«Կա-Էս» հրանոթային հաշվարկի հրամանատարը

Ապրողները իրենց ուժով
Ու զենքով են անպարտելի,
Ընկածները իրենց հուշո՛վ,
Վրեժո՜վ են սարսափելի...
Պարույր Սևակ
Կինոբեմադրիչ, Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության անդամ, ռեժիսոր, ազատամարտիկ Սամվել Թադևոսյանն առավել հայտնի է «Արդարության մարտիկներ» ֆիլմաշարով։ Սկսած Արցախյան առաջին գոյամարտից մինչ օրս Ս․ Թադևոսյանն իր ֆիլմերում պատմում է հանուն հայրենիքի մարտի ելած հազարավոր քաջորդիների մասին, որոնցից շատերն արդեն Հավերժի ճամփորդ են ու մեզ հետ են իրենց Հերոսացումով, Անմահությամբ։ Սեպտեմբերի 12-ին ՀՀ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում՝ Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում, կայացավ Ս․ Թադևոսյանի հերթական «Անմահության հետքերով» վավերագրահերոսական ֆիլմի առաջին ցուցադրությունը։
Արցախյան 44-օրյա պատերազմը մեր ժողովրդին շատ դառնություն պատճառեց։ Նույն պատերազմում միայն Գավառից զոհվեցին ավելի քան 30 քաջորդի, վիրավորվեցին մոտ 60-ը։ Մարտիրոս քաջորդիներից Անդրանիկ Կարենի Գրիգորյանը ծնվել է Արծվաքար թաղամասում և հերոսացավ մարտադաշտում՝ թշնամուն պատճառելով նյութական ու մարդկային մեծ կորուստներ։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտը հմուտ հրետանավոր էր՝ մարտկոցի հրամանատար՝ կապիտանի կոչումով։ Պատերազմի սկսվելու օրը եղել էր տանը՝ պատրաստվում էին նշելու դարձյալ զինվորական ավագ եղբոր՝ արձակուրդում գտնվող ավագ-լեյտենանտ Մերուժանի ծննդյան 29 ամյակը, որը սեպտեմբերի 29-ին է։ Բայց լսելով պատերազմի լուրը՝ զինվոր եղբայրներն շտապեցին իրենց զորամասեր՝ Մարտակերտի շրջան։ Շուտով նրանց հայրը՝ Կարենն էլ կամավոր առաջնագիծ հասավ։ Այս գերդաստանի մասին էր նոր ֆիլմը, որի առաջին ցուցադրությանը ներկա էին Անդրանիկ Գրիգորյանի ծնողները՝ Կարեն Գրիգորյանն ու Վիկտորյա Սայադյանը, եղբայրը՝ Մերուժանը, հարազատներ, Անդրանիկի հետ նահատակված հերոս, երևանցի Լևոն Ռուբենի Պետրոսյանի մայրը՝ Ռուզաննան և կինը՝ Սերինե Զարգարյանը, Սարի Թաղի կամավորական ջոկատի տղաները, ովքեր այդ օրերին Անդրանիկի ու Լևոնի հետ էին պաշտպանում հայրենիքը, ինչպես նաև՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, Գավառի քաղաքային համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, այլ պաշտոնատար անձինք, հյուրեր։ Դահլիճի բեմահարթակի ձախ անկյունում՝ Հայոց Եռագույնի հարևանությամբ, Անդրանիկի մեծադիր լուսանկարն էր, փաստաթղթեր, մեդալներ, կրծքանշաններ, պատվոգրեր ու շնորհակալագրեր, որոնք պատմում էին հերոս հայորդու անցած մարտական ուղու մասին։ Ցերեկույթը վարող Արփիկ Չքոլյանը Պարույր Սևակի «Ընկածները» բանաստեղծությամբ ողջունեց ներկաներին՝ տեղեկացնելով ֆիլմի շնորհանդեսը կայանալու է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ։
Կռիվներում ընկան նրանք.
Ամեն մեկը՝ մի տան ճրագ,
Ամեն մեկը՝ մի մոր որդի,
Ամեն մեկը՝ մի աղջկա
Երազանքը անապական,
Կնոջ՝ սերը, հոր՝ ապագան...
