Image

Ամեն ինչ իր գինն ունի ․․․ ու հետեւանքը

«Երեխաները չգիտեն ոչ անցյալ, ոչ ապագա, նրանք վայելում են ներկան»․ գրել է 17-րդ դարի ֆրանսիացի հայտնի փիլիսոփա, բարոյախոս, արձակագիր Ժան դը Լաբրյուերը։ Այսպես կարող է ապրել երեխան։ Ֆիզիկապես եւ հոգեպես առողջ մեծանալու համար երեխաներին նախեւառաջ անհրաժեշտ են իրական, անկեղծ ապրումներ, կյանքը վայելելու հնարավորություն։ Բացարձակապես տեղին չէ, երբ այդ մոտեցումներով է առաջնորդվում մեծահասակը, երբ գերակա է դառնում վայելք եւ տպավորություններ ստանալու ցանկությունը։ Նման ապրելակեպը ոչ միայն տեղին չէ, այլեւ խիստ վտանգավոր է։ Սակայն առավել վտանգավոր է, երբ այդ սկզբունքն է որդեգրում ազգը, պետությունը։ Նման մոտեցումը տանում է տեսակի ոչնչացման կամ խամաճիկ դառնալու ճանապարհ է բացում։

«Անցյալից չկառչելու», «կյանքին թեթեւ նայելու» հորդորները անկախության շրջանում նորաձեւ են դարձել, դրանք ներկայացվում են որպես «առաջադեմ»։ Նման կարգախոսները հրապուրիչ են դառնում հատկապես երիտասարդ սերնդի համար։ Չէ՞ որ ներկայով ապրելը ազատում է ապագայի հանդեպ պատասխանատվությունից։ Եթե դրան ավելացնենք «պահը վայելելու», «կարծրատիպեր կոտրելու» քարոզը, ապա պատկերն ավելի կամբողջանա։ Շատերի մոտ հարց կարող է առաջանալ՝ մի՞թե վատ է կյանքը վայելելու ցանկությունը, կաշկանդող, սահմանափակող գաղափարներից, կանոններից հրաժարվելու, ազատվելու հնարավորությունը։ Իհարկե վատ չէ, բայց միայն վայելքով կուշտ չես լինի, ապահովություն չես ունենա, նորը չես ստեղծի։ Իսկ վայելքն այն գինն է, նվերը, մրցանակը, որին մարդն արժանանում է աշխատանքի շնորհիվ բարիք եւ արժեքներ ստեղծելու դիմաց։ «Հինը» մերժելու, «հնից» ազատվելու փոխարեն մարդկանց ոչինչ չի առաջարկվում, միայն վայելք, միայն ավազի հատիկների պես մատների արանքից հոսող ներկա, որն իրենից հետո ոչինչ չի թողնում։ Իսկ մարդը, որ ընտելանում է վայելքի որոշակի չափաբաժնին, ձգտում է նորին, ավելի մեծ չափաբաժնի։

Ազգերի համար միայն ներկայով ապրելը կործանարար է, տվյալ պահից առավելագույնը քամելու ձգտումն այլասերում է, բարոյազրկում։ Այդպես են դրսեւորվում պատեհապաշտները։ Անցյալից պետք չէ կառչել, անցյալը պետք է հիշել, հետեւություններ անել, դասեր քաղել։ Ներկան գործիք է ապագան կերտելու համար։ Միայն ներկայով ապրելու մոտեցումն այսօր խնդիր է դարձել մեր հասարակության, պետության համար։ Կուտակված եւ շարունակաբար կուտակվող խնդիրներին կոսմետիկ լուծումներ են տրվում, արդյունքում՝ դրանք ծանրանում են ապագայի վրա։

Կարծրատիպերը մեզ ներկայացվում է գերազանցապես բացասական երանգով, մինչդեռ այն տարբեր հարթություններում խնդիրներ է լուծում։ Եթե անգամ կարծրատիպային պատկերացումները կարող են թերի լինել, ապա միեւնույն է դրանց առկայությունը որոշակի կայունության զգացողություն է առաջացնում, դրանք այն պատկերացումներն են, որոնք ձեւավորվել են սերունդների փորձի, գիտելիքների, սխալների հիման վրա։ Այսօր մենք օգտվում ենք դրանցից ավելի արագ գործելու համար։ Այո, կան անցյալին պատկանող պատկերացումներ, որոնցից, սակայն, զգուշորեն է պետք հրաժարվել։ Երբ հիմնահատակ քանդվում են կարծատիպերը, խախտվում են մարդու ներքին հենասյուների ամրությունը։

«Կարծրատիպեր կոտրելու» արշավի հետեւանքով ոչնչացրեցինք եւ շարունակում ենք ոչնչացնել մեր արժեհամակարգի շատ կարեւոր բաղադրիչները։ Ամեն ինչ իր գինն ունի, էներգիան ոչնչից չի առաջանում եւ չի անհետանում, աքսիոմա է, կուզեք անվանել՝ կյանքի, աստվածային կամ տիեզերական։ Դրանից էությունը չի՛ փոխվի, միայն թե կարգն է խախտված, համակարգը՝ քանդված։ Հինը քանդելու, եւ դրա փոխարեն որեւէ բան չառաջարկելու արդյունքում քաոս է առաջանում։ Քաոս, որի մեջ հիմա մենք ենք գտնվում։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։