Ծնվել է Ստեփանակերտում
Քաշաթաղի շրջանի կայացման մասին բազում անգամ եմ գրել, ու մեծ սիրով եմ անդրադարձել հատկապես շրջանը շենացնողներին։ 44-օրյա պատերազմից հետո թշնամուն թողեցինք նաև Քաշաթաղի ողջ շրջանը։ Մինչև 2022թ․ վերջը գործում էր շրջանային «Մերան» պաշտոնաթերթը, որի գլխավոր խմբագիրն էի։ Վերջին տարիներին դարձյալ շատ եմ անդրադարձել քաշաթաղցիների խնդիրներին։
Օր առաջ իմ ֆեսբուքյան էջին գրել է նախկին քաշաթաղցի Զարուհի Պողոսյանը, ով մինչև 2020թ․ նոյեմբերի վերջը Գողթանիկում բնակվող Սերգեյ և Էմիլյա Պողոսյանների 15 զավակներից է։ Ուրախությամբ գրում է․ «Մայրիկս ոգևորությունից ուզում էր Ձեզ զանգահարել ու ասել, որ այսօր/հուլիսի 27-ին/ լույս աշխարհ է եկել իր և լուսահոգի ամուսնու 43-րդ թոռնիկը, որ այդ մասին անպայման գրեք։ Նորածինը եղել է հայրիկի կողմից շա~տ սպասված։ Ափսոս, որ հայրս չհասցրեց տեսնել ու գրկել նրան»։ 1996թ․ սեպտեմբերից բնակություն հաստատեցի Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում՝ աշխատանքի անցնելով շրջվարչակազմի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության/ԿՄՍԵ/ բաժնում որպես առաջատար մասնագետ հումանիտար առարկաների գծով։ Սկզբնական շրջանում, մինչև 1997թ․ գարունը, բնակարան չունեի․ բնակվում էի ընկերներիս՝ Վոլոդյա-Արին Գալստյանի և Ռոբերտ Մատինյանի տներում։
Երբ ունեցա բնակելի տուն, ընտանիքս նույնպես տեղափոխեցի Բերձոր։ Հիշում են այդ օրը, երբ Երևանի Դավիթաշեն թաղամասից կնոջս և 2 դուստրերիս հետ նստեցինք վարորդ Տիգրանի/եթե չեմ սխալվում կանաչ գույնի/ ԿՎԶ ավտոբուսը։ Այստեղից ուղևորվեցինք դեպի Աշտարակ քաղաք։ Քաշաթաղի շրջանի Գողթանիկի գյուղական համայնքի առաջին ղեկավար Անահիտ Դանիելյանը ծանոթացրեց բազմազավակ հայր Սերգեյ Պողոսյանի հետ, ով իր ընտանիքով նույնպես պետք է վերաբնակվեր Քաշաթաղի շրջանում՝ Գողթանիկ գյուղում։ Սերգեյն ու կինը՝ Էմիլյան, հրաժեշտ տվեցին Աշտարակի իրենց տանը և տարբեր տարիքի մոտ 10 երեխաների հետ բարձրացան ավտոբուս։ Մտածում էի՝ այսքան մանուկների հետ դժվար կլինի 10 ժամից ավելի ճանապարհ անցնել։ Սակայն սխալվեցի․ թվում էր՝ ավտոբուսում երեխաներ չկային։ 7 ամսեկան դուստրս՝ Անահիտն էր մեկ-մեկ լաց լինում կամ ինչ-որ բան պահանջում։ 2-ամյա դուստրս՝ Վարսենիկը, ծանոթացել էր իր տարեկիցների հետ։ Զրուցում էին, խաղում իրենց խաղալիքներով։ Գիշեր էր ու անձրև, որ հասանք Բերձոր՝ արդեն բարեկամացած։ Մենք իջանք մեր տուն, որը գտնվում էր քաղաքի հյուսիսային կողմում՝ դժվարանց ճանապարհ ունեցող ձորակում։ Տիգրանը շարունակեց ճանապարհը դեպի Գողթանիկ՝ տանելով Սերգեյի ընտանիքը։