Ամեն մեկը՝ անգիր մի վեպ,
Ամեն մեկը անգին մի կյանք...
Եղավ լռության րոպե, այնուհետև հաղորդավարն անդևադարձավ կինոբեմադրիչ Ս․ Թադևոսյանի նկարահանած փաստգրական ֆիլմերին, որոնցից հերթականն առաջին անգամ է ցուցադրվելու և նվիրված է Գավառ քաղաքում բնակվող Թարխանյան տոհմի արիասիրտ ժառանգներին` Կարեն Գրիգորյանին, նրա Անդրանիկ ու Մերուժան որդիներին։ Նրանք 2020 թ․ 44-օրյա Արցախյան պատերազմի ընթացքում իրենց բացառիկ խիզախումով և նվիրումով փաստեցին, որ Հայաստան-հայրենիքի համար պատրաստ են նույնիսկ ամենաթանկագին զոհաբերությանը... Կարենի ավագ որդին՝ 1991թ․ ծնված Մերուժանը, Արծվաքարի դպրոցում ստանալով միջնակարգ կրթություն, ուսումը շարունակել է Գավառի պետական համալսարանում, այնուհետև Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ հրետանավորի մասնագիտությամբ։ Սկզբում լեյտենանտի, այնուհետև ավագ-լեյտենանտի կոչումով ծառայել է լեգենդար «Եղնիկներ»-ում, որն ինքն էր ցանկացել։ 2016թ․ մասնակցել է Ապրիլյան ռազմական գործողություններին։ Անմահ հերոս Անդրանիկը ծնվել է 1993թ․ դեկտեմբերի 7-ին։ 2010թ․ գերազանցությամբ ավարտել է Արծվաքարի միջնակարգ դպրոցը և ընդունվել Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Ավարտելուց հետո 3 տարի լեյտենանտի կոչումով ծառայել է Դիլիջանում, այնուհետև տեղափոխվել Արցախ՝ Մարտակերտի շրջան, որտեղ էլ ծառայեց մինչև կյանքի վերջը՝ 2020թ․ հոկտեմբերի 2-ը և մնաց հավերժ այդ երկրի պահապան-զինվորը։ Հուղարկավորված է Արծվաքարի «Զորաց» պանթեոնում։ Հիշատակի ցերեկույթը բացեց Գեղարքունյաց թեմի Գավառի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանը։ Դիմելով ներկաներին՝ ասաց՝ 2020թ․ այդ արյունալի օրերին մենք կորցրեցինք գրեթե մի ամբողջ սերունդ, ովքեր որ պետք է նոր կյանք մտնեին, ընտանիք կազմեին, բայց այդ ամենով հանդերձ չվարանեցին կռվել սրբազան մեր հայրենիքի համար և կյանքը նվիրել։ «Երկրորդ տպավորությունս ավելի ոգևորիչ է․ թե Անդրանիկը՝ մեր հերոս սպան, թե մնացած նահատակները կարողացան մեզ ևս մեկ անգամ ապացուցել, որ մեր ազգը, մեր ժողովորդը երբևիցե հերոսներ ծնելու դժվարություն չի ունեցել», -խոսքը շարունակեց հոգևոր հայրը և անդրադարձավ Ս․ Թադևոսյանի ֆիլմին՝ համարելով կարևոր երևույթ, և շնորհակալություն հայտնեց գեղեցիկ ձեռնարկի համար։ Նշեց՝ ինքը հպարտ է որպես հայ ժողովրդի զավակ, որ կան Անդրանիկի ու հազարավոր նման քաջորդիներ ու նրանց ծնողները։ Դիմելով հերոսածին ծնողներին՝ մաղթեց, որ այսուհետ ոչ մի ծնող չարտասվի իր զավակի համար, արցունք թափի միայն տեսնելով զավակին ուրախության և երջանկության մեջ։ Գավառ քաղաքի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանն իր խոսքում իր խոնարհումը բերեց նահատակ քաջորդիների ծնողներին, կարևորեց հերոսների դերը, որ նրանց շնորհիվ այսօր