Image

Ռազմամարզահայրենասիրական ճամբարում

«Վահագն» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ նախագահ Կարո Կարապետյանի և «Միհր» ռազմամարզական կառույցի ղեկավար Գոռ Մանուկյանի նախաձեռնությամբ ու բարերարների օժանդակությամբ՝ Սևանա լճի ափին՝ Շողակաթ գյուղի մոտակայքում, հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 6-ը գործում էր վրանային ռազմամարզական կանոնակարգով ճամբար։ Մոտ 70 պատանիներ ու աղջիկներ էին այդ օրերին եկել ճամբար՝ Երևանից, ՀՀ տարբեր մարզերից՝ Տավուշ, Կոտայք, Վայոց Ձոր․․․

Ճամբարականների հետ զբաղվում էին արհեստավարժ մարզիչներ, հրահանգիչներ։ Առօրյան հագեցված էր՝ ֆիզիկական ու զինվորական մարզումներ, առաջին բուժօգնություն/բուժքույր՝ Գայանե/․ լող Սևանա լճում, արշավներ և այլն։ Ճամբարը հաճախ էր ընդունում հյուրերի՝ արվեստագետներ, զինվորականներ, սպորտսմեններ, բժիշկներ, ծնողներ, այլոք։

Օգոստոսի 3-ին ճամբարի հյուրերն էին «Արորդիների ուխտ» կազմակերպության ներկայացուցիչները, «Հայ լաո» հայկական երաժշտական ռոք-դուետի Տիգրան և Վարդան Թադևոսյան երաժշտ եղբայրները՝ լուսանկարիչ Սուրեն  Սիմոնյանի և օպերատոր Կարենի ուղեկցությամբ։ 2 օր մնացի ճամբարում, ծանոթացա առօրյային, զրուցեցի պատանիների ու մարզիչների, ծնողների, կազմակերպիչների, այլ աշխատակիցների հետ։ Հատկապես ուրախ են ու իրենց առօրյայից գոհ պատանիներն ու աղջիկները, ովքեր անպայման երկրորդ ու երրորդ անգամ նույնպես սիրով կմասնակցեն ճամբարի գործունեությանը։ «Վահագն» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ նախագահ Կարո Կարապետյանին ճանաչում եմ դեռևս 1989 թվականից․ միասին Բերդաձորում ենք եղել։ Շատ է կարևորում նման ճամբարների դերը, որ ունենանք իսկական հայրենասեր ու ազգային գաղափարներով սնված ապագա։ Այստեղ կոփվում է պատանիների կամքը, ձևավորվում է համբերատարություն, միմյանց նկատմամբ սեր ու հարգանք՝ անկախ տարիքից։ Ճամբարի մուտքի մոտ՝ հսկիչ անցակետում, մշտապես հերթապահում են երեխաները՝ ձեռքներին ինքնաձիգի համապատասխան տեսքով ու քաշով մոդելը։ Մուտքը միայն հատուկ թույլատվությամբ է․ հսկող պատանի-զինվորը կապի միջոցով տեղեկացնում է հերթապահին հյուրերի, այլ այցելուների մասին, և միայն հրաման ստանալով՝ թույլ է տալիս ներս մտնել։ Հաճախ մուտքի մոտ նույն «զենք»-ը ձեռքին հսկում են հյուր եկած երեխաները՝ տուն վերադառնալով տպավորված։ Առավոտյան տեղի են ունենում մարզումներ լճի ափին։