Հետագայում, արդեն աշխատանքային բերումով, հաճախ էի այցելում շրջանի տարբեր բնակավայրեր, նաև՝ Գողթանիկ։ Ժամանակ ու հնարավորություն ունենալու դեպքում անպայման այցելում էի Պողոսյանների ընտանիքին։ Զարմանալի ու հրաշալի երեխաներ էին մեծանում այս ընտանիքում։ Բազմազավակ ընտանիքներ էլի կային Քաշաթաղի շրջանում, սակայն այլ էր Սերգեյ Պողոսյանի դեպքում։ Գողթանիկում նույնպես զավակներ ունեցան։ Ընդհանուր 8 դուստր և 7 որդի ունի Սերգեյ Պողոսյանը։ 15 զավակների հիմնական մասը մնաց Քաշաթաղի շրջանում՝ կազմելով ընտանիքներ, զբաղվելով տարածքի շենացմամբ։
Տարբեր մասնագիտություններ ընտրեցին Պողոսյանները՝ ուսուցիչներ, զինվորականներ և այլն։ Մինչև Արցախյան 44-օրյա պատերազմը, նրա զավակներից Գուրգեն որդին աշխատում էր Ղազարապատի միջնակարգ դպրոցում որպես զինղեկ, դուստրերից Զարուհին՝ նույն դպրոցում՝ դասվար։ Մյուս որդին Հակոբը, Գողթանիկի գյուղական համայնքի ղեկավարն էր։ Կրտսեր որդին՝ Արցախը, ով ծնվել էր Քաշաթաղի շրջանում և անվանակոչվել ի պատիվ Քաշաթաղի բուժմիավորման գլխավոր բժիշկ Արցախ Բունիաթյանի, դպրոցական տարիներին լավ ասմունքում էր, սակայն դարձավ զինվորական։ Արցախի սահմանները հաճախ էին վտանգվում, և Քաշաթաղի շրջանից շատ կամավորներ էին հասնում առաջնագիծ։ Նույն կամավորների շարքում էին մշտապես Սերգեյի բոլոր որդիները։ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Սերգեյին պարգևատրեց ամենագնաց մեքենայով՝ բազմազավակ լինելու և երկրին մատուցած ծառայությունների համար։ Շենանում էր Գողթանիկը, շենանում նաև ի շնորհիվ Սերգեյ Պողոսյանի ու նրա զավակների։ Սակայն եղավ 44-օրյա պատերազմը, Սերգեյի որդիները դարձյալ առաջնագծում էին, պաշտպանում հայրենի երկիրը։ Գուրգենը, ով քաշաթաղցիներով կազմավորված կամավորական ջոկատի հրամանատար էր, ծանր վիրավորվեց հենց բուն Քաշաթաղը պաշտպանելիս։ Նշեմ՝ Քաշաթաղի ներկայիս շրջանի հյուսիսային տարածքը թշնամին չկարողացավ գրավել՝ չնայած բազում փորձերի։
2020թ․ նոյեմբերի վերջին Սերգեյի ընտանիքը նույնպես հեռացավ հայրենի Քաշաթաղից։ Եթե 1996-ին նա Գողթանիկ եկավ միայն զավակների հետ, այս անգամ այստեղից հեռացավ արդեն զավակների ու թոռների, նաև ծոռների հետ։ Հեռացավ մեծ ցավով, ու սիրտը չդիմացավ։ Կնոջ ու Արցախ որդու ընտանիքի հետ բնակվում էին Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում՝ Սիփան գյուղում՝ վարձով։ Այստեղ էլ 2021թ․նոյեմբերի 29-ին կնքեց իր մահկանացուն Սերգեյ Պաղոսյանը։ Որդիները տեղավորվեցին տարբեր բնակավայրերում։ Այժմ 2 որդիները բնակվում են Արցախում, ծառայում ՊԲ-ում։ Մյուս որդին ծառայում է ՀՀ զինված ուժերում։
Զարուհին տեղեկացնում է նաև․ «Հուլիսի 27-ին Ստեփանակերտում, չնայած ծանր պայմաններին, ծնվել է Հարություն եղբորս և Ելենա հարսիս դուստրը՝ Նարեն։ Մի քիչ մայրիկի վիճակն է անբավարար․ «Կեսսարյան հատում»-ով է լույս աշխարհ եկել փոքրիկը։ Դե այդ պայմաններում երևի նորմալ է։ Ամուսինը ծառայության մեջ է եղել, հարևանուհին է շտապօգնություն կանչել»։ Հավելում է նաև` այժմ նրա ծնողները՝ երջանկահիշատակ հայրը և 67-ամյա մայրը՝ Էմիլյան, ունեն 6 ծոռ։