Հայ-ռուսական բարեկամության պահպանման համար
Հայ-ռուսական բարեկամական, համագործակցային հարաբերությունները պահպանելու եւ զարգացնելու նպատակով ավելի քան մեկ ամիս առաջ ստեղծվել է «Հայ-ռուսական բարեկամության եւ համագործակցության միավորում» ՀԿ-ն, որը նպատակ ունի գործունեություն ծավալել մասնավորապես մշակույթի, գիտության, կրթության, սոցիալական եւ գործարար ոլորտներում։ Կազմակերպության բացման հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին, որին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսական ընկերության նախագահ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, Մոսկվայի պետական կառավարման համալսարանի պրոֆեսոր Վիկտոր Կրիվոպուսկովը, սակայն ինչպես գիտենք, ՀՀ կառավարության կողմից նրա մուտքն արգելվել էր։
Բացման արարողությանը Կրիվոպուսկովը, Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսական ընկերության պատասխանատու քարտուղար Կարինե Արամյանը, ինչպես նաեւ բանաստեղծ, ընկերության ակտիվիստ Սերգեյ Բուլիչեւը միացել են տեսակապով։ Վերջինս տարբեր ժամանակներում այցելել է Հայաստան, այդ թվում Արցախ, Հայաստանին նվիրված բանաստեղծություններ ունի։
«Հայ-ռուսական բարեկամության եւ համագործակցության միավորում» ՀԿ-ի նախագահ Ժասմինա Ղեւոնդյանը «ՀՀ թերթ»-ի (hhtert.am) զրույցում նշեց, որ իրենց հիմնական գործընկերն է լինելու Մոսկվայում 2006 թվականից գոյություն ունեցող «Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսական ընկերությունը», բայց չի բացառվում, որ կհամագործակցեն այլ հասարակական կազմակերպությունների հետ եւս։ «Հայ-ռուսական հարաբերությունները թուլանում են․ հետաքրքրությունը ռուս հասարակության եւ ռուսերենի նկատմամբ մարում են, երիտասարդության շրջանում ռուսերեն լեզվին տիրապետելու խնդիր կա: Դրա պատճառները շատ են, մի մասը օբյեկտիվ, մյուս մասը՝ սուբյեկտիվ։ Կազմակերպության ստեղծման հիմնական նպատակն է թույլ չտալ այդ ամենը, որովհետեւ վերականգնելը գրեթե անհնար կլինի»,- ասաց նա։
Հասարակական կազմակերպությունը նախատեսում է բաց դասեր անցկացնել հատկապես երիտասարդ սերնդի ներգրավմամբ։ Ներկայացվելու է հայ-ռուսական դարավոր պատմությունը, փոխհարաբերությունները եւ այլն։ Նպատակ ունեն հանդես գալ հեռուստահաղորդումներով։ Հոկտեմբերի կեսին նախատեսվում է գիտաժողով անցկացնել Հարավային Կովկասում ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ։ «Մենք Ռուսաստանի, ռուս ազգի հետ բազմադարյա պատմություն ենք անցել, որի ընթացքում հայն ու ռուսը միասին կռվել են ընդհանուր թշնամու դեմ։ Շատ կարեւոր փաստ է այն, որ հայը եւ ռուսը երբեք չեն կռվել միմյանց դեմ։ Տարիներ շարունակ առաջ է տարվում այն միտքը, թե իբր Հայոց ցեղասպանությունը եղել է այն պատճառով, որ հայերը ռուսների կողմն են անցել, սակայն մոռանում են կարեւոր եւ առանցքային հանգամանք, որ հայերը թուրքական ճնշումներից եւ հալածանքներից փրկվելու համար են հույսը կապել ռուս զինվորի եւ Ռուսական կայսրության հետ»,-ընդգծեց Ղեւոնդյանը։ Նա հիշատակեց 1913-16թթ-ին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուին, ով հանդիսանալով տեղի ունեցած ողբերգության կենդանի վկան, «Հայաստանի ողբերգություն» գրքում գրում է, որ եթե ուզում են իմանալ, թե ինչպես են Ռուսաստանի գործերը ռազմաճակատում, ապա բավական է նայել հայերի դեմքին․ եթե հայը ժպտում է եւ ուրախ է, ուրեմն Ռուսաստանի գործերը լավ են, եթե հայը տխուր է, ապա ռուսների գործերն այնքան էլ լավ չեն ռազմաճակատում։ Թուրքերին ընդամենը պատրվակ է պետք եղել իրենց վայրագությունների համար։ Մշտապես նրանց քաղաքականությունն է եղել նվաճված տարածքների բնիկներին իսպառ վերացնելը, որպեսզի հետագայում անկախության չձգտեն։ Շատ են պատմական դրվագները, երբ հայն ու ռուսը միասին են կռվել թշնամիների դեմ։ Կան պատմություններ, որոնց մասին մեր հասարակության շրջանում գրեթե չգիտեն։
Ղեւոնդյանի խոսքով, Ռուսաստանի եւ մեր միջեւ պետք է պահպանել փոխվստահության մթնոլորտը։ Մեծ աշխատանք կա անելու թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի հասարակության լայն շերտերի հետ։ Հայ հասարակությունը պետք է հասկանա, որ Եվրոպայի հետ հարաբերությունները ճիշտ չէ կառուցել Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների հաշվին։ «Մենք մեր անկախությունը ձեռք ենք բերել Ռուսաստանի տիրապետության տակ եղած տարածքների վրա»,-շեշտեց նա։ Զրուցակիցս համամիտ էր այն դիտարկմանը, որ մեր հասարակությունը, այդ թվում՝ վերլուծաբաններն ու քաղաքագետները լավ չեն ճանաչում Ռուսաստանը եւ ռուս ազգին։ Նրանց վերաբերմունքը երկու խմբի կարելի է բաժանել՝ կամ ռուսատյաց են, կամ էլ՝ ընդունում են անվերապահորեն, առանց խորությամբ ճանաչելու։ Այնինչ արդյունավետ քաղաքականություն իրականացնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել տվյալ պետության եւ ազգի առանձնահատկությունները։ ՀԿ-ի նախագահը խոսեց հայկական կողմի եւ առաջին հերթին Ռուսաստանի հայերի մեկ այլ բացթողնման մասին, նշելով, որ հայերն ավելի շատ բիզնեսի մեջ են ներգրավված ու աչքաթող են անում Ռուսաստանի հասարակական-քաղաքական կյանքը։ Այդ հարցի շուրջ իր մտահոգությունն է հայտնել նաեւ Վիկտոր Կրիվոպուսկովը։ Իսկ այդ ամենի հետեւանքն այն է, որ Ռուսաստանի հասարակական, տեղեկատվական, մասնագիտական դաշտը լցվում է պրոադրբեջանական, պրոթուրքական հայացքներ, կողմնորոշում ունեցողներով։