Առաջին մանկապարտեզը՝ Շենավանում
Արագածոտնի մարզի Ապարանի խոշորացված համայնքի կազմում գտնվող Շենավան գյուղում՝ միջնակարգ դպրոցի հարևանությամբ, 2022թ․ դեկտեմբերից ընթանում են շինարարական աշխատանքներ․ կառուցվում է մանկապարտեզ։ Օրերս եղա շինհրապարակում, արդեն պատրաստ են նախակրթարանի շենքի հիմքերը, կանգնեցված էն հենասյունների մետաղյա մասերը, և շուտով կսկսվի բետոնապատումը։
Շենավանի պետական մանկապարտեզը կառուցվում է սուբվենցիոն ծրագրով՝ շինարարության դրամաշնորհի 70 տոկոսը հատկացվում է ՀՀ կառավարության կողմից, 30 տոկոսը՝ համայնքի բյուջեից։ Մանկապարտեզի կառուցումն իրականացվում է «ՄՄՎ Շինգրուպ» ՍՊԸ-ի կողմից՝ Միհրան Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ Շինարար Մհեր Ոսկանյանի և աշխղեկ Սամվել Թանգամյանի ուղեկցությամբ ծանոթացա կատարված աշխատանքներին։ Տեղեկացրեցին՝ հիմքերն արդեն ամբողջությամբ պատրաստ են, կառուցվելու է նաև ապաստարան բոլոր հարմարություններով։ Մ․ Ոսկանյանն ասաց՝ ըստ նախագծի մանկապարտեզի շենքն ունենալու է 508ք/մ մակերես։ Նախատեսված է 50-60 երեխայի համար։ Հավելեց նաև՝ շինարարական աշխատանքներին որոշակի խանգարել է տարածքի ճահճուտ լինելը։ Կատարվել են հավելյալ աշխատանքներ՝ փորվել է 5մ խորությամբ դրենաժ՝ ջրահեռացման նպատակով։ Մինչ այժմ շինարարների պակաս չի եղել․ մոտ 20 հոգի են աշխատել, հիմնականում՝ շենավանցիներ։ Շուտով կառաջանա որմնադիրների պահանջարկ։ Պատերը կառուցվելու են երկտակ տուֆից։
«ՄՄՎ Շինգրուպ» ՍՊԸ տնօրենը տեղեկացրեց՝ մոտ 10 վարպետ է հարկավոր։ Դրսեկներին կարող են ապահովել բնակարանով։ Շինարարությունը նախատեսած է ավարտել մինչև 2024թ․ ամառ։ Շենավանի վարչական ղեկավար Գեղամ Գեղամյանը սիրով նշեց՝ կարևոր աշխատանք է իրականացվում իրենց գյուղի համար։ ՀՀ կառավարության որոշմամբ միջնակարգ դպրոցի տարածքից մոտ 3000ք/մ հատկացվել է համայնքին, որի վրա էլ կառուցվելու է մանկապարտեզը։ Մինչ այժմ իրենց գյուղում մանկապարտեզ չի եղել, և նախադպրոցական որոշ երեխաներ հաճախում են հարևան Հարթաշեն և Արագած գյուղերում գործող մանկապարտեզներ։ Որոշները, ելնելով ճանապարհային խնդիրներից, չեն հաճախում։ Իսկ 2024-ի սեպտեմբերից արդեն իրենց գյուղի մանկապարտեզ կհաճախեն։ Նշեց նաև՝ իրենք էլ են որոշակի աջակցություն ցուցաբերում շինարարներին, որ հնարավորինս ժամկետի մեջ ավարտեն աշխատանքները։ Կարևորեց նաև այն, որ գյուղից մոտ 10 հոգի աշխատում է շինարարությունում։ Բացի այդ հիմնական աշխատանք կունենան նաև մանկավարժները, այլոք, երբ կգործի նախակրթարանը։
Այժմ գյուղում կա մանկապարտեզային տարիքի մոտ 60 երեխա։ Շենավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Հայկ Եղիազարյանին ճանաչում են դեռ Քաշաթաղի շրջանից․ աշխատում էր Բազմատուս գյուղում որպես դպրոցի տնօրեն։ 44-օրյա պատերազմի մասնակից է։ Պատերազմի ավարտից հետո թշնամուն թողեցինք նաև Բազմատուսը, և Հ․ Եղիազարյանը վերադարձավ հայրենի գյուղ ու այժմ տնօրինում է հարազատ կրթօջախը։ Ուրախ է, որ արդեն իրենց գյուղում, այն էլ դպրոցի հարևանությամբ, կառուցվում է նախակրթարանի շենք։ «Երեխաների համար հետաքրքիր միջավայր է մանկապարտեզը, իսկ ծնողների համար հեշտ կլինի․ գյուղում կկազմակերպվի երեխաների օրը։
Ճիշտ է՝ դպրոցում գործում է նախակրթարան, սակայն այլ է մանկապարտեզի դերը։ Նախակրթարան կամ առաջին դասարան արդեն կընդունվեն որոշակի գիտելիք ունեցող երեխաները, ովքեր ծանոթ են նաև ընկերական շրջապատին», -ասաց Հ․ Եղիազարյանը։ Տեղեկացրեց նաև՝ այս տարի մոտ 40/16-առաջին, 24- նախակրթարան/ նոր աշակերտ է ունենալու։ Վերջերս դպրոցի համար ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի ու համայնքապետարանի կողմից կառուցվել է մարզադաշտ, որտեղ մշտապես խաղում ու մարզվում են գյուղի երեխաները, երիտասարդները։ Հուլիսի 30-ին՝ կիրակի օրը, «ՄՄՎ Շինգրուպ» ՍՊ ընկերության տնօրենությունը կազմակերպել էր ակտիվ հանգիստ ու ուխտագնացություն դեպի լեռ Արագած լեռան ստորոտում գտնվող Լուսաղբյուրի մատուռ։ Այնուհետև մանկապարտեզի շինարարները, Շենավանի վարչական ղեկավարը, դպրոցի տնօրենը, հյուրեր անցան մոտ 10 կմ ճանապարհ և հասան Գեղարոտի ջրվեժ, որը գտնվում է ծովի մակերևույթից 3000 մ բարձրության վրա, և որից սկիզբ է առնում համանուն գետը՝ անցնելով Արագած, Շենավան գյուղերով։ Մեր երկրի հրաշք վայրերից է Արագածի այս հատվածը, որտեղ մոտ 17 մ բարձրությունից ցած է թռչում Գեղարոտի ջրվեժը՝ գոլորշի ու շառաչ արձակելով։
Գեղարոտի ճանապարհին զրուցեցի շինարարությանը քար մատակարարող վարորդներից ուշեցի Նարեկ Մարկոսյանի հետ, ով իր «ՆԻՎԱ» մեքենայով վարպետորեն անցավ բավականին դժվարանց ճանապարհով։ Ասաց՝ սիրով է աշխատում շինարարների հետ, հնարավորինս ժամանակին տեղ հասցնում անհրաժեշտ շինանյութը։ «Երեխաների համար է կառուցվում, սիրով պետք է արարվի, ես էլ ունեմ երեխաներ․․․», -ասաց Նարեկը, ում մասին գովեստով խոսեց նաև Մհեր Ոսկանյանը։ Ընդհանրապես գոհ են իրենց աշխատակիցներից «ՄՄՎ Շինգրուպ»-ի ներկայացուցիչները։ Գոհ են նաև աշխատակիցները․ ունեն աշխատանք, վարձատրվում են ժամանակին, կարևորը՝ տնից հեռու չեն գնում։