Հայի արյան հետ է խայտում Անդրանիկ Զորավարի սուրբ անունը
(և՝ Անդրանիկով է ամբողջականանում հայ ժողովրդի բոլոր նպատակները)
Հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու,ամերիկյան Ֆրեզնո քաղաքում, հայրենիքի կարոտից հալումաշ լինելով՝ 96 տարի առաջ օգոստոսի 31-ին դադարեց բաբախել մեր ժողովրդի մեծանուն զավակ, հայ եւ բուլղար ժողովուրդների ազգային հերոս, անպարտելի զորավար Անդրանիկ Օզանյանի սիրտը: Նրա կամքն ու ցանկությունն է եղել, որ իր մարմինը տեղափոխվի և վերջնական հանգիստն առնի սուրբ Հայրենիքում: Սակայն Խորհրդային Միության այն ժամանակվա ղեկավարությունը, որ դողահար խուճապի մատնվեց թուրք-ազերիների բողոք-դժգոհություններից, արգելեց Զորավարի աճյունի մուտքը Խորհրդային սահմաններից ներս, երբ այդ աճյունն արդեն հասցվել էր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ:Ճարահատ և հարմար ժամանակների սպասումով՝ այն ժամանակավորապես ամփոփեցին Փարիզի հանրահայտ Պեր Լաշեզ գերեզմանատանը: Ինչպես հայտնի է, Զորավարի աճյունը հայրենիք տեղափոխել և Հայոց մայր հողին հանձնել հաջողվեց միայն 2000թ.-ին:
Օգոստոսի 30-ը հայ ժողովրդի մեծանուն զավակ Անդրանիկ Զորավար Օզանյանի մահվան 96-րդ տարելիցն էր: Այդ օրը հայ ժողովուրդը անսահման նվիրվածությամբ ու ակնածանքով է հիշում Մեծ Զորավարի կյանքն ու գործը, նրա՝ երկրով սփռված հուշարձանների առջև հիշատակի միջոցառումներ են կազմակերպում, գլուխ խոնարհում և ծաղկեպսակներով ու ծաղիկներով պատում պատվանդանները: Վանաձորի կենտրոնական հատվածում զորավարի բրոնզաձույլ հոյակերտ արձանի մոտ էին հավաքվել անդրանիկասեր հայորդիներ՝ դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ ու դասախոսներ, հկ-ների եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, հյուրեր արտերկրից, Երեւանից եւ այլ համայնքներից: Նրանք այդ անում են 2019թ.-ից սկսած, երբ «Ինտերկապ» բարեգործական կազմակերպության /նախագահ՝ Նորայր Զուլոյան/ նախաձեռնությամբ, համաժողովրդական հանգանակությամբ հնարավոր եղավ Զորավար Անդրանիկի անվան փողոցի սկզբնամասում պատրաստել և տեղադրել Արդրանիկ Զորավարի աշխարհում առաջին բրոնզաձույլ արձանը, որի քանդակագործն է երիտասարդ արվեստագետ Գեղամ Բեգջանյանը, ճարտարապետը՝ Սուրեն Աբովյանը:
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Այվազյանը և Վանաձորի քաղաքապետի խորհրդական, պատմական գիտությունների թեկնածու Արման Բեռնեցյանը միասին ծաղկեպսակ տեղադրեցին հուշարձանին,տերունական աղոթքով գնահատանքի իր խոսքն սկսեց Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան ավագ քահանա Ազարյանը: Այդ նրա խոսքերն են, որ ընտրվել են որպես այս լրատվության վերնագիր ու ենթավերնագիր: Անդրանիկի դերը հայ ժողովրդի պատմության մեջ բացառիկ և յուրօրինակ համարեց Հ. Այվազյանը, ճշմարտորեն հավելելով, որ Նա եղել ու մնում է հայ ժողովրդի ազատագրական պայքարի խորհրդանիշը: Արման Բեռնեցյանը հավաքվածների բուռն ծափահարություններին արժանացավ, երբ համարձակ շեշտեց. « Զորավար Անդրանիկը մեր ամենամեծերից մեկը չէ, Նա...ՄԻԱԿՆ Է»: Ապա հիշեցրեց, որ թուրքերը ԱՄԵՆ ՀԱՅԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԵՆ ԿՈՉԵԼ:
Գրող, գրականագետ, անդրանիկագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարո Վարդանյանը ներկաներն կլանեց համով-հոտով, հետաքրքիր իր խոսքով: Ամեն տարի նա հյուրընկալվում է Լոռիում նաեւ Զորավարի հետ կապված հիշատակի օրերին և ամեն անգամ նա կարողանում է մի նոր, մինչ այդ՝ անհայտ կամ քիչ հայտնի պատմությամբ, փաստական տվյալով զարմացնել ու գերել ունկնդիրներին: Այս անգամ էլ նա անկրկնելի էր: Նա խորապես փաստարկված գնահատականներով ոչ միայն արժեւորեց աննկուն Զորավարի գործունեությունը, ունեցած վիթխարի դերն ու նշանակությունը հայոց պատմության դժվարին ու ծանր ժամանակահատվածներում, այլև մի քանի դրվագներով ներկայացրեց, թե ինչպես էր աննկարագրելի խիզախություն ու համարձակություն ցուցաբերում մեր ժողովրդի համար ծանրածանր և անելանելի թվացող պահերին: «Եվ նա ամենուր էր: Մեզ համար ցանկացած մեծ զորավարի անուն հիշեցնում է որևէ տեղանուն, որևէ ծայրահեղ իրավիճակի հաղթահարում /Վարդան Մանիկոնյան՝ Ավարայր, Դավիթ Բեկ՝ Սյունիք և այլն/, բայց Անդրանիկն ուրիշ էր, Նա ամենուր էր, չկա հայոց մի գավառ, մի շրջան, ուր նա արծվի թևերով չհասներ և իր վճռական ու վերջնական խոսքը չասեր: ԵՎ այդ վիթխարի էությունը չտեղավորվեց այն ժամանակվա մեր իրողության մեջ, նա իր սիրասուն հայրենիքը լքեց, ինչպես մեր էպոսի մեջ Փոքր Մհերը ստիպված ծվարեց Ագռավաքարում»: Հետաքրքիր եւս մի փաստ. Վրաստանով 20զինվորների ուղեկցությամբ արտասահման հեռանալիս նրան քաղաքավարության հրավեր է հղում Վրաստանի կառավարության ղեկավարը: Զորավարը չի մերժում, հանդիպում է և կեղծավոր ղեկավարից դիվանագիտորեն կորզում խոստում, որ արտասահմանի հայության հանգանակած գումարներով ցեղասպանությունից մազապուրծ հայ սովյալ գաղթականության համար ուղարկված պարենամթերքը` 70 վագոնով, որ «լռվել-մնացել» էր նավահանգստային Բաթումիում, թույլ կտրվի Վրաստան-Հայաստան երկաթուղով ամբողջությամբ տեղափոխել Հայաստան: Զորավարի նկատմամբ ակնածանք ուներ, խոստումը կատարում է, սննդամթերքը տեղափոխվում է հազարավոր գաղթականների համար:
Ահա այսպիսին էր Զորավարը. որքան էլ իշխանություններից խռով՝ անգամ երկրից հեռանալիս էլ հերթական օգտակար Գործն արեց իր ժողովրդի համար:

