է ներկայացվում ազգանվեր մարդկանց գործերը, հերոսների սխրանքները, հայ նշանավոր զորավարների մասին դրվագներ, հետաքրքիր նյութեր հայ ժողովրդի հերոսական անցյալից ու ներկայից, այդ թվում Արցախի ներկա ողբերգական իրավիճակից»։
Ընթացքում ազգագրական, ռազմահայրենասիրական երգ ու պարերով երգերով ներկաներին ոգևորեցին «Մարաթուկ» ժողովրդական երգի-պարի համույթի արտիստները։ Խոսք ասացին նախկին ԽՍՀՄ քաղբանտարկյալներ Սուրեն Մելիքյանը, Պարույր Հայրիկյանը, Վարդան Հարությունյանը, Հայ Մշակութային ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանը, Հայկ Իսկանդարյանը։ Հայկական ատոմային էլեկրրակայանի նախկին տնօրեն Սուրեն Ազատյանը նույնպես բարձր գնահատեց «Հանուն հայրենիքի» թերթի դերը, անդրադարձավ ատոմակայանի կարևորությանը։ Իր կողմից մեդալ հանձնեց Ն․ Ներսիսյանին։ Հանդիսավոր մասից հետո գուսանական երգերի կատարումով հանդես եկավ երգչուհի Աշուղ Աստղանուշը:
Թերթի վերահրատարակման 20 ամյակի առթիվ խմբագրական խորհրդի անդամ Սամվել Հովսեփյանը գրել է․ «Ահա և «Հանուն հայրենիքի» ամսաթերթի վերահրատարակումից անցավ առաջին 20 տարին։ Այդ ժամանակահատվածում նա այդպես էլ մնաց հավատարիմ Թումանյանի, Նժդեհի և 1968թ․ «Հանուն հայրենիքի» ամսագրի հիմնադիրների գաղափարներին, այսինքն՝ պահպանեց ազգայինը՝ առանց ավելորդ ցուցադրականության, առանց շոուի պճնանքի։ Ուեմն՝ «Հիրուր խետ», ինչպես պատգամել է անդրանիկ համարի նշանաբանը»։ Ընթացքում եղավ նաև հյուրասիրություն։ Ներկաների մաղթանքն է՝ «Հանուն հայրենիքի» թերթը գործի հարատև։ Երգիչ Արսեն Համբարյանը գրում է 20 տարի է՝ «Հանուն հայրենիքի» թերթն անշեղորեն լուսաբանում ու բարձրացնում է Հայոց պատմությունը։