ունենք հայրենիքը պահող բանակ։ Կարևորեց Ս․ Թադևոսյանի նկարահանած ֆիլմի դերը, շնորհակալություն հայտնեց և նշեց՝ հատկապես երիտասարդ սերնդի կյանքում՝ որպես ռազմահայրենասիրական լավագույն օրինակ են նման ֆիլմերը, որոնցով դաստիարակվելու են երիտասարդները, ճանաչելու են Անդրանիկին ու նրա նման շատերին։ Ելույթ ունեցավ նար Ս․ Թադևոսյանը՝ նախ նշելով, որ մասնակցել է Արցախյան բոլոր պատերազմներին ու ընթացքում նաև նկարահանումներ է կատարել։ Ասաց՝ պատերազմների ընթացքում ինքն էլ է հարազատներ կորցրել, ու պարտավորություն է՝ հնարավորինս շատ քաջերի մասին ներկայացնել հանրությանը։ Ասաց նաև՝ պատահական չէ ընտրել ֆիլմը նվիրել Թարխանյանների տոհմին՝ հաշվի առնելով մեկ ընտանիքից 3 տղամարդու մասնակցությունը պատերազմին և հետագա ընթացքը․․․ Անդրադարձավ Անդրանիկի ծնողների կերպարին, որ իրենց մեջ խեղդելով անձնական վիշտը՝ հպարտ են քաջ զավակներով։ Նշեց նաև՝ ֆիլմի տևողությունը 44 րոպե է՝ պատահաբար չի ընտրված ժամանակը։
-«Կյանքդ կյանքիս համար, կյանքս կյանքիդ գնով»․ ահա՝ բարոյական գիտակցության այս բարձրագույն վարքով կռվի ելան Գավառ քաղաքի Գրիգորյան ընտանիքի երեք Արուները՝ Կարեն Գրիգորյանն ու նրա Անդրանիկ և Մերուժան որդիները: Մերուժան Գրիգորյանը բեկորային վիրավորում ստացավ «Եղնիկներ» մարտագծում, իսկ Անդրանիկ Գրիգորյանը հերոսաբար զոհվեց՝ հերթական մարտական արտակարգ հանձնարարությունը կատարելու ժամանակ։ Անմահությունը Հերոսների ծննդյան վկայականն է... Այդ վկայականի հերթական արժանավորն է «Ks-19» հրանոթային հաշվարկի հրամանատար կապիտան Անդրանիկ Կարենի Գրիգորյանը», -ասաց ու շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, թատրօնի տնօրենին։
Ֆիլմն սկսվեց դարձյալ 44-օրյայում անմահացած հայտնի երգիչ Գևորգ Հաջյանի կատարմամբ կարճ տեսաֆիլմով, որը պատերազմի մասին է։ Ընթացքում նաև ներկայացվեց Անդրանիկի կենսագրականը, հատկապես՝ վերջին օրերի հերոսականը՝ ինչպես պատերազմի առաջին օրն իրենց ամենագնացով Մարտակերտի շրջան հասան եղբայրները, ինչպես իր զորամաս հասավ Անդրանիկը, ներկայացավ հրամանատարությանը և շուտով իր հրամանատարությամբ գործող մարտկոցը կրակ ու մահ էր սփռում թշնամու վրա։ Նկարագրված է հերոսի մասնագիտական մեծ կարողությունը, հմտությունը և հատկապես նվիրումն ու հերոսացումը, որոնց շնորհիվ կարողացել է բացահայտել թշնամու վառելիքի ամբարները, զրահատեխնիկայի ու կենդանի ուժի տեղը և ոչնչացնել դրանք։ Բայց թշնամինէլ քնած չէր ու հոկտեմբերի 2-ին կարողացել է հրթիռակոծել Անդրանիկի հրամանատարությամբ գործող մարտկոցի դիրքերը, որտեղ էլ անմահացավ հերոսը, նույն տեղում զոհվեց նաև Լևոն Պետրոսյանը։ Մինչ այդ հայր ու որդի կարճ ժամանակով կարողացել են զրուցել հեռախոսով․ «Հայրիկ ջան թուրքերն ինձ հետևում են, մեր մարտկոցի ուղղությամբ նույնիսկ «ՍՄԵՐՉ» կայանքից են հրթիռակոծել», -ասել է Անդրանիկը։ Նշված կայանքի արկի բազում բեկորներից էլ խոցվել է Հերոսը։ Ֆիլմում Անդրանիկի մասին են պատմում զինակից սպաները, ինչպես նաև կամավորականները, ովքեր ընդամենը մի քանի օր էին ճանաչել, սակայն արդեն եղբայրացել էին ու միասին էին հայրենին պաշտպանում։ Բոլորի խոսքում մեծ է եղել Անդրանիկի դերը պատերազմի առաջին օրերը, և այդ դերի շնորհիվ թշնամին չի կարողացել առաջ գալ, ունեցել է մեծ կորուստներ։ Ֆիլմում կա անդրադարձ նաև Անդրանիկի անձնականի վերաբերյալ՝ նոր էր ամուսնացել, սպասում էր առաջնեկի ծննդյանը, սակայն կյանքը նրա համար ընթացավ բոլորովին այլ՝ աղետալի ու ողբերգական ճանապարհով։ Կա նաև Կարեն Գրիգորյանի խոսքը, որ մի քանի օր էլ ինքն էր եղել Քարվաճառում՝ Քնարավան գյուղի դիրքերում, բայց որդու մահվան մասին իմանալով, տուն էր եկել։ Ավագ որդին եղբոր նահատակվելու օրը, թշնամու կրակոցների տակ կարողացել էր մեքենայով իջնել դիրքերից, 20 կմ անցել ծակ անվադողերով։ Եղբոր հուղարկավորումից հետո դարձյալ մարտադաշտ էր հասել, մարտնչել ու վիրավորվել էր դարձյալ արկի բեկորներից։ 3 օր բուժվել է Ստեփանակերտի հոսպիտալում, այնուհետև տեղափոխվել է Գորիս, ապա՝ Երևան։ Ֆիլմի ավարտից հետո ելույթ ունեցավ Կարեն Գրիգորյանը՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին, ռեժիսորին, որ ֆիլմում հանգամանալից ներկայացված է իր զավակների, հատկապես Անդրանիկի հերոսական կերպարը։ «Մնում է ավելացնեմ, որ ես հպարտ եմ, քանի որ հայրենասեր ու քաջազուն տղաներ եմ դաստիարակել, ովքեր չվարանեցին կռվել հայրենիքի համար․ Անդրանիկս անմահացավ։ Տղաներս ծնվել ու մեծացել են այնպիսի ընտանիքում, որտեղ միշտ հայրենասիրության մասին է խոսվել», -ասաց Կ․ Գրիգորյանը և նշեց Անդրանիկ որդին միայն ֆիզիկապես է բացակայում, նա բոլորի սրտերում է։
Անդրանիկի ուսուցչուհի Կարինե Կարեյանը նշեց՝ Արծվաքարի թիվ 7 միջնակարգ դպրոցի 3 շրջանավարտ են զոհվել 44-օրյա պատերազմում՝ Անդրանիկը, ժամկետային 19-ամյա սերժանտ Արմեն Աղեկյանն ու 18-ամյա Արամ Պողոսյանը։ «Անդրանիկն ու մեր բոլոր նահատակ տղաները հզոր արծիվներ են, որ սավառնում են հայոց երկնակամարում և մեզ՝ ողջերիս հրամայում են՝ ամուր ու անսասան պահենք հողը հայրենի․․․», -ասաց ուսուցչուհին՝ մաղթելով, որ ապագայում բոլոր բառարաններից ջնջվի «պատերազմ» բառը, որ ողջ աշխարհում տիրի խաղաղությունը։ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագիրը ռեժիսոր Ս․ Թադևոսյանին հանձնեց մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը՝ կարևորելով ֆիլմը՝ որ ընթացքում այն կընդունի մատաղ սերունդը որպես դաս։ Եղավ նաև համերգային մաս։ Օրվա ընթացքում այցելեցինք Կարեն Գրիգորյանի տուն, որը գտնվում է Անդրանիկի անունը կրող փողոցի վրա, և որտեղ նաև Անմահ հերոսի Փառքի անկյունն է։