Image

Ոժեղ էինք այն ժամանակ

9 տարի առաջ այս օրերին հերթական լարված իրավիճակն էր Արցախի սահմանում։ Քաշաթաղի շրջանից հարյուրավոր կամավորականներ մեկնեցինք առաջնագիծ՝ հատկապեց Մատաղիս։ Այդ հերոսական օրերի մասին է ներկայացվող լրատվությունը, որը տպագրվել է Քաշաթաղի շրջանային «ՄԵՐԱՆե պաշտոնաթերթում։ Ներկայացնում եմ լուսանկարներ այդ օրերից. Սահման ու թիկունք։ Լրատվությունն ամբողջությամբ շուտով:

 

ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ԱՄՈՒՐ Է ԴԱՐՊԱՍԸ

Մեր ժողովուրդը դարերի ընթացքում ստիպված է եղել գոյատևել թշնամաբար տրամադրված հարևանների հետ: Այսօր էլ իրավիճակը նույն է, և հայ զինվորն ստիպված ծառայությունն անցկացնում է խրամատում՝ անզգուշության դեպքում դառնալով հակառակորդի դիպուկահարների կամ դիվերսանտների թիրախ: Չնայած կնքված հրադադարին՝ թշնամին այս 20 տարիների ընթացքում մշտապես փորձել է մեր զինվորի զգոնությունը, ուժը, վճռականությունը, հայրենասիրությունը և միշտ հետ է շպրտվել առաջին գծից՝ տալով կորուստներ: Ցավոք հայրենի տան պաշտպանության համար հերոսներ են մարտիրոսվել:  Վերջին ժամանակներում դարձյալ թշնամին ոտնձգություններ կատարեց սահմանի ողջ երկայնքով: Եվ ահա՝ լարված իրադրությունը ոտքի հանեց Արցախյան ազատամարտի շատ մասնակիցների: Օգոստոսի 3-ից Քաշաթաղի շրջանից կամավորականները, Արցախի ազատամարտիկների միության(նախագահ՝ գեներալ-մայոր Ս. Կարապետյան) նախաձեռնությամբ, շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ՝ 2 հերթափոխով մի քանի օրով դիրքերում զինվորների հետ պաշտպանում էին սահմանը: Հայրենիքի կանչին անսացին նաև Քաշաթաղում բնակություն հաստատած սիրիահայերը: Այդ օրերին ազատամարտի մասնակից ու մարտական ընկեր Զարզանդ Շահնազարյանի հետ մարտական հենակետերից մեկում էի: Իսկ մեր հարևանությամբ դարձյալ մեր շրջանի կամավորականներն էին: Եվ միասին՝ զինվոր ու աշխարհազոր, պահում էինք սահմանը:   Մարտական հենակետում կրտսեր սերժանտ Վահան Տարախչյանի հրամանատարությամբ գործող տղաների հետ հսկելով սահմանը՝ ավելի հավատով լցվեցի հայ զինվորի նկատմամբ, երիցս համոզվեցի, որ ունենք հզոր բանակ, մնում է՝ սիրենք մեր բանակը, զինվորին, հաճախակի լինենք նրանց կողքին, ամենակարևորը՝ վստահենք և խուճապ չստեղծենք, ինչպես վերջին օրերին էր: Իսկ կամավորների ներկայությունը սահմանում ավելի է ոգեշնչել մեր զինվորներին: Մեր զինվորները հավատով են լցված նաև  առ Աստված. խրամուղիներում տարիների ընթացքում փոքր եկեղեցիների նման տեղեր են կառուցել՝ սրբերի նկարներով: Քարերի ու փայտի վրա խաչեր են քանդակել: Մեր հայրենակիցներին՝ լավատես, թե երկմտող, ասում եմ՝ հպարտ եմ մեր զինվորներով, հավատացեք՝ մեր տան դուռը հոգով ուժեղ տղաներն են պահում:

