Ավարտեցին մանկապարտեզը
Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոցը /տնօրեն՝ Վիոլետտա Բեջանյան/ գործում է Դավիթաշենի վարչական շրջանի 4-րդ թաղամասում։ Այս կրթօջախն ունի հարմարավետ մարզադաշտ, որտեղ մշտապես մարզվում են մեր երեխաները։ Հաճախ այստեղ կայանում են նաև տոնական միջոցառումներ։ Հուլիսի 21-ին մարզադաշտում, վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանի նախաձեռնությամբ, կայացավ Դավիթաշենում գործող 4 մսուր-մանկապարտեզների ավարտական խմբերի սաների հանդեսը։ Յուրաքանչյուր մանկապարտեզ ուներ իր գույնը՝ դեղին, կանաչ, կապույտ, վարդագույն․․․
Փոքրիկները հանդես եկան գեղարվեստական համարներով՝ միասին ու անհատական։ Հանդեսին մասնակցում էին նաև մուլտ-հերոսներ, ովքեր իրենց ելույթներով ավելի ուրախ էին դարձնում մանուկների ավարտական օրը։ Տոնական ցերեկույթին ներկա էին Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը, Դավիթաշենի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը՝ ղեկավար Ռ․ Համբարձումյանի գլխավորությամբ, ծնողներ, հյուրեր, վարչական շրջանում գործող մսուր-մանկապարտեզների, հանրակրթական ու մարզամշակութային դպրոցների տնօրեններ, ներկայացուցիչներ։ Նույն երեխաները շուտով դառնալու են հանրակրթական դպրոցների առաջին դասարանցիները, և տնօրեննեը ներկա եղան իրենց ապագա սաների հանդեսին։
Թիվ 199 դպրոցի հարևանությամբ է գործում Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցը, որի տնօրեն Անուշ Նավասարդյանը հավատացած է՝ լավ սաներ է ունենալու։ Մանուկների ելույթից հետո վարչական շրջանի ղեկավար Ռ․ Համբարձումյանը ողջունեց ներկաներին, շնորհավորեց մանկապարտեզն ավարտելու առթիվ։ «Շնորհակալություն եմ հայտնում մեր մանկավարժներին, մեր մանկապարտեզների բոլոր աշխատակիցներին։ Այսօրվա գլխավոր հերոսներն այս փոքրիկներն են, ձեր սաները, ովքեր ոտք են դնելու գիտելիքների աշխարհ՝ նոր ու մեծ կյանք։ Եվ ինչու չէ, հենց նրանք են ապագայում շենացնելու մեր երկիրը։ Շնորհակալ եմ, ձեզ բարի երթ, փոքրիկներ ջան․․․», -խոսքն ավարտեց Ռ․ Համբարձումյանը։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մ․ Խաչատրյանն իր ելույթում նույնպես շնորհավորեց փոքրիկներին մանկապարտեզն ավարտելու և շուտով դպրոց հաճախելու առթիվ։ «Շատ ուրախ եմ՝ գտնվելու Դավիթաշենում՝ այս գեղեցիկ մարզադաշտում կայացած դեղեցիկ միջոցառմանը։
Հիմնականում մանկավարժության հետ առնչություն ունեցողները հատկապես կհասկանան՝ ինչ է նշանակում հարյուրավոր երեխաների հետ համատեղ և այսպիսի գծած ու բովանդակային միջոցառում իրականացնելը։ Շնորհավորում եմ մեր ծնողներին թերևս փոքրիկ, բայց մարդու կյանքի զարգացման, մտավոր, առողջական, հոգևոր կարևոր փուլն այսպիսի գեղեցկությամբ ու հաջողությամբ անցնելու համար։ Իհարկե՝ մանկապարտեզում անցկացրած 2-3 տարիները երեխաների համար երջանիկ ու անհոգ տարիներ են, սակայն ոտք են դնելու արդեն 12-ամյա կրթական համակարգ, որի համար շնորհավորում եմ ու մաղթում հաջողություններ», -ասաց Մ․ Խաչատրյանը՝ շնորհակալություն հայտնելով մանկապարտեզների տնօրեններին, աշխատակիցներին, վարչական շրջանի ղեկավարությանը։ Ելույթներից հետո փոքրիկները լուսանկարվեցին վարչական շրջանի ղեկավարի, Կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Մարիամ Մկրտչյանի, իրենց դաստիարակների ու տնօրենների, ծնողների հետ։
Դժվարանում էին բաժանվել իրարից։ Ամեն դեպքում կայնքն առջևում է, բարի երթ մեր հրաշք-երեխաներին, ովքեր, հավատում եմ, առավել են շենացնելու մեր երկիրը։