Ապրենք և ապրեցնենք
«Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Խաչատուր Մարոզյանի նախաձեռնութկյամբ՝ Երևանում՝ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի դահլիճում, տեղի ունեցավ «Ապրեցնելով ապրենք» խորագիրը կրող ցերեկույթ։ Ներկա էին տարբեր երկրներից Երևան ժամանած, սակայն միմյանց չճանաչող գիտնականներ, հասարակական և մշակութային գործիչներ, ազատամարտի վետերաններ, հերոսածին մայրեր, լրագրողներ, այլ հյուրեր։
Բացման խոսքով հանդես եկավ Խ․ Մարոզյանը՝ ներկայացնելով իր ղեկավարած կառույցի գործունեության մասին։ «Մեր նպատակները չեն փոխվել, մենք գնում ենք ազգային գաղափարաբանության հիմք կազմող` ապրեցնելով ապրելու և ազգային արժեքների շուրջ հասարակության կոնսոլիդացման ճանապարհով, որով միայն հնարավոր կլինի ստեղծել ուժեղ և բարեկեցիկ Հայրենիք, որտեղ մարդը կապրի ստեղծագործական կյանքով, կճանաչի ինքն իրեն, իր տեղը կգտնի հասարակության մեջ», -ասաց Խ․ Մարոզյանը։ Բուլղարահայ գիտնական, հոգեբան Մոնիկա Բալայանը ողջունեց ներկաներին, կարևորեց հայ ազգի դերը մարդկության պատմության մեջ։ Մեր ազգի ներկա վիճակում առաջնային համարեց հասարակության տարբեր հատվածների և շերտերի կոնսոլիդացումը։ Ասաց․ «Չնայելով ոչ մի բանի, պետք է աշխատել մնալ հասարակության ակտիվ անդամ, մշտապես արարել, որպեսզի չճահճանալ, միշտ տալ, չասել՝ չկա, չունեմ...»։
Դիմելով Հերոսածին մայրերին՝ ասաց՝ լինելով միասին, կլինեն նաև ուժեղ, կբուժեն միմյանց։ Ռուսաստանում է բնակվում հասարակական-ազգային գործիչ Գերման Լալայանը, ով մեր ազգի ներկա վիճակի հետ կապված վերջերս հրատարակել է «Արարատի սիմվոլը» վերնագրով մի աշխատություն։ Անդրադարձավ մեր երկրում տիրող ներկա լարված և օրեցօր էլ ավելի լարվող հարաբերություններին։ Ասաց․ «Ունևորների և չունևորների երկբևեռ աշխարհն այլևս զարգացման որևէ հեռանկար չունի, այն այլևս չի դիմանա միայն փողին ծառայող ունևոր խավի եսասիրական պահանջմունքներին։ Ուստի անհրաժեշտ է աշխարհաքաղաքական կյանք ներմուծել երրորդ` հոգևոր գործոնը, ավելացնել Հայկական բևեռը, որը կգա հավասարակշռելու մարդկության խաթարված կյանքը, կփրկի քաղաքակրթությունը վերջնական կործանումից»։ «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ պատվավոր անդամ, պահեստազորի գեներալ-մայոր Գրիշա Գրիգորյանը շնորհակալական խոսք հղեց մասնակիցներին և հանդիպման նախաձեռնողներին, նման կարևոր թեմայով հանդիպում կազմակերպելու, մշտապես նահատակ տղաների հարազատներին զորակցելու համար։
Ելույթներից հետո «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ նախագահը տեղեկացրեց՝ հանդիպմանը պետք է ներկա լիներ նաև ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, երգահան Ռոբերտ Ամիրխանյանը, ով իրենց կառույցի կողմից արժանացել է «Հայը» հուշամեդալի, սակայն առողջական խնդիրներ է ունեցել։ «Հայը» հուշամեդալի արժանացավ նաև Մոնիկա Բալայանը։ Կառույցի հետ համագործակցելու, օժանդակելու համար պատվոգրի արժանացան նաև մի շարք մտավորականներ, նաև՝ գեներալ-մայոր Գրիշա Գրիգորյանը։ Ցերեկույթին ներկա էր բազմազավակ մայր, ում որդին՝ պատանի տաղանդավոր դուդուկահար Արամ Վարդանյանը, հանդես եկավ ժողովրդական երաժշտությամբ ու արժանացավ պատվոգրի։ Իր բախտակից մայրերին ոգևորող խոսքով դիմեց 44-օրյայի ժամանակ «Մարտունի 2»-ում նահատակված ժամկետային զինծառայող Խորեն Արամի Հաջաթյանի մայրը՝ Ասյա Սահակյանը։ Ցերեկույթի վերջում զրուցեցի հերոսածին մայրերի հետ։ Արմինե Կարապետյանի որդին՝ սերժանտ Սերժ Սերգեյի Հակոբքյեխվյանը ծնվել է 2000թ․ սեպտեմբերի 29-ին, Երևանում, մասնակցել է 44-օրյային և հերոսաբար նահատակվել Հադրութում։ Մայրն ասաց՝ որդին նահատակվել է հոկտեմբերի 1-ին՝ փրկելով մարտական ընկերոջ կյանքը։ Հասմիկ Գևորգյանն ասաց՝ իր որդին՝ Սամվել Գևորգյանը, ծնվել է 27.04.1999թ․ ապրիլի 27-ին, Արարատի մարզի Գինեվետ գյուղում։ Հաճախել է Նոր֊ուղու միջնակարգ դպրոց, սովորել է գերազանց։ Հինգերորդ դասարանից տեղափոխվել է Մոսկվա։ Զբաղվել է ֆուտբոլով, շախմատի գծով եղել է սպորտի վարպետ։ 2019թ․ վերադարձել է հայրենիք, հունվարի 10-ին զորակոչվել Հայոց բանակ։
Ծառայության ընթացքում ստացել է պատոգրեր, շնորհակալագիր, «Քաջարի մարտիկ մեդալ»։ Մայրն ասաց՝ Սամվելի զորացրմանը մնացել էր 2 ամիս 23 օր, 2021֊ի հունվարի 10֊ին պետք է զորացրվեր։ Սակայն զոհվել 2020թ․ հոկտեմբերի 7-ին արկի պայթյունից՝ Վարնկաթաղի բարձրունքում։ Կարինե Հովհաննիսյանի որդին՝ ժամկետային զինծառայող, կրտսեր-սերժանտ Հայկ Հայկի Խաչատրյանը, ծնվել է 2001թ․ նոյեմբերի 17-ին Երևանում։ Ծառայել է Խնձորեսկի զորամասում։ Պատերազմի առաջին օրերից տեղափոխվել ու մարտնչել է Ջրականում, որտեղ էլ հոկտեմբերի 16-ին ծանր վիրավորվել է, տեղափոխվել Երևան, սակայն բժիշկներն ի զորու չէին փրկելու հերոսի կյանքը։ Մահացել է 2020թ․ նոյեմբերի 11-ին՝ 19-ը չլրացրած։ Անմահ հերոսները ծառայության ընթացքում արժանացել են պատվոգրերի կրծքանշանների, իսկ հետմահու՝ «Մարտական ծառայություն» մեդալի։