Հերոսն ամենուր է
Հուլիսի 3-ին Վարդան Ստեփանյանի հիշատակի օրն է
‹‹Մանկուց է հոշոտվել իմ հոգին, հայ ասելով ես հասկանում եմ Եղեռն, Պայքար, Տառապանք ու Վերակենդանացում։ Ազատության համար պայքարը սուրբ գործ է, երնեկ նրան, ով Մասիսը տուն կբերի››։
Դուշման Վարդան․ համալսարանի ընդունելույթան քննությունից մի տող
Վարդան Ստեփանյանը ծնվել է 1966 թվականի մարտի 9-ին, Երևանում։ Մայրը Երևանի Նուրբ բրդյա գործվածքեղենի կոմբինատի արհմիութենական գրադարանի վարիչն էր։ Մայր ու որդի օրվա մեծ մասն այնտեղ էին անցկացնում։ Դեռևս դպրոցական տարիներից գիտեր 20-րդ դարասկզբին ազգի գլխին եկած Մեծ Եղեռնի, գերված հողերի, պապերի տեղահան եղած դառը ճակատագրի մասին։ 1973–1983թթ. սովորել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 դպրոցում և ավարտել և գերազանց գնահատականներով։ 1983թ. դիմել է զինկոմիսարիատ, որ իրեն ուղարկեն Աֆղանստան՝ դեսանտային զորամաս։ Այն մասին, թե ինչն է պատճառը նման որոշման կայացման Վարդանը նշել է. ‹‹Դարավոր թշնամի ունենք, սակայն զինվորական չունենք։ Ամաչում եմ ազգիս զավակների փոխարեն։ Գնում են, դառնում շինարար կամ հնոցապան››։
1984թ. մեկնել է Աֆղանստան ծառայելու և կռվելու։ 1986թ. վերադարձել Աֆղանստանից՝ հերոսացած։ 1986թ-ին ընդունվեց Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Արցախյան շարժման սկզբին՝ 1988-ի փետրվարին, երևանի պետական համալսարանի շատ ուսանողներ առաջին օրվանից դարձան ցուցարար ու ակտիվիստ։ Տարբեր ֆակուլտետների ուսանողներով շուտով ծանոթացանք, ընկերացանք․ բոլորս մի նպատակ ունեինք՝ Արցախը միավորել Մայր հայրենիքին։ ԵՊՀ ուսանողության դերն առավել դարձավ 88-ի մայիսի 25-ից հետո, երբ տեղի ունեցավ ուսանողական նստացույցը։ Այս օրերին ծանոթացանք իրավաբանական ֆակուլտետի ուսանող, Աղֆանստանի պատերազմն անցած Վարդան Ստեփանյանի հետ։ Նույն օրերին սկսվեց կազմավորվել աղֆանցիների խումբը։ Գնալով պարզվում էր՝ մեր նպատակի կատարումը զենքով է լինելու։ Այդպես էլ եղավ, ու հազարավոր տղաներ դարձան ազգի զինվորը։ Վարդան Ստեփանյանի՝ Դուշմանի անունը շուտով հայտնի դարձավ։ Կազմակերպված ջոկատի մարտիկ ու հարմանատար, գաղափարի զինվոր ու մտավորական։ Նույն ջոկատի կազմում էին ուսանողական նստացույցի ժամանակ ծանոթ դարձած տղաներից, ովքեր այլ կերպ էին նկարագրում Վարդանին։ Պատերազմը երկարաձգվում էր, Վարդանը 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Աշոտ Ղուլյանի (Բեկոր Աշոտ) հրամանատարությամբ գործող «Դաշնակցություն» ջոկատի կազմում մասնակցում է Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրման մարտերին։ Այնուհետև իր հրամանատարությամբ գործող ջոկատով մասնակցում է Արցախի վտանգված տարածքների ազատագրական ու պաշտպանական մարտերին։ Շուշի մտած ստորաբաժանումների մեջ առաջիններից էր Բեկոր Աշոտի գլխավորած 1-ին դաշնակցական վաշտը, որի մեջ մտնում էր նաև Դուշման Վարդանի գլխավորած խումբը։ Շուշիի, Լաչինի ազատագրումը Վարդանի համար դարձան Հայող զորական ուխի հաղթական վկայություն։ Իրականացավ հերոսի երազանքը՝ Արցախից տուն վերադառնալ Շուշի-Լաչին ճանապարհով։ Բացվեց կյանքի ճանապարհը, սակայն պատերազմը դեռ առջևում էր, և դեռ անելիքներ շատ ուներ նաև Վարդանը։ Հաղթական շատ մարտերից հետո 1992 թվականի հուլիսի 3-ին, Արցախի Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում, նահատակվեց հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկը՝ Դուշման Վարդանը՝ մարտական ընկերների՝ Երոի (Արմեն Երիցյան) և Արայիկի (Արա Ավագյան) հետ։ Շատ հերոսներ, այդ թվում նաև Վարդանը, մահից հետո էլ մնացին որպես ուսուցիչ զինվորի համար, դարձան կերպար երիտասարդների, պատանիների համարար։ Այսօր ամենուր են Վարդանը, մնացած մարտիրոսները։ Հայոց դպրոցներում են, զրամասերում, թանգարաններում․․․։ Վարդանի երազանքն էր՝ իր և իր մարտական ընկերների հերոսության շնորհիվ ազատագրված Շուշիում տուն ունենալ, ընտանիք կազմել, շենացնել Հայոց մշակույթի ավերված մայրաքաղաքը։ Բայց ընկավ հերոսը․․․, 2019թ․ մայիսին Շուշիում՝ կանաչ ժամի հարևանությամբ գտնվող նորակառույց բնակելի շենքում բացվեց հերոսի թանգարանը։ Արցախի Նախագահի կողմից Վարդանի մորը հատկացվել է երկսենյականոց բնակարան, որն էլ վերածվել է հերոսի տուն-թանգարանի: Վարդանի մարտական ընկեր Արմեն Էբակյանի հրավերով ներկա եղա միջոցառմանը, որին, ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու(ՀԱԵ) Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, հոգևորականներ, հերոսի ընտանիքի անդամները՝ Զարուհի մայրը, Արմինե քույրը, եղբայրը, հարազատներ, ուսանողական ու մարտական ընկերները, ինչպես նաև՝ Արցախի Հանրապետության կառավարության անդամներ։ Հերոսի մասին հուշեր պատմեցին նրա մարտական ընկերները՝ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը, Արցախի ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը(Ագո): Ա. Ղարամյանը, ներկաներին շնորհավորելով տուն-թանգարանի բացման առթիվ, ասաց.
