Image

Այստեղ մեր հողն է, մեր սրբավայրը, և մենք իրավունք չունենք լքելու այս հողը

Արցախի քաշաթաղի շրջանի Հերիկ գյուղը գտնվում էր Մոշաթաղ համայնքի կազմում։ Շրջանի Աղավնո գետի աջակողմյան բարձրադիր ձորակում է պատմական գյուղը, որտեղ պահպանվել է միջնադարյան Սուրբ Գևորգ եկեղեցին։ Շուշիից 2014թ. Հերիկ բնակվելու է տեղափոխվել Էռնեստ Խոսրովյանի և Արևիկ Գրիգորյանի բազմազավակ ընտանիքը։ 2016թ. «Հայրենասեր» ՀԿ-ի ֆինանսավորմամբ և Արցախի կառավարության աջակցությամբ հիմնանորոգվեց Հերիկի դպրոցը և անվանակոչվեց ի պատիվ Ապրիլյան Քառօրյայում մարտիրոսված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի։ Այստեղ էին սովորում Էռնեստի զավակները, դպրոցում որպես տնտեսվար էր աշխատում Արևիկը։ Հերիկում ծնված որդիներից մեկին էլ կոչեցին Ռոբերտ։

Հաճախ էի այցելում Հերիկ, լինում դպրոցում, շփվում բնակիչների, աշակերտների հետ։ Իրենց գյուղի տերն էին նաև Էռնեստի զավակները։ Լավ էին սովորում դպրոցում; 2020թ․ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հերիկն էլ կրկին հայաթափ եղավ, և տեղի բնակիչները տեղափոխվեցին ՀՀ և Արցախի տարբեր բնակավայրեր։ Էռնեստի և Արևիկի ընտանիքն սկզբում տեղափոխվեց Երևան, սակայն 9 ամիս անց վերադարձան Արցախ և բնակություն հաստատեցին Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում, որտեղ ծնվել է Էռնեստը։ Բազմազավակ ընտանիքը Քաշաթաղի շրջանում աջակցություն էր ստանում «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» բարեգործական հիմնադրամի կողմից։ Այժմ էլ հիմնադրամը հնարավորության սահմաններում աջակցում է Արցախի բազում բազմազավակ ընտանիքների։ Արդեն 9 ամիս է՝ Արցախը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, և մեր հայրենիքի այս հատվածում շատ է դժվարացել բնակչության կյանքը։ Առավել դժվար է բազմազավակ ընտանիքների համար։ Այնուամենայնիվ մեր հայրենակիցները տեր են իրենց տանը։ Հարցազրույցն Արևիկ Գրիգորյանի հետ կայացավ հեռախոսով։ Արևիկը ծնվել է 1992թ․ՀՀ Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքում։ Շուշիի ազատագրումից հետո նրանց ընտանիքը տեղափոխվել է Բերդաքաղաք և բնակություն հաստատել այստեղ։ Շուշիում է հասակ առել Արևիկը, 17 տարեկանում ամուսնացել Էռնեստի հետ։ Այժմ ունեն 9 երեխա՝ 6 տղա, 3 աղջիկ։Այս սեպտեմբերի 1-ին նրանց զավակներից 7-ը հաճախեցին դպրոց։

Հարցին՝ ինչո՞վ եք այժմ զբաղվում Ճարտարում, ունե՞ք ձեր տունը, Արևիկը պատասխանեց․

 -Ունենք մեր տունը, որը հիմնանորոգման խնդիր ունի։ Սակայն աշխատանք չկա․ զբաղվում եմ միայն հողագործությամբ։Ամուսինս նույնպես չի աշխատում․ մասնակցեց 44-օրյա պատերազմին, տուն եկավ, սակայն՝ առողջական լուրջ խնդիրներով։ Յուրաքանչյուր ամիս 1-2 անգամ պառկում է հիվանդանոց` բուժում ստանալու։ Բժիշկները խորհուրդ չեն տալիս, որ ֆիզիկական աշխատանք անի, չնայած այժմ շինարարություն էլ չի կատարվում։

- Ներկա վիճակն ի՞նչպես է ազդում։

- Դժվար ժամանակներ են. լույսը տալիս են ընդհատումներով, գազ ընդհանրապես չկա։ Խմելու ջուրը նույնպես կարճ ժամանակով է տրվում։ Առավել դժվար է տրանսպորտի հարցը։ Հատկացվող ֆինանսական նպաստն էլ ուշ-ուշ են տալիս։ Սննդի հարցն էլ է վատ, հացը քարտով ենք գնում, այնէլ՝ քիչ քանակով։ Միայն մեր հողամասում արտադրածն ենք օգտագործում, բայց դա էլ շուտով կվերջանա, ու չգիտենք՝ ինչ է լինելու։ Միակ բանը, որ մեզ պահում է մեր հայրենիքում, դա հերոս տղաների թափած արյունն է, որ մեզ հույս է տալիս։ Գոնե գիտենք՝ հանուն ինչի ենք պայքարում։ Այստեղ մեր հողն է, մեր սրբավայրը, և մենք իրավունք չունենք լքելու այս հողը։ Եթե հեռանանք մեր հայրենիքից, դավաճանած կլինենք մեր հերոս տղաներին, այն հերոսներին, ովքեր գերադասեցին հայրենիքը իրենց սեփական կյանքից։ Սա է իմ անձնական կարծիքը, որ ամեն օր սերմանում եմ իմ երեխաներին։ Մեր տանը կա Արցախի Հերոս Ռոբերտ Աբաջյանի անկյունը։ Նրա անունն է կրում մի որդիս, Էմիլին նույնպես Անմահ հերոսի անունով եմ կոչել։

- Դիմանու՞մ են Ձեր երեխաները ներկա պայմաններին։

- Հերոսների անուն են կրում, և հույս ունեմ իրենց անվանակիցների նման հայրենասեր կմեծանան, կհասկանան հայոց բանակի դերն ու գինը, ու չեմ ափսոսա, որ այդ անուններով եմ կնքել նրանց։

 - Տեղյակ եմ՝ «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» հիմնադրամը մշտապես աջակցել է Քաշաթաղում, Շուշիում, Արցախի այլ վայրերում բնակվող բազմազավակ ընտանիքներին։ Ձեր ընտանիքին ինչ օգնություն է ցուցաբերել։

- Ես շնորհակալ եմ պարոն Գուրգեն Մելիքյանից, շատ է մեզ օգնել, անասուն է 3 անգամ հատկացրել դեռ Քաշաթաղի շրջանում։ Այստեղ էլ երեխաների համար հագուստ, գրենական պիտույքներ, այլ անհրաժեշտ իրեր է հատկացրել, օգնել է նաև ֆինանսով։

 - Իսկ ի՞նչ կոչ կուղղեք աշխարհի հայությանը՝ ապրելով մեր հայրենակիցների մտահոգության կիզակետ Արցախում, որն այժմ շրջափակման մեջ է։ 

- Կոչ եմ անում բացել «Կյանքի ճանապարհը», որ կարողանանք այստեղ բնակվել։ Կրկին ասում եմ՝ իմ ընտանիքը մնալու է իր հայրենիքում։ Կարող էինք մնալ Հայստանի Հանրապետությունում, բայց գերադասեցինք վերադառնալ Արցախ։

- Շնորհակալություն, որ գերադասել եք բնակվել Արցախում, դառնալ տերը մեր հայրենիքի։ Հուսանք՝ շուտով կիրականանան ձեր երազանքները։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։