Image

«Անխելք» հայերս

Աշխարհի հարուստն է հայը, հարուստ, մեծահոգի ու այնքա՛ն շռայլ։ Դարեր շարունակ աշխարհին ենք տալիս մեծանուն մարդկանց գրեթե բոլոր բնագավառներում, նվիրում մեր մտքի, ձեռքի ու ոգու անհատակ ժառանգությունը։ Նվիրում ենք նաեւ թշնամուն։ Վերջինիս հանդեպ առավել առատաձեռն ու շռայլ ենք, քանի որ նվիրում ենք ամենակարեւորը՝ հայրենի հողը։

Նվիրում ենք, բաժանում, իսկ հետո զարմանում, թե ինչու ենք հայտնվել անապատացած միջավայրում՝ շրջապատված բորենիներով։ «Քոնն ուրիշին չտա՛ս։ Ինչքան տվեցիր՝ տանելու են, ինչքան տարան՝ խփելու են, ինչքան խփեցին՝ ուժեղանալու են, ուժեղացան՝ քամահրելու են...»,- զգուշացնում է Հրանտ Մաթեւոսյանը։ Մեծ հայերից քանի-քանիսն են զգուշացրել, ախտորոշել մեր ինքնավնասման հասնող «առատաձեռնությունը», ցույց տվել «բուժման» ճանապարհը, բայց դե ․․․ ասողին լսող է պետք։ Չենք լսում ո՛չ մեր մեծերին, ո՛չ մեկս մյուսին, քանզի ականջներս օտարի գովասանքին է սպասում, օտարից ակնկալվող փրկությանը։ Չի՛ եղել ու չի լինի նման բան։

Զայրույթներս էլ կուտակած մաշեցնում ենք իրար, նեղացնում, հյուծում ու հյուծվում։ «Բա որ այդքան վատն ենք ու հիմար» ո՞նց հասանք այս «լուսավոր դարին», երբեմն նման «խելոք» հարցեր են առաջանում։ Մտամոլոր հարց ենք տալիս ինքներս մեզ, ոնց կարող է «վատ», «թույլ», «դավաճան» ու «խեղճ» հայը հարատեւել դարեդար, պատմության գիրկն ուղարկելով շատ եւ շատ հզոր ազգերի ու ժողովուրդների։ Հարցնում ենք ու պատասխան սպասում կրկի՛ն օտարից։ Իսկ օտարն էլ՝ կամ անտարբեր ուսերն է թոթվում, կամ ուղղորդում խոտոր ճամփով։

Մերը հեշտությամբ օտարին, թշնամուն զիջելու, իսկ փրկությունը դրսից սպասելու պատճառն անինքնաճանաչ լինելն է։ Ինչ-որ պահի, երբ ժամանակի աշխարհակալ պետություն ունենալուց գլորվեցինք պետականազուրկ ազգի կարգավիճակի, այդ ընթացքում մոռացության մատնվեց մեր առաքելության գիտակցումը։ Դադարեցինք սիրել մեզ, դադարեցինք պատասխանատվություն վերցնել մեր եւ մեր ազգակցի համար, հրաժարվեցինք զենքը սիրելուց, գիրքը դարձավ ձեւ, այլ ոչ՝ բովանդակություն։ Մոռացանք, որ աշխարհը կանգուն է, երբ խավարը չի գերակշռում լույսին։ Մոռացանք, որ աշխարհի խիղճն ենք, լույս տարածողն ու վիշապներին հաղթողը։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։