Image

Վաղվա զինվորները

«44 օրյա պատերազմի հերոսական դրվագները ևս ապացույց էին, որ սերունդն հայրենասեր է, իսկ ապագա զինվորին ռազմական գիտելիքներն ու մարտական դաստիարակությունը պարտադիր պետք է»,- Արթուր Ստեփանյան․ 2016թ․ Ապրիլյան քառօրյայի Անմահ հերոս Մերուժան Ստեփանյանի հայր։

2016թ Ապրիլյան քառօրյա և Արցախյան 2020թ․ 44-օրյա պատերազմների մասնակից ու Հայոց բանակի հզորացմամբ, հայրենիքի պաշտպանությամբ մտահոգ զինվորականներ, այլ անհատներ 2020թ․ վերջերին, 2021-ի սկզբներին ու հետագայում ստեղծեցին տարբեր ռազմամարզական, ռազմակրթական, ռազմահայրենասիրական կառույցներ, որոնցից է «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցը։ Մասնագիտությամբ զինվորական Սամսոն Մուրադյանը նույնպես մասնակցել է այս պատերազմներին, զգացել 44-օրյայի սխալներն ու խնդիրները և հիմնել այս դպրոցը։ Մի քանի անգամ եղել է առիթ՝ ներկա լինելու տարբեր միջոցառումների, որոնց մասնակից են եղել նաև «Ապագա զինվոր»-ի սաները՝ իրենց ղեկավարի գլխավորությամբ ու աչքի ընկել։ Ամառային այս օրերին էլ դպրոցը գործում է և կատարում 7-17 տարեկան տղաների ու աղջիկների ընդունելություն։ Դպրոցում մեր պատանիներն ուսումնասիրում ու սովորում են հրաձգություն, մարտարվեստ, թշնամու լեզու, առաջին բուժօգնություն, մորզե, ռազմական պար։ Հուլիսի 8-ին ներկա եղա «Ապագա զինվոր»-ի սաների մարզումներին, որը վարում էին ռազմական մասնագետները։

Հիմնականում մարտարվեստ ու հրաձգություն էին պարապում պատանիներն այդ օրը, սովորում՝ ինչպես օգտագործել ինքնաձիգը, ինչպես պատսպարվել ու մարտն ընդունել։ Զրուցում եմ ամենափոքրերի հետ։ 8-ամյա Դրաստամատ Կանայանը փոխադրվել է 3-րդ դասարան։ Կարևորում է պարապմունքները և սիրով է հաճախում մարզումներին։ Դպրոցն ավարտելուց հետո ինժեներ է դառնալու։ Մեծն Դրոյի ազգակիցն է։ Առաջին դասարանցի, 7-ամյա Նարեկ Հովհաննիսյանը նոր է ընդունվել այդ դպրոց, շարունակելու է հաճախել․ իսկ հանրակրթական դպրոցն ավարտելուց հետո զինվորական է դառնալու։ 8–ամյա Արեգ Օհանյանը, ով ցանկանում է հրշեջ-փրկարար դառնալ, Հայկ Քաչարյանը՝ ոստիկան, նույնպես սիրով են հաճախում մարզումներին։ Ասացին՝ կդիմանան դժվարություններին։ Դավիթ Լոլիկյանը սովորում է Երևանի թիվ 121 հիմնական դպրոցի 2-րդ դասարանում։ Զինվորականի որդի է, գիտի՝ պարտադիր է լինել ծանոթ ռազմական գործին։ Դպրոցի հիմնադիր ու տնօրեն, փոխգնդապետ Ս․ Մուրադյանը տեղեկացրեց՝ այժմ դպրոց հաճախում են 53 երեխա, որից 10-ը՝ աղջիկներ։ Սիրով ներկայացրեց իր սաներից 11-ամյան Նարեկ Մուրադյանին, ով հրանոթի փոքր տարբերակ է հորինել։

Նարեկն ու ընկերները ցույց տվեցին հրանոթը, ներկայացրեցին՝ ինչպես է աշխատում։ Հիմնականում Երևանի բնակիչներ են «Ապագա զինվորի»-ի սաները։ Այս օրերին նոր երեխաներ են դիմում՝ ամառային դպրոցի և հուլիսի 23-30-ին Սևանում կազմակերպվող ճամբարին մասնակցելու համար։ Դպրոցի ավագ սաներից 17-ամյա Ռազմիկ Նազարյանն Արտաշատից է։ Արդեն փորձառու է Ռազմիկը և մարզումներին մասնակցում է մշտապես։ Նրա տարեկից Էմմանուել Ստեփանյանը բարձր գնահատականներով սովորում է Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի 12-րդ դասարանում։ Հաստատ որոշել է՝ ռազմական օդաչու է դառնալու։ Աղջիկներից 20-ամյա Ինգան դպրոցի հիմնական սաներից չէ, որոշել է զորակոչվել բանակ, և այդ պատճառով գալիս է մարզումների։ Երևանի թիվ 104 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի, 12-ամյա Ռիտա Կարապետյանը լավ է սովորում հանրակրթական դպրոցում, այստեղ էլ ձգտում է լավ տիրապետել ռազմական գործին։ Ասաց՝ ցանկանում է դառնալ զինվորական և հատկապես՝ հետախույզ։ Նույն ծրագրով է «Ապագա զինվոր» դպրոց հաճախում նաև 10-րդ դասարանի աշակերտուհի Գոհարը, ով դպրոցում հատկապես հայոց լեզու և գրականություն առարկաներն է լավ սովորում։ 9-րդ դասարանցի Եվա Չրաղյանը ցանկանում է դիպուկահար դառնալ։ Դպրոցի սաներից է նաև Կոմանդոսի թոռը՝ Հովհաննեսը, ով նույնպես սիրով է հաճախում մարզումներին։

Զինվորական հրահանգիչները սիրով ու նվիրումով են աշխատում երեխաների հետ։ Երկրի պաշտպանությունն ու ազատագրումն է «Ապագա զինվոր»-ի հիմնական նպատակը, և «Գալու է այդ ժամանակը, երբ իրական հաղթանակն այս սերունդի շնորհիվ կնվաճենք, և Արցախ աշխարհը կրկին կլուսավորվի» կարգախոսով է գործում այս ռազմահայրենասիրական կառույցը:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։