Image

Նրանք զենքը դարձան զինաթափ ազգի

Օգոստոսի 7-ը Սփյուռքի զինյալ պայքարի նահատակների հիշատակի օրն էր

1982թ.-ի օգոստոսի 7-ը անջնջելի կմնա Հայոց Պատմության հերոսական էջերում: Այդ օրը Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ASALA) առաջին անգամ ծրագրեց և իրագործեց իր տեսակի մեջ եզակի, համարձակ, թշնամու համար անչափ ցավոտ, բայց և հեռահար լրջագույն նպատակներ հետապնդող, անտարբեր նիրհի մեջ հումանիզմից ու արդարությունից բարբաջող աշխարհի առջեւ ցեղասպանության զոհ Հայորդիների հիմնախնդիրները վեր հանող և չլուծված հարցերի պատասխանները պահանջող մի գործողություն, որն ունեցավ իր հատուկ անվանումը՝ «Անկարայի օդանավակայանում Կարին /Էրզրում/ ԱՆՁՆԱՍՊԱՆԱԿԱՆ գործողություն». Կյանքը սիրող, մահն արհամարհող հայ տղաների մի փոքրիկ մարտախումբ, որ կրում էր Խրիմյան Հայրիկ անվանումը /հիշեք Հայոց Կաթողիկոսի խոսքը թղթե եւ երկաթե շերեփների մասին/ կեսօրին ձեռնառումբերով եւ գնդացիրներով հարձակում գործեց Թուրքիո մայրաքաղաք Անկարայի Էսանպողա օդակայանի վրա՝ թիրախ ունենալով օդակայանի պահպանության ոստիկանական զորանոցը: Հերոս տղաները ահեղ հարձակմամբ երեքուկես ժամ ահուդողի ու սարսափի մեջ պահեցին ոչ միայն օդանավակայանի պահպանության ուժերին, արյունալի մարտերում ցուցաբերեցին անընկճելի կամք ու համառություն, սպանվեցին 13 թուրք, զինված ուժերից 8 զինվոր, 113 մարդ վիրավորվեց, 12 ճամփորդներ էլ, ովքեր պահվում էին որպես պատանդ, սպանվեցին թուրք գրոհայինների կողմից: Զոհվեցին նաեւ մարտախմբի տղաները: Նրանք գիտեին ինչ են ուզում, ինչու զոհվեցին՝ «Սույն գործողությունը կիյնայ մեր արդար յեղափոխական պայքարի յառաջխաղացքի ծիրին մեջ, ընդդեմ մեր ժողովրդի թշնամի թուրք ֆաշիզմին, որ բնաջնջել է մեր հողերուն վրա գնտնուող հայ ժողովուրդը»: Դեպքերից հետո ՀԱՀԳԲ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ «Կվերահաստատենք, թե՝ պիտի շարունակենք մեր զինյալ պայքարը»:

Ոմանց կարծիքով հուսահատ այս եւ նման հաջորդ գործողություններն արդյո՞ք անհրաժեշտ էին, դրանցով ի՞նչ էինք ակնկալում, ի՞նչ կարող էին տալ, ի՞նչ տվեցին մեր Ազգին: Բանավիճելու ցանկություն չունենալով՝ միանգամից ասենք նաեւ համընդհանուր ընդունելության արժանացած վերաբերմունքը՝ այս եւ նրանց ԳՈՐԾԸ շարունակող տղաներն իրենց անհավանական պայքարով աշխարհում մեզ համար ստեղծեցին, ավելի ճիշտ՝ վերահաստատեցին, պայքարող, մարտնչող ազգի համարումը: Մեզ համար կուտակեցին արժանապատվության ահռելի պաշար /որը, ցավոք, այսօր անխնա մսխում ենք/: Նրանք հույս արթնացրին, ազգին ուժ, կորով, ոգի հաղորդեցին, տվեցին վստահություն, որ հայոց արգանդը դեռ ծնելու է նման որդիներ, ովքեր վառ կպահեն քաջերի պարզած ջահը:

