Image

Մի զինվոր հայի պատմություն

Այս տղային առաջին անգամ հանդիպել եմ պատերազմից առաջ։ Երկրորդ անգամ՝ պատերազմից «հետո» (հետո-ն չակերտներում, որովհետեւ պատերազմն այդպես էլ չի ավարտվել), երրորդ անգամ՝ երեկ հանդիպեցի։ Հետաքրքիր կերպար է, մարդ, ում հետ խոսում ես ընդամենը վայրկյաններ, բայց տարիներ հիշում։ Նախ՝ առաջին երկու հանդիպումներիս մասին, որն ընթերցողներիս պատմել եմ 2021-ին։

*  *  *

Սոցհարթակում մի խորագիր ունեի՝ «Սիրում եմ մեզ»։ Այն մեր քաղաքի, մեր երկրի լուսավոր մարդկանց մասին էր։ Մարդկանց, ում չէի ճանաչում, տեսնում էի հենց ա՛յդ պահին, ա՛յդ դրվագում ու ա՛յդ լույսի ներքո։ Ու շատ էի սիրում այդ լույսը։ Ինձ էլ էր լուսավորում, կյանքիս ամենանեղ պահերին ինձ էլ էր տաքացնում։ Պատերազմի օրերին դադարեցրի շարքը ու այլեւս չշարունակեցի։ Արցախի մեծ մասի կորստից հետո կամ աչքս էի հաճախ կորցնում, կամ՝ գրիչս։ Շարքի վերջակետը դրեցի։

Այսօր, սակայն, պիտի խախտեմ «որոշումս» ու մի դեպք պատմեմ, որ պատերազմի օրերին «մտել» էր «Սիրում եմ մեզ»-ի մեջ։ Խախտմանս պատճառին հանդիպեցի երեկ, գրեթե մեկ տարի հետո։

 2020 թ. հոկտեմբերի 22։ Հստակ հիշում եմ օրը։ Առավոտյան սպասում եմ կանգառում։ Արդեն 20-25 րոպե։ Երթուղային չկա։ Հարցազրույցից ուշանում եմ։ Մտածում եմ՝ բա մի ծանոթ վարորդ չհանդիպե՜ր։ Մեկ էլ ավտոմեքենա կանգնեց, վարորդն էլ ներսից թե՝ «ու՞ր, քուրս»։ Ես, որ ավտոստոպով ամբողջ Հայաստանը, լեռներն ու ձորերը ման եմ եկել, ամեն քար ու թփի մասին նյութ գրել, նայեցի վարորդին ու վարանեցի, զգուշացա նույնիսկ։ «Քուր ջան, էս եզ դեմքիս մի նայի, ես կարգին տղա եմ»… Ամաչեցի՝ վարորդը զգա՞ց՝ ինչ եմ մտածում։ Նստեցի։ «Քուր ջան, հա, ես գեշ եմ, բայց գիտես, չէ՞, աղջիկներն ինձ համար հոգի են տալիս։ Ես էլ իրանց համար»։

Մինչեւ տեղ հասնելը զրուցեցինք։ Էդ տղայի բառապաշարի ու արտաքինի արանքում կամաց-կամաց մի սիրուն աուրա հայտնվեց, որ համ դեմքը փոխեց, համ բառապաշարը։

Հարցազրույցս մեկ ժամ տեւեց։ Դուրս եմ գալիս։ Տեսնեմ՝ էդ տղան կանգնած։ Մոտեցավ, թե՝ «քուր ջան, տուն ես էթում, չէ՞, արի տանեմ»։ Զարմացած նայում եմ, ասում է՝ «հետաքրքիր աղջիկ ես բայց, ո՞վ ա լավությունը կիսատ անում՝ բերել եմ, պտի տանեմ»։ Ես, որ իմ հետաքրքրասիրության ձեռքը կրակն եմ միշտ ընկնում, նստեցի։ Կատակելով հասանք տեղ։ Չհասցրի շնորհակալության շ տառն անգամ արտաբերել, արագ-արագ թե՝ «քուրս, դե շուտ-շուտ իջի, վռազն եմ, էթամ, լիքը գործ ունեմ, տենամ էլ ում կարամ էսօր օգնեմ, վաղը սահման եմ էթում՝ սաղ աղջկեքի դեմքը մտքումս պահելու եմ։ Թե բախտս բերի, թուրք սատկացնեմ, ամեն անգամ ձեզանից մեկի դեմքը հիշելու եմ ու խփեմ… Իջի, իջի, ցավդ տանեմ, շուտ արա, վռազն եմ, վաղը սահման եմ էթում…»։

