Ուստարվան ընդառաջ
Երևանի Դավիթաշենի 4-րդ թաղամասում է գործում Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցը, որն այս աշնանը կնշի հիմնադրման 35 ամյակը։ 2023-2024 ուստարում դպրոցն ունենալու է 1000-ից ավելի աշակերտ՝ 40-ից ավելի դասարաններով։ Առաջին դասարան սովորելու համար ներկայացրել 147 երեխայի հայտ։ Գործելու է 9-րդ՝ ավարտական 5 դասարան։
Դպրոցում ամռան ընթացքում սկսվել և շարունակվում են ընթացիկ վերանորոգման աշխատանքներ։ Տնօրեն Անուշ Նավասարդյանը տեղեկացրեց՝ աշխատանքները կատարվում են խնայված միջոցներով։ Ընթացիկ նորգման ընթացքում նախկին ճաշարանը վերափոխվել է դասարանի։ Գործող 17 դասարանում կատարվել են նորոգման տարբեր աշխատանքներ, հնարավոր է դարձել ավելացնել 5 դասասենյակ։ Մինչ սեպտեմբերի 1-ը, աշխատանքները կավարտվեն, և առավել արդյունավետ կկազմակերպվի ուսման գործընթացը։ Տնօրենի ուղեկցությամբ շրջեցի դպրոցի ներսում․ դասասենյակներում դեռ աշխատում են։ Հիմնականում դպրոցի տնտեսական մասի աշխատողներն են իրականացնում նորոգումը։ Ա․ Նավասարդյանը հատկապես կարևորեց այն, որ հիմնանորոգվում է դպրոցի հարակից մարզաշենքը։ Գրեթե 2 տասնամյակ այն չի օգտագործվել և գտնվում էր ավերակ վիճակում, գումար չլինելու պատճառով հնարավոր չի եղել իրականացնել հիմնանորոգում։
Դպրոցի զարգացման ծրագրի շրջանակներում տնօրենը հայտ է ներկայացրել, կարևորել մարզադահլիճի դերը, և դարձյալ խնայված գումարներով սկսվել են հիմնանորոգման աշխատանքները։ 2019թ․ կազմվել և հաստատվել է մարզադահլիճի հիմնանորոգման նախագիծը, և սկսվել են շինարարական աշխատանքները։ Սակայն 2020թ․ մեր ժողովրդին բաժին հասած չարիքների /Քովիդ-19, այնուհետև 44-օրյա պատերազմ, հետագա զարգացումներ/ պատճառով աշխատանքները դադարեցվել են։ Այժմ մրցույթում հաղթած «Վեստ Պլյուս» ՍՊ ընկերության կողմից հիմնանորոգվում է մարզադահլիճի ներսը։ Աշխատանքները մոտենում են ավարտին և, ըստ նախագծի, պետք է ավարտվեն մինչև տարեվերջ։ Նախատեսած է նաև իրականացնել կառույցի արտաքին պատերի բարեկարգման աշխատանքներ, որի համար կհայտարարվի նոր մրցույթ։ Տնօրենն ասաց՝ մարզադահլիճի հիմնանորոգումը կայանալու է 3 փուլով, խնայված գումարներով հնարավոր է հասցնել ավարտին։ Կարևորեց նաև գույքի ձեռքբերումը՝ ակնկալելով նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև բարերարների դերը։ Հավելեց նաև՝ աշնան ընթացքում կկայանա կրթօջախի հիմնադրման 35 ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում։ Հույս հայտնեց՝ դպրոցի շրջանավարտները նույնպես մասնակից կլինեն տոնին։ Նշեց նաև՝ դպրոցի շենքում հետագայում այլ փոփոխություններ նույնպես կլինեն՝ Աշոտ Նավասարդյանի անվան թանգարանը կտեղափոխվի այլ տարածք, իսկ նախկինը կօգտագործվի որպես դասասենյակ։