Թատերախաղ՝ տուն դառնալու հավատով
Կռո'ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս․․․
Արցախյան 44-օրյա ավերիչ ու կործանարար պատերազմի ընթացքում թշնամու տիրապետության տակ անցավ նաև Հադրութի շրջանն ամբողջությամբ։ Տեղահանված հադրութցիների մեծ մասը բնակվում է Երևանում ու մոտակա տարածքներում։ Հայրենակիցների հետ մշտապես կապ հաստատելու, մշտապես միասին մնալու, հայրենի եզերքը չմոռանալու, սովորույթներն ու բարբառը, ավանդույթները և այլն պահպանելու նպատակով հիմնադրվեց «Դիզակ ԱՐՏ» մշակութային, երիտասարդական/ՄԵ/ կենտրոնը՝ Երազիկ Հայրիյանի, Լիաննա Պետրոսյանի և Գայանե Բուդաղյանի համատեղ աշխատանքի արդյունքում։
Կենտրոնն ստեղծման սկզբից կարևորեց հատկապես տեղահանված արցախցիների մանկապատանեկան հասակի բնակիչների հետ աշխատանքը։ Եվ կենտրոնում գործում են երաժշտական, կերպարվեստի, պարարվեստի, թատերարվեստի, կիրառական և շախմատի խմբեր։ Վերջերս Երևանի Դերասանի տան դահլիճում Արցախի բարբառի Հադրութի խոսվածքով հանդես եկան «Դիզակ ԱՐՏ» ՄԵ կենտրոնի թատերախմբի շնորհաշատ սաները՝ «Ես շուռ եմ տալիս աշխարհը» ներկայացման առաջնախաղով։ Ընկերոջս՝ Գորիսի պետական համալսարանի դասախոս, բ․գ․դ․ Մհեր Քումունցի հետ ներկա եղանք ներկայացմանը և վերջում դուրս եկանք հուզված ու տխուր, ինչ-որ տեղ նաև մեղավոր մեր հրաշալի երեխաների առջև, որ ավագներս չպահեցինք մեր տունը՝ Արցախ աշխարհը, որ գերության մեջ մնացին Հադրութն ու Շուշին, Քաշաթաղն ու Քարվաճառը, Թլիշն ու Ավետարանոցը․․․, որ մեր շանորհաշատ երեխաները մեզ դաս տվեցին։ Ներկայացման հիմքում ընկած էին Լեռ Կամսարի «Վերջնական Հայաստանը» և «Քարտեզի առջև» ստեղծագործությունները։ Սակայն առավել երևելի ու հուզիչ, տխուր էին դերասան-երեխաների անձնական պատմությունները։ Օրինակ՝ երեխաներից մեկը չի կարողացել բերել Հադրութի տանը թողած դեղին հեծանիվը, մյուսը՝ իր տիկնիկը, երրորդը՝ պապի սարքած փոքր աթոռը։ Տղաներից մեկը մեծ կարոտով է հիշում իր փափլիկ ճագարներին, որոնց հետ ընկերացել էր, ու նման ցավալի այլ իրողություններ։ Բեմական արվեստի երիտասարդ ուսուցչուհի Սրբուհի Բաբայանը նույնպես Հադրութից է։ Աշխատելով պատանի դերասանների հետ՝ կարողացել էր բեմականացնել մի գործ, որը, ինչքան էլ մեղադրող ասեմ, տխուր ու ցավալի, այնուամենայնիվ հույսով լի էր, հավատ էր ներշնչում՝ մի օր նույն երեխաները տուն են գնալու։ Սրբուհու ասելով՝ հանաձայն չէ՝ երեխաներին պետք է զերծ պահել պատերազմ հիշեցնող ամեն ինչից, որ իրենց ներկայությամբ չպետք է խոսել պատերազմի մասին։ Ընդհակառակը՝ երեխաների հետ շփումների առաջին պահից հասկացել է՝ երեխաները խոսելու կարիք ունեն։