Գործում են վաշտեր, դասակներ, և յուրաքանչյուրն ունի իր հրամանատարը։ Յուրաքանչյուր երեկոյան որոշվում է հաջորդ օրվա անելիքը։ Ավելի փորձառու ճամբարականները, ովքեր տարվա ընթացքում մշտապես մասնակից են եղել «Միհր»-ի մարզումներին, գործում են որպես հատուկ ջոկատայիններ, մի մասն էլ՝ դիվերսիոն խմբերի անդամներ։ Վաշտի հրամանատարը՝ զինվորական հրահանգիչը, հետախուզական դասակին տեղեկացնում է ճամբարի տարածք դիվերսիոն խմբի ներթափանցման մասին և տարիս հանձնարարություն՝ հայտնաբերել և չեզոքացնել դիվերսանտներին։ Մի քանի ժամ անց հրամանը կատարված է։ Ճամբարականները հաճախ թափոններից մաքրում են տարածքը։ Մենք պետք է սիրենք ու մաքուր պահենք մեր հայրենիքը, սակայն շատերը հանգստանում են կապուտակ Սևանի ափին՝ իրենց հետևից թողնելով աղբ ու այլ ավելորդություններ։ Ճամբարի կազմակերպիչների կողմից առավել կարևորվում է մեր պատանիների՝ հայի արժեհամակարգով դաստիարակվելը։

Շարքում բոլորը հավասար են՝ մի մարդ։ «Կողքինդ ո՞վ է», -հարցնում է «Միհր»-ի ղեկավարը։ «Ես եմ», -հնչում է պատասխանը։ «Միշտ հայ» կարգախոսով են գործում բոլորը։ Գոռ Մանուկյանին ճանաչում եմ Բերձորից։ Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը՝ հեծանվորդի մասնագիտությամբ, նաև երաժշտական կրթություն ունի։ Զինվորական ծառայությունից հետո աշխատում էր Բերձորի արվեստի և սպորտի դպրոցում որպես հեծանվավազքի ուսուցիչ։ Մի քանի տարի ղեկավարում էր նույն դպրոցը։ Մեծ ավանդ ունի Արցախում հեծնվավազքի, հանդբոլի, ձյուդոյի, ազգային-ավանդական խաղերի զարգացման գործում։ Միասին հաճախ էինք արշավներ կազմակերպում բերձորցի դպրոցականների հետ։ 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում նա իր ընկերների հետ մեծ ծառայություն մատուցեց, ավարտից հետո ստեղծեց «Միհր» ռազմամարզական կառույցը։ Ճամբարի աշխատանքներին օգնում էին նախկին քաշաթաղցիներ Կարեն Մարտիրոսյանը և կինը՝ Վերգինեն։ Բնակվում էին Կովսական քաղաքում։ Կարենը ղեկավարում էր Կովսականի «Թաթուլ» ազգագրական խումբը։ Շատ երեխաներ էին Կովսականից ու մոտակա բնակավայրերից ընդգրկված «Թաթուլ» խմբում։ 44-օրյա պատերազմը շատ բան փոխեց։ Վերջերս են տուն գնել Վանաձորում։ Գոռի հետ մարզակրթամշակութայինն շատ միջոցառումներ էին իրականացնում Քաշաթաղի ողջ շրջանում։ Նույն Կովսական քաղաքում է ծնվել ճամբարական Անուշ Գևորգյանը։ Նրանց ընտանիքն էլ է հեռացել Կովսականից, այժմ բնակվում են Արարատի մարզի Նոյակերտ գյուղում։ Հիշում է հարազատ ծննդավայրը, Թաթուլ Կրպեյանի անվան միջնակարգ դպորոցը, որտեղ սովորում էր, «Թաթուլ» խմբի անդամ լինելը։ Հաճախ էի այցելում Կովսականի դպրոց։ Անուշը հիշում է՝ իրենց դասարան էլ եմ մտել, լուսանկարել, զրուցել երեխաների հետ։

