Մայրամուտին՝ Եռաբլուրում
«Քաջերի յարութիւնն է մահը»:
Գարեգին ՆԺԴԵՀ
Եռաբլուրում՝ Հայոց ամենասրբավայրում, Արցախյան բոլոր պատերազմների մարտիրոս-նահատկ տղաների շարքում է նաև բերձորցի Ժորան, ով հուլիսի 9-ին կդառնար 23 տարեկան։ Արցախյան 44-օրյա կործանարար պատերազմում Քաշաթաղի շրջանից զոհված 70-ից ավելի կամավոր ու պահեստազորային, աշխարհազորային ու ժամկետային զինվորների լուսե շարքում է նաև Ժորա Սարգսի Սարգսյանը՝ ծնված 2000թ․ Երևանում։
Նույն տարի նրանց ընտանիքը տեղափոխվեց Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաք, և Ժորան Բերձորում մեծացավ, իր հայրենիքը Քաշաթաղը դարձավ։ 12 տարի սովորեց Բերձորի Վահան Թեքեյանի անվ․ թիվ 1 միջնակարգ դպրոցում։ 2019-ին, ստանալով միջնակարգ կրթություն, հուլիսի 15-ին մեկնեց Հայոց բանակ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքից։ Չհասցրեց որևէ կրթական հաստատություն ընդունվեր։ Լավ ֆուտբոլ էր խաղում։ Նույն դպրոցի և Բերձորի քաղաքային թիմի անդամ էր և միշտ աչքի էր ընկնում իր լավ խաղով, անպայման խփած գոլով։ Հաճախ էի ներկա լինում ֆուտբոլի շրջանային մրցումներին, ու գրեթե միշտ օրվա խաղի լավագույն ֆուտբոլիստը Ժորան էր։ Որոշել էր ծառայությունն ավարտելուց հետո մտածել արհեստավարժ ֆուտբոլիստ դառնալու մասին։ Սակայն առավել կարևոր էր նրա մարդկային դրական հատկությունը, որի պատճառով բոլորն էին սիրում Ժորային, ովքեր ճանաչում էին նրան, հարգում, ընդունում հարազատի պես։ Արձակուրդի օրերին էլ հիմնական զբաղմունքն ընկերների հետ ֆուտբոլ խաղալն էր, համադասարանցիների հետ օրն անցկացնելը։
Ծառայում էր Հադրութում։ Մինչ պատերազմը՝ անցել էր ուսումնական դասընթացներ, ստացել սերժանտի կոչում, պատերազմն սկսվելուց օր առաջ արդեն ավագ սերժանտ էր, մարտական հենակետի ավագ․ գիտեր անելիքը, պարտավորությունը, որ պատասխանատու է նաև իր ջոկի զինակիցների համար։ Պատերազմի սկսվելուց օրեր առաջ տուն էր եկել։ Մարտական ընկերների համար հուսալի զինակից էր։ Ասում են՝ զինակիցների հետ զրուցելիս կարևորում էր Հայոց հողի պաշտպանությունը, կորցրած հայրենիքի վերադարձը։ 2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազի առաջին պահին իրենց դիրքերում ժամկետային զինծառայողներն էին։ Հավատում էինք՝ հաղթելու ենք, հավատում էինք՝ մեր զինվորները թույլ չեն տա՝ թշնամին մտնի Հայոց երկիր։ Հավատում էինք բերձորցի մեր զինվորներին։ Բերձորի զինկոմիսարիատում բոլոր տարիներին գրեթե բոլոր զորակոչերին եմ ներկա եղել, լուսաբանել, զրուցել զինվորացու տղաների հետ, և բոլորն էին վստահ մեկնել։ Ու այդպես եղավ՝ կռվեցին տղաներն անձնուրաց, այդ թվում նաև՝ Ժորան, ով առաջին օրվանից արդեն մարտադաշտում էր, իր զինակիցների հետ հայրենիքն էր անձնուրաց պաշտպանում։ Պատերազմի նախորդ օրն էր դիրքերից իջել, բայց նորից հենակետում էր։ Շատ անվախ էր․ պատմում են՝ բոլորին ոգևորում էր, հումորներ էր անում զինվորներին ուրախացնելու համար, ու ոչ մի կերպ չէր ընկճվում։ Մարտերց մեկում այրվածք էր ստացել դեմքի հատվածում, բայց մինչև վերջ մնացել մարտական դիրքում։ 2020-ի հոկտեմբերի 23-ին դաժան մարտեր էին ընթանում նաև Ժորայի ջոկի պաշտպանական տարածքում։ Կռվում էին տղաները, Ժորան ոգևորում էր ընկերներին, մարտնչում հերոսաբար։
Վերջին կռիվը տվեց քաջորդին ու մարտիրոսվեց՝ մնալով բոլորի համար սիրելի, մնալով ընդամենը 20 տարեկան, 4 ամսեկան։ Քաջորդու ծննդյան արդեն երկնային տարեդարձը 3-րդ անգամ Եռաբլուրում մայրամուտին նշեցին հարազատներն ու բարեկամները, մտերիմները, համադասարանցիները, ընկերները՝ տորթով ու փուչիկներով, ծաղիկներով ու հպարտ-տխրությամբ։ Ծաղիկներ խոնարհվեցին ու խնկարկվեց Ժարայի շիրմի վրա։ Իհարկե՝ Ժորայի շիրմաքարը միշտ է ծածկված թարմ ծաղիկներով, սակայն ծննդյանօրն այլ է։ Իսկ Եռաբլուրում շատ են սևազգեստ մայրեր ու քույրեր, կանայնք ու դուստրեր, հայր ու եղբայրներ։ Եվ բոլորի երազանքն է՝ ապրենք խաղաղ երկնքի տակ։ Մայրամուտին Եռաբլուրում միայն քամին է միշտ իր տարերքի մեջ, ու նրա ուժից փողփողում էին բազում Եռագույններ՝ ազդարարելով՝ Տղերքի հոգիներն անհանգիստ են․․․