Եվ, ահա, Օգոստոսի 7-ը մեր զինյալ պայքարի ընթացքում նահատակված հայորդիների հիշատակի օրն է ընդունված:

Հայաստանի «Ինտերկապ» ԲԿ-ի եւ ԵԿՄ մարզային կառույցի համատեղ նախաձեռնությամբ լոռեցիները երախտիքի տուրք մատուցեցին Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու Նահատակաց պուրակում՝ ԱՍԱԼԱ-ի դյուցազն որդիների գործն ու հիշատակը հավերժացնող խաչքար- հուշակոթողի առջեւ։ Մասնակցեցին դպրոցականներ ու ուսանողներ, ազատամարտիկներ, պատերազմի վետերաններ, հկ-ների, ձեռնարկությունների աշխատակիցներ, քաղաքացիներ, խաչքար-հուշարձանի առջեւ պատվո պահակ էին կանգնել պատանի կամավորականները: Տերունական աղոթքով հոգեհանգստյան կարգ մատուցեց նույն եկեղեցու հոգեւոր հովիվ Ստեփան քահանա Մարգարյանը: Նա ևս արժևորեց Սուրբ Նահատակների Գործը:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԱՍԱԼԱ-ի գործունեության մասին եզակի, փայլուն, առասպելապատում «Պայթյուններ Թուրքիայում եւ ոչ միայն…» հուշապատման հեղինակ, բանասիրական գիտությունների թեկնածու, հրապարակախոս Կարո Վարդանյանը համապարփակ գնահատանքի խոսք ասաց եւ վերստին կարեւորեց հատկապես Գաղտնի բանակ կազմակերպության դերն ազգային ինքնապաշտպանական ոգու վերածնման գործում, նշեց նրա՝ հայրենիքն անգամ չտեսած, բոցուկրակից ծնված ասպետների, երիտասարդ մարտիկների խոր հավատն ու սխրանքը /նրանց ուժուեռանդ հաղորդողը Անդրանիկն էր/, ովքեր զենքը դարձան զինաթափ, և հույսը՝ հուսահատ ազգի, որոնց վախճանը՝ հարությունն է հայի: Ի դեպ, Կարո Վարդանյանը այս օրերին գրել է նաեւ մի խրոխտ բանաստեղծություն, որոն նա փառքով է օծում նահատակների խոսքն ու Գործը: Ահա այն.

Բոց ու կրակից ծնված ասպետներ,

Դուք զենքը դարձաք զինաթափ ազգի,

Ձեզ ուժ տվողը քաջ Անդրանիկն էր,

Որ պիտի օրհներ զարկը ձեր բազկի։

Դուք Հայոց Դատի ահեղ դպիրներ,

Ձեր սրտի հրից ռումբեր կոփեցիք,

Սրբեցիք Դատից արցունքները մեր,

Ու նոր էջերը ռումբով գրեցիք:

Պայթյունի նման կարճ էր կյանքը ձեր,

Ձեր սուրբ պայքարում մնացիք մենակ,

Մենակ կռեցիք զենքի փառքը մեր,

Փառքը, որ կոչվեց Հայ Գաղտնի Բանակ:

Ձեր գարունները թողեցիք ազգին,

Ազգի երազն էր վառվում ձեր սրտում,

Կրակե խաչ էր դաջված ձեր բազկին,

Ամեհի զարկով բերիք հատուցում:

Հող ու մոխիրից զատված փյունիկներ,

Թևերը դարձաք թևաթափ ազգի,

Ռումբեր դարձրիք երազները մեր,

Նոր հուն տվեցիք հայության բախտին:

Սուգ ու արտասուք մերժած արծիվներ,

Դուք հույսը դարձաք հուսահատ ազգի,

Ձեր նվիրումը անմահություն էր

Ու ձեր վախճանը՝ հարություն հայի:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։