Image

Հայը

Կապ չունի՝ ինչ կասեն ամերիկյան (ԱՄՆ), ռուսաստանյան, եվրոպական ու չգիտեմ էլ ինչական առանձին գործիչներ հօգուտ Արցախի, որովհետեւ այս առանձին գործիչների ասածը չի համապատասխանում իրենց պետությունների քաղաքականության հետ։

Եվ կապ չունի՝ ո՛ր պետության կամ կենտրոնների «քավորությամբ» է Արցախը մտցվում Ադրբեջանի կազմ։

Իրականում գուցե (կամ՝ հաստատ) կապ ունեն, եթե խնդրին նայենք իրապես պետական, քաղաքական գործչի, լրագրողի․․․ աչքերով (որեւէ պետության կամ կենտրոնի կողմից չազդված՝ ֆինանսով կամ առանց ֆինանսի)։ Բայց այդ կապը դառնում է զրոյական, եթե նայողի աչքերը շարքային հայ մարդու աչքեր են։

Շարքային իրապես հայ մարդու մասին է խոսքը, որ ծնվել, ապրում եւ արարում է իր հայրենիքի այս հատվածում (Արցախի Հանրապետություն եւ Հայաստանի Հանրապետություն), աշխարհի վեր ու վարին անտեղյակ է, սիրում է այն հողը, որի հետ ամբողջ օրը զրուցում է, պաշտում է այն արեւը, որ ամեն օր ծագում է հենց իր հողի վրա ու սպասում այն անձրեւին, որ հենց իր հողը ջրելու համար է թափվում։ Սիրում է քաղաքային իր բակը, որտեղ ամեն օր կարող է հարեւաններին բարի լույս ու բարի գիշեր մաղթել, խանութում վաճառողի որպիսությունը հարցնել, բակերում արդեն հազվադեպ խաղացող երեխաներին պաղպաղակ հյուրասիրել, գյուղացուց մթերք գնել, վերավաճառողից՝ նույնպես՝ թեկուզ թանկ, որովհետեւ նա էլ է տուն պահում։ Սիրում է ամեն ինչ ու ամեն ոքի՝ լավ ու վատ բարեկամներին, հանդարտ ու կռվարար հարեւաններին, մոռացված հարազատներին, իր երկիրը, սարերը, ջրերը։ Ամեն ինչ՝ լավ ու վատով, որովհետեւ իրենն է։ Սիրում է ու չի էլ հասկանում՝ ինչու է այդքան սիրում։

Ա՛յս մարդու աչքերով նայենք։ Նա կարդում կամ լսում է, որ Բրյուսելում քննարկվում է Արցախի հարցը, Վաշինգտոնում ինչ-որ բան է որոշվում, Մոսկվան քայլ է անում։ Բոլորը Արցախից են խոսում, բայց ոչ հանուն Արցախի։ Գրողի ծոցը կորչեն քննարկողները, որոշողները, քայլ անողները։  Արցախն իր երկրի մի մասն է, բա երկրի մյուս մասը՝ Հայաստա՞նն ինչ է ասում։ Պարզվում է՝ Հայաստանն էլ է Արցախից խոսում, բայց ոչ հանուն Արցախի։ Ա՜յ քեզ բան, ինչպե՞ս, ինչու՞։ Տունը որ հրդեհվում է, ծնողը նետվում է բոլոր երեխաներին փրկելու, չի մտածում՝ ով է պետք, ով՝ ոչ։

Ա՛յս մարդու աչքերով նայենք, որ խելագարվում է՝ հասկանալով, որ իր պես մարդիկ այլ բան են ուզում, բայց իր պես մարդկանց գլխին ղեկավարներ կարգվածները՝ այլ։ Է՜հ, հայ չե՞ն, բայց ազգանունները «յան»-ով է, մի երեխային իբր ուզում են կրակից փրկել, մյուս երեխային կրակի բերանը տալո՞վ։ Չե՞ն հասկանում, որ կրակից փրկվածը վաղը  կրակի բերան ուղարկվածի վրեժն է լուծելու։

Ա՛յս մարդու աչքերով նայենք։ Ա՛յս մարդիկ կան։ Ա՛յս մարդիկ, որ ամեն օր հարցնում են, թե եթե թուրքը կրակում է Արցախի ու Հայաստանի վրա, հապա մե՞նք ինչու չենք կրակում։ Թե թուրքը կրակում է մեր հողի աշխատավորի վրա, մե՞նք ինչու ենք թողնում, որ նրանք գյուղատնտեսական աշխատանքներ անեն։ Մեր զինվորին գլխատում են, մե՞նք ինչու ենք նրանց զինվորին բուժում։ Մեր կանանց մասնատում են, մե՞նք ինչու ենք նրանց կանանց հարգանքով վերաբերում։ Մեր գերիներին ստորացնում են, մե՞նք ինչու ենք նրանց գերիներին առոք-փառոք հետ տալիս։ Որովհետեւ մենք հայ ենք, իրենք՝ թու՞րք։ Բայց թուրքը թշնամի է, թշնամու հետ սիրախաղի իմաստը ո՞րն է, նա քո սիրերգի կարիքը չունի, դու նրա համար լավագույն դեպքում՝ բռնաբարության, իսկ ընդհանրապես սպանվելու օբյեկտ ես։ Թշնամին էլ կարող է արժանավոր լինել, պատերազմի ու խաղի օրենքներ հարգել, բայց մեր բախտը թշնամու հարցում էլ չի բերել։ Մեր թշնամին հավերժական է՝ մշտապես անազնիվ, արնախում, հրոսակ։ Արնախումի հետ գինի չեն խմում, արյուն է խմվելու․ կամ՝ քոնը, կամ՝ նրանը։

Ա՛յս մարդու աչքերով նայենք։ Ա՛յս հայ մարդու, որի մտածողությունը պարզ է, բայց պարզունակ չէ։ Ա՛յս մարդը կա, ա՛յս մարդիկ կան։ Եվ վաղը նրանք առաջինը պատժելու են հենց այն «յան»-երին, որոնք իրականում իրենց բոլոր երեխաներին հրո ճարակն են նետել՝ արնախումների հետ գինի խմելը գերադասելով։

Ա՛յս մարդու աչքերով նայենք։ Իսկ «յան»-երը ա՛յս մարդու աչքերին կնայեն․․․

Լուսանկարը՝ հեղինակի, 2000թ․ սեւ-սպիտակ ժապավենով ու «Զենիթով» արված, երբ չէի վախենում սարերում մոլորվելուց՝ մտածելով, թե գուցե գիշերը այս բարձունքը տվել են ու կհայտնվեմ թշնամու ձեռքում։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։