–Մենք երբ միասին ենք, հայ ժողովրդի համար չկա ոչ մի արգելք: Այսօր իրականացավ Վարդանի 27 տարվա երազանքը՝ Շուշիում, որի ազատագրման գործում ակնառու է նրա ներդրումը, ունեցավ տուն, որը, ցավոք, դարձավ թանգարան: -Այնուհետև Ա. Ղարամյանը պատմեց, ինչպես 1992թ. մայիսի 11-ին Դուշմանի խումբը Էջմիածինի ջոկատի հետ շարժվեց Շուշիից հարավ գտնվող Զարիսլու գյուղի ուղղությամբ՝ պաշտպանելու դեպի Լաչին ու Գորիս տանող կարևոր նշանակության ավտոճանապարհը։
Արկադի Կարապետյանը տեղեկացրեց, որ Վարդանի հետ ծանոթացել է Արցախյան շարժման սկզբում: Կարևորեց նաև Դուշմանի դերը Հայոց բանակի կազմավորման գործում՝ նշելով՝ Լեոնիդ Ազգալդյանն ու Վարդանը նորակոչիկների հետ էին աշխատում: Շատ բարդ էր Արցախ մեկնող նորակոչիկների գործը։ Վարդանը ոգեշնչում էր պատանի զինվորներին, սպաներին։
Վարդանի քույրը՝ Արմինեն, շնորհակալություն հայտնելով, որ կայացավ եղբոր երազանքը, ասաց. «Վստահ եմ, եղբայրս այժմ այստեղ է, ներկա է այս արարողությանը: Ես նրա ներկայությունը միշտ եմ զգում»: Դուշմանի մայրը՝ տիկին Զարուհին իր խոսքում ասաց․ «Ուսանող որդիս 88-ին դարձավ Արցախյան շարժման առաջամարտիկներից և ազատագրական բանակի զինվոր ու հրամանատար: Մեր ընտանիքով դարձանք նրա զինվորը՝ սատարելով բազում հարցերում: Երազանքն էր՝ տեսնել ազատագրված Շուշին ու տեսավ, բայց հետո իր արյամբ սնեց Արցախի հողը»: Տոն էր այդ օրը շուշիում, համերգով հանդես եկան «Կարին» համույթը՝ Գագիկ Գինոսյանի գլխավորությումբ, շուշեցի դպրոցականներ, այլ խմբեր։
Շուշիում Դուշման Վարդանի անունով փողոց կա: Խ. Աբովյանի անվ. միջն. դպրոցում դասարան է անվանակոչված ի հիշատակ հերոսի: 2009 թվականի հուլիսի 3-ին Արցախի Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղում, այնտեղ, որտեղ զոհվել էր Վարդանը, կանգնեցվեց նոր հուշարձան։ Վարդան Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է ‹‹Մարտական խաչ›› 1-ին աստիճանի շքանշանով, ‹‹Շուշիի ազատագրման›› մեդալով։ Այսօր անհանգիստ է Դուշման Վարդանի հոգին։ 2020թ․ 44-օրյա պատերազմում պարտվեցինք անկազմակերպ լինելու պատճառով։ Շուշիում՝ Վարդանի տուն-թանգարանում դարձյալ թուրքն է նստած։ Թշնամուն հանձնեցինք նրա ու բազում հերոսների կողմից ազատագրած Շուշին ու Լաչինը, Արցախի կյանքի ճանապարհը։ Դարձյալ շրջափակման մեջ է Արցախ աշխարհը, որի մեծ մասը գերված է թշնամու կողմից։ Իսկ Վարդանի ու հազարավոր նահատկների հոգիներն սպասում են նոր հաղթանակի, որ իրենք հանգիստ գտնեն․․․

