Image

Միշաբաթյա հանգիստ Աշտարակում

«ԱՅՐՈՒՁԻ» հեծյալ ակումբը հիմնադրվել է 1980թ․ Երևանի պոլիտեղինիկական ինստիտուտի մի խումբ ուսանողների կողմից, որի նախաձեռնողներից մեկն է Գագիկ Փարադյանը։ Հայրենասիրական այս ակումբի սկզբնական նպատակն է եղել՝ խորհրդային տարիներին հանրայնացնել հայ ազգային երգ ու պարը, ձիախաղերը, ստվերների թատրոնը, հանրապետությունով մեկ։ 1996 թվականին Աշտարակ քաղաքում «ԱՅՐՈՒՁԻ» հեծյալ ակումբին կից հիմնադրվել է ճամբար, որը 3 տարի շարունակ ընդունել է Արցախյան գոյամարտում նահատակված քաջորդիների ու 1988թ․ երկրաշարժից տուժած ընտանիքների երեխաներին։ Աջակցությունը հատկապես եղել է հոգեբանական։ Այն եղել է Հայաստանում առաջին հոգեբանական ռեաբիլիտացիոն ճամբարը. երեխաները, շփվելով ձիերի, շների հետ, իրենց միջից հանել են վախը, սթրեսը։

Ընթացքում նաև եղել են խաղեր, երգ ու պար, այլ երևույթներ։ 2020թ․ Արցախյան 44-օրյա պատերազմը շատ բան փոխեց մեր կյանքում։ Ստեղծվել են բազում մանկապատանեկան հասարակական կազմակերպություններ, որոնց մեծ մասն ունի ռազմամարզահայրենասիրական ուղղվածություն։ 2020 թվականից ի վեր, արդեն ավանդույթ է դարձել ամառային ճամբարի մի հերթափոխն անպայման տրամադրել Արցախից տեղահանված և պատերազմում զոհված հերոսների ընտանիքների երեխաներին: Ամեն տարի ճամբարը հնարավոր է դառնում կազմակերպել տարբեր բարեկամների և ընկերների շնորհիվ: 2021թ․ ակումբն ընդունել էր Արցախի տարբեր վայրերից տեղահանված երեխաների, որոնց մի մասը հետագայում վերադարձավ Արցախ։ 2022-ին այստեղ հանգստացել են հիմնականում Հադրութից տեղահանվածները։ 2023թ․ օգոստոսի 7-ից «Այրուձի» մանկական ակումբում, 1 շաբաթով, հյուրընկալվել են արդեն քաշաթաղցի 20 երեխա՝ Բերձորից ու այլ բնակավայրերից։ Օգոստոսի 10-ին այցելեցի ճամբար, ծանոթացա պայմաններին, ճամբարականների առօրյային։ Ճամբարը գործում է ձիարշավարանին կից։ Այժմ էլ երեխաներն օրվա մի մասն անցկացնում են ձիավարությամբ, իհարկե՝ արհեստավարժ հրահանգիչների օգնությամբ։ Տարածքում կան նաև շներ, որոնց հետ նույնպես շփվում են երեխաները և չեն վախենում։ Ճամբարի լողավազանում օրվա մեջ 2 անգամ լողանում են երեխաները՝ ջոկատավարների հսկողությամբ։ Ճամբարի ղեկավար Լիլիթ Փարադյանը սիրով տեղեկացրեց ակումբի պատմությունը, որի հիմնադիրներից մեկը իր հայրն է՝ Գագիկը։ Գոհունակություն հայտնեց բարերարներին, որ օժանդակել են՝ բարեգործական ճամբարի կայացմանը։ Նշեց նաև՝ աշխատում են Արցախցիների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ և դրանց միջոցով տեղեկանում երեխաների մասին։ Այս անգամ իրենց օգնել է Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի տնորեն, «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ համահիմնադիր Անահիտ Քոսակյանը։ Նշեմ՝ ճամբարի ջոկատավարները նույնպես Բերձորից են՝ թիվ 1 դպրոցի աշակերտուհիներ՝ համադասարանցիներ Անահիտը, Գայանեն, Մանեն, Քնարիկն ու Աննան, ովքեր արդեն ուսանողուհիներ են և սիրով են աշխատում իրենց կրտսեր համերկրացիների հետ։ Լ․ Փարադյանը տեղեկացրեց նաև՝ 2020-ից հետո յուրաքանչյուր Ամանորին և հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, ճամբարն ընդունում է երեխաների, կազմակերպում ուրախ ժամանցային միջոցառումներ։ Բերձորի Վ․ Թեքեյանի անվ․ թիվ 1 միջնակարգի ուսուցչուհի Վարդուհի Հովհաննիսյանը, ով նույն կրթօջախում աշխատել է առաջին օրերից, իր ֆեսբուքյան էջում գրել է․ «Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր կազմակերպեցին մեր երեխաների հանգիստը «ԱՅՐՈՒՁԻ» ճամբարում։ Շնորհակալություն, որ քաշաթաղցի երեխաները նորից ժպտում են՝ շնորհիվ Ձեզ»։ Ընդունելով քաշաթաղցի երեխաներին՝ «Այրուձի» ակումբը հնարավորություն է տվել նաև, որ միմյանց հանդիպեն իրար կարոտած քաշաթաղցիները։ Իմ այցի ընթացքում էլ այստեղ էին Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Գևորգ Մնացականյանը և բերձորցի Գարիկ Մելիքյանը՝ իրենց կանանց հետ․ նրանց երեխաները նույնպես ճամբարականներ են։ Հայտնեցին շնորհակալություն կազմակերպիչներին։ Ընթացքում զրուցեցի նաև երեխաների հետ։ Բոլորն են գոհ և ուրախ, որ լավ ժամանակ են անցկացնում այստեղ։ Առավել ուրախ ու անհամբեր իրենց հերթին են սպասում, որ ձիավարեն։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։