 Վարդան Տարախչյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի ճարտարագիտական համալսարանի մագիստրատուրան և զորակոչվել բանակ:  21 ամիս է, ինչ հայրենիքի կատարյալ զինվոր է, ջոկի հմուտ հրամանատար, մարտական հենակետի ավագ:

 -Հենակետում առաջնայինը կարգ ու կանոնի պահպանումն է, որ զինակիցներն իրար հասկանան, լինեն համերաշխ ու միասնական, -ասաց կրտսեր սերժանտը՝ հավելելով, որ իր ջոկի բոլոր տղաներն էլ այդպիսին են, շատ օրեր են միասին անցկացրել այս հենակետում: Ինչ վերաբերվում է կամավորներին, ոգևորիչ է ու հաճելի երկրի սահմանը հսկել նրանց հետ, ովքեր հաղթանակ են կերտել և այսօր տեր են կանգնում իրենց ձեռքբերումներին՝ մեզ հետ, -նշեց Վ. Տարախչյանը:  Այս հարցում շատ կարևորեց հրամանատարության դերը՝ հատկապես նրանց, ովքեր մշտապես լինում են հենակետերում, զինվորների կողքին: Նշեց  նաև, որ սննդի և սպառազինության հարցը նույնպես լուծված է: Նրա ջոկի զինվոր  Ռազմիկ Մուրադյանը հավելեց, որ հպարտություն է ազատամարտի մասնակիցների հետ պաշտպանել երկրի անդորրը: Շարքային Միհրան Մանուկյանը շուտ է ամուսնացել, ունի որդի: Օգոստոսի 8-ին փոքրիկը դարձավ 1 տարեկան: Զինվորը շատ էր ցանկանում որդու տարեդարձին տանը լինել, բայց նրա ապահովության ու երջանիկ կյանքի համար առայժմ զենքն է գրկել: Վալերի Նագորնին Սպիտակից է, ազգությամբ՝ ռուս:

 -Ես ծնվել եմ Հայաստանում և պարտավոր եմ պաշտպանել իմ հայրենիքը,-ասաց նա: Վահագն Գյուլամիրյանն այդ օրերին ստացել էր կրտսեր սերժանտի կոչում: Նույնպես հմուտ դիրքապահ է և օգնում է դիրքի ավագին: Շարքային Էդմոն Բադալյանը արդեն 8 ամիս է, ինչ բանակում է. արդեն հմուտ գնդացրորդ է:  ՀՀ Մարտունու տարածքի Վերին Գետաշեն գյուղից է, հասցրել է ամուսնանալ: Շատ է կարոտում հարազատմերին, բայց այժմ մի խնդիր ունի՝ պաշտպանել հայրենիքի սահմանը: Գումարտակի սպաները մշտապեց դիրքերում են: Վաշտի հրամանատար, կապիտան Գոռ Գրիգորյանը տեղեկացրեց, որ իր վաշտը մոտ 10կմ վտանգավոր հատված է պաշտպանում  վստահորեն: Գոհ է իր զինվորներից, մարտական հենակետերի ավագներից: Իսկ աշխարհազորայինների ներկայությունը համարեց կարևոր երևույթ, որը զինվորին ոգի և ուժ է տալիս: Շնորհակալություն հայտնեց բոլոր կամավորականներին, որ այդ դժվար օրերին զինվորի կողքին էին: Գումարտակի շտաբի պետ, կապիտան Մարտիկ Մովսիսյանը մշտապես դիրքերում է՝ զինվորների հետ:

 -Այս երևույթը համարում եմ ճիշտ ու ժամանակին. համոզվեցի, որ ժողովուրդը մեզ հետ է: Զինվորները շատ են ոգևորվել, որ իրենց հայրերի ու պապերի տարիքի այրերը սահման են եկել, զենք վերցրել,-ասաց զինվորականը՝ հայտնելով շնորհակալություն: 

 Դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Լևոն Սուղյանն ավարտել է Վ. Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտը և սահմանում է արդեն 8 տարի:  Նշեց՝ աշխարհում երևի միայն մեր զինվորն է, որ խրամատում է հսկում և մեծ աչալրջությամբ: Ինչ վերաբերվում է կամավորներին՝ ասաց, որ զինվորների ոգին ավելի է ամրացել, հատկապես երբ իմանում են, որ հիմնականում ազատամարտի մասնակից նվիրական տղաների հետ են: Կարևորեց զգոնությունը և այն, որ զինվորները սադրանքի չենթարկվեն: Կրտսեր սերժանտ Մկրտիչ Մկրտչյանին 3 ամիս է մնացել, որ զորացրվի: Փորձառու դիրքապահ է:

 -Կարոտել եմ հարազատներիս, օրերն եմ հաշվում, սակայն առայժմ կարևորը մեր երկրի անդորրն է, -ասաց նա՝ հավելելով, որ բոլորն են իր նման մտածում: 3-րդ ՀԳՄ Հրետանու գծով օգնական, լեյտենանտ Արա Ավագյանն այդ օրերին մշտապես մարտական հենակետում էր: -Արդեն 8 գիշեր է, չեմ քնում, -ասաց նա՝ հավելելով՝ գիշերը չեմ քնում, որ … քնած չմնամ:

 Բացի զինվորականներից, կամավորները նույնպես ոգևորվել են, հատկապես նախկին ազատամարտիկները, որ 20 տարի անց նորից զենք են վերցրել: ԱԱՄ Քաշաթաղի շրջանային բաժանմունքի նախագահ Արթուր Մնացականյանն ասաց, որ շատ է ոգևորված այս երևույթից, կարծես նորից երիտասարդացել է: Իսկ Հարություն Ավանեսյանն իր ծառայությունն է հիշում: Տարիներ առաջ այս տարածքում է ծառայել: Արմեն Չոմոյանն ասաց՝ սահմանի անվտանգությունը բոլորիս խնդիրն է:

Շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը մշտապես տղաների հետ էր:

 -Եթե լարվածությունը շարունակվի՝ պարտավոր ենք շարունակել դիրքեր բարձրանալը, անհրաժեշտության դեպքում կմասնակցենք մարտական գործողությունների, -ասաց Ս. Խաչատրյանը, երբ միասին վերադառնում էինք դիրքերից: Հերթափոխից հետո՝ օգոստոսի 9-ին, շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի և տարածքի զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, փոխգնդապետ Արմեն Իսրայելյանի հետ նորից բարձրացանք դիրքեր, ծանոթացանք իրավիճակին: Նորից հանդիպեցի այն զինվորներին, որոնց հետ հսկում էինք մարտական հենակետում: Ինչպես անցած հերթափոխին, այս անգամ էլ բոլոր տղաները՝ զինվոր ու աշխարհազոր,  տեղում էին, անսասան, գիտեին իրենց անելիքը: Այն հարցին, թե ինչ կարծիքի են բնակչության շրջանում առաջացած խուճապի վերաբերյալ, զորամասի գումարտակներից մեկի հրամանատար, փոխգնդապետ, ծնունդով Վարդենիսից  Արթուր Մարգարյանը, ով ընտանիքով բնակվում է սահմանամերձ բնակավայրում, ասաց.

 -Խուճապի մասին խոսք չպետք է լինի, իմ 3 անչափահաս երեխաների հետ այստեղ եմ բնակվում, և վտանգի մասին չեմ մտածում: Իմ զինվորները մեր երկրի հուսալի պատվարն են: Ինչ վերաբերվում է կամավորների այստեղ լինելուն, սա պարզապես հրաշալի երևույթ է, որ ավելի է ոգևորում հայ զինվորին: 

 Փոխգնդապետ Արմեն Իսրայելյանը նույնպես կարևորեց կամավորականների ներկայությունը՝ ասելով.