Այժմ Սևանա ափի ճամբարում ենք զրուցում։ Շատերի նման Անուշն էլ գոհ է ճամբարի առօրյայից, ուրախ, որ հանդիպել է իր ուսուցիչ Կարենին։ Զրուցում եմ ճամբարի մուտքի մոտ հսկաղ պատանիների հետ։ 11-ամյա Ժան Մովսիսյանը  Եղեգնաձորից է, սովորում է Հովհ․ Հովհաննիսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում, փոխադրվել է 6-րդ դասարան։ «Լա՞վ ես սովորում» հարցին պատասխանում է․ «Ոչինչ․․․»։ Դեռ չի որոշել՝ ինչ մասնագիտություն է ընտրելու ապագայում, բայց պատրաստ է երկրորդ անգամ էլ մասնակցել նման ճամբարի ու հսկել մուտքի մոտ․ հետաքրքիր է, պատասխանատու։ Եղեգնաձորի թիվ 1 դպրոցի 8-րդ դասարան փոխադրված Միգել Բարսեղյանը նույնպես «զինված» է ու հերթապահում է մուտքի մոտ։ Ասաց՝ դպրոցական առարկաներից հատկապես սիրում ու լավ է սովորում կենսաբանությունը։ Շատ պատմելու բան ունի ճամբարի կյանքից։ Նրանց հետ հերթապահում էր նաև հրազդանցի Արամ Մինասյանը, ով սովորում է Կոտայքի մարզկենտրոնի 8-րդ դպրոցի երրորդ դասարանում։

Դժվար չէ 2 ժամ հերթապահել մուտքի մոտ, ընդհակառակը՝ հետաքրքիր է։ Գոհ է ավագ ընկերներից։ Ռազմական մարզումներից հետ չեն մնում նաև աղջիկները։ Տավուշի մարզի Բերդ քաղաքից Լուիզա Բադալյանն ավարտել է հիմնական դպրոցը և ընդունվել պետական քոլեջի տուրիզմի բաժնին։ Անցած տարի մասնակցել է ՀՀ ԵԿՄ ճամբարին։ Ասաց՝ շատ ճամբարում հետաքրքիր են անցնում օրերը, ափսոս կարճ է տևելու՝ 10 օր։ Հավելեց՝ իրենց քաղաքում ունեն «Միհր»-ի մասնաճյուղ, և այս ճամբար են եկել մոտ 20 հոգի։ Նրանցից 15-ամյա Նարե Բադալյանը սովորում է Բերդի ավագ դպրոցի 10-րդ դասարանում, արդեն փորձառու է ու դասակի հրամանատար։ Աբովյան քաղաքից Վալենտինա Բադալյանը որոշել է՝ ընդունվելու է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան, այնուհետև՝ ռազմական բուհ։ Հայրը՝ Արմենակը, պահեստազորի սպա է։ Ճամբարի հարևանությամբ գործող «Սպիտակ Սևան» լողափի տարածքում այդ օրերին անցկացվում էր բռնցքամարտի հանրապետական հուշամրցաշար՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածքից նահատակված քաջորդիներին։

Ընթացքում Արթիկի ու Վանաձորի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցների՝ հուշամրցաշարի մասնակից սաները, իրենց ղեկավարների հետ այցելեցին ճամբար ու մասնակից եղան ռազմական մարզումների, որոնք անցկացրեցին դասակների հրամանատարները՝ «Միհր»-ի փորձառու սաները՝  Ավետը, Արթուրը, Արտակը, Դավիթը և Նարեն։ Վանաձորի դպրոցի բռնցքամարտի մարզիչ Արթուր Ուլիխանյանը, ով քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի զինղեկն է, հայտնեց գոհունակություն։ Ասաց՝ Վանաձորից հուշամրցաշարին մասնակցել են 18 հոգի, ունեն հաղթողներ։ Արթիկի դպրոցից հուշամրցաշարին մասնակցել են 20 հոգի։ Մարզիչ Ռուբեն Առաքելյանը գոհ էր իր սաների ելույթներից։ Իսկ ճամբարի մարզումներին մասնակցելը շատ կարևորեց։

Օգոստոսի 6-ին ավարտվեց ճամբարի գործունեությունը, մեր հանրապետության տարբեր բնակավայրերի 70 երեխա տուն գնացին՝ արդեն որպես հարազատներ, գոհ կազմակերպիչներից ու հավատով՝ 1 տարի անց կրկին հանդիպելու են նույն վայրում։  

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։