Image

Ջիվան Աբրահամյան

ՀՀ Ազգային Բանակի կազմակերպիչներից, ռազմական գործիչ, Հայաստանի ազգային հերոս (1996 թ., հետմահու), արմատներով Զովունի գյուղից է Ջիվանը: Ծնվել է 1961թ. հուլիսի 6-ին Երևանում, սովորել է թիվ 111 դպրոցում, որն այժմ կրում է իր անունը։ Հատուկ գնդի գումարտակի հրամանատար Ջիվան Աբրահամյանը դեռևս 1988-ի փետրվարից զինվորագրվեց անկախության գործընթացին` սկզբում գործուն մասնակցություն է ունեցել Արարատի, Կապանի, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի, Նոյեմբերյանի, Վայքի, Տավուշի և ԼՂՀ Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Այնուհետև, մտնելով Հատուկ գնդի հրամանատարական կազմ, որի խնդիրը պատերազմական ամենաթեժ կետերում ռազմական վճռական գործողություններ իրականացնելն էր ՀՀ սահմաններում և Արցախում: Ջիվանը բանակային Աֆղանստանանի պատերազմի մասնակից էր՝ խիզախության համար ,Արիությունե մեդալով պարգևատրված։ Ռազմական բարձր գիտելիքներ և պատերազմական մարտեր վարելու փորձը փոխանցում էր իր մարտիկներին: Նա ընդունակ էր համարձակ որոշումներ ընդունել, երբեք չերկնչել գերակշիռ ուժի դեմ և չնահանջել, պայքարել մինչև վերջ, ինչը և սերմանում էր վաշտի մարտիկների մեջ: Նրա զինընկերներն առանձնանում էին նաև պետական բարձր մտածողությամբ` ոչ մի անձնական շահ ծառայությունում, փաստորեն զինծառայության նման մոտեցմամբ` Ջիվանը դնում էր կանոնավոր բանակ ստեղծելու հիմքերը: Բազում մարտական գործողություններ իրականացրած` Ջիվանի վճռորոշ մարտերը կապվեցին Արցախի Շահումյանի շրջանի պաշտպանության հետ: 1991-ի ամռանը գորբորովյան հերթական որոշմամբ` Շահումյանը տրվեց Ադրբեջանին, որը նշանակում էր` Գետաշենի և Բերդաձորի նման նրան ևս սպառնում էր հայաթափ լինելու ճակատագիրը: Որոշումն իրականացնելու համար կատարվեցին առաջին դավաճանական գործողությունները` շրջանում անջատվեց էլեկտրականությունը, կապի միջոցները, դրվեցին զինվորական ստուգման անցակետեր, որով շրջանը, մեկուսացվելով Հայաստանից ու Արցախից, ընկավ կրկնակի շրջափակման մեջ:

Պաշտպանության միակ կապը Մռավի անտառաշատ փեշերն էին, որոնք ճեղքելով` ուղղաթիռներն այստեղ էին հասցնում ռազմամթերք, սնունդ, զինվորներին: Այդ ուղղաթիռներից մեկով այստեղ եկավ նաև Ջիվանը, մարտական ընկերներով և տեղի հրամանատարության հետ ձեռնամուխ եղավ Բոզլուխ, Մանաշիդ և Էրքեջ գյուղերի պաշտպանությանը: Անձնագրային ռեժիմ անցակացնելու պատրվակով` ազերիների ՕՄՈՆԸ, խորհրդային զինվորներին միացած, արդեն խուզարկել և ծաղրուծանակի էր ենթարկել Բոզլուխի ու Մանաշիդի բնակչությանը, իսկ Էրքեջ չէր համարձակվում մտնել` վախենալով անտառապատ եզրերից հնարավոր հարձակումներից: Հայ պաշտպանական կողմը որոշում  ընդունեց` թույլ չտալ գրավել գյուղն անպատիժ կերպով: Ջիվանի առաջարկն էր սա. թեկուզ թվով ու ռազմատեխնիակյով զիջող, բայց մի կետում պետք է վճռական հակահարված տալ, որ ազերիներն զգան մեր ուժը:  Այդ հակահարվածը թշնամին ստացավ  Էրքեջի մոտ, երբ զրահամեքենաներից ու ականանետերից կրակ թափելով, խորհրդային զինվորներին միացած մոտենում էր գրահով, իսկ հանդիպելով կազմակերպված դիմադրության` խուճապահար ետ շպրտվեց:

Այնուհետև Ջիվանը կազմակերպեց օղակված գյուղից դուրս գալու և Շամփրապտուկի բարձունքը փակելու ռազմագործողությունը, որը հնարավոր էր դարձնում հայկական գյուղերը կապող խաչուղիներ ստեղծելը: Բարձունքը գրավելու համար թշնամին հարձակման անցավ քառապատկված ռազմատեխնիկայով: Այստեղ այլևս խիզախությունն ու քաջությունը բավարար չէին, մարտն ընդունելը` անիմաստ: Սակայն Ջիվանը, ընկերների հետ որոշեց` ընդունել մարտը. թեկուզ և նահատակվեին` դա կլիներ գիտակցված նահատակություն, հայ տարածքները պահելու, մահով զիջելու փաստ: Կռվում էին նռնակներով և ոչնչացրին 3 զրահամեքենա, 4-րդը չհասցրին… Զոհվեցին Ջիվանը, նրա մարտական ընկերները 1991 թ. հուլիսի 20-ին Շահումյանի շրջանի Վերինշեն ավանի պաշտպանության ժամանակ, իսկ թշնամին չկարողացավ մտնել Վերինշեն: 1996թ-ի սեպտեմբերի 20-ի ՀՀ նախագահի հրամանագրով` պաշտպանության գործում մատուցած համաազգային նշանակության բացառիկ ծառայությունների համար Հատուկ գնդի գումարտակի հրամանատար, կապիտան Ջիվան Աբրահամյանին հետմահու շնորհվեց «Հայաստանի ազգային հերոս» կոչումը:Նրա աճյունը հանգչում է Եռաբլուր պանթեոնում:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։