 -Անձնակազմի մոտ վստահություն է առաջացել, որ անհրաժեշտության դեպքում աշխարհազորը զինվորի կողքին է: Սա բարոյական մեծ աջակցություն է բանակին: Ինչ վերաբերում է խուճապին, այն բանակում չկա, և մեր հայրենակիցներին հորդորում եմ՝ հավատան իրենց զավակների բազկի ուժին: Հայոց բանակը պատրաստ է պաշտպանելու հայրենիքը:  Սահմանում կանգնած տղաները միշտ պատրաստ են դիմակայելու հակառակորդին և իրականացնելու պատժիչ գործողություններ:  Դիվիզիայի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Էրիկ Գրիգորյանի և շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի հետ նույնպես շրջեցինք մարտական հենակետերում: Խոսելով կամավորականների՝ դիրքեր բարձրանալու  մասին, ասաց՝ շատ ճիշտ և կարևոր միջոցառում է. 2 սերունդ միասին են հսկում սահմանը: Շփվելով զինվորների հետ՝ կամավորականները նորից են լինում իրենց ազատագրած տարածքներում, ծանոթանում բանակի առօրյային: Զինվորն ու սպան իրենց թիկունքում զգում են հասարակության շունչը: Իսկ աշխարհազորայինը հասարակությանը կտեղեկացնի մեր բանակի ամրության մասին:

 Զորամասից գնդապետ Կարեն Շաքարյանը նշեց, որ գոհ է քաշաթաղցիների կարգապահությունից. նրանք ապացուցեցին, որ իսկական զինվորներ են:  Օգոստոսի 10-ին քաշաթաղցի կամավորականները տուն եկան ոգևորված և հավատով՝ հայրենիքը պաշտպանում է հզոր բանակը:  Կովսականի դպրոցի ուսուցիչ Տարոն Պողոսյանը բարձր տրամադրությամբ ասաց. ամեն ինչ կազմակերպված էր լավ, շնորհակալ եմ շրջվարչակազմի ղեկավարից, որ այդ օրերին իր ընկերների կողքին էր՝ մարտական ոգի հաղորդելով հենակետերի տղաներին: Սիրիահայ Մհեր Պետրոսն ասաց՝ գիշեր-ցերեկ չեն քնել, որ անսասան պահեն հայրենի հողը, որի համար պատրաստ էր իր արյունը տալ: Ավետիք Ալեքսանյանը հայտնեց, որ, ճիշտ է, կրակոցներ հնչում էին, բայց վախ չի եղել, ընդհակառակը՝ լռեցրել են թշնամուն: Գողթանիկի բնակիչ Գուրգեն Պողոսյանը երիտասարդ է, ազատամարտին չի մասնակցել, սակայն փոխարինել էր առաջին հերթափոխի մասնակից եղբորը՝ Հակոբին ասաց. Անդրանիկ Բարսեղյանի և Կարեն Ասլանյանի հետ մարտական հենակենում զինվորների ընկերությամբ եմ հսկել:

  -Հմուտ են  մեր զինվորները, գիտեն իրենց անելիքը: Ոգևորված էին մեր ներկայությամբ: Անդրանիկի որդին 2 ամսից զորակոչվելու է բանակ:

 - Վստահ եմ, որ  նա էլ իր ընկեր-զինվորների նման կլինի, -ասաց նա:

  Նախկին ոստիկան Ռոբերտ Ադամյանը նույնպես ոգևորված էր ու հպարտ, որ այդ օրերին մարտական հենակետում էր:

-Հոյակապ զինվորներ ունենք, երբ վերադառնում էինք՝ տխրեցինք, որ բաժանվում ենք:

-Սիրիահայ Ժիրայր Տոնապետյանին հարցրեցի, թե ի՞նչ զգաց այդ օրերին,  այս ասաց. ինչ դու զգացիր, նույնը նաև ես: 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։