Ռազմամարզական ճամբարը Սևանի ափին
Հուլիսի 1-ից Սևանա լճի ափին «Նվիրյալներ» ռազմամարզական հասարակական կազմակերպության կողմից կազմակերպել է հերթական ուսումնամարզական ամառային ճամբարը, որին մասնակից են լինում ՀՀ-ում գործող մանկապատանեկան ու երիտասարդական տարբեր կազմակերպություններ։ Անցած տարիներին նույն ճամբար են հաճախել նաև արցախցի երեխաներ, սակայն այժմ դա հնարավոր չէ, պարզ պատճառով։ Հուլիսի 27-ին ներկա եղա ճամբարի առօրյային։ Այստեղ մի քանի զինվորական վրաններ են ու ճամբարին անհրաժեշտ այլ միջոցներ։ Տարբեր տարիքի տասնյակ պատանիներ ու աղջիկներ գործում էին ճամբարային ծրագրով։
«Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցի հիմնադիր ու ղեկավար, փոխգնդապետ Սամսոն Մուրադյանը ծանոթացրեց «Նվիրյալներ» ռազմահայրենասիրական կազմակերպության/ՌՀԿ/ նախագահ Արման Գրիգորյանի հետ։ Ոգևորված պատմում է իր իսկ կողմից հիմնադրած կառույցի մասին։ «Նվիրյալներ» ՀՀԿ ստեղծվել է 2019 թվականին։ Այս տարիների ընթացքում կարևոր աշխատանք է իրականացրել ու շարունակում է պատանի սերնդին ավելի հայրենասեր ու բանիմաց դաստիարակության գործում, որ կարողանանք աջակցել Հայոց բանակին։ Պատրաստում ենք զորակոչիկներ՝ նրանց հետ անցկացնելով հատուկ պատրաստության դասընթացներ։ Մեր նպատակն է նաև, որ մեր հանրապետության ողջ տարածքից ճամբար հաճախեն տարբեր կառույցների աշխատակիցների, զինվորականների, անապահով ընտանիքների երեխաներ, որ նրանց հետ ևս անցկացնենք զինվորական դասընթացներ ողջ օրակարգով», -ասաց Ա․ Գրիգորյանը և տեղեկացրեց․ «Ճամբարն ընդունել է արդեն չորրորդ հերթափոխը` 7 տարբեր խմբերի 170 հոգանոց անձնակազմով, ունենք նաև մեկ հերթափոխ»։ Հավելեց՝ իրենց սաները բանակ զորակոչվում են արդեն պատրաստի զինվոր, ու պատահական չէ, որ զորակոչվածները շուտով կոչումներ են ստանում։ Կարևորեց նաև մի հանգամանք, որ ողջ հայությունը պետք է օգնի, սատարի «Նվիրյալներ»-ի գործունեությանը, որ կարողանան ռազմամարզական դաստիարակություն տալ մեր սերունդներին։ «Մենք թշնամություն չենք սերմանում հարևանների, այլ ազգերի նկատմամբ, սակայն գտնվում ենք մի տարածքում, որ ունենք թշնամիներ, և պետք է կարողանանք դիմակայել։ Իսկ դրա համար պետք է միավորվենք», -ասաց Ա․ Գրիրորյանը։ Երևանից, Էջմիծնից, Տավուշից, Գեղարքունիքից և այլ վայրերից են պատանի ճամբարականները։
Գոհ է աշխատանքներից մի քանի հարյուր հայ երիտասարդ են այս ընթացքում մասնակցել ճամբարին, որի հիմնական նպատակն է՝ թեկուզ կարճ ժամանակով, դպրոցահասակ երեխաներին ծանոթացնել ռազմական գործին, սովորեցնել զենք օգտագործելը, առաջին բուժօգնություն, տեղանքում կողմնորոշվելը և այլն։ Շնորհակալություն հայտնեց այն հայրենասեր ու բարեխիղճ քաղաքացիներին, ովքեր ցուցաբերում են իրենց աջակցությունը` ճամբարի գործունեությանը։ Նշեց նաև՝ մշտապես համագործակցել են Սևանի տարածքային ոստիկանության, Փրկարար ծառայության, բուժմիավորման, ինչպես նաև ՀՀ Պաշտպանության ու ԿԳՄՍ նախարարությունների հետ։ Հուլիսի 23-ից ճամբարին