Image

Անմեղ մեղավորը

Ամենադժվար երևույթներից է, երբ դու անկարող ես օգնել հարազատիդ՝ ամենահաս ու ամենաբարի հորդ։ Այսօր այդ վիճակում են արցախցի 3 քույրերը՝ Ծովինար, Վեներա և Վերա Խաչատրյանները, որոնց 68-ամյա հայրը՝ բարի ու առաքինի, հայրենասեր Վագիֆ Խաչատրյանը, գտնվում է Բաքվում կամ ադրբեջանական մեկ այլ բնակավայրում։

Արդեն գիտենք՝ հուլիսի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կառույցի կողմից հիվանդ տարեց հայը պետք է Ստեփանակերտից Երրևան հասներ՝ սիրտը վիրահատելու։ Գալիս էր դստեր՝ Ծովինարի ուղեկցությամբ։ Ու տեղ չհասավ։ Հակարիի կամրջի վրա տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետում նույն Կարմիր խաչի աշխատակիցներից առևանգվեց Վագիֆը, առևանգվեց դստեր ձեռքից, առևանգվեց բացահայտ ու ցուցադրաբար, որ ցանկացած հայ, եթե անցնի այդ հենակետով, հնարավոր է՝ արժանանա նույն ճակատագրին։ Թվում է՝ սովորական երևույթ է, ու դարձյալ թմբիրի մեջ է հայ ժողովուրդը։ Հուլիսի 31-ին Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերան ՄԱԿ-ի ու  Կարմիր խաչի երևանյան գրասենյակների մոտ էր, եկել է հորը փրկելու՝ դիմելով միջազգային ու հզոր համարված այս կառույցներին։ Իհարկե՝ գիտենք՝ ազոր են այդ «հզոր» կոչված կառույցները, անզոր են, քանզի դրանք վաղուց մոռացել են իրենց առաքելությունը, դրժել են երդումը․ պատճառները բազում են․․․

«Հակարիի կամրջից այս կողմ ես միայնակ եմ։ Քույրերս, մայրս, հարազատներս գտնվում են Արցախում, և այսօր հույսս դուք եք, ձեզանից յուրաքանչյուրը։ Խնդրում եմ ինձ միայնակ չթողնեք, եղեք ինձ համար քույր, հայր, հորեղբայր, մորաքույր։ Ինձ միայնակ չթողնեք այս ցավի մեջ, սիրելի հայրենակիցներ, ինձ ուժ տվեք՝ հայրիկիս հետ բերելու համար», -նույն ՄԱԿ-ի ու Կարմիր խաչի երևանյան գրասենյակների մոտ հավաքված մարդկանց դիմեց Վագիֆի դուստր Վերան։ Ճանաչում եմ Խաչատրյանների ընտանիքին։ Արցախի Ասկերանի շրջանի Պատարա գյուղից են։ Դուստրերն իրենց ընտանիքներով բնակվում էին Քաշաթաղի շրջանում։ Վագիֆը բարի ու աշխատասեր մարդ է։ Ինչպես շատ արցախցիներ, նա էլ իր ընտանիքով մնաց հարազատ գյուղում՝ տեր հայրենի երկիրն։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Վերան ամուսնու ու 2 որդիների հետ բնակվում է Ջերմուկում, իսկ ծնողները, հարազատները, 2 քույրերը՝ Արցախում։ Ու այսօր Վերան է ՀՀ-ում դարձել հոր պաշտպանը։ ՄԱԿ-ի ու Կարմիր խաչի գրասենյակների մոտ նրան աջակցում էին հիմնականում քաշաթաղցիներ ու արցախցի երիտասարդներ։ Կային նաև երևանցիներ, սակայն հորը փրկելու հույսով դուստրը դիմում է ողջ հայությանը, և բոլորս ենք պարտավոր նեցուկ լինելու Վագիֆին ու նրա ընտանիքին, արդեն 8 ամիս ամբողջական շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։ Կարմիր խաչի գրասենյակում ընդունեցին Վերային, մոտ 1 ժամ անց դուրս եկավ անհույս ու ավելի խեղճացած։ Որևէ խոսք Վագիֆին իրենց կողմից հետ բերելու մասին չեն ասել։ Նշել են՝ իրենք միայն կարող են հանդիպել նրան, ինչպես արվել է իբր հուլիսի 30-ին։

Արդեն կա տեղեկություն, որ Վագիֆը գտնվում է Բաքվի հիվանդանոցներից մեկում, որ Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել են նրան և նման խոսակցություններ։ Իսկ ադրբեջանական կողմը Վագիֆ Խաչատրյանին առևանգել է որպես հանցագործի։ «Հայրս մեզ հետ առ այսօր կապի դուրս չի եկել։ Սուտ տեղեկատվություն է։ Մենք ոչ մի լուր չունենք, բացի նրանից, որ Բաքվում է, թե ինչպես է առողջական վիճակը, կա՞, չկա...ոչ մի լուր չունենք։ Սիրտն էր հիվանդ, որը ցանկացած պահի կարող էր լինել ճակատագրական։ Ինչ իմանայինք, որ Երևան տեղափոխելը կլիներ ճակատագրական, երանի չգնար․․․», -լրագրողների հարցերին պատասխանեց Վերան։

Ադրբեջանցիները Վագիֆ Խաչատրյանին մեղադրում են իբր Պատարայի տարածքում գտնվող Մեշալինում ցեղասպանություն իրագործելու մեջ, որ իբր նա եղել է Սամվել Բաբայանի վարորդը, ու նման բաներ։ Սակայն պատարեցիները հերքում են Ադրբեջանի մեղադրանքը Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ։ Ընդհակառակը, ի տարբերություն ադրբեջանցիների, ովքեր 1989-91 թվականներին, մինչև այդ տարածքից հեռանալը հայության կողմից հատկացված մարդասիրական միջանցքով, իրենք են 5-6 պատարեցու սպանել ու վիրավորել գյուղի անտառներում։

Կարմիր խաչի գրասենյակի մոտ նստացույց էին իրականացնում մի խումբ երիտասարդներ Արցախից՝ ուսանողներ, նաև անձինք, ովքեր 2022թ․ եկել են Արցախից ու ճանապարհի փակվելու պատճառով մնացել Երևանում, ՀՀ այլ մարզերում։ Երիտասարդ Սասունը, ով Հաթերքից է, չի կարող տուն հասնել։ Կարմիր խաչի գրասենյակի մոտ է՝ ի պաշտպանություն առևանգված արցախցու։ ԵՊՀ ուսանողուհի Ամալյան, ով նույնպես Արցախից է՝ ասաց՝ մինչև վերջ պայքարելու են․․․ Հորը փրկելու համար Վերան որոշել է դիմել ՀՀ կառավարության օգնությանը։ Ամնեղ ու հիվանդ ու տարեց արցախցուն ադրբեջանցիներից հետ բերելու համար հատկապես պետք  է մեծ աշխատանք կատարվի ՀՀ իշխանությունների կողմից, պետք է ոտքի ելնի ողջ հայությունը, հատկապես Սփյուռքում։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։