2021 թ. սեպտեմբերի 22։ Երեւանյան հիվանդանոցներից մեկում եմ։ Բուժանձնակազմի աշխատակիցներից մեկի հետ զայրացած խոսում եմ։ Գործադրում եմ առավելագույն ջանք՝ հուներիցս դուրս չգալու համար։ Նույնիսկ զայրույթի մեջ քաղաքավարի երեւալու հիմարությանս հետեւանքով տեսնում եմ՝ ինչպես է մաշկիս գույնը փոխվում։ Հանկարծ զգում եմ, որ ինձ հայացք է սեւեռված։ Թեքվում եմ։ Իմ «գեշո» անծանոթն է։ Հենակով է։ Ոտնաթաթը կապած։ Կողքինը երկու հենակով է, աջ ոտնաթաթը չկա։ Մոտենում են ինձ։ Անծանոթս հենակն ինձ է մեկնում. «Տուր գլխիս, քուր ջան»։ «Քո գլխի՞ն ինչի»,- ժպտում եմ։ «Դե մի բան պիտի ասեի, որ դեմքիդ գույնը փոխվեր, թե չէ դառել ես լալ վարդ»։

Ծիծաղում ենք, խոսում դեսից-դենից։ Պատերազմից տղերքը չեն խոսում։ Հարցրեցի՝ «ո՞ր դիրքերում եք «հաջողացրել», ասացին՝ կարեւոր չի, հետո էլ թե՝ բա իմացա՞ր, պետպատվերը հանել են…

Տղերքին ասում եմ՝ արագացրեք, բուժվեք, ոտքի կանգնեք, ժամանակ չունենք, քթներիս տակ պատերազմն է, չգիտենք՝ վաղն ինչ է լինելու։ Անծանոթս թե՝ «քուր ջան, որ էլի գնամ կռվի, գալու եմ քեզ տենամ, դեմքդ խերով ա, քեզ հիշել եմ, մահից պրծել»։

Պատմում է իր դիրքի, դիրքի տղերքի, էդ օրվա կռվի մասին, ասում է՝ չգրես, չեմ սիրում, մեր տղերքի կեսը չկան, գրելիք չկա, հաջորդ կռվից հետո կգրես։ Այ, պետպատվերը հանելու մասին գրի…

Ոնց ասեմ, որ էդ պետպատվերի հանելու հետեւանքով մենք էլ ենք «բաժինք» ստացել։ Չեմ խոսում, հարցրի՝ տղերք, սիրտներդ ինչ կուզի, վաղը բերեմ։ Անծանոթս թե՝ «հա՞ որ»։ Ասում եմ՝ իհարկե, հանգիստ ասեք։ Ընկերը թե՝ «այ քուր ջան, ինչ էլ բերես, մենք ներս կուղարկենք»։

Հասա տուն։ Ու նոր միայն հիշեցի, որ անծանոթի անունն այդպես էլ չեմ հարցրել, ոչ էլ ինքը՝ իմ անունը։ Ինքն իմ գեշոն է, ես՝ իր «քուր ջանը»։ Ինքն իմ զինվորն է, ես՝ իրեն մահից պրծացնող խերով դեմքը։ Ու՜ր էր, թե միշտ, ու՜ր էր, թե բոլոր զինվորներին…