մասնակցում է նաև Արցախյան 44-օրյա պատերազմից հետո հիմնադրված «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցը՝ հիմնադիր-ղեկավար Սամսոն Մուրադյանի գլխավորությամբ։ Այս կառույցը գործում է Երևանում, ունի 50-ից ավելի սան՝ 7-17 տարեկան տղաներ ու աղջիկներ։ Ճամբարին մասնակցում են գրեթե բոլորը, ինչպես նաև ամառային դպրոց ընդգրկված պատանիներ։ Ս․ Մուրադյանը կարևորեց ճամբարի դերը, որ կայանում է Սևանա լճի ափին՝ բնության գրկում, և կա հնարավորություն առավել լավ մարզելու իր սաներին։ Շնորհակալություն հայտնեց «Նվիրյալներ»-ի ղեկավար Ա․ Գրիգորյանին այս ճամբարները կազմակերպելու ու իրենց ընդունելու համար։ Նշեց՝ այստեղ գրեթե զինվորական կարգով են անցնում օրերը։ Կարևորեց, որ պետական հոգածություն ու աջակցություն ավելի շատ պետք է լինի։
Զրուցում եմ ապագա զինվորների հետ, որոնց կազմում նաև աղջիկներ են։ Գոհ են բոլորը, նաև նրանք, ովքեր չեն մասնակցում դպրոցի հիմնական դասընթացներին, սակայն ճամբարում են ու միասին են գործում։ Բոլորն էլ պատրաստ են երկրորդ անգամ էլ գալ ճամբար և վարել զինվորականին վայել կյանք։ Էջնիածնի տարածաշրջանի Արշալույս գյուղից 4 պատանիներ, որ զինված էին ուսումնական ինքնաձիգներով, ուրախությամբ են ներկայանում, պատմում իրենց առօրյայի մասին։ Սևանա լճի ափ են եկել նաև Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի սահմանամերձ բնակավայրերի Օլիմպիական թաեքվոնդոյի սաները՝ միջազգային «Սև գոտի» երկրորդ կարգի մարզիչ Սասուն Եգանյանի ղեկավարությամբ։ Կողբ գյուղից է Ս․ Եգանյանը, ով տեղեկացրեց՝ ընդհանուր ունեն մոտ 200 սան՝ մարզի Նոյեմբերյան, Կողբ, Բաղանիս, Ոսկեպար, Ոսկևան, Կոթի և մարզկենտրոն Իջևան բնակավայրերից։ Շնորհակալություն հայտնեց ճամբարի կազմակերպիչներից հրավերի և ամենակարևորը՝ օրերը հագեցած անցկացնելու համար։
Օրվա ընթացքում ճամբարի պատանի զինվորները հանդես եկան տարբեր մարզումներով, որոնք հիմնականում առնչվում էին զինվորական կյանքին։ Ցուցադրական ելույթներով հանդես եկան տավուշցի թաեքվոնդոյիստները։ Ուրախալի էր, որ տղաներին հավասար էին նաև աղջիկները՝ արհեստավարժ ներկայացնելով մարտարվեստի այս տեսակի վարժանքները, մարտերը։ «Ապագա զինվոր»-ի սաները հանդես եկան՝ ներկայացնելով ռազմական տեսարաններ, հատկապես տագնապի ժամանակ գործելու և երևակայական թշնամուն դիմակայելու ունակություններ։ Այս խմբում էլ դարձյալ աղջիկները հետ չմնացին տղաներից։ Առավել գեղեցիկ էին երևում զինվորական սաղավարտով, զրահաբաճկոնով։
Ընթացքում զինվորական հրահանգիչները նշում էին թերությունները, նորից կրկնել տալիս մարտը։ Կազմակերպվեց նաև «Շրջանաձև պաշտպանություն»։ Հրահանգիչը բացատրեց՝ որն է դրա խնդիրն ու նպատակը, ինչպես գործել այդ հրամանի ժամանակ և այլն։ Էջմիածինից պատանի զինվորականները նույնպես հանդես եկան՝ ինչպես օգտագործել ինքնաձիգը, այլ զինատեսակներ։ Կեսօրին ճամբարականները մասնակից եղան ուղտագնացության դեպի Սևանա թերակղզու եկեղեցիներ, նավակով շրջեցին Սևանա լճի այդ հատվածում։
Զոհրաբ Ըռքոյան