Ուսուցիչները չպետք է տեղավորվեն «անտեղյակ բախտավորների» շարքում
Լրագրողը իր գործունեության ընթացքում եւ լուսաբանած ոլորտներում առանցքային բոլոր դեմքերի ու դեպքերի ճիշտն ու սխալը գիտի։ Դա հիմա մեզ թույլ է տալիս հարց առաջադրել․ ի՞նչ կլիներ, եթե վերջին 3 տասնամյակում կրթության որեւէ նախարարի օրոք սեպտեմբերի 1-ին երեխաները դասագրքեր չունենային։ Այո, զանազան ու գույնզգույն հասարակական կազմակերպություններ, մարդու իրավունքների պաշտպաններ կգազազեին, թե՝ վա՜յ, Հայաստանում այս ու այն իրավունքը ոտնահարվում է։ Հիմա ձայն չկա։ Ինչու՞։ Պարզ մի պատճառով․ այդ տարատեսակ կառույցներին մեր երկրում իրականում ոչ մի իրավունք էլ չի հետաքրքրում, իսկ նրանց պատվիրատուների նպատակը հենց կրթության ոլորտի վերջնականապես ձեւախեղումն է։ Ով տալիս է փողը, նա էլ պատվիրում է երաժշտությունը։ Հիմա «մեր» հ/կ-ները գումար չեն ստացել երգելու համար։ Այնպես ինչպես «մեր» բնապահպանները 44-օրյային անտեսեցին թշնամու կողմից Արցախի անտառների ու զինվորների վրա սպիտակ ֆոսֆոր թափելու փաստը։
Այսօր շատերն են շնորհավորում սեպտեմբերի 1-ը։ Մինչդեռ այն շնորհավորելու իրավունք պետք է որ չունենային։ Օրինակ, այդպիսի իրավունք չունի ԿԳՄՍՆ-ն, պատկան այն մարմինը, որ դպրոցը սարքել է լաբորատորիա, որտեղ փորձարկվում են այնպիսի փորձեր, որոնք փորձանք են դառնալու։ Շնորհավորելու իրավունք պետք է չունենային այն գործարարները, որոնք անգրագիտության մարմնացում են եւ իրենց կյանքում որեւէ գործ չեն արարել, նրանք պարզապես առեւտրականներ են։ Շնորհավորելու իրավունք պետք է չունենային այն իշխանավորները, որոնք չգիտեն ինչ ասել է ընդհանրապես կրթություն։
Շնորհավորում են ու մոռանում են նշել, որ եթե այսօր դեռ նշվում է սեպտեմբերի 1-ը, ապա դա մեր նահատակների, մեր զինվորների, կամավորականների շնորհիվ է։
Ինչու ենք ենք ասում՝ դեռ նշվում է։ Պարզ մի պատճառով․ մեր անվտանգության հետ կապված խնդիրները ժամ առ ժամ ավելանում են՝ որեւէ լուծում չստանալով։
Այսօր սեպտեմբերի 1-ն է, թշնամին Սոթքի ուղղությամբ ԱԹՍ եւ ականանետ է կիրառել, ունենք 2 զոհ եւ 1 վիրավոր (ժամը 14։00-ի դրությամբ)։ Վերջին շրջանում այս ուղղությամբ թշնամին ակտիվացել է, եւ ակտիվացել է այնքան, որ նույնիսկ ՀՀ ՊՆ-ն է գրում, թե թշնամին Սոթքի ուղղությամբ ռազմական տեխնիկա եւ լրացուցիչ անձնակազմ է կենտրոնացնում։
Մի խոսքով՝ Սոթքի հատվածում եկել է «խաղաղության» դարաշրջանը։ Այնպես, ինչպես եկավ Տեղի հատվածում, Ջերմուկի մատույցներում, Սեւ լճի տարածքում եւն։ «Արցախը տանք, հանգիստ ապրենք» թեզը կիրառողնե՛րն ու թեզի կտերն ուտողնե՛րը բերեցին «խաղաղության» դարաշրջանը։ Դե, թշնամին էլ հարեւանասեր է, ամեն ինչ անում է՝ այդ «խաղաղությունն» ամրապնդելու համար։
Այդ «խաղաղությունը» մենք ամեն օր ենք ստանալու, քանի դեռ չենք հասկացել, որ Արցախում իրավիճակը ուղղակիորեն անդրադարձ է գտնելու Հայաստանում։ Այն պարզ բացատրությամբ, որ Արցախը տալով հանգիստ չենք ապրելու, որովհետեւ երկրի մի մասը տալով՝ ավելի ենք վտանգում մյուս մասի ճակատագիրը։ Պետք է որ բարդ չլինի հասկանալը, որ առանց Արցախի չկա Հայաստան եւ առանց Հայաստանի չկա Արցախ։ Արցախն ու Հայաստանը նույն անվտանգային տիրույթում են, եւ մեկի գլխին կախված վտանգը մյուսի գլուխը չի շրջանցելու։
Սա բացարձակ ճշմարտություն է, որը համառորեն ընկալել չի ուզում հանրային մի շերտ, որին համարում եմ «անտեղյակ բախտավորներ»։ Իրականում նրանք անտեղյակ չեն, բայց, այո, բախտավոր են, քանզի կարողանում են ուղեղներն անջատել եւ իրապես չմտածել իրենց շուրջը կատարվողի մասին։ Այլ կերպ՝ սա այն իներտ, տեղից չշարժվող հատվածն է, որ միապաղաղ ու միագույն է։ Մշտապես գլորվող հոսանքի մեջ, բայց ջրի երեսին մնացող։ Արժեհամակարգով անարժեք, հարց չտվող, պատասխանի չսպասող, պատասխան չպահանջող շերտն է։ Ինքն է ու իր տունը՝ խոհանոցից զուգարան ընկած հատվածում։ Այս շերտը մտածում է օրվա կերակուրի, կահույքի «դիզայնի», խանութների զեղչերի, առաջիկայում իր հաճախելիք ծնունդների կամ հարսանիքների, հանգստի մասին։ Ամեն ինչի, բայց ոչ երկրի։ Հենց հերթը հասնում է երկրին, այս հատվածը «քաղաքականությանը չի խառնվում»։ Իսկ ինչու՞։ Շերտի պատասխանը մեկն է՝ «օֆ աման, եսիմ է, չգիտեմ»։
Եվ այս «օֆ աման»-ի «անտեղյակ բախտավորները» իրականում ավելացնում են երկրի մասին մտածողների հոգսն ու գործի ծավալը, որովհետեւ մտածողները ստիպված են լինում նրանց բաժին քայլն էլ անել։ Եվ երբ երկրի գործերը կարգավորվում են, «անտեղյակ բախտավորները» դառնում են տզրուկներ ու պահանջներ առաջադրում այն երկրին, որի ճակատագրի վրա թքած ունեին։
Ինչեւէ, այսօր սեպտեմբերի 1-ն է, եւ ուսուցիչները պիտի հիշեն, որ իրենք սերունդ են դաստիարակում նախ իրենց օրինակով։ Ու եթե նրանք ինչ-ինչ վախերից ելնելով՝ տեղավորվեն «անտեղյակ բախտավորների» շարքում, հաջորդ սեպտեմբերի 1-ը կարող են չունենալ։ Վախեցնո՞ղ է։ Բայց փաստ է։ Իսկ փաստի հետ առերեսվել է պետք․․․ Շտկելու հնարավորություն ունենալու կամ այդ հնարավորությանը նպաստելու համար։