«Դիզակ ԱՐՏ»-ի ներկայացուցիչների ասելով՝ «Ես շուռ եմ տալիս աշխարհը» ներկայացումը ճանապարհորդություն է դեպի տուն՝ Արցախ։ Հադրութեցի մանուկ-դերասաններն օգտագործեցին տարբեր գեղարվեստական միջոցներ՝ պատմելու իրենց տները լքելու, վախին ու անորոշությանը դիմակայելու, հայրենիքի համար պայքարի ու Արցախ վերադառնալու նվիրական երազանքների մասին։ Բեմում՝ աշխարհի քարտեզի առջև, պատանի-դերասանները համատեղում էին թատերական խաղն ու երաժշտությունը, աշխարհագրական գիտելիքները, հույզերը, հիշողությունները և մեկ տխուր երանգով, մեկ ծիծաղկոտ, մեկ լուրջ ու ներկայացնում էին հանդիսատեսին։ Ներկայացումից հետո Ս․ Բաբայանը լրագրողներին ասաց․ «Մտավարժանքներ էինք անում, երեխաները մտովի հասնում էին Հադրութ՝ ամեն մեկն իր տուն, իր սենյակ, երեխաներն այդ մտավարժանքն ուզում էին անել ամեն դասին, որ գոնե մտովի կարողանան տեղափոխվել Արցախ, գոնե այդպես կարոտն առնեն։ Երեխաները պատմում էին իրենց ապրումների մասին, լաց լինում, հետո վայրկյան անց այնպես պահում իրենց, կարծեք՝ իրենք չէին պատմողները, իրենցը չէին այդ պատմությունները։ Հասկացա, որ պիտի հնարավորություն տամ երեխաներին պատմել իրենց հիշողությունների մասին հանդիսատեսին՝ ոչ թե հուզելու համար, այլ հատկապես ցույց տալու՝ ինչպես են կարողանում տխուր ապրումները վերապրել՝ հումորով, դրական տրամադրվածությամբ։ Այս ներկայացումը բեմադրելիս նպատակ ունեի նաև միջնորդ դառնալ երեխաների ու ծնողների միջև, երեխաները հաճախ ամաչում են պատմել իրենց ապրումների մասին, ծնողները հնարավորություն չունեն ծանոթանալու իրենց երեխաների հույզերին։ Ներկայացման ամբողջ ընթացքում իմ առջև նստած տղամարդը լաց էր լինում, իսկ Արցախի տղամարդիկ խիստ հազվադեպ են իրենց էմոցիաներն արտահայտում»։ Իսկապես՝ նայում էի ներկաներին, ինչպես էին արձագանքում երեխաների ցանկացած խոսքին ու խաղին, շարժմանը։ Բեմականացումը կայացավ ՀՀ-ում ԱՀ Կառավարության օպերատիվ շտաբի և «Արդշինբանկ» ՓԲԸ-ի աջակցությամբ։ Ներկա էին ՀՀ-ում ԱՀ Կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը, աշխատակիցներ․ ծնողներ, հյուրեր։ Նույն երեխաների տարբեր ելույթների հաճախ եմ ներկա եղել, միշտ էլ հանդես են եկել անկաշկանդ, համոզիչ։ Սակայն այս անգամ այլ էր։ Մհերի հետ քայլում էինք Երևանի Մեսրոպ Մաշտոցի պողոտայով ու խոսում հադրութեցի երեխաների կարոտից։
Նույն կարոտով են հազարավոր նման երխաներ նաև Քաշաթաղից, Քարվաճառից, Շուշիից։ Օրեր առաջ Աբովյան քաղաքի Հայ-ռուսական թանգարանում կազմակերպվել էր Արցախի մատմաճարտարապետական հուշարձանների իմ հեղինակած լուսանկարների և դստերս՝ Անահիտի գեղանկարների/հիմնականում՝ Արցախ/ ցուցահանդեսը։ Ներկաների մեջ էր նաև շուշեցի մի աղջնակ, ով տեսնելով ցուցասրահի դաշնամուրը, լաց եղավ ու մորն ասաց՝ Շուշիում թողած իմ դաշնամուրը հիշեցի․․․ Այսօր շրջափակված է Արացախի մնացած փոքր հատվածը՝ 120000 բնակչով, որոնց կեսը գրեթե երեխաներ են՝ զրկված տարրական պայմաններից։ Իսկ մեր գործը միայն խոսելը չպետք է լինի, պետք է ազգովի մտածենք Արցախը վերստին ազատագրելու մասին։