*  *  *

2023թ․ սեպտեմբերի 13։ Երեկ փողոցներով չափչփում եմ՝ մեկ խեղճանում եմ՝ ուսերիս կորությունը տեսնելով, մեկ՝ արքայական պատմուճանը հագնում ու մտովի է՜հ – հզոր իմ երկրի փողոցներով քայլում։ Ու սթափվեցի միայն այն ժամանակ, երբ խանութի ապակին կեցվածքիս անդրադարձը տվեց։ Հետո կրկին խեղճացա ու հանկարծ թե՝ տեսնես իմ «գեշո» զինվորն ի՞նչ եղավ, հիմա որտե՞ղ է, ի՞նչ հոգեվիճակում, իմ պես ուսերը հո չի՞ կորացրել։ Նա ու նրապեսներն են իմ հույսը՝ երկիր չկորցնելու, նորից ոտքի կանգնելու ու երազանքներ իրագործելու։

Կայանած ավտոմեքենաների մեջ սկսեցի փնտրել, բայց․․․ ոչ գույնն եմ հիշում նրա մեքենայի, ոչ մակնիշը։ Ի՜նչ լավ կլիներ, որ տեսնեի, համ էլ կհարցնեի՝ մշո թանապուրը որ տարա հիվանդանոց, տղերքը հավանեցի՞ն, վերջապես անունն ի՞նչ է, աշխատանք ունի՞, ապրել կարողանու՞մ է, ընդհանրապես քանի՞ զինվոր ունենք, լուրջ ծրագրերի դեպքում քանի՞սը կհավաքվեն, ծրագրերից առաջինը ո՞րը պետք է անել․․․

- Քու՜ր ջան, քուրս, -լսում եմ, կարծես ծանոթ ձայն է, բայց մտքերս բռնել, բաց չեն թողնում։

- Այ քուր, քուրս, մշո սպասի քուր,-նույն ձայնն է։ Մուշ-ն ինձ թափ է տալիս, կանգնում եմ, մեկ էլ՝ ուսիս թփթփոց։ Հետ եմ դառնում՝ իմ «գեշո» զինվորն է։

- Սպասիր, չխոսես, նախ անունդ ասա, լսիր, ի՜նչ էլ ճանաչեցիր, դու էն ասա, սպասը հավանեցի՞ք, էդպիսի սպաս կերած կայի՞ք, ոտքդ ո՞նց է, շնորհավորում եմ՝ հենակդ չկա, ընկերդ, որ աջ ոտնաթաթը չուներ, պրոթեզավորեցի՞ն, հիմա ո՞նց է,-հարցերիս շարանը հեւիհեւ կապում եմ։

- Այ ցավդ տանեմ, շունչ քաշի,-«գեշոյի» զրնգուն ծիծաղն է,-սպասդ հավանել ենք, մսով սպաս կերած չկայինք, ես առանց փեդի արդեն քայլում եմ, վաղն էլ կվազեմ, ընկերոջս պրոթեզը տվեցին, մի երկու օրից էլ ինքը կվազի։ Դու՞ ինչի էիր էդպես խեղճ-խեղճ քայլում։

Ասում եմ՝ ձեզ էի հիշել, մտածում էի ոնց եք, մեր երկրի վաղվա օրն ինչ պիտի լինի․․․

-Մի րոպե, -կտրեց,-ոնց թե ինչ պիտի լինի, մեր երկիրը իմ նման տղերք ունի, պարզ չի՞ ինչ պիտի լինի։ Դու՞ ինչ ունես մտածելու, սարի պես թիկունքիդ կանգնած ենք։ Ես էլ դեմքդ հիշելու եմ, մահից պրծնելու։ Արի մի տեղ նստենք, սուրճ խմենք։

Նստեցինք, խմեցինք, զրուցեցինք, տուն ճանապարհեց, խոստացավ՝ հաջորդ կռվից առաջ մշո թնապուր ուտել, նոր գնալ։ Մտա տուն ու՝ վա՜յ, անունը չիմացա։ Ինքն էլի մնաց իմ «գեշո ախպերը», ես իր՝ «քուր ջանը»։  Մինչ հաջորդ մշո թանապուրն ու․․․ թող որ՝ հաղթանակի սկիզբը։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։